Ապագայ սպաները

Վազգէն Սարգսեանի անուան ռազմական ակադեմիան կուրսանտների նոր հերթափոխ է ընդունել։ Չորս տարի ապագայ սպաները կ’ուսանեն անհրաժեշտ տարաբնոյթ առարկաներ, կը հմտանան զինուորական գործում։ Մինչ ուսման հիմնական փուլը, կուրսանտները «Երիտասարդ մարտիկի» դասընթացն են անցընում, ինչպէս նորակոչիկ ժամկէտային զինծառայողները, սակայն աւելի բարդ ու յագեցած օրակարգով։ Պարապմունքները դաշտային պայմաններում են՝ զօրամասերից մէկի տարածքում բացազատուած վրանային աւանում տեսական մասն է անցկացւում, լեռնային յատուկ պայմաններում եւ զօրավարժարանում էլ գործնական վարժանքներն են։ Մարտավարութիւն, տարատեսակ արգելքների յաղթահարում, ֆիզիքական պատրաստութիւն, ռազմական տեղագրութիւն եւ այլն, բոլոր մարզումները ֆիզիքապէս ու հոգեպէս կոփում են կուրսանտներին, օգնում յաղթահարելու սկզբնական դժուարութիւնները զինուորական դառնալու չափազանց բարդ ու պատասխանատու ուղու մեկնարկին։

Մէկ օր հետեւեցինք մարզումների ընթացքին։ Կուրսանտները չեն թաքցնում՝ մարզումներն իսկապէս դժուար են։ Կամք, ուժ, կենտրոնացում, անասելի ջանքեր են պահանջւում փորձութիւնները յաղթահարելու համար: Բայց նաեւ վստահեցնում են՝ զինուորականին վայել կ’անցընեն ուսումնառութեան ամբողջ շրջանը, հայոց բանակին արժանի հրամանատարներ կը դառնան։ Շատերի համար այս փորձութիւններն այնքան էլ բարդ չեն։ Նրանցից մի քանիսը Մոնթէ Մելքոնեանի անուան ռազմամարզական վարժարանն են աւարտել, ոմանք էլ ռազմականացուած ճամբարների են մասնակցել։ Ի դէպ, կուրսանտների թուում քիչ չեն աղջիկները։ Պատասխանատու սպաների խօսքով՝ տղաներից ոչ պակաս յամառութեամբ եւ աշխատասիրութեամբ են մօտենում խնդիրների կատարմանը, յաճախ նաեւ կրկնապատկուած պատասխանատուութեամբ։

Ուսումնական տեղամասերից մէկում անձնակազմի հետ լեռնային պատրաստութեան պարապմունքներ են անցկացնում Հայաստանի լեռնագնացութեան ֆետերացիայի մասնագէտները։ Տեսական մասից յետոյ կուրսանտները յատուկ միջոցների օգնութեամբ ժայռամագլցման վարժանքներ են կատարում։ Ընդ որում, մինչ այդ անպայման ցուցադրում են ճիշդ ամրակապուելու, բոլոր միջոցներին տիրապետելու կարողութիւնները։

Հրաձգարանում անձնակազմի գործողութիւնները ղեկավարում, անհրաժեշտ ցուցումներ է տալիս Ռազմական ակադեմիայի կուրսանտական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ա. Խաչատրեանը։

– Դիմորդների հետ անցկացւում է մարտական հրաձգութիւն՝ նախապատրաստական վարժութիւններից մէկի պահանջներին համապատասխան։ Նրանց առաջին հրաձգութիւնն է, յատուկ ուշադրութիւն ենք դարձնում անվտանգութեան կանոնների պահպանմանը։ Յոյսով եմ՝ օրեր անց գերազանց արդիւնքներ կ’ունենանք։ Երիտասարդ մարտիկի ծրագրով պարապմունքները ծանրաբեռնուած են, ուժերի գերլարում են պահանջում։ Բայց, տէ, սպայ լինելը ինչքան էլ պատուաբեր, այնքան էլ պատասխանատու գործ է, ինչը նաեւ դժուարութիւններ է ենթադրում։ Կարեւոր է կուրսանտների հետ ճիշդ աշխատելը, որ չյանձնուեն ու համոզուեն իրենց մասնագիտական կողմնորոշման մէջ։

Ծրագրի աւարտից յետոյ կուրսանտների երդման արարողութիւնը կը լինի, եւ Սեպտեմբերի 1-ից նրանք ուսումնական ծրագրին համապատասխան կ’անցընեն իրենց պարապմունքներին։

Գոռ Սարգսեանը Սոթք գիւղից է, ընտանիքը 1990-ականներին բռնագաղթել է Արցախի Շահումեանի շրջանից։ Դպրոցն աւարտելուց յետոյ զօրակոչուել է բանակ, զօրացրուելուց յետոյ մէկ տարի սովորել է Հիւսիսային համալսարանի իրաւաբանական ֆակուլտետում, ապա դիմել Ռազմական ակադեմիա։ Ուսուցիչների ընտանիքում մեծացած Գոռի որոշումը անակնկալ է եղել հարազատների համար, յատկապէս մայրն ու քոյրը սկզբում ընդդիմացել են։ Սակայն տեսնելով նրա մեծ ցանկութիւնը՝ խորապէս աջակցել են, հոգու խորքում իրենք էլ հպարտացել։

– Ռազմական գործը շատ եմ սիրել։ Քեռիս, հօրեղբայրս զինուորականներ են։ Մեր տանն էլ հօրս հետ անընդհատ զրուցել ենք հայրենիքին պիտանի լինելու, բանակի մասին, հասկացել եմ՝ հայրենասիրութիւնը խօսքով չէ, այլ յստակ արարքով։ Կարող էի շարունակել ուսումս, յետոյ անցնել սպայական ծառայութեան առկայ ծրագրերից մէկով, բայց աստիճանաբար եկաւ այն գիտակցումը, որ Ռազմական ակադեմիայում 4 տարին մասնագիտական աւելի շատ գիտելիք կը տայ ինձ։ Գնալով համոզւում եմ՝ որոշումս ճիշդ էր։ Սպասելիքներս շատ մեծ են։ Ուրախալի է յատկապէս անձնակազմի տրամադրուածութիւնը լաւ սովորելու, լաւ սպայ ու հրամանատար դառնալու։ Միւսների նման մտածելակերպը, մրցակցութիւնը նպաստում է անձնապէս ինքնակատարելագործուելուն։ Ուսումնական գործընթացն, ի հարկէդժուար է, յատկապէս նրանց համար, ովքեր երբեւէ ֆիզիքական ծանրաբեռնուածութիւն չեն ունեցել։ Ես այդ խնդիրը չունեմ. մշտապէս ֆիզիքական պատրաստութեամբ եմ զբաղուել, տարբեր սպորտային խմբակների յաճախել։ Ապագայ սպաներս շատ աւելի պէտք է տանջուենք, քան պարտադիր ժամկէտային զինծառայողները։ Ցանկանում ենք սպայ դառնալ, գրագէտ եւ ճիշդ ղեկավարել ենթակայ անձնակազմը, ուրեմն մեր պատրաստութեան մակարդակը շատ աւելի բարձր պէտք է լինի։ Ժամկէտային ծառայութիւնս գերազանց եմ անցկացրել, արժանացել եմ հրամանատարութեան խրախուսանքին։ Հիմա առաւել գիտակցուած ու պատասխանատու եմ մօտենում ծառայութեանս, արդէն ես եմ անձնակազմ ղեկավարելու, իմացածը վերյիշելն ու ամրապնդելն էլ հաստատ վնաս չէ։ 2020 թուականի պատերազմի ժամանակ մասնակցել եմ մարտական գործողութիւններին, վիրաւորուել եմ, ապաքինուելուց յետոյ շարունակել ծառայութիւնս։ Ես ունեմ այդ ներուժը՝ իմ հայրենիքին արժանի զինուորական, լաւ հրամանատար դառնալու, եւ ես իրագործում եմ իմ երազանքը։

Ռաֆիկ եւ Ռոման Գասպարեանները հարազատ եղբայրներ են։ Եղեգնաձորի Վերնաշէն գիւղում նրանց ընտանիքը յայտնի ու յարգուած է իր զինուորական աւանդոյթներով։ Տղաների պապը երկար տարիներ ծառայել է խորհրդային բանակում, այժմ էլ գիւղի դպրոցի ՆԶՊ (Նախնական Զինուորական Պատրաստութիւն) առարկայի ուսուցիչն է։ Հայրն էլ հայոց բանակի սպայ է, այժմ խաղաղապահ բրիգադում է ծառայում: Նրանց ամբողջ կեանքը նպաստել է եղբայրների մասնագիտութեան ընտրութեանը, նրանց օրինակով են հասկացել՝ մեծ պատիւ է զինուորական լինելը։

– Մեր պապիկի երազանքն էր, որ մեզանից մէկը դառնայ սպայ, բայց մենք աւելին արեցինք, երկուսս միասին ընդունուեցինք Ռազմական ակադեմիա։ Պատկերացնո՞ւմ էք, ինչ ուրախութիւն էր մեր տանը։ Մեր զինուորական գերդաստանի աւանդոյթներն ենք շարունակում,- հպարտութեամբ ասում են եղբայրները։- Սկզբնական շրջանում դժուարութիւններ եղել են, չէ՞ որ մենք՝ որպէս ապագայ սպաներ, դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ֆիզիքական ծանրաբեռնուածութեանն ենք սովորում, հարմարւում ենք նոր ռեժիմին։ Այդ ամէնը յաղթահարելի է, քանի որ ամէն օր մարզւում ենք։ Բացի այդ, երկուսս էլ յունահռոմէական ըմբշամարտով ենք զբաղուելֆիզիքապէս լաւ մարզավիճակում ենք։ Ամենակարեւորը, մեզ հոգեբանօրէն են նախապատրաստում ապագայ ծառայութեանը, կոփում զօրքի հետ աշխատելու համար։ Դժուարութիւններից խուսափել հարկաւոր չէ, եթէ եկել ենք այստեղ, ուրեմն պէտք է հասնենք մեր նպատակին։ Օր օրի զգում ենք առաջընթացը: Քաղաքացիական կեանքում ոչ բոլորն են հասկանում զինուորական գործի լրջութիւնը, պատասխանատուութիւնը։ Փոքր տարիքից յաճախ գնացել ենք զօրամասծանօթացել զինուորական կեանքին։ 11-րդ դասարանում այցելել ենք Ռազմական ակադեմիա, ծանօթացել ուսումնական գործընթացին։ Վերջերս էլ մասնակցել ենք ռազմականացուած ճամբարում դասընթացի, որից յետոյ էլ մեր կեանքը բանակին կապելու վերջնական որոշում ենք կայացրել։ 2020 թուականի պատերազմն էլ որոշակի ամրապնդեց սպայ դառնալու մեր ցանկութիւնը։ Քատրային սպաների կարիք մեր զինուած ուժերում միշտ կայ, ու մենք ձգտելու ենք դառնալ լաւկրթուած, խելացի սպաներ։

Արսէն Աղէկեան

Լուսանկարները՝ Ռուբէն Մնացականեանի

Հայ Զինուոր