Առաջնահերթ ուշադրութեան կեդրոնում են յատկապէս սահմանամերձ համայնքները. Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթէլեան

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթէլեանը vesti.am-ի հետ զրոյցում ամփոփել է պաշտօնավարման 100 օրը:

– Աւանդաբար «Դաշնակցութիւնն» այլ մարզերում պետական իշխանութեան մարմիններում աւելի ներկայացուած է եղել, քան Գեղարքունիքում: Եթէ չեմ սխալւում, Գեղարքունիքում Դուք առաջին դաշնակցական մարզպետն էք. յարմարուե՞լ են Ձեզ, Դուք յարմարուե՞լ էք իրենց:

Ի.Ս.- Որեւէ խնդիր չի եղել: Ես հենց առաջին օրուանից որեւէ դժուարութիւն չեմ ունեցել ե՛ւ աշխատակազմի, ե՛ւ մարզի բնակչութեան հետ: Կան բազմաթիւ կուտակուած խնդիրներ, դժուարութիւնը դա է, մնացած տեղերում խնդիր չունենք:

– Երբ Գեղարքունիքի մարզի խնդիրներից են խօսում, դրանք հիմնականում բնապահպանական խնդիրներն են, աշխատատեղերի խնդիրները ու իշխանաւորներն անընդհատ այդ խնդիրներին են ուշադրութիւն դարձրել: Դուք ինչ-որ խնդիր յայտնաբերե՞լ էք, որ մինչեւ հիմա դրա մասին չեն խօսել:

Ի.Ս.- Իրականում խնդիրները բազմաթիւ են. կան ընդհանուր խնդիրներ, որ վերաբերում են ամբողջ մարզին, որոնք են ճանապարհների վատ վիճակը, դպրոցների անմխիթար վիճակը, ոռոգման եւ խմելու ջրի խնդիրը, մանկապարտէզների, մշակութային տների հետ կապուած խնդիրները: Դրանից բացի կան առանձին համայնքներ, որոնք ունեն լոգալ խնդիրներ. օրինակ, Մարտունի քաղաքն ունի առաջնային խնդիր՝ կոյուղու հարցը: Խնդիրները բազմաթիւ են եւ պաշտօնավարման առաջին օրերից փորձել ենք դրանք գոյքագրել, հասկանալ որ համայքնում առաջնահերթութեան կարգով ի՛նչ խնդիր ունենք լուծելու եւ փորձում ենք հերթով դրանք լուծելով գնալ առաջ:

Մեր մարզում բաւականին խոշոր համաֆինանսաւորման ծրագրեր են իրականացուել՝ մօտ 1 մլրդ. 480 միլիոնի, որի կէսը համաֆինանսաւորել են մեր համայնքները, կէսը՝ Կառավարութիւնը: Շուրջ 25 համայնքում 39 ծրագիր է իրականացւում. որոշներն աւարտուել են, որոշներն ընթացքի մէջ են: Դրանք տուեալ համայնքների համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ են, որոնց արդիւնքում համայնքների կեանքում բան կը փոխուի: Նաեւ կայ Կառավարութեան կողմից մօտեցում. առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներն ենք ներկայացրել, որի շրջանակում 13 համայնքի շուրջ 550 մլն. յատկացում կը լինի: Դրանք հիմնականում ուղղորդւում են այդ ծրագրերին. մարդկանց համար ստեղծում են հնարաւորութիւններ, որպէսզի կարողանան իրենց համայնքը զարգացնել եւ կեանքի որակը բարելաւել: Կարծում եմ՝ առաջիկայում արդիւնքները զգալի կը լինեն:

– Գեղարքունիքի մարզում տարեցտարի ցանքատարածութիւնները պակասում են. մարդիկ աւելի շատ գերադասում են արտագնայ աշխատանքը, քան տեղում մնալը, անասնապահութեամբ, կամ գիւղատնտեսութեամբ զբաղուելը: Ինչ-որ ծրագիր կա՞յ առաջիկայ մէկ, երկու կամ հինգ տարում արտագնայ աշխատանքի մասնաբաժինը փոքրացնելու ու տեղում աշխատատեղեր ստեղծելու համար:

Ի.Ս.- Գեղարքունիքի մարզում առաջնահերթութիւններից մէկը գիւղատնտեսութեան զարգացումն է: Մեր բնակլիմայական պայմանները մի շարք խոչընդոտներ ստեղծում են, բայց դրա հետ մէկտեղ մենք ունենք առաւելութիւններ ու մարզում գիւղատնտեսութեան լաւ աւանդոյթներ կան՝ սկսած հացահատիկի, կարտոֆիլի մշակումից մինչեւ անասնապահութիւն: Պարզապէս պէտք է կիրառել նոր ժամանակակից տեխնոլոկիաներ: Օրինակ՝ մի քանի օր առաջ մարզում կարկտահարութիւնը մեծ ծաւալի վնասներ հասցրեց: Մի քանի լաւ ծրագրեր Գիւղնախարարութիւնն է նախաձեռնել. շրջանառութեան մէջ արդէն դրուած է, որ սուբսիդաւօրէն կոնկրետ հացահատիկ մշակողներին: Գեղարքունիքի մարզում հիմա շատ արագ զարգանում է այգեգործութիւնը, բայց այդ ամէնի հետ մէկտեղ, թէեւ ունենք լիճ, ունենք մի շարք գետեր, աղբիւրներ, բայց ոռոգման խնդիրը շարունակում է մնալ խնդրայարոյց: Գիւղատնտեսութիւնը զարգացնելու համար պէտք է նաեւ առաջնահերթ կարողանանք լուծել ջրարփիացման եւ արօտավայրերը, դաշտերը ջրելու խնդիրը: Հիմա մենք դրանց մի մասն առանձնացրել ենք, որոշներն այս ընթացքում ծրագրերով համաֆինանսաւորուել են, իրականացւում են, որոշները ներկայացրել ենք Կառավարութեանը: Նոյնիսկ քննարկում ենք մարզում՝ Մարտունու տարածաշրջանում երկու ջրամբար կառուցելու հարցը:

– Մարզը սպեցիֆիկ է նաեւ նրանով, որ բաւական երկար սահման ունի Ատրպէյճանի հետ եւ սահմանամերձ համայնքների խնդիր կայ, որտեղ նոյնպէս Ձեր նշած խնդիրներն արդիական են: Իրենց հետ աւելի դիֆերենցուա՞ծ աշխատանք է տարւում:

Ի.Ս.- Առաջնահերթ, որովհետեւ դա մեզ համար ունի ռազմավարական նշանակութիւն: Որ աւելի կոնկրետ ասեմ, հենց հիմա Ճամբարակ խոշորացուած համայնքում, նաեւ սահմանամերձ Վահան համայնքում իրականացւում են աննախադէպ ծրագրեր: Վերջին տարիներին նման խոշոր ներդրումներ չեն իրականացուել: Մօտ 133 միլիոն սուբվենցիոն ծրագիր կայ. ճանապարհների ասֆալտապատում, ոռոգման խնդիր, Վահան համայնքում խմելու ջրի ցանցի կառուցում: Մեզ համար այդ համայնքներն ունեն ռազմավարական նշանակութիւն: Այս կարճ ժամանակահատուածում միայն չորս անգամ Ճամբարակ եմ այցելել: Այսինքն՝ մեր առաջնահերթ ուշադրութեան կենտրոնում են յատկապէս սահմանապահ եւ սահմանամերձ համայնքները:

– Երբ սրանից երկու տարի առաջ որոշուեց Սեւանայ լճից յաւելեալ ջրառ անել, այն ժամանակուայ Բնապահպանութեան նախարար դաշնակցական Արծուիկ Մինասեանն ընդդիմանում էր դրան, կարծում եմ, որ դա ինչ-որ տեղ նաեւ «Դաշնակցութեան» տեսակէտն էր: Այս տարի նորից Սեւանից յաւելեալ ջրառ են անում. Դուք ինչպէ՞ս էք դրան վերաբերւում:

Ի.Ս.- Քննարկումների ժամանակ մեր ներկայացուցիչները դէմ են արտայայտուել եւ ես, իբրեւ Գեղարքունիքի մարզպետ, շահագրգիռ չեմ ջուր բաց թողնելուն, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ դա Սեւանին մեծ վնասներ է հասցնում: Բայց նաեւ սրա կողքին կայ այն խնդիրը, որ 55 հազար տնտեսութիւն մնում էր առանց ջրելու, եւ մեծ վնասներ էին կրելու Կոտայքի, Արագածոտնի եւ Արմաւիրի մարզերը: Հարցն ունի երկու ծայր՝ մի կողմից Սեւանի հարցն է, որ մենք շահագրիռ ենք ջուր բաց չթողնելուն, բայց միւս կողմից էլ հարցի հակառակ կողմն է, որ այդքան տնտեսութիւն այդ վիճակում էր յայտնուելու: Ամէն դէպքում ըմբռնումով ենք մօտենում այդ որոշմանը, որովհետեւ կայ լուրջ խնդիր: Յոյս ունեմ, որ միւս տարի աշխատանքներն աւելի ճիշդ կը պլանաւորուեն: Հիմա հարցը Կառավարութեան ուշադրութեան կենտրոնում է, եւ մենք ամէն օր զեկոյց ենք տալիս Կառավարութեանը ոռոգման հետ կապուած, լուրջ հսկողութեան տակ է, եւ կարծում եմ, միւս տարի այս հարցը կը կարգաւորուի եւ Սեւանից ջրի բացթողումները կը հասցուեն մինիմումի:

– Ձեր տարածաշրջանը նաեւ Սեւանով պայմանաւորուած յայտնի է իր արեւային էներգետիկայի պաշարներով: Բաւական լուրջ ծրագրեր կան Հայաստանում ու կան մարդիկ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել այդ ոլորտում: Դուք այդ ծրագրերից տեղեա՞կ էք, ձեզ առաջարկութիւններ կա՞ն:

Ի.Ս.- Մեր մարզում նման մի խոշոր ծրագիր իրականացուել է Մեծ Մասրիկ համայնքում: Հիմա եւս եթէ չեմ սխալւում 60 հա հող են ուզում այդ ծրագիրն ընդլայնելու համար: Հենց այս պահին մենք համայնքի եւ Կառավարութեան հետ քննարկում ենք, որպէսզի հնարաւորութիւն ստեղծենք, որ այդ ընկերութիւնն իր հզօրութիւններն աւելացնի: Նաեւ ասեմ, որ երկու միջազգային խոշոր կազմակերպութիւն լուրջ ուսումնասիրութիւններ է անում մեր մարզում քամուց ելեկտրաէներգիա ստանալու համար, արդէն ներդրումներ են արել, լուրջ փորձարկումներ են իրականացնում, հող յատկացումը կայ, Կառավարութեան որոշումը կայ:

– Դա նշանակո՞ւմ է, որ մարզն ելեկտրաէներգիայի աւելցուկն իրացնելու հնարաւորութիւն ունի: Դրա հետ մէկտեղ յաւելեալ ենթակառուցուածքներ, օրինակ, արտադրական ձեռնարկութիւններ ստեղծւո՞ւմ են, որ այդ էներգիան կարողանան տեղում արտադրել ու սպառել, որ մարզի իւրաքանչիւր ընտանիք դա իր վրայ զգայ աշխատատեղերի առումով:

Բնականաբար, այդ ընկերութիւնները, որոնք այդ աշխատանքներն իրականացնում են, մեծ ծաւալի են եւ աշխատատեղեր ստեղծւում են: Բայց որ յատուկ դրանով պայմանաւորուած արտադրութիւն զարգանայ, ուղիղ կապ չունեն, որովհետեւ միեւնոյն է, այդ ընկերութիւնները հոսանքը գնում են նոյն գնով: Մենք ուրիշ առաւելութիւն ունենք, որ սահմանապահ գիւղերին արտօնութիւններ են տրուած: Նաեւ Ճամբարակի հատուածում պետութիւնը սուբսիդաւորում է ելեկտրաէներգիայի վարձավճարը:

– Սովորաբար մեր երկրում այնպէս է եղել, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն ընտրութիւնների ժամանակ աշխատել են իրենց կուսակցութիւնների օգտին, Դուք դա ինչպէ՞ս էք պատկերացնում:

Ի.Ս.- Մենք հիմա այդ մասին չենք մտածում, այդ ուղղութեամբ չենք աշխատում: Այս պահին իմ առաջնային խնդիրը մեր մարզում կուտակուած բազմաթիւ հարցերն ու խնդիրներն են, զբաղւում ենք դրանց լուծմամբ: Ընտրութիւնների նախապատրաստական աշխատանքների ուղղութեամբ այս պահին ո՛չ մտածում ենք, ո՛չ աշխատում, որովհետեւ այս պահին ունենք պարտականութիւն՝ ամէն ինչ անելու, որ մեր ժողովրդի կեանքում բան փոխուի:

Եդուարդ Սարիբեկեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.