Բեմադրիչ Ջիւան Աւետիսեանն աշխարհին նոր ֆիլմ է ներկայացնելու Արցախի մասին
Արդէն մեկնարկել է ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերածնուածը» կինօնախագծի արտադրութեան համար նախատեսուող միջազգային դրամահաւաք-արշաւը (croudfunding), ակտիւ յղում` https://fromtheheartproductions.com/hot-films-in-the-making/:
Դրամահաւաք-արշաւը հնարաւորութիւն կու տայ բոլոր արուեստասէր, հայրենասէր, արցախասէր մարդկանց իրենց ֆինանսական ներդրումն ունենալ ֆիլմի ստեղծման գործում: Բացի այդ` նաև հետաքրքիր նուէրներ են նախատեսուած նրանց համար, ովքեր դրամահաւաք-արշաւին իրենց ֆինանսական ներդրումը կ’ունենան: Օրինակ` որոշակի դրամական ներդրում կատարելու դէպքում հնարաւոր է մասնակցել ֆիլմի ստեղծման աշխատանքներին կամ ընդգրկուել դերասանական կազմում:
«Վերածնուածը» ֆիլմը մեր հայրենիքի սրտում գտնուող եդեմական աշխարհի` Արցախի մասին է: Ջիւան Աւետիսեանը 2018 թուականից սկսել է աշխատել նոր՝ «Վերածնուածը» նախագծի վրայ: Յիշեցնենք` Ջիւան Աւետիսեանը նախորդիւ Արցախի մասին երեք ֆիլմ է նկարահանել՝ «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»:
2020 թուականին «Վերածնուածը» կինօնախագծով Ջիւան Աւետիսեանը դիմել էր Պերլինի միջազգային կինօփառատոնի շրջանակում անցկացուող «Պերլինի տաղանդներ» ծրագրին։ 134 երկրների աւելի քան 3400 յաւակնորդների մէջից զատուած 250 մասնակիցներից ընտրուած 17-ի շարքում է յայտնուել նաև հայազգի ռեժիսորը, որոնց նուիրուած գերմանական միջազգային Deutsche Welle մեդիաընկերութիւնը ստեղծեց կարճամետրաժ վավերագրական ֆիլմ:
Հայաստանի ազգային կինօկենտրոնը ևս ֆիլմերի մրցակցութեան փուլում այս ֆիլմն ընտրել է ֆինանսաւորման համար։
Մարտի 30-ին Երևանում կազմակերպուած մամուլի ասուլիսի ընթացքում Ջիւան Աւետիսեանը նշեց` ժամանակին Արցախի մասին ֆիլմերով փորձ էր արւում աշխարհին պատմել մեր մասին, և յատկապէս հիմա կարևոր է բարձրորակ ֆիլմի միջոցով աշխարհին ու մեր ապագայ սերունդներին ներկայացնել այն, ինչ կատարուել է մեզ հետ:
«Կարծում եմ` եթէ կարողանանք մեզ յուզող խնդիրները ներկայացնել համամարդկային կոնտեքստով` հասկանալով, թէ օտարին ինչը հետաքրքիր կը լինի, ապա դա արդիւնաւէտ կը լինի: Շատ կարևոր է լինելու, որ Արցախը ներկայացնելու ենք նաև 2020
թուականի պատերազմով: Սա շատ կարևոր կէտեր է բացելու և կարևոր բանալիներ են
լինելու նաև Արցախի կոնֆլիկտի վերաբերեալ, Արցախի վերաբերեալ, այսինքն` ֆիլմի առանցքում է լինելու ոչ միայն 2020 թուականին տեղի ունեցած պատերազմը, այլև, ընդհանրապէս, արցախեան կոնֆլիկտը: Ֆիլմի հիմքում կայ նաև արհեստական բանականութիւնը և ինքնութեան փնտռտուքը: Ի վերջոյ, մի գաղտնիք բացեմ. իմ ու սցենարիստի` Նարինէի աշխատանքի ընթացքում եղել են ուսումնասիրութիւններ Եւրոպայում: Եւրոպական մտածողութեան մի ալիք փնտրում է իր ինքնութիւնը և զարգացումներն այդ ուղղութեամբ են գնում: Մարդիկ գնում են նաև դէպի արհեստական բանականութեան այդ յորձանուտը:
Վստահ եմ, որ հետաքրքիր պատմութիւններ, ինքնատիպ հերոսներ են լինելու, և, ի հարկէ, մի նոր աշխարհի բացայայտում է լինելու: Այնպէս չէ, որ ես համարձակութիւն ունեմ եւրոպացիներին ինչ-ոչ բան ուսանելու կամ խրատելու, բայց, այնուամենայնիւ,ֆիլմում շատ հետաքրքիր շերտեր կը լինեն, որոնց միջոցով իրենք իրենց են գտնելու, քանի որ ֆիլմի հերոսներից գոնէ երկուսը եւրոպացի են: Վստահ եմ` այս ֆիլմում լինելու են այնպիսի կողմեր, որոնք հետաքրքիր են լինելու նաև օտարներին»- նշեց Ջիւան Աւետիսեանը:
Ռեժիսորը չբացայայտեց ֆիլմի դերասանական կազմը` յիշեցնելով` փորձը ցոյց է տուել`եղել են դէպքեր, երբ ադրբեջանցիները նախապէս իմացել են դերասանների մասին և սոցցանցերում յարձակումների ենթարկել նրանց։
«Երկու յայտնի դերասանի հետ այս պահին բանակցութիւններ են ընթանում»:
Անշուշտ, շատ հետաքրքրական է, թէ որտեղ պէտք է անցկացուեն նկարահանման աշխատանքները: Պատասխանելով «Հորիզոն»-ի թղթակցի այս հարցին` ռեժիսոր Ջիւան Աւետիսեանը նշեց` ինչպէս մոզայկայի պէս հաւաքւում է ֆիլմի պատմութիւնը, այնպէս էլ տարբեր ազգութեան, երկրների մարդկանց հետ միասին փորձելու է ստեղծել ֆիլմը։
«Նկարահանումները պատրաստւում եմ իրականացնել մի քանի երկրում։ Երկրների ընտրութիւնը սցենարից է կախուած,բայց, այնուամենայնիւ, կինօարտադրութեան հետ կապուած` կայ մի հարց. մենք այժմ բանակցում ենք ֆրանսիացի ու գերմանացի արտադրողների հետ:
Բնականաբար, տեղի ֆոնտերը ֆինանսաւորում են իրենց երկրում նկարահանուելիք բաժինը: Արդէն իսկ որոշուած են մի քանի երկրներ, որտեղ պէտք է նկարահանումներն անցկացուեն` Գերմանիա, Իսլանդիա, Ֆիանսիա, չի բացառւում` նաև Լիտուա, բայց վերջնական որոշումը կախուած է վերջնական համարտադրութեան փաթեթից»,- նշեց Ջիւան Աւետիսեանը:
Սցենարիստ Նարինէ Ոսկանեանն էլ նշեց` 2020–ի պատերազմական իրողութիւնները ստիպել են ֆիլմի սցենարում փոփոխութիւններ անել։ Անդրադառնալով սցենարի հիմնական թեմային` Նարինէ Ոսկանեանը նշեց. «Թեման խաղաղութիւնն է, սակայն այդ խաղաղութեանը հասնելու համար մենք պէտք է գտնենք մեր ինքնութիւնը: Այսօր աշխարհն է իր ինքնութիւնը կորցրել: Մարդածին աղէտներն ինքնութիւնը կորցնելու պատճառով են տեղի ունենում: Մենք էլ կարիք ունենք վերածնուելու: Ջիւանը յաճախ է ասում՝ Արցախը մեր Երուսաղէմն է: Այո’, հէնց այդպէս էլ կայ, և այդ վերածնունդը հէնց Արցախից է լինելու»,- ասաց ֆիլմի սցենարի հեղինակը:
Նարինէ Ոսկանեանը խօսելով ֆիլմի սցենարի մասին` նշեց` Արցախում տարիներ առաջ
տեղի ունեցած մի դէպք դառնում է բոլոր հերոսների ինքնութեան վերականգնման պատճառը՝ կենտրոնական առանցքում պահելով Արցախը: Ի սկզբանէ ֆիլմի պատմութեան մէջ նախատեսուած էր հիմնականում անդրադառնալ 2016 թուականի Ապրիլեան պատերազմին, սակայն 2020 թուականի պատերազմը փոխեց պլանները:
«Զարգացնում ենք նաև արհեստական բանականութեան ուղղութիւնը: Ստացւում է՝ արհեստական բանականութիւնը մեր չորրորդ գիծն է՝ երեք գլխաւոր հերոսներին զուգահեռ զարգանում է, ինքն էլ վերածնւում է»,- ասաց Նարինէ Ոսկանեանը:
Ֆիլմի սցենարի խորհրդատու, կինօգէտ Զաւէն ՊոյաՃեանն ընդգծեց` Հայաստանը պէտք է անպայման ինտեգրուի համաշխարհային կինօհանրոյթին:
«Մեր ֆիլմերը պէտք է նկարահանուեն շահագրգռուած կինօընկերութիւնների ու երկրների մասնակցութեամբ. սա,իմ կարծիքով,ամենաարդիւնաւէտ ու հեռանկարային ճանապարհն է, որի օրինակներն են Ջիւան Աւետիսեանի նկարահանած բոլոր ֆիլմերը: Այս առումով նա գնալով աւելի ու աւելի առաջընթաց քայլեր է անում: Նախորդ ֆիլմն իր միջազգային ընդգրկման մակարդակով աւելին էր, քան դրան նախորդող երկու աշխատանքները,և այս ֆիլմը իր ծաւալով ու ընդգրկումով շատ աւելին է, քան «Դրախտի դարպասը»: Այս ճանապարհը կենսական կարևոր զարգացման ուղի է հայկական կինոյի զարգացման համար, և ի դեէմս Ջիւան Աւետիսեանի` կարող է տպաւորիչ դրսևորումներ գտնել:
Եթէ ուզում ենք Արցախի խնդիրը միջազգային արձագանք ստանայ, արտացոլուի
գեղարուեստական կինեմատոգրաֆում, խաղարկային կինոյում, սա լավագոյն ձևն է` Արցախը ներկայացնելու միջազգային հանդիսատեսին, հանրութեանը: Ջիւանը ճիշտ ճանապարհի վրա է»,- եզրափակեց նա:
ՅԱՍՄԻԿ ԲԱԼէԵԱՆ