Ամբոխավարութիւն` Իր Ամենաբացարձակ Ու Էժան Տեսքով

Ես չեմ էլ կասկածում, որ ոչ հեռու ապագայում Նիկոլ Փաշինեանից մէջբերումներ կ՛անեն ոչ միայն որպէս քաղաքական գործչի, Հայաստանի վարչապետի, այլեւ` մի մարդու, որը մեծ աւանդ ունի Հայաստանում ամբոխավարութիւնը բոլորովին նոր «մակարդակի» բարձրացնելու գործում:

Եւ այսպէս, դեկտեմբերի 1-ին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հերթական հաւաքի ժամանակ նա,  ինչպէս միշտ, բարձրացաւ բեմահարթակ ու, չխախտելով նախընտրական ողջ ընթացքի (ես կ՛ասէի վերջին 6-7 ամիսների) աւանդոյթը, իր ելոյթը համեմեց մրցակից ուժերին ուղղուած մեղադրանքներով: Միայն թէ այս անգամ նա իսկապէս գերազանցեց ինքն իրեն` ընդդիմախօսներին, ոչ աւելի, ոչ պակաս, մեղադրելով «պետական դաւաճանութեան» մէջ: «Եթէ ոեւէ մէկը ժողովրդական յեղափոխութիւնը, այսինքն ժողովրդի կողմից ընտրուած կառավարութեանը կը փորձի կասկածել որեւէ հակազգային կամ հակապետական դաւադրութեան մէջ, մենք իրաւունք կը վերապահենք այդ մարդկանց կասկածելու առնուազն օտարերկրեայ ազդեցութեան գործակալներ լինելու մէջ»,- ասաց նա, որից յետոյ էլ ԱԱԾ-ին եւ ԶՈՒ հակահետախուզութեանը յորդորեց զբաղուել այդ մարդականց հարցով:

Լա՛ւ, հասկացանք, նախընտրական շրջան է, եւ քաղաքական գործիչները փորձում են  ամբոխին հրամցնել այն ապրանքը, ինչ ցանկալի է նրանց, իսկ մեր օրերում ամենափնտռուած ապրանքը դէպի բացարձակ յաղթանակ տանող, ատելութեան ամենագռեհիկ շպարմամբ էժանագին ամբոխավարութիւնն է, որն ամբոխի կողմից ընկալւում է դիւրութեամբ: Հասկացանք, որ աւելի շատ ձայն կը հաւաքի նա, ով կը կարողանայ աւելի ուժեղ ու գռեհիկ հայհոյել մրցակցին եւ աւելի անպատասխանատու խօսել ժողովրդի անունից:  Հասկացանք, որ դրա համար կարելի է խաղադրոյք կատարել հասարակութեան որոշակի խաւի մթագնած, խիստ սահմանափակ գիտակցութեան, գլխի դատարկ պարունակութեան եւ ուղեղի ծալքերի սակաւութեան վրայ, իսկ յետո՞յ…

Գալու է վաղուայ օրը, եւ դու՛ք, պարո՛ն Փաշինեան, ստիպուած էք լինելու հնձել ձեր իսկ ցանած մղձաւանջի` սեւի, խաւարի, ատելութեան, սադրանքի ու դաւադրութեան մթնոլորտի եւ բարոյազրկութեան քամու` փոթորկի հունձքը: Ու դա շատ թանկ է արժենալու ձեզ համար, քանի որ նոյն այդ դատարկ գլուխներն ու սակաւ ծալքերով ուղեղները զոհ են պահանջելու ձեզնից` ատելութեան իրենց անյագ քաղցը յագեցնելու համար: Եւ հէնց այդ ժամանակ էլ ստիպուած էք լինելու ձեր իսկ «նեղ խմբային եւ անձնային շահերի» սպասարկմանը կոչուած էժանագին ու անմակարդակ այս մարտավարութեան արդիւնքում արձանագրել սեփական քաղաքական մահը: Այդպէս է եղել էժանագին ամբոխավարութիւնը որպէս գործելաոճ իւրացրած` անխտիր բոլոր քաղաքական գործիչների անխուսափելի ճակատագիրը: Պատմութիւնը դա է փաստում:

Յ. Գ.- Պէտք չէր, պարո՛ն Փաշինեան, խուսափել ուղղակի խօսքից: Բոլորը հասկացան, որ ձեր մեղադրանքներն ուղղուած էին Հայ յեղափոխական դաշնակցութեանն ու նրա Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանին: Ի՞նչ էք կարծում, ստացուե՞ց արդեօք, այն, ինչ ցանկանում էիք: Պատասխանը մէկն է ու միանշանակ` ո՛չ:

Առաջինը` հասարակութեան գիտակից խաւը լաւ գիտի Դաշնակցութեանն ու դաշնակցականներին: Լաւ գիտի, որ նրանց համար կայ մի կարմիր գիծ, որն անհնար է խախտել, իսկ դա հայրենիքն ու նրա անվտանգութիւնն են:

Երկրորդը` նման յոխորտանքները միգուցէ ինչ-որ տպաւորութիւն թողնեն ձեր անմիջական շրջապատի կամ այլոց վրայ, բայց ոչ հաստատապէս` Դաշնակցութեան եւ դաշնակցականների վրայ: Յիշում էք, չէ՞, ՀՀՇ-ի` նման անյաջող փորձը դեռեւս 90-ականներին: Իսկ ի՞նչ եղաւ արդիւնքը: Կարծում եմ գիտէք: Այնպէս որ, մի՛ փորձէք, չի ստացուելու:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
«alikonline»-ի պատասխանատու-խմբագիր

Leave a Comment

You must be logged in to post a comment.