«Այս իշխանութեան ներկայութեամբ անկարելի է վերականգնել եռամիասնութիւնը». Մհեր Գարագաշեան
Սփիւռքի Հայ Դատի հեղինակաւոր գործիչ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի Հայաստան մուտքն արգելելու ՀՀ իշխանութիւնների աղմկայարոյց որոշումը շարունակում է լայնօրէն քննարկւել ոչ միայն հայաստանեան լրատուական, հանրային ու քաղաքական դաշտում, այլեւ սփիւռքում եւ միջազգային տարբեր շրջանակներում։
Այս համատեքստում շատերը յիշում ու յիշեցնում են, որ նմանօրինակ վերջին սկանդալային միջադէպն արձանագրուել էր Լեւոն Տէր-Պետրոսեանի ղեկավարման տարիներին, երբ 1992թ․-ի յունիսի 29-ին Հայաստանից արտաքուեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը։
ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Մհեր Գարագաշեանը 168.am-ի հետ զրոյցում տեղեկացրեց՝ Կանադայի հայ համայնքում բացասաբար է ընկալուել Մուրադ Փափազեանի հանդէպ ՀՀ գործող իշխանութիւնների պահուածքը։
«Անհեթեթութեան հասնող այսպիսի կամայական որոշում ընդունել եւ ճանաչել անցանկալի անձ, երբ որեւէ պատճառաբանութիւն չկայ: Պարզապէս Մուրադ Փափազեանին առանձնացրել են գրեթէ չորս ժամ, յետոյ առաջնորդել են օդանաւ։ Մի գործչի, որն ամբողջ կեանք է նուիրել Հայ Դատին, լրջագոյն աշխատանքներ ծաւալել Հայաստանի, Արցախի հարցերի ուղղութեամբ՝ բարձրագոյն մակարդակներում՝ թէ՛ Ֆրանսիայում, եւ թէ՛, առհասարակ, Եւրոպայում։ Եւ սրա դիմաց նմանօրինակ վերաբերմունք ունենա՞լ,- նշեց Մհեր Գարագաշեանը՝ նկատելով, որ այս պահին միայն ենթադրել կարող է, թէ ինչու է նման որոշում կայացրել գործող վարչախումբն ու նրա առաջին դէմքը,- գուցէ այն պատճառով, որ Մուրադ Փափազեանը դաշնակցակա՞ն էր, կամ արդեօ՞ք որովհետեւ ֆրանսահայութիւնը պէտք եղած ընդունելութիւնը չտուեց Զարեհ Սինանեանին, կամ աւելի առաջ՝ Փաշինեանին դիմաւորեցին իրեն յարիր կերպով, այսինքն՝ ցոյցերով կամ բողոքի ակցիաներով, եւ կամ՝ նոյնիսկ կարող ենք հետեւութիւն անել, որ սա պատուէր էր՝ օտարամուտ, կամ թուրքական գործօնի կողմից»։
Անդրադառնալով Հայաստանից, Արցախից ու Սփիւռքից հնչող այն ահազանգերին, թէ Հայաստանի իշխանութիւնները Զարեհ Սինանեանի ձեռամբ լծուել են Սփիւռքը պառակտելու եւ հայրենիքից անջատելու գործին՝ սփիւռքահայ գործիչը մի շարք դիտարկումներ արեց։
«Առկայ փաստերը եւ իրենց գործողութիւնները ամբողջացնելով՝ ես կարող եմ յստակօրէն ասել, որ ուղղակիօրէն վիհ կայ Սփիւռք-Հայաստան յարաբերութիւնների իմաստով, եւ այն գոյացել է արհեստական կերպով․ մանաւանդ ճիգ է թափւում Սինանեանի կողմից։ Մի օրինակ բերեմ՝ երբ նա այցելութեան է գալիս Սփիւռք, փորձում է շրջանցել Սփիւռքի ամբողջ կենսագրութիւնը կերտած աւանդական կառոյցները։ Այն եռամիասնութիւնը՝ Հայաստան, Արցախ, Սփիւռք, որը կար, այսօր չկայ՝ շնորհիւ ներկայ վարչախմբի արած քայլերի, որոնք սկսւում են ապիկարութեամբ եւ աւարտւում ազգադաւ ինչ-որ մթին գործարքներով»,- արձանագրեց նա։
Մհեր Գարագաշեանը, որ նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրից յետոյ իշխանութեան քայլերը մեծ հիասթափութիւն եւ յուսախաբութիւն են առաջացրել Սփիւռքի ստուար զանգուածի մօտ։
«Նոյեմբերի իննից սկսած՝ ինչ էլ լինեն արդարացումները, ինչ էլ լինեն բացատրութիւնները, մեզ համար տակաւին անհասկանալի, անընդունելի, դատապարտելի կը մնայ այս պատերազմի անփառունակ վախճանը, որին շողշողուն «Յաղթելու ենք» վերնագիրն էին դրել օրուայ իշխանութիւնները, իսկ վերջում պարզուեց՝ ոչ միայն չենք յաղթել, այլ ուղղակիօրէն ինչ-որ սցենար կար, որին հետեւում էին»։
Հարցին՝ արդեօ՞ք այդ եռամասնութիւնը խաթարելու հեռահար նպատակներից է նաեւ այն խաղաղութեան օրակարգերի իրագործումը, որոնք հապճեպօրէն մեկնարկել են իշխանութիւնները, Մհեր Գարագաշեանը պատասխանեց․
«Վստահաբար, եթէ իրենց, այսպէս կոչուած, խաղաղութեան դարաշրջանի շաքարապատ թակարդի խօսակիցները Թուրքիան եւ Ադրբեջանն են, ապա նրանք շատ լաւ գիտեն, որ Սփիւռքն այս իմաստով պահանջատիրական մեծ փորձ ունի եւ ծանօթ է Թուրքիայի խաբէութիւններին։ Ի վերջոյ, Սփիւռքը մեծամասնօրէն կազմաւորուել է Ցեղասպանութեան ժառանգների միաւորումից։
Երբ քո խաղաղութեան դարաշրջանի դրօշը ձեռքդ բռնած՝ տօն ես շնորհաւորում, բայց միւս կողմից՝ հայ մարդուն արգելում ես հայրենիք մուտք գործել, դա նախ ցոյց է տալիս, թէ որքան ճղճիմ ես, քինախնդիր ու վախկոտ, ինչը որեւէ առաջնորդի վայել չէ, եւ յետոյ՝ թէեւ չունեմ փաստը, բայց երեւում է, որ պատուէր է կատարւում։ Չեմ զարմանայ, եթէ ամէն մի շնորհաւորական տօնային հեռախօսազանգի յետեւում ինչ-որ թելադրանքներ կան Թուրքիայի կողմից՝ տկարացնել այդ եռամիասնութիւնը։
Մեր պարտականութիւնն է դա վերականգնելը, բայց այս իշխանութեան ներկայութեամբ անկարելի է վերականգնել, որովհետեւ Հայաստանի վարչախումբն աւելի հետամուտ է օտար պատւիրատուների ապսպրանքներն իրագործելու մէջ, քան մտածելու համազգային նիւթերի ու հեռանկարային ծրագրերի մասին։
Երբ մէկը յայտարարում է, թէ Շուշին դժբախտ եւ դժգոյն քաղաք էր, կամ՝ ո՞ւմ է պէտք սարը, որ տարին տասներկու ամիս ձիւնով է ծածկուած… Սփիւռքի մէջ, Կանադայում մեծ թիւով հայորդիներ ուղղակիօրէն օրերն են հաշւում, որ այս վարչախումբը Հայաստանի ղեկից վռնդուի դէպի պատմութեան աղբամանը»։
Ի՞նչ էք կարծում՝ ընդդիմութեան «Դիմադրութիւն» շարժումը կը կարողանա՞յ լուծել այդ խնդիրը․ արդեօ՞ք նաեւ շատերի ձերբակալութեան, կալանաւորման ու անգամ կեանքի գնով շարունակուող այդ պայքարը կը կարողանայ ինչ-որ բան փոխել երկրում՝ մեր վերջին հարցին ի պատասխան՝ սփիւռքահայ գործիչը վստահեցրեց, որ համոզուած է՝ այդ շարժումը յաջողելու է։
«Հակառակ նրա, որ գուցէ շատ մարդիկ հիասթափուած են, թէ առաջին փուլն աւարտուեց, Ֆրանսիայի հրապարակի վրանները հաւաքուեցին, սակայն համոզուած եմ՝ շարժումը չմարեց․ յստակ էր, եւ յայտարարուած, որ երկարատեւ պէտք է լինի այս պայքարը,- Մհեր Գարագաշեանը, ապա թուարկեց շարժման ձեռքբերումները,- Նուազագոյնը՝ վերականգնեց հաւատը, որ կարելի է բան փոխել, որ աշխարհին յստակօրէն ասեց՝ հայութիւնն ինչ-որ մոխրագոյն բիոզանգուած չէ՝ ինչպէս Փաշինեանն ու իր ընկերները, այլեւ կայ յստակ կեցուածք, ազգային դիմագիծ, որ ո՛չ է ասում այդ քաղաքականութեանը։
Երբ նայում ես այսօրուայ ողորմելի վարչախմբին, իրենց լկտի ինքնավստահ պահուածքին, որով նայում են ընդդիմութեան այսրոպէական դանդաղ քայլերին (մինչդեռ ես վստահ եմ, որ աշնանամուտին ամէն ինչ կը թեժանայ նորից), երբ դիմում են Մուրադ Փափազեանի մուտքն արգելող քայլերին, երբ կալանաւորւում են մարդկանց, որոնից մէկը մեծ հայրենասէր Արմէն Գրիգորեանն էր, որ կալանքի տակ մահացաւ (եւ ըստ իս՝ սխալ չեն այն մեկնաբանութիւնները, թէ նա սպանուեց, որովհետեւ եթէ կալանքի մէջ չլինէր, վստահաբար, այս վախճանը չպիտի ունենար), երբ դիմում են շանտաժներին, թէ մանդատները կը վերցնենք պատգամաւորներից, երբ վրաերթի են ենթարկում յղի անմեղ կնոջ, եւ պատասխանատուութիւն ոչ մէկը չի կրում, սրանք ինձ համար նախանշաններ են սնանկութեան, որի վերջը շատ հեռու չէ, եւ հաւատում եմ, որ «Դիմադրութիւն» շարժումն այս առումով ճիշտ ընթացքի մէջ է»,- ասաց նա։
Զարուհի Դիլանեան