Գանատահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճեանի քանդակները Հայաստանի մէջ

Գանատահայ բժիշկ-քանդակագործ Մկրտիչ Տարագճեանը կրկին հայրենիքում էր, կրկին՝ առատ նուէրներով: Նրա քանդակները համալրեցին հայաստանեան մշակութային օճախներում հանգրուանած այն աշխատանքների շարքը, որոնք քանդակագործն այս տարիներին նուիրել է Հայաստանին:

Շառլ Ազնաւուրի կիսանդրին արդէն մեծ շանսոնիէի երեւանեան տուն-թանգարանում է: Տարագճեանը քանդակը պատրաստել էր Ազնաւուրի մահից յետոյ եւ ուզում էր մինչեւ մահուան տարելիցը անպայման նուիրել Ազնաւուրի երեւանեան կեդրոնին:

Քանդակագործը նպատակ ունի նաեւ քանդակի մեծ տարբերակը պատրաստել եւ առաջարկել, որպէսզի Մոնթրէալի քաղաքային իշխանութիւններն այն տեղադրեն քաղաքի զբօսայգիներից մէկում:

Յաջորդ նուէրը Արամ Խաչատրեանի տուն-թանգարանինն էր: Երաժշտական թեմայով 4 քանդակ՝ «Սոնատ»ը, «Մայսթրօ»ն, «Թանկօ»ն եւ «Պանդոնէոնահար»ը, Հոկտեմբերի 2-ից զարդարում են թանգարանի սփիւռքի սրահում տեղադրուած Խաչատրեանի պատմական ռոյալը:

Քանդակներից մէկը՝ «Մայսթրօն», պատահական զուգադիպութեամբ կարծես նոյնութեամբ կրկնօրինակում է ռոյալի թիկունքում, պատին փակցուած Խաչատրեանի լուսանկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին:

Ամերիկահայ անուանի կոմպոզիտոր Ալան Յովհաննէսի քանդակն էլ շուտով կը տեղադրուի Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայում:

Մկրտիչ Տարագճեանի քանդակները մինչ այս արդէն զարդարում էին Սարդարապատի թանգարանը, որտեղ ցուցադրուած է քանդակագործի չափազանց տպաւորիչ «Սպասելով հատուցման» քանդակը, Օփերայի եւ պալէտի ազգային ակադեմիական թատրոնը, Կամերային երաժշտութեան տունը, Չարենցի տուն-թանգարանը, Ժողովրդական արուեստի թանգարանը, Ժամանակակից արուեստի թանգարանը եւ այլ մշակութային ու կրթական հաստատութիւններ:

Քանդակագործի ամենահեղինակաւոր քանդակներից մէկը աշխարհահռչակ գանատահայ լուսանկարիչ Եուսուֆ Քարշի կիսանդրին է, որը 2017 թուականին տեղադրուեց Գանատայի մայրաքաղաք Օթթաուայի կեդրոնում՝ ի պատիւ հայ-գանատական 25-ամեայ դիւանագիտական յարաբերութիւնների:

Տարագճեանի «Ընթերցողը» արձանն էլ Մոնթրէալի Հանրային գրադարանի առջեւ է կանգնած, իսկ նախորդ տարի Յունիսի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը բացուեց ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմէն Գարոյի (Գարեգին Փաստրմաճեան) կիսանդրին, որի հանդիսաւոր բացմանը ներկայ էր նաեւ ՀՀ նախագահը, ամերիկացի եւ հայ պետական, քաղաքական, հասարակական գործիչներ:

Մկրտիչ Տարագճեանն այժմ աշխատում է Կոմիտասի քանդակի ուղղութեամբ: Շուտով այն պատրաստ կը լինի եւ կը տեղադրուի Մոնթրէալում Հայաստանի անունը կրող պուրակի դիմաց:

Տարագճեանի քանդակները թէ՛ բովանդակային եւ թէ՛ աշխարհագրական առումով բաւական ընդգրկուն են, սակայն նրանց բոլորին միաւորում է մի կարեւոր ընդհանրութիւն՝ հայկականութիւնը:

«Անկախ»

Leave a Comment

You must be logged in to post a comment.