Ատրպէյճանի միատարրացումը կամ բնիկ ժողովուրդների բնաջնջման անաւարտ գործընթացը
Նկարը՝ ԼԵզգիներու բողոքի ցոյց Մոսկուայի մէջ՝ ընդդէմ Դերբենտ քաղաքի ատրպէյճանականացման. 2013 Յունիս։
Լեւոն Մելիք-Շահնազարեան
Ատրպէյճանի կողմից պետական մակարդակով տարուող հակահայկական քարոզչութեան «յաղթաթղթերից» մէկը համարւում է ՀՀ-ին միատարրութեան մէջ «մեղադրելը»: Միաժամանակ պաքուեցի քաղտեխնոլոկներն աշխատում են չյիշատակել Ատրպէյճանում ապրող ժողովուրդների անուանումները եւ միայն ժամանակ առ ժամանակ` իրենց թոյլ տալիս յիշել ռուսներին եւ հրեաներին: «Իսկ ահա Հայաստանում,- անհասկանալի եւ անհիմն չարախնդութեամբ նրանք գրեթէ ամէն օր բոլորին յայտարարում են,- գործնականում այլ ազգեր չկան, եւ բնակչութեան 97 տոկոսը կազմում են հայերը»:
Ամէն ինչ ճիշդ է. Հայաստանի բնակչութեան գրեթէ 97 եւ Արցախի բնակչութեան գրեթէ 98 տոկոսը կազմում են հայերը: Ճիշդ է նաեւ այն, որ Ատրպէյճանում, բացի անդրկովկասեան թուրքերից, ապրում են նաեւ ռուսներ եւ հրեաներ, ինչպէս նաեւ բնիկ ժողովուրդներ՝ թալիշներ, լեզգիներ, թաթեր եւ այլն: Նրանց թուի մասին մենք դեռ կը խօսենք, իսկ առայժմ փորձենք հասկանալ պետութիւնների միատարր լինելու պատճառը, այդ թուում եւ` հայերի, ինչպէս նաեւ` Ատրպէյճանի բազմազգ լինելու պատճառը:
Ակնյայտ մեծամասնութիւն կազմուող էթնոս ունեցող պետութիւններն աշխարհում քիչ չեն: Այսպէս, Ճաբոնիայի բնակչութեան 98 տոկոսը կազմում են էթնիկ ճաբոնացիներ, Իսլանտիայում` 97 տոկոսը իսլանտացիներ, Նորվէկիայում` 95 տոկոսը նորվէկացիներ, Ալպանիայում` 96 տոկոսը ալպանացիներ, Եմէնում` 98 տոկոսը եմէններ: Եւրոպական երկրներից ամենաբարձր միատարրութիւն ունեն Իռլանտիան, Հունկարիան, Նորվէկիան եւ Մալթան` համապատասխանաբար 93, 94, 95 եւ 96 տոկոս: Իսկ ահա Հիւսիսային եւ Հրաւային Քորիաներում բնակչութիւնը գրեթէ բացառապէս կազմում են բնիկ քորիացիները` համապատասխանաբար 99.3 եւ 99.8 տոկոս:
Հեշտ է նկատել, որ միատարրութիւն նկատւում է այն երկրներում, որոնք ունեն բնիկ նստակեաց բնակչութիւն, որ այս կամ այն պատճառով կարողացել են խուսափել քոչուոր ցեղերի կամ ժողովուրդների արշաւանքներից եւ զաւթումներից: Քոչուորները դրանք օրկանիզմներ են (տուեալ դէպքում` ցեղեր կամ ժողովուրդներ)` առաջացած կամ ձեւաւորուած մի վայրում, բայց արտագաղթած այլ վայր: Քոչուորներ կամ եկուորներ այս կամ այն չափով կան բոլոր երկրներում, բայց եթէ պետութիւնների մի մասում նրանց թիւը շատ փոքր է եւ չի կարող էականօրէն ազդել ազգաբնակչութեան հիմնական կազմի վրայ, այլ երկրներում նրանց թիւը մեծ տոկոս է կազմում, իսկ երրորդ խմբի երկրներում էլ քոչուորներն արդէն ընդունւում են որպէս հիմնական էթնոս: Այսպէս, թուրքերը` Թուրքիայում, անկլոսաքսոնները` ԱՄՆ-ում, Աւստրալիայում, Նոր Զելանտիայում, գիրգիզները` Ղրղստանում, թուրքմէնները` Թուրքմէնստանում (նման օրինակները շատ են) համարւում են դասական քոչուորներ: Քոչուոր են համարւում, օրինակ` արաբներն Իրաքում, չնայած այդ երկրում գործնականում չեն մնացել բնիկ ժողովուրդներ: Նոյնը կատարւում է նաեւ Ատրպէյճանում, որտեղ եկուոր ցեղերն այժմ ընկալւում են որպէս հիմնական:
Հայաստանի միատարրութիւնը, որտեղ հայ ժողովուրդը տեղաբնիկ է, բնական եւ տրամաբանական է: Անբնականն այն է, որ Հայոց երկրի 90 տոկոսը գերութեան մէջ է, եւ այնտեղ գործնականում հայ չկայ: Անտրամաբանական է համարւում այն, որ ՀՀ-ից գործնականում պլոքուել է «ազգային մաշկը», եւ պետական սահմանի ամբողջ երակայնքով բազմացել են եկուոր թուրքական ցեղերի բնակավայրերը: Բնական ու տրամաբանական իրավիճակը վերականգնուել է 1988 թ. աւարտին, չնայած դա տեղի է ունեցել բնական ճանապարհով` որպէս Ատրպէյճանի ԽՍՀ-ից հայերի մասսայական տեղահանութեան պատասխան գործողութիւն:
Բոլորովին այլ իրավիճակ է ստեղծուել Ատրպէյճանի հանրապետութիւնում, որտեղ եկուոր ցեղերը յանկարծ դարձել են «հիմնական» բնակչութիւն: 1918 թ. այդ տարածքը պետութիւն է անուանուել միայն որպէս նախադրեալ` հարեւան Իրանին տարածքային յաւակնութիւններ ներկայացնելու համար, որի հիւսիսային գաղութի անունից է «փոխառուել» «Ատրպէյճան» բառը: Այսինքն` «Ատրպէյճանի հանրապետութիւն» անուանումը մտածուած էր ոչ թէ էթնիկ, այլ` զաւթողամոլական սկզբունքով:
Բայց 1936 թ. սկսած այդ անուանումը ճակատագրական հետեւանքներ է ունեցել հանրապետութեան արմատական ժողովուրդների համար: Սթալինը, նպատակ հետապնդելով Ատրպէյճանում ապրող թուրքական ցեղերի էթնոցեղային ձտգումների վեկթորը շեղել Թուրքիայից եւ Անատոլիայի թուրքերից, անդրկովկասեան թուրքերի համար ստեղծել է «Ատրպէյճանցի» անուանումը` դրանով ինքնաբերաբար նրանց ճանաչելով որպէս հանրապետութեան հիմնական էթնոս: Ատրպէյճանը «դարձել» է «Ատրպէյճանցիների» հանրապետութիւնը, ինչպէս Հայաստանը համարւում է հայերի հանրապետութիւնը, իսկ Վրաստանը` վրացիների:
Այդ ժամանակուանից հանրապետութիւնում եկուոր ցեղերը սկսել են իրենց տէր ու տիրական զգալ, իսկ բնիկ ժողովուրդները նրանց կողմից ընդունուել են որպէս քամահրանքի եւ խտրականութեան օբյէկտ:
Ատրպէյճանի հանրապետութիւնում կտրուկ արագացել է բնիկ ժողովուրդների բռնի հեռացման եւ ձուլման գործընթացը, որոնց ներկայութիւնը անյարմարութիւն էր ստեղծում եկուոր ցեղերի գիտակցութեան մէջ: Ատրպէյճանի միատարրացման արագութիւնն աներեւակայելի է. մի քանի տասնեակ տարիների ընթացքում առնուազն թղթի վրայ եկուոր թիւը հասել է 93 տոկոսի: Այսպէս, առաջին համամիութենական մարդահամարի տուեալներով «Ատրպէյճանցի» ազգութեան ի յայտ գալուց ի վեր նրանց թիւն Ատրպէյճանի հանրապետութիւնում կազմել է 58,35 տոկոս: Եւ դա այն դէպքում, որ 1936-1939 թթ. այդ ազգին են դասուել այրումները, մուղալները, պաթարները, որոնք նախկինում դիտարկւում էին որպէս ինքնուրոյն ցեղեր: Յաջորդ տարիներին Ատրպէյճանում «Ատրպէյճանցիների» աւելացման տեմպերը միայն աճել են: Այսպէս, 1959 թ. մարդահամարի համաձայն Ատրպէյճանում «Ատրպէյճանցիները» կազմում էին 67.4 տոկոս, իսկ 1970 թ.` արդէն 73,8: Հետագայ առաջընթացը հեշտութեամբ կանխատեսելի էր. 1979 թ.` 78,1 տոկոս, 1989 թ.`82,7 տոկոս, 1999 թ.` 90,6 տոկոս, 2009 թ.` 91,6 տոկոս: Այսօր, համաձայն պաշտօնական վիճակագրութեան, Ատրպէյճանի հանրապետութեան 93 տոկոսը կազմում են եկուոր անդրկովկասեան թուրքերը` «Ատրպէյճանցիները»: Հետեւաբար Ատրպէյճանի «հանդուրժող բազմատարրութիւնն» ընդամէնը արտացոլում է ձուլման, բնաջնջման եւ /կամ/հանրապետութիւնից բնիկ ժողովուրդներին ուժով հեռացնելու գործընթացի անաւարտ լինելը:
1979-2009 թթ. ընթացքում Ատրպէյճանցիների թիվն Ատրպէյճանում աճել է` 4 708 832-ից հասնելով 8 172 800 մարդու: Այդ նոյն ընթացքում «ոչնչից ի յայտ են եկել» երկու ազգեր` թալիշներ` 112 000 մարդ, եւ թաթերը` 25 200: Յիշեցնենք, որ թալիշները համարւում են Ատրպէյճանի տարածքում ապրող ամենամեծաթիւ բնիկ ժողովուրդները, իսկ թաթերը մինչեւ վերջերս բնակեցրել են ողջ Ապշերոնեան թերակղզին: Թալիշների եւ թաթերի թիւը Ատրպէյճանում կրճատուել է նուազագոյնը 10-12 հազարով:
Այդ ընթացքում Ատրպէյճանում ապրող ռուսների թիւը նուազել է ուղիղ 4 անգամ` 475 255-ից հասնելով 119 300 մարդու: Աւելացնենք, որ 2009 թ. մարդահամարից յետոյ ընկած ժամանակահատուածում Ատրպէյճանից հեռացել է մօտ 15 հազար ռուս, եւ հիմա նրանց թիւը հանարպետութիւնում հազիւ կ’անցնի 100 հազարը: Նուազել է նաեւ հրեաների թիւը` 35 487-ից հասնելով 9100-ի:
Ընդհանրապէս, Ատրպէյճանում ապրողներ ազգերի վիճակագրական տուեալները տեսանելի ձեռնարկ են` եկուորների կողմից բնիկ ժողովուրդներին դուրս հանելու եւ հանրապետութիւնը միատարր դարձնելու առումով:
Ատրպէյճանի բազմատարրութիւնը բնական է. տարածաշրջանում եկուոր համարուող թուրքերը դեռ չեն հասցրել լրիւութեամբ «ազատուել» արմատական բնակչութիւնից: Հակառակը, Ատրպէյճանի միատարրութիւնը համարւում է անբնական եւ, ինչպէս եւ Թուրքիայում կամ ԱՄՆ-ում, ֆիզիքական բնաջնջման, բռնի ձուլման կամ բնիկ ժողովուրդների բռնի հեռացման հետեւանքով է առաջացել: Ատրպէյճանում, ի հարկէ, շատ լաւ գիտեն դա: Հենց այդ պատճառով էլ պետական քարոզչամեքենան ձգտում է Ատրպէյճանից հեռացնել ձուլման, բռնի ուժով բնիկ ժողովուրդներին երկրից դուրս քշելու կամ ջնջելու համար տրամաբանական մեղադրանքները եւ փորձում սլաքն ուղղել Հայաստանի տրամաբանական միատարրութեան վրայ:
Միաժամանակ Պաքուի ռեժիմը Ատրպէյճանի պատմական գիտութեան առաջ խնդիր է դրել «ապացուցել» հանրապետութիւնում անդրկովկասեան թուրքերի բնիկ լինելը: Ատրպէյճանի հանրապետութեան իշխող ռեժիմը շատ է ուզում ծածկել իր յանցաւոր անցեալը, իսկ, միեւնույն ժամանակ, իրեն ապահովագրում արմատական ժողովուրդների հանդէպ տարուող ռասիստական քաղաքականութեան համար անխուսափելի մեղադրանքներից:
Լեւոն Մելիք-Շահնազարեան (1958-2015)
Քաղաքագէտ, Ղարաբաղեան շարժման գործիչ, 1991-1997 ԼՂՀ Գերագոյն խորհուրդի պատգամաւոր