«Դրօշակ»-ի Առաջնորդող Յօդուած
թիւ 12, 2022
Եզրափակւում է հայութեան ու հայոց պետականութեան համար փորձութիւններով ու անորոշութիւններով լի եւս մէկ տարի: Այս ընթացքում տեսանելի չեղան այնպիսի քայլեր, որոնց շնորհիւ պէտք էր ամրապնդուէին` հայոց բանակը, Հայաստանի պետական վարչամեքենան, տնտեսութիւնը, արտաքին յարաբերութիւնների ոլորտը, Արցախի անվտանգութիւնն ու ինքնիշխանութիւնը, ազգային համերաշխութիւնն ու հայոց եռամիասնութիւնը: Ճիշդ հակառակը, կարելի է ասել, որ այս բոլոր ուղղութիւններով պահպանուել կամ աւելի են խորացել եղած ճգնաժամերը, որոնք ակնառու դարձան յատկապէս 2020 թուականի ողբերգական պատերազմից յետոյ: Անցնող տարին յատկանշական էր ռուս-ուքրանական պատերազմով ու ընդհանրապէս աշխարհակարգերի սուր բախմամբ, որոնք դրսեւորւում էին թէ՛ ռազմական հակամարտութիւնների եւ թէ՛ քաղաքական-դիւանագիտական առճակատումների, տնտեսական պատերազմների եւ այլ ձեւերով` այդ խորապատկերում մեր դէպքում ընդգծելով Հայաստանի իշխանութիւնների քաղաքական վարքն ու կողմնորոշումները:
Ամրապնդուեց այն մտավախութիւնը (շատերի կողմից տարիներ շարունակ հնչող մեղադրանքը), որ 2018 թուականին Հայաստանում իշխանութեան եկած ուժն ունեցել է Արցախը յանձնելու նպատակ, որը դրսեւորուեց 44-օրեայ պատերազմում ծրագրուած պարտութեամբ: Ի հարկէ մարդկութեան պատմութեան մէջ թերեւս սա միակ դէպքն էր, երբ պատերազմում պարտուած ղեկավարութիւնը պարտութեան մեղքը բարդում է նախկին իշխանութիւնների կամ դաշնակից երկրի վրայ: Մի կողմ թողնենք, սակայն, պատերազմի ընթացքի մանրամասները: Անդրադառնալով 2022 թուականի զարգացումներին` ակնյայտ է դառնում գունաւոր յեղափոխութեամբ երկրի ղեկին տիրացած ուժի վերաբերմունքը վերջին տասնամեակների ազգային թիւ մէկ հիմնահարցի նկատմամբ: Հայաստանի ղեկավարը, որը, քաղաքական նպատակայարմարութիւնից ելնելով, ժամանակին յայտարարել էր, թէ` «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ», պատերազմի աւարտից ցայսօր ոչ մի անգամ Արցախ չի այցելել: Նրա հրահանգով մի քանի անգամ խորհրդարանական մեծամասնութիւնը տապալել է Արցախի անվտանգութեան եւ այլ հարցերով ընդդիմութեան ներկայացրած բանաձեւերի քննարկումը, պաշտօնական բոլոր փաստաթղթերից դուրս են բերւում Արցախի կարգավիճակը բնորոշող «Հանրապետութիւն, ինքնորոշում» բառերը, Հայաստանի իշխանութիւնը Ռուսաստանին եւ այլ պետութիւններին է թողնում խնդրի կարգաւորման հոգսը, համաձայնում է փաստաթղթերի հետ, ըստ որոնց, ինքնավարութեան ձեւական կարգավիճակով Արցախը պէտք է մնայ Ատրպէյճանի կազմում, եւ վերջապէս, երկրի վարչապետը Փրակայում ստորագրեց պայմանագիր` ճանաչելով Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, ինչը, ըստ էութեան, պէտք էր նշանակէր Արցախը ճանաչել Ատրպէյճանի կազմում: Այս դէպքում էլ «պարզւում է», որ վաղուց եւ այլ փաստաթղթերով խնդիրն այդ ձեւով արդէն լուծուել էր: Հարց է մնում` իրենից առաջ ստորագրուած անձնատուական պայմանագրերի մասին մինչեւ պատերազմն ու պարտութիւնը նոյն ղեկավարն ինչո՞ւ չէր խօսում, ինչո՞ւ էր նա այն ժամանակ յայտարարում, թէ ինքը բանակցութիւնները սկսում է իր զերոյական կէտից, եւ` «Արցախը Հայաստան է ու վե՛րջ»:
Ակնյայտ է, որ Արցախի հարցում նա ենթարկւում է Ատրպէյճանի նախագահի ճնշմանը, որը նրան ստիպում է բանակցութիւններում եւ առհասարակ մոռանալ այդ թեման: Նա եւ իր խմբակը սեփական երկրում անգամ յօգուտ Արցախի չեն ասում ու անում մի բան, որը կարող է դուր չգալ Ատրպէյճանի ղեկավարին:
Քաղաքական գործիչների ու փորձագէտների գնահատմամբ, 2020 թուականին յաջորդած ետպատերազմական շրջանը Նիկոլ Փաշինեան վարչապետի համար նոյնքան պարտուողական է, այս անգամ, սակայն, ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետութեան առումով: Պարտութեան հասցուած պետութիւնը թողնելով ծնկած վիճակում եւ ոչ մի բնագաւառում ոչինչ չանելով իր թիկունքն ամրապնդելու համար, կախման մէջ լինելով արեւմտեան հովանաւորներից, որոնց քաղաքական նախագիծն է ինքն իր ապազգային խմբակի հետ, չկարողանալով ձերբազատուել ռուսական ազդեցութեան բազմաթիւ ու բազմամակարդակ լծակներից եւ միեւնոյն ժամանակ գտնուելով թուրք-Ատրպէյճանական ռազմաքաղաքական գործօնի ճնշման ներքոյ` Հայաստանում բռնատիրական վարչակարգ հաստատած ղեկավարը ստիպուած է ոչ թէ քաղաքականութիւն վարել, այլ խուսանաւել տարբեր ուժերի միջեւ` ամէն տեղ տալով խոստումներ, նրանց միջեւ փորձել հրահրել հակասութիւններ եւ, ի վերջոյ, իր երկրի անվտանգային ու միւս բոլոր կենսական խնդիրների լուծումը բարդել նրանց վրայ:
Նիկոլ Փաշինեան հոգեպէս անհաւասարակշիռ անձը ներքաշուել է իր իսկ սարքած արկածախնդրութեան մէջ եւ խաղում սոլտ, իսկ խաղասեղանին դրուած գրաւը հայոց պետականութեան ճակատագիրն է:
Այդ արկածախնդրութեան դրսեւորումներից մէկը արդէն հինգերորդ տարին հետեւողականօրէն իրականացուող հակառուսականութեան քաղաքականութիւնն է: Հակառուսականութեամբ լցուած է իշխանական ողջ քարոզչամեքենան, ինչի համար յատկապէս հմտօրէն օգտագործւում են ընկերային ցանցերի հնարաւորութիւնները: Կատարելով հովանաւոր ուժերի պատուէրը` նա իր անփորձ ու թոյլ ուսերի վրայ է վերցրել Անդրկովկասի 200 տարուայ քաղաքական կողմնորոշումը փոխելու առաքելութիւնը: Փաշինեանը կա՛մ հաւատում է, որ Ռուսաստանը շուտով կորցնելու է իր հզօրութիւնը, կա՛մ մտածում է, որ կը հասցնի թշնամիների ու հովանաւորների հետ իրաւականօրէն ձեւաւորել նոր իրողութիւններ եւ բոլորին կանգնեցնել կատարուած փաստի առաջ, կա՛մ այս ու այլ հաշուարկներ միասին: Միաժամանակ, գտնուելով ռուսական բազմազան լծակների ուղղակի եւ անուղղակի ճնշման ներքոյ, որի բաղկացուցիչ տարրերն են ե՛ւ խաղաղապահների գործօնը, ե՛ւ Հայաստանում գործող ռուսական ռազմական խարիսխը, ե՛ւ քաղաքական ու տնտեսական բազմաթիւ այլ լծակներ, Փաշինեանը, Արեւմուտքի հետ գալով Ռուսաստանի շահերը շրջանցող համաձայնութիւնների (իրականում այդ համաձայնութիւնները նախ եւ առաջ մեծ զիջումներ են նախատեսում Հայաստանի հաշուին), խոնարհւում է Ռուսաստանի առաջնորդի առաջ եւ հաւատարմութեան երդումներ է տալիս: Իրականում տեղի ունեցող գեղջկական ճարպիկութիւնները իրենց ողջ մերկութեամբ տեսանելի են առաջին հերթին ռուսների համար: Հակառուսական ջղագարութիւնը բորբոքւում է հէնց Նիկոլի խմբակիցների ու քաղաքական գործակիցների ու համացանցային «ֆէյքերի» բանակի ձեռքով: Հասկանալով կամ անգիտակցաբար Փաշինեանը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական բախման նոր սահմանագիծ:
Ի հարկէ մեր խնդիրը ռուսների կամ մէկ ուրիշի շահը պաշտպանելը չէ, սակայն խելագարութիւն է հաշուի չնստելը հարիւրամեակներով ձեւաւորուած իրողութիւնների հետ: Այսօր Ռուսաստանն իսկապէս գլխով-ոտքով խրուած է Ուքրանիայի դէմ պատերազմի մէջ, եւ նրա որդեգրած պահի քաղաքականութիւնն է հայ-Ատրպէյճանաթուրքական գործընթացների սառեցումը, տարածաշրջանում իրեն փոխարինելու Արեւմուտքի յաւակնութիւնների կանխումը: Անշուշտ` ունենալով այն ինքնավստահութիւնը, որ Արեւմուտքը խաղաղ պայմաններում չի համարձակուի մտածել այստեղ զինուորական ուժ տեղափոխելու մասին: Ինչ վերաբերում է Անդրկովկասում իր ազդեցութեան պահպանման հարցին, ապա Ռուսաստանն ատամներով պահելու է սեփական դիրքերը, որովհետեւ այստեղից նահանջելու դէպքում ստիպուած է լինելու թուրքերի ու Ատրպէյճանցիների, ինչպէս եւ Արեւմուտքի հետ առճակատուել արդէն իր բուն տարածքը կազմող Հիւսիսային Կովկասում, ինչպէս` ելցինեան ոչ հեռաւոր ժամանակներում:
Ռուսաստանը եւս մէկ անգամ վճռականօրէն կը վերահաստատուի Անդրկովկասում Ուքրանիայի հետ հաշիւները մաքրելուց յետոյ: Իսկ Ուքրանիային նա երբեք չի պարտուի, որովհետեւ այդ դէպքում նրան սպառնալու է իշխանափոխութիւնների, քաղաքացիական խռովութիւնների ու երկրի մասնատման հեռանկարը:
Նկատի ունենալով, թէ ինչպէ՛ս ռուսները չներեցին արիւնակից ուքրանացիներին, մի պահ պատկերացնենք, թէ ի՛նչ կարող է պատահել փոքր Հայաստանի հետ, որի իշխանութիւնները որոշել են նրան դուրս վռնտել տարածաշրջանից եւ հակառուսական ջղագարութեամբ են վարակել հայ հասարակութեան մի զգալի հատուածին:
Դրա փոխարէն, աւանդական կապերի ամրապնդմանը զուգահեռաբար, Հայաստանը պէտք է շարունակի բարեկամական ու գործակցային յարաբերութիւնները Արեւմուտքի, ինչպէս եւ Արեւելքի կարողական դաշնակիցների հետ` ձեւաւորելով որոշակի հաւասարակշռութեան դաշտ, ինչը, սակայն, խօսակցութեան առանձին նիւթ է:
Նիկոլ Փաշինեանն իր իշխանական դիրքերն ամրապնդելու համար ճանապարհ է հարթել` ոտնահարելով օրէնքն ու օրինականութիւնը: Արցախեան պատերազմի շրջանում թոյլ է տուել արարքներ, որոնց դաւաճանական բնոյթը դեռ պէտք է փորձի հերքել: Աճող դժգոհութիւնները չէզոքացնելու համար ներքին քաղաքականութեան մէջ նա ի սկզբանէ որդեգրել է իրաւական հետապնդումների գործելաոճը: Հասկանալով, որ անցած տարիներին կատարած մեղքերի համար իրեն սպասւում է ծանր պատասխանատուութիւն, Փաշինեանը նպատակ է դարձրել ամէն գնով հնարաւորինս պահպանել իշխանութիւնը: Այս ինքնանպատակ դարձած պայքարի ճանապարհին նա հետեւողականօրէն իրեն է ենթարկում դատական համակարգը, որն իշխանութեան երեք թեւերից միակն էր, որն ինչ-որ չափով պահպանել էր անկախութիւնը: Նա դանդաղօրէն իրեն է ենթարկում ողջ քարոզչադաշտը, հանրապետական ու տեղական ողջ իշխանութիւնը` այլեւս խտրութիւն չդնելով միջոցների մէջ, մասնաւորապէս` բազմապատկելով ապօրինութիւնները ընտրական գործընթացների ժամանակ եւ դրանցից յետոյ:
Դրսում կամակատար, ներսում բռնապետ ղեկավարը իր իշխանութիւնը պահպանում է պետական ողջ համակարգի, մասնաւորապէս ուժային կառոյցների անվերապահ ենթակայութեան եւ իր անձին կուրօրէն ծառայելու միջոցով:
Պէտք է նկատել, որ երեւոյթների խորքը չտեսնող Հայաստանի ներկայ ամբոխապետութեան մէջ շատերն այն տպաւորութիւնն ունեն, որ վարչապետի աթոռին նստած անձը միայնակ կարողանում է յաղթող դուրս գալ իր կառավարումը մերժող հայաստանեան հանրութեան, Արցախի ու սփիւռքի, Հայ առաքելական եկեղեցու եւ մտաւորականութեան նկատմամբ: Իրականում նա ընդամէնը յոխորտում է թիկունքից, իսկ իրեն պաշտպանում ու պահպանում է իր գոյութեան շնորհիւ իշխանութիւնը վայելող ազգադաւ համակարգը:
Պէտք է արձանագրել նաեւ, որ ժողովրդավարական ճանապարհով երկրի համար փրկարար իշխանափոխութիւն իրականացնելու ընդդիմութեան գործունէութիւնը վերջին երեք տարիների ընթացքում չյանգեց հիմնական նպատակի իրականացմանը: Միւս կողմից` այսօր երկրում չկայ մէկ այլ առողջ ու իրական ընդդիմութիւն, որն ունակ է տանելու այդ պայքարը: Հետեւաբար կրկին նոյն ուժերի ուսերին է ընկած երկրի փրկութեան գործը: Այս դէպքում, սակայն, նրանք իրենց մէջ պէտք է իրականացնեն այն ներքին որակական փոփոխութիւնները, որոնք հնարաւորութիւն կը տան կրկին ու կրկին չգնալու տրորուած ճանապարհով, այլ նախաձեռնելու որակական նոր պայքար` նոր մարտավարութեամբ եւ նոր գործիքակազմով: Իսկ ժամանակը կարճ է, քանզի երկրի ղեկավարը եւ նրա վրայ առաւել ազդեցութիւն ունեցող ուժերը շտապում են հասնելու Հայաստանի նոր եւ ճակատագրական անձնատուական ակտի ստորագրմանը` խաղաղութեան պայմանագրի տեսքով: Երկրի վայ-ղեկավարը այս մասին սեպտեմբերի 14-ին Ազգային ժողով-կառավարութիւն հարցուպատասխանի ժամանակ յստակ յայտարարել է. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդիւնքում մեզ լիքը մարդ կը քննադատի, լիքը մարդ կը հայհոյի, լիքը մարդ դաւաճան կասի, նոյնիսկ կարող այ ժողովուրդը որոշի մեզ իշխանութիւնից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կը լինենք, որ դրա արդիւնքում ՀՀ-ն 29.800 ք/քմ տարածքով ստանայ տեւական խաղաղութիւն եւ անվտանգութիւն: Ես շատ յստակ ասում եմ` էն որոշումը, որ սա ապահովելու այ, ես այդ որոշումը, շատ յստակ ասում եմ, ստորագրելու եմ: Ու ինձ չի հետաքրքրում` ի՛նչ կը լինի յետոյ ինձ հետ, ինձ հետաքրքրում է` ի՛նչ կը լինի յետոյ ՀՀ-ի հետ» («Դրօշակ», Եր., 2022, թիւ 10, էջ 5):
Այսօր, երբ անգամ բուն Հայաստանի Հանրապետութեան տարածքներ են գտնւում թշնամու իշխանութեան ներքոյ, այդ տարածքների բնակչութիւնը հեռացել է կամ գոյատեւում է մշտապէս վախը սրտում, լուծուած չէ գերիների հարցը, իսկ նահատակուած զինուորների դիերը մնում են ընկած բախման գօտում, եւ այս պայմաններում իշխանութիւնը թաղուած է իր անհոգ ու զեխ կեանքի մէջ, ժողովրդին փորձում է շեղել կենսական հիմնահարցերից` կազմակերպելով Ամանորի շոուներ, անհեթեթ է ի հարկէ մտածելը, թէ հայրենիքի եւ նրա սահմանների ճակատագիրը ինչ-որ բան է նշանակում ազգադաւ իշխանութեան համար: Եթէ բանակցային սեղանի շուրջ տեղի ունենայ վատթարագոյնը, դրանից յետոյ անիմաստ կը դառնայ ամէն ինչ: Անցնող եւ գալիք տարիների սահմանագծին հայ ժողովուրդը կանգնած է իր համար աննախադէպ փորձութեան առաջ, եւ հէնց նա իր բազմազան շերտերով պիտի որոշի` արժանի՞ է արդեօք ունենալու իր անկախ պետականութիւնը, թէ՞ ոչ: