Ապրիլեան պատերազմի հերոս Ադամ Սահակեանի հայրը կամաւորագրուել է ռազմաճակատ մեկնելու համար

Ապրիլեան պատերազմի հերոս Ադամ Սահակեանի ընտանիքը քաջ ու  հերոսական հայ ընտանիքի փայլուն օրինակ է։ Ապրիլեան պատերազմում Ադամ Սահակեանը իր կեանքի գնով պաշտպանեց հող հայրենին։  2016 թ.-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրայ հակառակորդի յանկարծակի յարձակման ժամանակ ծաւալուած  թեժ ու յամառ  մարտերում արիաբար մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիւ գրոհայինների: Անմահ Ադամի հերոսական կերպարն այսօր գիտի իւրաքանչիւր հայ։  Նրա անունով են անուանակոչել  կրթական հաստատութիւններ ու լսարաններ։ Հերոս Ադամի անունն է կրում նրա եղբօր՝ Մուշեղի որդին։

Ընդամէնը քսան տարեկան հասակում Ադամ Սահակեանն անօրինակ սխրանքներ է գործել, և նրա սրբագործուած անունն այսօր հնչում է մեր հայրենասիրական երգերում, հերոսին նուիրուած երգեր են գրւում։

Անշուշտ, այսպիսի հերոս որդի դաստիարակած ծնողները ևս հերոսներ են։ Գոյապայքարի այս օրերին Ադամի հայրը՝ Խաչատուր Սահակեանը, կամաւորագրուել է  ռազմաճակատ մեկնելու համար։ Նա արդէն գրանցուել է «Երկրապահ կամաւորականների միութեան» ջոկատում, զինկոմիսարիատում, ինչպէս նաև դիմել է «Արծիւ-մահապարտներ» միութեան նախագահ, գեներալ-մայոր Աստուածատուր Պետրոսեանին՝  մահապարտների ջոկատին միանալու ու ռազմի դաշտ մեկնելու համար։ Հերոսի յամառ  ու հայրենասէր հայրն արդէն երեք կառոյցի է դիմել՝ հնարաւոր բոլոր կառոյցներին, որպէսզի դրանցից մէկի  կազմում  հնարաւորինս արագ հասնի ռազմաճակատ՝ հայրենի հողը պաշտպանելու։

Հերոս Ադամ Սահակեանի մայրը՝  Գայիանէ Անտոնեան-Սահակեանը, հպարտօրէն ասում է՝  ինքը ևս պատրաստ է ռազմի դաշտ մեկնել, երբեք ոչինչ չի խնայի հայրենիքի համար։

«Միանշանակ հաւատում եմ, որ մենք յաղթելու ենք՝  ցաւօք, շատ երիտասարդների, մեր լաւագոյն սերնդի արեան գնով։ Ես հարիւր տոկոսով վստահ եմ, որ մենք յաղթելու ենք։ Կորուստները մեծ են, ցաւալի է, բայց այս ամենին պէտք  է վերջակէտ դնել։ Սա կը կրկնուի, եթէ մենք վերջակէտ չդնենք։ Մենք պէտք է  իրենց կապիտուլացիայի ենթարկենք և իրենք ստորագրեն համապատասխան փաստաթղթեր, այսինքն՝ սահմանները վերջնական գծենք ու վերջնականապէս  մեր սուրը յաղթական պատեան դնենք, այլապէս երկու կամ երեք տարի յետոյ սա կարող է կրկնուել։ Ես կը գերադասէի, որ 2016 թուականին աւարտուեր այս ամէնը, եթէ անգամ պատերազմը պէտք  է  մի քանի օր աւել տևէր ու աւարտուէր։ Բայց այսօր, ցաւալիօրէն,  աւելի մեծ մասշտաբներով պատերազմ է ընթանում, աւելի շատ կեանքեր է խլում», — նշեց տիկին Գայիանէն։

Նա նշում է՝ ատրպէյճանցիների հետ ոչ մի դէպքում պէտք չէ ներողամիտ լինել կամ նրանց հետ հրադադարի լեզուով խօսել։

«Սա ուղղակի կենաց-մահու պայքար է։ Պէտք է լինի միայն յաղթանակ, այլ կերպ հնարաւոր չէ», — վստահօրէն նշեց տիկին Գայիանէն։

Հերոս մայրը իր օրհնութիւնը տուեց սահմանին կռուող մեր քաջերին, ապա աւելցուց․ «Աղօթքներով ես ամէն վայրկեան սահմանին կռուող մեր քաջերի հետ եմ՝ մեր սպաների ու զինուորների հետ։ Մենք աղօթում ենք, և թո՛ղ իրենք իմանան, որ իրենց թիկունքը պինդ է։  Իրենք պիտի իմանան, որ բազմաթիւ մայրեր աղօթում են իրենց համար, սիրում են իրենց անսահման սիրով։ Ուզում եմ՝ մեր քաջերն իմանան, որ մենք իրենց սպասում ենք։ Շատ դժուար է սպասելը, դա ամենադժուար բանն է այս պահին։ Բայց, մենք հաւատով ու յոյսով սպասում ենք, սրան էլ կը դիմանանք։ Թո՛ղ իրենք ուժեղ  լինեն, թո՛ղ հաւատով լցուած լինեն, որ  յաղթանակը մերն է լինելու։

Հայրենիքի համար նահատակուած զինուորը, հայրենիքի համար կռուող զինուորը սրբացած հերոս է, բոլորը հերոսներ են։ Թո՛ղ իրենք իմանան, որ իրենք արդէն հերոսներ են։  Այո՛, նրանք, ովքեր հիմա կռւում են հայրենիքի համար, բոլորն էլ արդէն հերոսներ են։ Մեր օրհնութիւնն իրենց հետ է», — օրհնութեամբ, բարեհաճութեան և սիրոյ հեղումով զրոյցն աւարտեց հերոսածին հայ մայրը։

ՅԱՍՄԻԿ ԲԱԼԷԵԱՆ

Horizon Weekly

Leave a Comment

You must be logged in to post a comment.