ԱԺ ընտրութիւններու թեկնածու, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Վանուշ Ահարոնեան

(«Երկիր»).- Մրցունակ կրթութիւնն է արդար երկրի, զարգացող հասարակութեան գրաւականը: ՀՅԴ-ն, ի դեմս իր ուսանողական միութեան, նախանձախնդիր է կրթութեան և գիտութեան ոլորտում առկայ խնդիրները լուծելու հարցում. ասւում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան նախընտրական պլատֆորմում:

ՀՅ Դաշնակցութեան համամասնական և վարկանիշային ցուցակով թեկնածու առաջադրված` ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Վանուշ Ահարոնեանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կուսակցութեան նախընտրական պլատֆորմը, որից յետոյ կայացաւ պլատֆորմի շուրջ զրոյց-քննարկում:

Ուսանողական միութեան ներկայացրած պլատֆորմը, որում ներկայացւում է, թե ՀՅԴ-ն ի՞նչ փոփոխութիւններ է նախատեսում ուսանողների կեանքում, գրեթէ չի տարբերւում դեռևս անցած խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ ներկայացուած պլատֆորմից:

«Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան գրասենեակում կայացած հանդիպման ընթացքում շեշտուեց, որ պլատֆորմում ներկայացուած բոլոր կէտերն այսօր արդիական են և հրատապ լուծում են պահանջում, քանի որ կրթութիւնը երկրի անվտանգութեան կարևորագոյն խնդիրներից մէկն է, և կրթութեամբ է պայմանաւորւում այլ ոլորտների ճիշտ կառավարումը:

Պլատֆորմի հիմնական կէտերն են`

  1. Կրթութեան և գիտութեան ոլորտի պետական ֆինանսաւորումը հասցնել ՀՆԱ-ի 4%-ի:
  2. Ուսումնական հաստատութիւնների կրթական ծրագրերը և մասնագիտութիւնների բաշխումը կապակցել տնտեսութեան կարիքների ու աշխատաշուկայի պահանջների հետ:
  3. Պետութեան համար ռազմավարական ոլորտներում անհրաժեշտ մասնագիտութիւններով սովորող ուսանողների կրթութիւնը դարձնել անվճար:
  4. Պարտադիր զինուորական ծառայութեան մարտական հերթափոխ անցած և երեխայ ունեցող ուսանողներին ազատել ուսման վարձից:
  5. Երիտասարդ ընտանիքներին ապահովել սոցիալական բնակարանաշինութեան մատչելի ծրագրերից օգտուելու հնարաւորութեամբ:

Պլատֆորմը ներկայացնելիս դաշնակցական թեկնածու Վանուշ Ահարոնեանը շեշտեց, որ բոլոր բարեփոխումներն իրականացնելիս պէտք է հավատարիմ մնալ սկզբունքներին:

Քննարկման ընթացքում դաշնակցական թեկնածուն նաև առանձնապէս կարևորեց երիտասարդ ուսանողների բնակարանային հարցն ու մարտական ծառայութիւններն անցած զինուորականների խնդիրը:  Նրա խօսքով` այսօր մի շարք քաղաքական ուժեր փորձում են օգտուել առիթից և այս խնդիրը դարձնում են իրենց օրակարգային հարցը, մինչդեռ նախկինում այդպէս չի եղել, և եթե այդ խնդիրը լաւ ուսումնասիրեն, կը տեսնեն, որ ՀՅԴ-ն դեռևս վաղուց բարձրացրել է:

Leave a Comment

You must be logged in to post a comment.