Ասք 800 հազար անբանի, 350 հազար ճռռացողի եւ վարչապետի տուայտանքների մասին

Եթէ մարդ չգիտենայ, թէ գործազրկութեան համար ինչքան նպաստ է ստանում մէկ ընտանիքը, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան նկատմամբ կը լցուի անհուն երախտագիտութեամբ. ուրիշ այդ ո՞ր պետութիւնն է բնակչութեան գրեթէ 30 տոկոսին (ըստ վարչապետ Փաշինեանի՝ 800 հազար մարդ) վճարում գործազրկութեան նպաստ: Գործազրկութեան կամ, աւելի ճիշդ, աշխատել չցանկանալու պատճառն էլ շատ պարզ է՝ դարձեալ ըստ վարչապետի. «Ինչո՞ւ Հայաստանում շատերը չեն ուզում աշխատել. որովհետեւ աղքատութեան նպաստ են ստանում: Մտածում են՝ եթէ աշխատեն, նպաստից կը զրկուեն: Իրանց կովերին մորթում են, որ աղքատութեան նպաստ ստանան, հեռուստացոյց չեն առնում, որ աղքատութեան նպաստ ստանան: 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու»:

Պարոն Փաշինեանը մինչեւ իշխանութեան գալը ժողովրդի աղքատութեան ու գործազրկութեան համար մեղադրում էր իշխանութիւններին, որոնք թալանչիներ էին, կաշառակերներ, կոռումպացուածներ, ժողովրդին կեղեքողներ, որոնք նոյնիսկ մատը մատին չէին տալիս գործատեղեր ստեղծելու համար, եղածներն էլ ագահ իշխանաւորների պատճառով փակւում էին եւ այլն, եւ այլն:

Ճիշդն ասած՝ ես, Փաշինեանի եւ նրա համախոհների քաղաքական հայեացքները չկիսելով հանդերձ, սոցիալ-տնտեսական կեանքի վերաբերեալ այս գնահատականների հետ հիմնականում համաձայն էի: Սակայն պարզւում է, որ պարոն Փաշինեանն այսօր՝ իշխանութեան գալուց եօթ ամիս անց, այլ կարծիք ունի՝ իր վատ ապրուստի համար ժողովուրդն ինքն է մեղաւոր, այլ ոչ թէ կառավարութիւնը՝ իր ղեկավարած կառավարութիւնը: Աւելին՝ այդ մարդիկ այնքան խելք չունեն, որ մի 18-25 հազար դրամի համար կովերն են մորթում, հեռուստացոյց չեն առնում, իրենց ու զաւակներին գիտակցաբար զրկում են, միայն թէ չզրկուեն այդ ողորմելի նպաստից:

Բայց մի՞թէ սա է Հայաստանի հպարտ քաղաքացին՝ ծոյլ, խաբեբայ, պորտաբոյծ, իր երեխաների նկատմամբ անհոգի ու դաժան, հայրենիքի ճակատագրի հանդէպ անտարբեր… Մինչ այս մեզանում (նաեւ մեզ քիչ թէ շատ ճանաչող այլ ժողովուրդների մօտ) դարերով իշխում էր այն համոզմունքը, թէ հայ ժողովուրդը աշխատասէր է, քարից հաց է քամում եւ այլն: Միլիոնաւոր հայ մարդիկ, որ ակամայ ապրում են այլ երկրներում, նոյնպէս այս համոզմունքն են ունեցել եւ ունեն, ի տարբերութիւն ՀՀ վարչապետի, որն աշխատասիրութիւն տեսնում է միայն «ճռռացող» փոքրամասնութեան մէջ:

Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ է ազգընտիր վարչապետն իրեն իշխանութեան բերողներին նման որակաւորումներ տալիս:

Կարծում եմ՝ պատահեց հետեւեալը. նա հասկացաւ, որ իր քաղաքական թիմով ու կառավարութեամբ չի կարողանալու երկրի ընկերային-տնտեսական կեանքում բեկում մտցնել, իր յայտարարած 800, թէ 1000 տոլարանոց աշխատավարձի հեռանկարն անգամ գնալով խամրում է, նոյնիսկ աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանալու (աւելին՝ անհաւանական չէ, որ անգամ պակասեն), եւ ամենակարեւորը` ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ:

Նախօրօք գիտէ՞ր այս մասին, չեմ կարող ասել, բայց հասկանում եմ, թէ ինչու է հիմա խօսում: Մինչեւ խորհրդարանական ընտրութիւնների օրուայ յստակեցումը երկրի տնտեսութեան մէջ ներդրումների բացակայութիւնը բացատրւում էր այն հանգամանքով, որ ներդրողները (օտարերկրեայ թէ հայաստանցի) անորոշութեան մէջ են, քանզի իշխանափոխութիւնն ամբողջական չէ, քանի դեռ նոր Ազգային ժողով չի ընտրուել եւ այլն: Այս համատեքստում ուշագրաւ է, որ վարչապետը նոյնիսկ յայտարարեց, թէ… իշխանափոխութիւն չի կատարուել:

Այժմ ակնյայտ է, որ այդ նոր ԱԺ-ն կ’ընտրուի, բայց, ցաւօք, ներդրումներ դարձեալ չեն լինի, գործատեղեր չեն ստեղծուի, իսկ ո՞վ է մեղաւորը: Պարզ է, որ իշխանութիւնները չեն, նրանք ուղղակի չեն կարող լինել, իսկ, ա՛յ, ծոյլ ու անբան ժողովուրդը կարող է լինել…

Իսկ ի՞նչ կարող է հետեւել այս ամէնին:

Երկրում նկատելի է տնտեսական նահանջը, Ապրիլին սկիզբ առած ոգեւորութիւնը գնալով տեղի է տալիս, նոր իշխանաւորներն իրենց դրսեւորում են, մեղմ ասած, որպէս անյուսալի վարչարարներ, այդ իսկ պատճառով առնէտավազքով Հանրապետականից վարչապետի շրջապատում յայտնուածներն արդէն համարւում են փրոֆեսիոնալներ, որոնք էլ շուտով նորից կը գրաւեն ամբողջ իշխանութիւնը: Մի խօսքով՝ կատարւում է հակայեղափոխութիւն, որի առաջնորդը նոյն ինքը՝ արդէն պատմութիւն դարձած յեղափոխութեան առաջնորդ Նիկոլ Փաշինեանն է:

Իսկ մարդկանց մի զգալի զանգուած, մեծն Թումանեանի խօսքով՝ «դաւին անտեղեակ, ցաւին անտարբեր», դեռ յոյսեր է փայփայում…

Հայկազուն Ալվրցեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.