Ադրբեջան անունով որևէ երկիր երբևէ չի եղել ոչ մի քարտէզում Արաքսից հիւսիս մինչև 1918 թ․․ Ռուբէն Գալիչեան

Ադրբեջանը երբ ստեղծուեց 1918 թ-ին, դրանից առաջ Արաքսից հիւսիս այդ անունով որևէ երկիր երբևէ գոյութիւն չէր ունեցել և երբևէ չի եղել ոչ մի քարտէզում՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց աշխարհագրագէտ և քարտէզագէտ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի առաջին հիւպատոս, Կովկասի պատմութեան ու քարտէզագրութեան մասին գրքերի հեղինակ Ռուբէն Գալիչեանը։

Ադրբեջանը երբ ստեղծուեց, նշեց նա, առաջին տարիներից արդէն սկսել էր խօսել այն մասին, որ ինքն, իբրև թէ, հնագոյն երկրներից է այս շրջանում, որ ինքն աշխարհի առաջին դեմոկրատ իսլամական հանրապետութիւնն է, իբր իրենց երկիրը 3000 տարուայ պատմութիւն ունի։ Այնինչ 3000 տարուայ պատմութեան որևէ քարտէզում երբևէ Ադրբեջանը չկայ։

«Միայն անգլիական մէկ քարտէզ կայ՝ 1840-ական թուականների, որի քարտէզագէտը ընդհանուր տարածքի վրայ Հայաստանի արևելքում գրել է Ազերբայջան, բայց նոյն քարտէզի վրայ յաջորդ ատլասի մէջ ինքը շտկել է իր սխալը, փոխել է ու ճիշտն է գրել։ Բայց Ադրբեջանն այդ մէկ քարտէզը վերցրել է ու աշխարհով մէկ տարածել»,-ասաց Ռուբէն Գալիչեանը։

Ադրբեջանցիները պատմութիւնը կեղծելու մի քանի ճանապարհ են ընտրել․ մի մասն ասում է՝ մենք Պարսկաստանի Ատրպատականի ժողովուրդն ենք, որովհետև իրական Ազերբայջանն այն է, միւս մասն ասում է՝ մենք աղուանական ցեղերի ժառանգներն ենք, նրանք մեր նախապապերն են, մի մասն էլ ասում է՝ թուրքական օղուզ ցեղերն ենք։

«Բայց այստեղ շատ կարևոր խնդիր է առաջանում․ երբ Ադրբեջանը խօսում է եւրոպական դասական աշխարհի պետութիւնների հետ և քրիստոնեայ ազգերի հետ, անպայման նշում է՝ աղուանները մեր նախնիներն են։ Յետոյ երբ Թուրքիայի հետ է բանակցում, կամ նրանց հետ միասին հանդիպումներ է ունենում, միշտ պնդում են, որ թուրքերը և ադրբեջանցիները մէկ ժողովուրդ են՝ բաժանուած երկու տարբեր երկրների միջև, և բաժանման պատճառը եղել են Պարսկաստանը և Ռուսաստանը։ Այս վերջերս դա հասաւ գագաթնակէտին, երբ Շուշիի հռչակագրի մէջ գրեցին, որ ադրբեջանցիները և թուրքերը նոյն ժողովուրդն են,  այսինքն,  օղուզ թուրքեր են կենտրոնական Ասիայից եկած։ Հիմա, ինչպէ՞ս դա ընդունենք․ մի կողմից ասում են՝ աղուաններ ենք, միւս կողմից ասում են՝ թուրքական օղուզ ցեղն ենք։ Ո՞րն է իրականը՝ իրենք էլ այդ չգիտեն»,-ասաց Ռուբէն Գալիչեանը։

1990-ական թուականներին Հեյդար Ալիևը իր յայտնի գիտնական պատմաբաններին մի համագումարի է հրաւիրում, պատմեց նա, մի երկու ժամ խօսում են, թէ իրենք ինչ ժողովուրդ են, ովքեր են, որտեղից են եկել, բայց երկու ժամուայ վերջում այդպէս էլ եզրակացութեան չեն գալիս՝ թո՞ւրք են, թէ՞ աղուան են։

«Մինչև վերջերս այդ հարցը կար, մինչև որ յայտարարեցին, որ իրենք թուրք են։ Իսկ եթէ իրենք թուրք են՝ աղուանական քրիստոնէական եկեղեցիները ամբողջ Ադրբեջանում իրենց հետ ի՞նչ կապ ունեն»,-ասաց Ռուբէն Գալիչեանը։

Զիյա Բունիաթովն Ադրբեջանի պատմութեան կեղծարարութեան գործի հիմնադիրներից է, նրա աշակերտները սուտ պատմութիւն յօրինելը շարունակեցին։

«Ռուսները Կովկասի թուրքերին երբեմն ասում էին՝ «թուրք», երբեմն ասում էին՝ «թաթար», իսկ իրենք իրենց կոչում էին «թուրք» և «մուսուլման»։ Նյւնիսկ երբ Ադրբեջանը որպէս երկիր ստեղծուեց 1918 թ-ին, յետոյ Խորհրդայնանալուց յետոյ շարունակեց իր անունը պահել որպէս «Ադրբեջան», ուզում էր միանալ Թուրքիայի հետ, որ Պարսկաստանի Ատրպատական նահանգը իւրացնէին, ասելով, իբր, դա իրենց նախնիների հայրենիքն է, մինչդեռ ամբողջովին տարբեր բաներ  են։ Այդ ժողովուրդը, որ 1918 թ-ին իր երկիրը կոչեց «Ադրբեջան», իրեն մինչև 1936 թ-ը կոչում էր «թուրք», «թաթար» և «մուսուլման»։ Երբ Ստալինը տեսաւ՝ ինչ է կատարւում,  1936 թ-ին ԽՄ կենտրոնական պլենումը որոշեց՝ յաջորդ օրուանց երկրի ժողովուրդը իրեն պէտք է կոչեր «ադրբեջանցի»․ մէկ օրուայ մէջ՝ ժողովուրդը քնեց որպէս «թուրք», արթնացաւ որպէս «ադրբեջանցի»»,-ասաց Ռուբէն Գալիչեանը։

Պարսկաստանի Ատրպատական/Ադրբեջան նահանգը գրաւելու երկու փորձ, այնուամենայնիւ, արուեց․ մէկը՝ 1946 թ-ին, Երկրորդ Համաշխարհային պատերազմից յետոյ, երբ այդ շրջանը ԽՄ վերահսկողութեան տակ էր գտնւում և այնտեղ ստեղծուեց դեմոկրատական Ադրբեջան, այն Պարսկաստանից պիտի առանձնանար, բայց չյաջողեցին․ Պարսկաստանի Ադրբեջան նահանգը  մնաց Պարսկաստանին։

«Մինչև 16-րդ դարը Պարսկաստանի Ատրպատականի շրջանի ժողովուրդը խօսում էր ազերի լեզուով, որը պարսկական փեհլևի լեզուի դիալեկտներից է։ Այդ դիալեկտները, սակայն, գրաւոր լեզու չունէին։ Երբ թրքախօս սելջուկները և այլ ժողովուրդներ գրաւեցին, մի քանի տարի իշխեցին այդ մասը, այդ ժողովուրդը, որ այդտեղ ապում էր և գրաւոր լեզու չունէր, աստիճանաբար, երկրի տիրող ուժերի, իշխանների թուրքերէն լեզուն ընդունեց, դարձրեց իրենը»,-ասաց Ռուբէն Գալիչեանը։

Այդ նոյն շրջանում ապրում էին նաև մեծ թիւով հայեր, բայց քանի որ հայերն ունէին իրենց գրաւոր լեզուն և գրականութիւնը, կարողացան պահպանել իրենց լեզուն և չփոխել։

Աղուանական ցեղերը ապրել են Կուրից դէպի հիւսիս, այսինքն, Պարսկաստանի սահմանից մի քանի հարիւր կմ հիւսիս։ Ստրաբոնը 1-ին դարում գրում է, որ Աղուանքում ապրում է 26 ցեղախումբ, որոնցից ամէն մէկը տարբեր լեզու ունի։

«Այսօր այդ բազմաթիւ ցեղերը՝ թալիշ, թաթ, լեզգի, ցախուր, ուդի, Ադրբեջանի ներկայիս տարածքում ապրում են, նրանք իրենց լեզուն ունեցել են, բայց այլևս իրաւունք չունեն գործածելու, պիտի խօսեն թյուրքերէն։ Աղուանական ցեղերը մեզանից 25 տարի յետոյ դարձան քրիստոնեայ, բայց յետոյ 8-14-րդ դարերում աստիճանաբար բոլորը դարձան մուսուլման, մնացին միայն մի քանի հազար ուդիներ, որ քրիստոնէութիւնը պահպանեցին»,-պատմեց Ռուբէն Գալիչեանը։

Մինչդեռ օղուզ թուրքերը լրիւ տարբեր ցեղեր են, որ ոչ մի կապ չունեն ո՛չ ազերիների, ո՛չ էլ աղուանական ցեղերի հետ։ Եւ ներկայիս Ադրբեջանը, դեռ չկողմնորոշուած՝ ինքը ում ժառանգորդն է, ուզում է նաև հայերի պատմական ժառանգութիւնը իւրացնել։

Ռուբէն Գալիչեանը այս ամէնի մասին գիրք գրեց ստիպուած՝ առաջինը 68 տարեկանում։ Երբ տեսաւ, որ այս բոլոր փաստերը ոչ միայն միջազգային ասպարէզում ներկայացնող չկայ, այլև անգլերէնով գիրք չեն գրում հայ գիտնականները, ստիպուած ինքը գրեց։ Եւ երբ իր առաջին գիրքը գրեց անգլերէնով, հայ պատմաբաններից մէկն ասաց՝ ինչո՞ւ ես գրում, չէ՞ որ բոլորը գիտեն, որ ադրբեջանցիների ասածները ստեր են։ Այնինչ, ինքը տեսնում է, որ նեղ մասնագէտներից բացի ոչ մէկն էլ չգիտի, և եթէ միջազգային գրադարանները ողողուած են ադրբեջանական կեղծարարութեամբ, վաղ թէ ուշ այդ ստերին հաւատալու են։

Պէտք է քաջութիւն ունենալ՝ սեփական իրականութիւնը ներկայացնելու համար, ասաց Ռուբէն Գալիչեանը, դատարկապորտ Ալիևը իր երկրի մեծութեան մասին խօսում է, և հայկական կողմից ոչ  մէկը վեր չի կենում՝ ասի, պարոն Ալիև, դուք քարտէզները տեսե՞լ էք։

 

Աննա Բալեան

Ամբողջական հարցազրոյցը՝ տեսանիւթով․

Leave a Comment

You must be logged in to post a comment.