ԱԺ ընտրութիւններու թեկնածու, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Վանուշ Ահարոնեան
(«Երկիր»).- Մրցունակ կրթութիւնն է արդար երկրի, զարգացող հասարակութեան գրաւականը: ՀՅԴ-ն, ի դեմս իր ուսանողական միութեան, նախանձախնդիր է կրթութեան և գիտութեան ոլորտում առկայ խնդիրները լուծելու հարցում. ասւում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան նախընտրական պլատֆորմում:
ՀՅ Դաշնակցութեան համամասնական և վարկանիշային ցուցակով թեկնածու առաջադրված` ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Վանուշ Ահարոնեանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կուսակցութեան նախընտրական պլատֆորմը, որից յետոյ կայացաւ պլատֆորմի շուրջ զրոյց-քննարկում:
Ուսանողական միութեան ներկայացրած պլատֆորմը, որում ներկայացւում է, թե ՀՅԴ-ն ի՞նչ փոփոխութիւններ է նախատեսում ուսանողների կեանքում, գրեթէ չի տարբերւում դեռևս անցած խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ ներկայացուած պլատֆորմից:
«Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան գրասենեակում կայացած հանդիպման ընթացքում շեշտուեց, որ պլատֆորմում ներկայացուած բոլոր կէտերն այսօր արդիական են և հրատապ լուծում են պահանջում, քանի որ կրթութիւնը երկրի անվտանգութեան կարևորագոյն խնդիրներից մէկն է, և կրթութեամբ է պայմանաւորւում այլ ոլորտների ճիշտ կառավարումը:
Պլատֆորմի հիմնական կէտերն են`
- Կրթութեան և գիտութեան ոլորտի պետական ֆինանսաւորումը հասցնել ՀՆԱ-ի 4%-ի:
- Ուսումնական հաստատութիւնների կրթական ծրագրերը և մասնագիտութիւնների բաշխումը կապակցել տնտեսութեան կարիքների ու աշխատաշուկայի պահանջների հետ:
- Պետութեան համար ռազմավարական ոլորտներում անհրաժեշտ մասնագիտութիւններով սովորող ուսանողների կրթութիւնը դարձնել անվճար:
- Պարտադիր զինուորական ծառայութեան մարտական հերթափոխ անցած և երեխայ ունեցող ուսանողներին ազատել ուսման վարձից:
- Երիտասարդ ընտանիքներին ապահովել սոցիալական բնակարանաշինութեան մատչելի ծրագրերից օգտուելու հնարաւորութեամբ:
Պլատֆորմը ներկայացնելիս դաշնակցական թեկնածու Վանուշ Ահարոնեանը շեշտեց, որ բոլոր բարեփոխումներն իրականացնելիս պէտք է հավատարիմ մնալ սկզբունքներին:
Քննարկման ընթացքում դաշնակցական թեկնածուն նաև առանձնապէս կարևորեց երիտասարդ ուսանողների բնակարանային հարցն ու մարտական ծառայութիւններն անցած զինուորականների խնդիրը: Նրա խօսքով` այսօր մի շարք քաղաքական ուժեր փորձում են օգտուել առիթից և այս խնդիրը դարձնում են իրենց օրակարգային հարցը, մինչդեռ նախկինում այդպէս չի եղել, և եթե այդ խնդիրը լաւ ուսումնասիրեն, կը տեսնեն, որ ՀՅԴ-ն դեռևս վաղուց բարձրացրել է: