Արդեօք թուրքերը կը դառնա՞ն ազգային փոքրամասնութիւն Թուրքիայում
2018 թ. Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանում ներկայացուած չորրորդ խոշոր ուժի՝ «Լաւ» (IYI) կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան փոխնախագահ Լիւթֆու Թուրքքանը յայտարարեց, որ սիրիացի փախստականները ներկայումս մեծ սպառնալիք են դարձել Թուրքիայի համար. «Պաշտօնական տուեալները վկայում են, որ Թուրքիայում բնակւում է 3.6 միլիոն սիրիացի փախստական, սակայն ոչ պաշտօնական տուեալներով նրանց թիւը հասնում է 4 միլիոնի։ Եթէ շարունակուի սիրիացի փախստականների հանդէպ Թուրքիայի սխալ քաղաքականութիւնը, ապա 2040 թ. նրանց թիւը կը հասնի 7․5 միլիոնի։ Ներկայումս մեր երկրում իւրաքանչիւր 20 քաղաքացուց մէկը սիրիացի է։ Կան հաշուարկներ, որ 2023 թ. սիրիացի կը լինի արդէն ամէն 13 քաղաքացուց մէկը։ Եթէ այսպէս շարունակուի, ապա Կազիայնթէպում, Շանլըուրֆայում, Հաթայում ու Քիլիսում թուրք բնակչութիւնը կը դառնայ փոքրամասնութիւն, իսկ Մերսինում ու Ատանայում բնակչութեան հաւասարակշռութիւնն ամբողջովին կը փոխուի, այսինքն մեր մարդիկ մեր հողերում կը դառնան փոքրամասնութիւն»։ Պատգամաւորի խօսքերով՝ Թուրքիան մինչ օրս սիրիացի փախստականների վրայ ծախսել է շուրջ 35 միլիառ տոլար, ինչը կը բաւարարէր թուրք ժողովրդի համար կառուցելու 4 «Մարմարա» երկաթուղային կամուրջ, 1 GAP («Հարաւ-անատոլիական նախագիծ»), 7 նեղուցի (Պոսֆորի) կամուրջ, 400 քաղաքային հիւանդանոց, 30.000 դպրոց:
Լիւթֆու Թուրքքանի վերոնշեալ խօսքերի հետ կապուած՝ նշենք, որ նրա բարձրացրած ահազանգը փաստօրէն առնչւում է լոկ Սիրիային սահմանակից կամ նրան մօտ գտնուող նահանգներին, որոնցում բնակւում են մեծ թուով սիրիացի փախստականներ։ Հետաքրքիր է, թէ ինչու թուրք պատգամաւորը չի խօսում (մօտ) ապագայում սիրիացի փախստականների՝ իրենց տները վերադառնալու հնարաւորութեան մասին, ինչը զգալիօրէն կը կրճատի Թուրքիայում սիրիացիների թիւը։ Ամէն դէպքում ներկայ դրութեամբ սիրիացի փախստականները զգալի թիւ են կազմում Թուրքիայի հարաւ-արեւելեան նահանգներում, ինչը եւ մտահոգում է Թուրքիայի ազգայնական-ազգայնամոլական զանգուածներին։
Սակայն հարկ է նշել, որ թուրքերը փոքրամասնութիւն դառնալու վտանգի տակ են ոչ միայն Թուրքիայի վերոնշեալ մի քանի նահանգներում, ինչի մասին ահազանգել է Լիւթֆու Թուրքքանը, այլեւ՝ ողջ Թուրքիայում։ Եւ սիրիացի փախստականները թուրքական իշխանութիւններին անհրաժեշտ են հենց այս համատեքստում (մի գուցէ այդ պատճառով է, որ Թուրքքանն ակնարկում է երկրի ներսում սիրիացի փախստականների երկարաժամկէտ մնալու հնարաւորութեան մասին)։ Իրականում խնդիրը Թուրքիայում քիւրտ բնակչութեան թուաքանակի աճի, ինչպէս նաեւ թուրք բնակչութեան իրական թուաքանակի մէջ է։ Թուրքիայի Սահմանադրութեան 66-րդ յօդուածի համաձայն՝ իւրաքանչիւր ոք, որ քաղաքացիութեամբ կապուած է թուրքական պետութեան հետ, ապա թուրք է։ Սա նշանակում է, որ Թուրքիայի Հանրապետութեան (ԹՀ) իւրաքանչիւր քաղաքացի թուրք է։ Սրան յաւելենք, որ Թուրքիայում մարդահամարները չեն անցկացւում լեզուական-էթնիկ հենքով եւ բարդ է յստակ ասել, թէ Թուրքիայի ներկայիս 81 միլիոնանոց բնակչութեան որքան մասն է թուրք, որքանը՝ քիւրտ (թուրքերի թիւն արհեստականօրէն ուռճացուած է, իսկ քրտերի թուաքանակը գաղտնի է պահւում իշխանութիւնների կողմից)։
Յայտնի է, որ վերջին տարիներին թուրքական իշխանութիւններին սկսել է մեծապէս մտահոգել քիւրտ բնակչութեան «աննորմալ», այսինքն՝ շատ արագ աճը (քրտերի շրջանում ծնելիութեան տեմպերը մի քանի (որոշ տուեալներով՝ 3) անգամ գերազանցում են թուրքերի շրջանում ծնելիութեան տեմպերը)։ Այդ մասին վկայում են վերջին շրջանում թուրքական իշխանութիւնների (Էրտողան, Տաւուտօղլու) արած հետեւեալ յայտարարութիւնները. «Ամէն ընտանիք պէտք է ունենայ առնուազն 3 երեխայ», «Կանանց կեանքն առանց սերունդ տալու լիարժէք չէ», «Պէտք է օրէնսդրօրէն արգելել յղիութեան արհեստական ընդհատումները», «Կանայք պէտք է երեխաներ ունենալուն վերաբերեն ինչպէս հայրենիքի առջեւ ունեցած պարտքի, որը կարելի է համեմատել բանակում ծառայելու հետ» եւ վերջապէս՝ «Հակաբեղմնաւորիչներ գործածելը հայրենիքի դաւաճանութիւն է»։ Թուրքական իշխանութիւնների այս յայտարարութիւններն իրականում ուղղուած են միայն թուրք կանանց (ընտանիքներին), քանի որ քիւրտ կանայք (ընտանիքները) այսպէս թէ այնպէս ունենում են 3 երեխայ էլ եւ անգամ մինչեւ 15 երեխայ։ Այս յայտարարութիւններին յաւելենք նաեւ այն, որ 2017 թ. Յուլիսի 15-ին՝ ռազմական յեղաշրջման փորձի 1-ամեակին, Թուրքիայի նախագահ Ռեճեպ Թայիպ Էրտողանն իր ելոյթում յայտարարեց, որ նախորդ տարի կանխելով ռազմական յեղաշրջումը՝ իրենք փրկեցին 50 միլիոնանոց (եւ ոչ թէ 80 միլիոնանոց) Թուրքիայի ապագան։ Էրտողանի այս յայտարարութիւնից յետոյ թուրքական մամուլը, փորձագէտներն ուշադրութիւն էին հրաւիրում նրա տուեալ խօսքերի վրայ, որ Թուրքիայի նախագահը չի խօսում 80 միլիոնանոց Թուրքիան փրկելու մասին, ինչը նշանակում է, որ թուրքերի թիւը երկրի ներսում կազմում է 50 միլիոն մարդ (ներկայումս կան կարծիքներ, որ Թուրքիայում քիւրտ բնակչութեան թիւը հասնում է մինչեւ 35 միլիոնի)։
Արդէն իսկ շրջանառւում են մի շարք տարեթուեր (2030, 2037 թ.), թէ Թուրքիայում երբ կը հաւասարուի թուրք եւ քիւրտ բնակչութեան թիւը։ Եւ եթէ դա տեղի ունենայ, ապա հաշուի առնելով այն, որ քրտերի շրջանում ծնելիութեան տեմպերը շատ աւելի մեծ են, ուստի եւ քրտերը թուաքանակով հեռանկարում կարող են գերազանցել թուրքերին։ Դրա համար էլ թուրքական իշխանութիւնները շարունակ փնտռտուքի մէջ են, թէ ինչպէս կարելի է դրա դէմն առնել հեռանկարում, իսկ մօտ ապագայի համար փոխել երկրի արեւելեան ու հարաւ-արեւելեան՝ գերազանցապէս քրտաբնակ նահանգների ժողովրդագրական պատկերը, եւ ձեռնարկուող քայլերի թուում է սիրիացի փախստականներին Թուրքիայի քաղաքացիութիւն տրամադրելու հնարաւորութեան մասին յայտարարելը (սկզբնական շրջանում խօսք է գնում 300.000 սիրիացու Թուրքիայի քաղաքացիութիւն տրամադրելու հնարաւորութեան մասին)։
Այս համատեքստում կարելի է տեղաւորել նաեւ այն, որ վերջին շրջանում թուրքական իշխանութիւնները գործարկեցին «ելեկտրոնային պետութիւն» նախագիծը, որի շրջանակներում գործարկուած կայքում քաղաքացիներին հնարաւորութիւն ընձեռուեց տեղեկութիւններ ստանալ իրենց նախնիների մասին եւ կազմել իրենց տոհմածառերը: Եւ ահա, կայք մուտք գործած անձանց մի զգալի մասը բացայայտել է իր հայկական արմատները։ Դժուար է պատկերացնել, թէ այդ ամէնը կարող էր անակնկալ հանդիսանալ կամ անսպասելի լինել թուրքական իշխանութիւնների համար։ Ընդհակառակը, կարելի է ենթադրել, որ «ելեկտրոնային պետութիւն» նախագծի գործարկման հիմնական դրդապատճառներից մէկը (բայց ոչ միակը) կարող է լինել Թուրքիայում բնակուող ծպտեալ հայերի շրջանում զարթօնք առաջացնելու ձգտումը, որպէսզի ասենք՝ քրտացած հայերը վերադառնան իրենց արմատներին, ինչը որոշակիօրէն կը նուազեցնի քիւրտ բնակչութեան թիւը (որոշ տուեալներով՝ Թուրքիայում կրօնափոխ հայերի թիւը կազմում է մօտ 4 միլիոն մարդ)։
Նկատենք, որ թուրք հանրայայտ պատմաբան Թաներ Աքչամի պնդմամբ՝ 2007 թ. Սթանպուլի հայկական «Ակօս» թերթի նախկին գլխաւոր խմբագիր Հրանդ Տինքին սպանել են հենց այն յօդուածի հրապարակման համար, որում նա բացայայտել էր Թուրքիայի առաջին թէ՛ քաղաքացիական, թէ՛ ռազմական կին օդաչու, Աթաթուրքի հոգեզաւակ, Թուրքիայի Հանրապետութեան խորհրդանիշներից Սապիհա Կէօքչէնի հայկական արմատները (սպանութիւնից առաջ Տինքին քննադատել էր Թուրքիայի զինուած ուժերի Գլխաւոր շտապը)։ Եւ ահա այս ամէնից յետոյ ստացւում է, որ թուրքական իշխանութիւնները ներկայումս իրենք են սեփական քաղաքացիներին ընձեռում իրենց նախնիներին ճանաչելու հնարաւորութիւն, ինչը եւ «տարօրինակ» է որակւում մի շարք շրջանակների կողմից։ Չենք բացառում, որ երկարաժամկէտ հեռանկարի համար թուրքական իշխանութիւնները որդեգրել են Թուրքիայում իսլամացած հայերի շրջանում զարթօնք առաջացնելու, նրանց միջոցով երկրի արեւելքում ու հարաւ-արեւելքում քրտերին ինչ-որ չափով հակակշռելու քաղաքականութիւն։
Այդպիսով ներկայիս տեմպերի (իրավիճակի) պահպանման դէպքում թուրքերը յիրաւի կարող են փոքրամասնութիւն դառնալ Թուրքիայում, եւ թուրքական իշխանութիւնները նոյնպէս որոշել են դրա մասին ահազանգել եւ հակաքայլեր ձեռնարկել այժմուանից։ Հակառակ պարագայում (ոչինչ չձեռնարկելու դէպքում) Թուրքիայում քրտերը հեռանկարում կարող են գերազանցել թուրքերին, եւ Թուրքիան հեռանկարում կարող է յայտնուել «քրտացման» վտանգի տակ։ Ժամանակին նման կանխատեսմամբ հանդէս է եկել հենց քիւրտ առաջնորդ, «Քրտստանի աշխատաւորական» կուսակցութեան (PKK) հիմնադիր Ապտուլլահ Օճալանը։ Առաջիկայում քրտերի շրջանում կարող է յայտնուել մի նոր առաջնորդ՝ «Օճալանի փոխարինող», որը կը փորձի «Քրտական հարցի» լուծումը տանել ժողովրդագրական ճանապարհով։ Իսկ դա թուրքական իշխանութիւնների համար կարող է շատ աւելի վտանգաւոր լինել, քան ասենք «Քրտական հարցի» լուծումը ռազմական ճանապարհով տանելու դէպքում է։
Չենք բացառում նաեւ այնպիսի սցենարի զարգացում, երբ թուրքական իշխանութիւնները հեռանկարում կարող են յայտնուել այնպիսի իրավիճակում, երբ նրանք հարկադրուած կլինեն երկրի արեւելեան, հարաւ-արեւելեան 10-15 նահանգ յանձնել քրտերին (համաձայնուելով «Քրտստանի» ստեղծմանը) եւ այդպիսով երկրում առկայ քիւրտ բնակչութեան մի զգալի մասից ձերբազատուելը (դրանից յետոյ կարող է իրականացուել նաեւ բնակչութեան փոխանակում, եւ Թուրքիայի արեւմտեան հատուածից (Սթանպուլ) քիւրտ բնակչութեան մի զգալի մասը կը տեղափոխուի «Քրտստան»)։
Կարծում ենք, որ 21-րդ դարում «Քրտստան» պետութեան ստեղծումն անխուսափելի է։ Յայտնի է, որ քրտերը (մօտ 50 միլիոն մարդ) մերձաւորարեւելեան տարածաշրջանում բնակւում են միմեանց հարեւան 4 երկրում՝ Թուրքիա, Իրան, Իրաք եւ Սիրիա։ Ներկայ դրութեամբ Իրաքի ու Սիրիայի քրտերը այդ երկրների յայտնի իրադարձութիւնների պատճառով արդէն իսկ գտնւում են տէ-ֆակտօ անկախ (կամ կիսանկախ) վիճակում։ Մեր կարծիքով՝ հերթը հասել է Իրանի քրտերին, որոնք ոտքի կանգնելու համար ըստ ամենայնի սպասում են (ԱՄՆ-ի ու Իսրայէլի կողմից) Իրանը ներսից «պայթեցնելուն», այլ կերպ ասած՝ Իրանում իրաքեան եւ/կամ սիրիական սցենարն իրագործելուն։ Եթէ դա տեղի ունենայ, ապա ժամանակի ընթացքում կը գայ նաեւ Թուրքիայի հերթը, եւ Թուրքիայի քրտերի ոտքի կանգնելու ու յաջողութեան դէպքում տարածաշրջանում կը ստեղծուի մէկ ընդհանուր «Քրտստան» պետութիւն, եւ Հայաստանի Հանրապետութիւնը չպէտք է ուշանայ այդ երկրի յարաբերուելու վերաբերեալ համապատասխան ռազմավարութիւն մշակելու հարցում (ինչպէս նաեւ պէտք է պատրաստ լինի հարեւան Իրանում վերոնշեալ հնարաւոր զարգացումների սցենարին)։
Հայկ Գաբրիէլեան
Թրքագէտ, փորձագէտ