«Դիմադրութեան» շարժման երթը դէպի Եւրոմիութեան գրասենեակ

Ֆրանսիայի հրապարակից այսօր, յունիսի 7-ին մեկնարկեց Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով «Դիմադրութիւն» շարժման երթը։

Երթի կանգառը Եւրոմիութեան գրասենեակն էր, որտեղ փաստերով ներկայացուելու էին այն բոլոր բռնութիւնները, որոնք այս օրերին տեղի են ունեցել։

Շարժման մասնակիցները ԵՄ դեսպանից պահանջում են պատշաճ գնահատական տալ ոստիկանութեան ապօրինութիւններին եւ բռնութիւններին:

Նրանց ձեռքին կային անգլերէն գրութիւններով պաստառներ՝ «Բացէ՛ք ձեր աչքերը», «Դատապարտէք բռնութիւնը»։

«Դիմադրութիւն» շարժման երթը մօտեցաւ Եւրոմիութեան գրասենեակին։

«Նիկոլ դաւաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Դաւաճան, հեռացի՛ր» վանկարկեցին քաղաքացիները։

ԵՄ գրասենեակի շէնքի դիմաց կենտրոնացած էին ոստիկանական ուժեր։

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը ընթերցեց գրութիւնը, որը պէտք է փոխանցուէր ԵՄ դեսպանին.

«Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցութիւններն արձանագրում են. յուլիսի 3-ին Պռօշեան-Դեմիրճեան փողոցների հատման հատուածում խաղաղ հաւաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառուել է ապօրինի եւ անհամաչափ ուժ եւ յատուկ միջոցներ, այն է՝ «Սւիրել» լուսաձայնային նռնակներ, չնայած որ հաւաքը կրում էր բացառապէս խաղաղ բնոյթ եւ ոստիկանական ուժերը պէտք է ոչ թէ խոչընդոտէին, այլ պարտաւոր էին օժանդակել խաղաղ հաւաքի անցկացմանը։

Լուսաձայնային նռնակների կիրառումը իրականացուել է առանց նախնական զգուշացման, որի հետեւանքով խաղաղ հաւաքի մասնակից հարիւրաւոր քաղաքացիների շրջանակներում, այդ թւում՝ կանանց ու տարեցների մօտ, առկայ են տարբեր աստիճանի ծանրութեան վնասուածքներ։ Մարմնական վնասուածքներ են ստացել նաեւ ընդդիմադիր պատգամաւորներից մի քանիսը, ինչպէս նաեւ «Դիմադրութիւն» շարժման մասնակից կուսակցութիւնների ներկայացուցիչներ»։

Գրութեան մէջ նաեւ նշւում էր, որ ոստիկանութեան ներկայացուցիչների մեծ մասը տուժել է յատուկ միջոցների սխալ կիրառման հետեւանքով, իսկ որոշ տեղեկութիւններով՝ կիրառուած լուսաձայնային նռնակները եղել են ժամկէտանց։

Ոստիկանութեան մի շարք ծառայողներ օրէնքի կոպիտ խախտմամբ տարբերանշաններ չեն կրել։

Բիրտ եւ անհամաչափ ուժ է կիրառուել նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ։

Արամ Վարդեւանեանն ասաց՝ գրութիւնը կը փոխանցուի ակնկալիքով, որ ԵՄ դեսպանի կողմից կը լինի պատշաճ արձագանգ։

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը իր խօսքում ընդգծեց, որ այս շէնքում նստած դեսպանն առիթը բաց չէր թողնում, երբ հնարաւորութիւն էր ունենում քաղաքական յայտարարութիւններ էր անում, կոնկրետ կողմ էր բռնում, իսկ ընդամէնը մի քանի օր առաջ այստեղ տեղի ունեցած վայրագութիւնների հետ կապուած մի ծպտուն անգամ չի հանում, կոյր և լուռ է ձևանում։

«Բայց իրականում մենք այստեղ ենք, որ ասենք դեսպանին՝ դուք Հայաստանում պէտք է կողմնորոշուէք՝ ի վերջոյ սատարում եք եւրոպական արժէքնե՞րը. Ժողովորդավարութի՞ւնը, օրէնքի գերակայութի՞ւնը, թէ՞ Նիկոլին ու և իր աթոռը, ժամանակն է, որ դուք կողմնորոշուէք, որպէսզի հայ հասարակութիւնն էլ հասկանայ, թէ դուք այստեղ ինչ ֆունկցիայ էք կատարում»,- ասաց նա։

ՀՅԴ անդամ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, Քրիստինէ Վարդանեանը անդրադառնալով ոստիկանութեան գործողութիւններին ասաց․ «Ոստիկանութեան արձագանքից մենք տեսնում ենք ՔՊ ժողովների ներքին քննարկումները։ Այստեղ Ոստիկանութեան հարցը չէ, այս պայքարը հակաոստիկանական չէ, նպատակը Ոստիկանութեան բարեփոխումները չեն՝ Ոստիկանութիւնն էլ չի իրականացնում իր ֆունկցիան և չի ենթարկւում ոստիկանապետի որոշումներին՝ ուղիղ հրահարնգ է իջնում իշխանական խմբակից։ Մարդիկ իշխանութիւնը պահելու համար տուել են հայրենիքը անգամ ու հիմա այդ մարդիկ, ովքեր սեփական կոշիկը կը պաշտպանեն, բայց հայրենիքը կու տան, կանգնած են այդ իշխանութիւնը կորցնելու վտանգի առջև, ուրեմն ինչպէս կը գործեն այդ մարդիկ․ իհարկէ, հնարաւոր ու անհնար բոլոր եղանակներով փորձելու են կառչած մնալ աթոռին, որ աշխարհում իրենց ունեցած ամենաթանկ բանն է»։

Շարժման մասնակիցները ի նշան ոստիկանների ապօրինութիւնների՝ յունիսի 3-ին իրենց կորցրած կոշիկները թողեցին ԵՄ դեսպանատան դիմաց:

Նշենք, որ այսօր օրուայ ընթացքում տեղի կ’ունենան անհնազանդութեան ակցիաներ։

Leave a Comment

You must be logged in to post a comment.