Գիրք Ֆետայի Մօրուք Կարոյի Մասին


ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ

Հայ ֆեդայիների սերնդին պատկանող հերոսներից մէկի մասին է պատմում Աղանիկ Հեբոյեանի «Մօրուք Կարօ» գիրքը, որ լոյս է տեսել 2015ին, Երեւանում, «Վան Արեան» հրատարակչութեան կողմից: Գրքի երկրորդ հրատարակութիւնը ընծայւում է հայրենասէր հայուհի, վաղամեռիկ Անահիտ Բաբայեանի յիշատակին: Գրքի հրատարակմանը աջակցել են ամերիկահայ բարերարներ Մկրտիչ, Ասքանազ եւ Արտաւազդ Բաբայեանները: Գրքի տիտղոսաթերթի յետեւում կարդում ենք հետեւեալը. «Այս ինքնատիպ գիրքը նուիրուած է ֆիդայական շարժման նշանաւոր դէմքեր՝ Մօրուք Կարոյին, Չոլոյին եւ շատ-շատերին: Տքնաջան պրպտումով, պեղուած փաստերով, բայց միաժամանակ անպաճոյճ ու զգացմունքային շարադրանքով շաղախուած այս գիրքը ընթերցողին տխրելու եւ ուրախանալու անմոռանալի ու անկրկնելի շատ պահեր կը պարգեւի»:
Հերոսական դրուագներով եւ ականատեսի վկայութիւններով լի գիրքը պատմում է 19րդ դարում սկիզբ առած հայ ազատագրական շարժման իրենց կեանքը նուիրաբերած հայդուկների մասին: Արդէն պատմութեան անցած դէպքերը իրական են, որոնց մի մասի ականատեսն է եղել գրքի հեղինակ Աղանիկ Հեբոյեանը՝ Մօրուք Կարոյի հարազատ եղբօրորդին: Մօրուք Կարօն եւ նրա անբաժան ընկեր Չոլօն յիշուած են իրենց քաջագործութիւններով. նրանք երկուսն էլ անվրէպ կրակողներ էին եւ կռուել էն Անդրանիկի, Գէորգ Չաւուշի եւ Սերոբ Աղբիւրի հայդուկային խմբերում: Գրքում նկարագրուած յուզառատ դրուագներից է թուրքական երկհազարանոց զօրքի դէմ 300 հայ ֆեդայիների հերոսական պայքարը Թալինի բերդի գրաւման ժամանակ, որին մասնակցել են Մօրուք Կարօն եւ Չոլօն: Հայերը տալիս են ընդամէնը 9 զոհ: Յաղթանակից յետոյ նրանք մասնակցել են նաեւ Արագածի փէշերին գտնուող հայկական գիւղերը թուրքերից մաքրագործելու աշխատանքին, Մարգարայի կամուրջի եւ Անդոկ սարի համար մղուող կռիւներին: Թշնամու անհամեմատ մեծ ուժերի դէմ պայքարում, օգտագործելով զէնքի հետ վարուելու հմտութիւնն ու ինքնավստահութիւնը, հնարամտութիւնն ու խելքը, հայերը մեծ մասամբ դուրս են եկել յաղթանակով:
Այդ մասին պատմում է գրքի հետեւեալ դրուագը. Սասնոյ գիւղերը շրջապատուած են թշնամու զօրքով. դրութիւնը ծանր է: Ծովասար գիւղում ժողովի են հաւաքուած ֆեդայիները՝ Փեթարայ Մանուկը, Չոլօն, Փեթարայ Իսրօն, Մօրուք Կարօն, Արխայ Զօրիկը: Իր ընկերներին դիմելով, Մօրուք Կարօն ասում է. «Մեր դիմաց կանգնած է քսանհազարանոց զօրքը: Պէտք է կռուենք մէկը քսանի, երեսունի դէմ: Բոլոր գիւղերից անհրաժեշտ է ժողովուրդը հաւաքել մի տեղ, իմ կարծիքով սա մեր վերջին կռիւն է: Բայց այնպէս պէտք է անենք, որ ժողովուրդը չյուսալքուի: Մենք, հիմնականում կռուելու ենք քարերով: Պաշտպանուելու համար, Անդոկ սարը ամենայուսալի վայրն է: Կանայք նոյնպէս պէտք է օգնեն: Իւրաքանչիւր փամփուշտ իր նպատակին պէտք է ծառայի: Եթէ կարողանանք այս ծանր կացութիւնից էլ դուրս գալ, երեւի թէ մեր երկիրը մեր ձեռքին մնայ»:
Հայ կնոջ մասնակցութիւնը հայոց ազգային-ազատագրական պայքարում հերոսական շատ դրուագներ է պարգեւել մեր պատմութեան էջերում, որոնք արժանանի են դրուատանքի: Գրքում նշուած է, որ Մօրուք Կարոյի կինը՝ Մարթան նոյնպէս աչքի է ընկել իր քաջութեամբ. ստալինեան բռնապետութեան տարիներին, նա իր երեք դուստրերի հետ վեց տանջալի տարիներ է անցկացրել աքսորավայրում:
Պատմութիւնից յայտնի է, որ ֆեդայիներն իրենց գործունէութիւնը ծաւալել են առաջնորդուելով իրենց յատուկ սկզբունքներով՝ հայրենիքի եւ ժողովրդի ազատագրութեան համար զոհուելու պատրաստակամութիւն, լինել գաղտնապահ եւ ճշդախօս, բաւարարուել համեստ սննդով, անվրէպ կրակել, դիմանալ ծանր պայմաններին, յարգել ընկերոջը: Սասնոյ Գելիէգուզան գիւղում ծնուած Մօրուք Կարօն մէկն էր այդ ֆեդայիներից, ով իր մէջ խտացնում էր հայ ցեղի լաւագոյն յատկանիշները: Իր խիզախութեամբ յայտնի հայդուկը, որի կեանքը յաճախ կախուած էր մազից, կարողացել է փրկուել: Յետագայում նրան յաջողուել է փախչել Պարսկաստան: Ընթերցողը գրքում կարող է հանդիպել մեր ազգային պանթէոնը զարդարող, հայ ժողովրդի համար պաշտելի դարձած շատ անունների:
Հարկ ենք համարում աւելացնել, որ բացի սոյն գիրքը հովանաւորելուց՝ Մկրտիչ Բաբայեանը հանդէս է գալիս մի այլ բարեգործութեամբ: Նա վերջերս է վերադարձել Հայաստանից, ուր մեկնել էր իր իսկ նախաձեռնութեամբ եւ մեր համայնքի մի խումբ նուիրեալների նուիրատուութեամբ հաւաքուած նիւթական աջակցութիւնը հասցնելու Էջմիածնում ապրող արցախեան ազատամարտիկների ընտանիքներին:
Սոյն գրքից օրինակներ ձեռք բերելու համար կարող էք զանգել Մկրտիչ Բաբայեանին հետեւեալ հեռախօսահամարով՝ (818) 813-2252։


Leave a Comment

You must be logged in to post a comment.