Արթիւրը Մինչեւ մարտական հերթափոխի աւարտը՝ բարեխղճօրէն ծառայեց

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Եղիազարեանը ՀՀ Ազգային ժողովի յառաջիկայ ընտրութիւններու թեկնածու, նախկիթն նախարար Արթուր Խաչատրեանի մասին հետեւեալ գրառումը կատարած է Ֆէյսպուքի իր էջին վրայ։

2018 թ.-ի Դեկտեմբեր 9-ի Ազգային Ժողովի ընտրութեան Աջափնեակ, Արաբկիր եւ Դաւիթաշէն վարչական շրջանների ՀՅԴ պատգամաւորի ռեյտինգային թեկնածու Արթիւր Խաչատրեանը անցեալ հազարամեակից ընկերս է, քառորդ դարից աւելի, ուսանողական տարիներից, աւելի կոնկրետ՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնից։ Հա, քանի որ յիշեցի ուսանողական տարիներն, ասեմ, որ իրեն գաղափարական-ընկերական միջավայրում անուանում էինք «Օպոզիցիա»։ Որովհետեւ ունէր միտք, տեսակէտ ու փորձում էր միշտ իր անհատական տեսակէտը հնչեցնել։

90-ականների կէսից յետոյ գնաց Մեծ Բրիտանիա ուսանելու։ Ասի վերջ, գնաց, կը սովորի, մի տեղ գործի կ’անցնի ու էլ յետ չի վերադառնայ։ Բայց Արթիւրն այդ տեսակը չէր։ Այո՛, փայլուն կրթութիւն ստացաւ, բայց երբ այնտեղ առաջարկեցին մնալ՝ հրաժարուեց։ Անգլիացիք զարմացել էին։ Ասում էին ի՞նչ կայ Հայաստանում, իսկ Արթիւրը պատասխանել էր, որ այդպիսի կրթութեամբ մարդկանց պակաս Բրիտանիայում չկայ, իր գիտելիքներն աւելի Հայաստանում են պէտք։ Ու վերադարձաւ։ Իր հնարաւորութիւններն ունենալով, վստահաբար շատերն այդպէս չէին վարուի։ Բայց Արթիւրն ուրիշ է։ Նա գաղափարական անձնաւորութիւն է։ Ինձ յիշեցնում է 19-րդ դարի ու 20-րդ դարասկզբի այն հայ մտաւորականներին, որոնք որակեալ ուսում առան Եւրոպաներում եւ յետոյ իրենց նուիրեցին Հայաստանի ստեղծմանն ու կայացմանը, ինչպէս առաջին հանրապետութեան պետականաստեղծ Մեծ Այրերը։

Կարծում եմ շատերը համոզուեցին, երբ Արթիւրը կարճատեւ շրջաններով աշխատեց տարածքային զարգացման փոխնախարար, Շիրակի մարզպետ եւ գիւղատնտեսութեան նախարար։

Շատ բան կարելի է Արթիւրի մասին ասել, բայց մի փոքր էլ պատմեմ ու վերջ։

2016 թ.-ի Ապրիլին, Արթիւրն էլ մեզ հետ՝ ՀՅԴ կամաւորականների գումարտակի կազմում, մեկնեց Արցախ։ Տնից թաքուն։ Ճանապարհին նրան զանգեց իր յղի կինը, որ Արթիւրը գնայ մանկապարտէզից երեխուն բերի, ու այդ ժամանակ իմացաւ, թէ ո՛ւր է գնում… Այ սենց բաներ։

Օրեր անց, երբ Արցախի հիւսիսում էինք, Երեւանում ինչ որ կարեւոր միջոցառում կար, որտեղ Արթիւրը պէտք է զեկոյցով հանդէս գար։ Ասաց գնամ, մի երեք օրից այստեղ կը լինեմ։ Մենք էլ մեր տեղը պէտք է փոխէինք ու հիւսիսից տեղաշարժուէինք հիւսիս-արեւմուտք՝ այլ բնոյթի մարտական ծառայութիւն տանելու։ Ասացի, լաւ, էլ մի ետ արի, մէկ է, տեղափոխւում ենք, կարող է մեր տեղը չգտնես։ Ասաց, չէ, անպայման կը վերադառնամ։ Անկեղծ, մի քիչ թերահաւատ էի, մտածում էի, որ վերադարձաւ՝ կը մտնի բնականոն կեանք, քանի որ լիքը գործեր ունէր ու էլ չի կարողանայ գալ։ Բայց պարտաճանաչ՝ 3 օր անց եկաւ։ Ու մինչեւ մարտական հերթափոխի աւարտը՝ բարեխղճօրէն ծառայեց։ Այնքան պարտաճանաչ, որ երբ հերթափոխը յանձնում էինք, բոլորս իրերը պատրաստում, նա այդ ընթացքում մարտական դիտակէտում հսկում էր մեր անդորրը։ Դրա համար մեր դասակի վերջին խմբային նկարում միայն նա չկայ:

Յաղթանակ քեզ ընտրութիւններում, ընկե՛րս։ Դու մեր երկրին պէտք ես ու իրականում դեռ շատ բան ունես տալու։՚

Leave a Comment

You must be logged in to post a comment.