Հայաստանը գրաւելը Թուրքիոյ երրորդ դաշտային բանակի մարտական առաքելութիւնն է
2349
0
Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրօ Ագրամունտը Ապրիլի 3-ին կոչ է արել դուրս բերել հայկական զօրքերը Ատրպէյճանի օկուպացուած տարածքներից՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւերի: Այս տեղեկատուութիւնը ԵԽԽՎ-ի պաշտօնական կայքից է մէջբերուած: «Հայելի» ակումբում այսօր հրաւիրուած մամուլի ասուլիսում տեղեկացնելով այս մասին, ռազմաքաղաքական վերլուծաբան, պահեստի գնդապետ Հայկ Նահապետեանն ասաց. «Սա նշանակում է, որ Արցախում պատերազմ է գնում, ռազմական գործողութիւններ, ԵԽԽՎ-ի նախագահը, ամենայն հաւանականութեամբ, յոյս ունի, որ այդ տարածքներն Ատրպէյճանը վերցնելու է, եւ դրա համար ինքը համապատասխան իրաւական հիմքեր է փորձում ապահովել, այսինքն՝ օկուպացուած տարածքները երբ որ ետ են վերցնում, դա արդարացի է: Առ այսօր ԵԽԽՎ-ն այս յայտարարութեան իր դիրքորոշումը չի փոխել:
Կարելի է ասել, որ միայն հայ հրամանատարների եւ հայ զինուորների հերոսական դիմադրութեան եւ հայրենիքը չյանձնելու շնորհիւ թշնամին ընկրկեց եւ ետ շպրտուեց: Եւս մի դիտարկում այս առումով. ես ձեր ուշադրութիւնն եմ հրաւիրում, որ Մարտ ամսին ինտենսիւ բանակցութիւններ են գնացել Ատրպէյճանի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարութեան, Ատրպէյճանի եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների պաշտպանութեան նախարարութիւնների միջեւ: Դուք ինքներդ կարող էք համացանցից նայել եւ տեսնել ինտենսիւութեան աստիճանը, ինչպէս նաեւ այն, որ ամսի 23-ին Ուաշինկթընում հանդիպել են ԱՄՆ պաշտպանութեան նախարարը եւ Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարը»:
Պատասխանելով այն հարցին, թէ դրանով ուզում էք ասել, որ Արեւմո՞ւտքն էր կանգնած այս ռազմական գործողութիւնների հետեւում եւ, կոպիտ ասած, «դաբրոն» իրե՞նք էին տուել, Հայկ Նահապետեանն ասաց, որ ինքն ընդամէնը բարձրաձայնում, փաստում է իրողութիւններ, որոնց մասին հրապարակուած է պաշտօնական աղբիւրներում:
«Այն, ինչ ես ասացի, վերցուած է միմիայն տուեալ կազմակերպութիւնների, տուեալ երկրների պաշտօնական աղբիւրներից, հետեւութիւնները ձեզ եմ թողնում», ասաց մամուլի ակումբի հիւրը:
«Այն նոյն ժամանակ, երբ Ալիեւը գտնւում էր Միացեալ Նահանգներում եւ Պայտընի հետ հանդիպում ունեցաւ, Ամերիկայի Միացեալ Նահանգները Քոնկրէսից հանեց Ատրպէյճանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերեալ օրինագիծը,- ասաց մամուլի ակումբի միւս հիւրը՝ արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը:- Եւ երկրորդ. ճնշում գործադրելով Եւրամիութեան վրայ, հասաւ այն բանին, որ 1 միլիառ տոլար նրանք յատկացրին Ատրպէյճանին հարաւային կազային հոսքի համար»:
Անդրադառնալով այն հարցին, թէ Ատրպէյճանի եւ հայկական կողմի միջեւ պատերազմը ձեռնտո՞ւ է Ռուսաստանին, Հայկ Նահապետեանն ասաց, թէ պէտք է յստակ պատասխան տալ մէկ հարցի՝ ո՞ւմ է ձեռնտու…
«Արդեօք ձեռնտո՞ւ է մի երկրի իր հարաւային սահմաններում (Ատրպէյճան-Արցախ, Հայաստան.- ծ.հ.) սկսել ռազմական գործողութիւններ, արդեօք ձեռնտո՞ւ է այդ երկրի եւրոպական մասում (Ուքրանիա- Դոնեցկ, Լուգանսկ.- ծ.հ.) սկսել ռազմական գործողութիւններ, արդեօք ձեռնտո՞ւ է այդ երկրի հարաւ-արեւելեան մասում սկսել ռազմական գործողութիւններ, խօսքս Միջին Ասիայի մասին է,- ասաց ռազմաքաղաքական վերլուծաբանը:- Այսինքն՝ միակ երկիրը, որն ամենաշահագրգռուածն է, որ իր սահմանների մօտ պատերազմական գործողութիւններ չլինեն, Ռուսաստանն է»:
Ըստ բանախօսի՝ այդ պատերազմների պարագայում իսլամ արմատականները երկիր ներթափանցելու հնարաւորութիւն կարող են ունենալ (Մերձաւոր Արեւելքն առայժմ այդ պատերազմի մեջ է), հետեւաբար Ռուսաստանին ձեռք չեն տալիս պատերազմական գործողութիւններ իր սահմանի մօտ, որովհետեւ այդ կրակը կարող է տեղափոխուել նաեւ իր մօտ: Նոյն կարծիքը յայտնեց նաեւ Արման Նաւասարդեանը: Նրա համոզմամբ, Ռուսաստանն, իրօք, բացարձակապէս շահագրգռուած չէ այստեղ եւ, ընդհանրապէս, իր սահմանների մօտ պատերազմով: Նա միաժամանակ յաւելեց, որ այստեղ հնարաւորինս երկար մնալը, այստեղից դուրս չգալը բխում է Ռուսաստանի շահերից:
«Ռուսաստանը, ես համոզուած եմ, երբեք դուրս չի գայ այստեղից, ոչ մի գնով,- ասաց արտակարգ եւ լիազօր դեսպանը:- Այս բոլորը պատմական իրողութիւնների վրայ է հաստատուած, ի զուր տեղը չէ, որ Ռուսաստանը 250 տարի այստեղ գտնուել է եւ 13 պատերազմ է ունեցել: Ռուսաստանի այստեղից գնալը, միանգամից ասեմ ձեզ, բացարձակապէս չի բխում Հայաստանի աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական շահերից: Բայց դրա կողքին ռուսական դիւանագիտութիւնն այս ամբողջ ժամանակահատուածում, կարծում եմ, վրիպումներ է թոյլ տուել, եւ շատ կոպիտ վրիպումներ է թոյլ տուել: Մէջբերեմ հենց ռուս շատ լուրջ մեկնաբանների, որոնք չէզոք դիրքորոշում ունեն, խօսքերը, նրանցից մէկն ասում է, որ Ռագոզինը եւ Մեդվեդեւը ջուրը գցեցին 25 տարուայ այն ջանքերը, որ Ռուսաստանը գործադրել է այստեղ»:
Կոչ անելով իրերն անուանել իրենց անուններով, Արման Նաւասարդեանն ասաց՝ մենք բոլորս պայքարում ենք, ապրում եւ կռուում ենք այս երկրի, այս մի կտոր հողի համար, ով էլ որ լինի՝ լինի Ռուսաստանը, լինի Միացեալ Նահանգները, եթէ նրա դիրքորոշումը չի համընկնում մեր շահերին, մենք պէտք է մեզ լաւ հաշիւ տանք, թէ ինչ է կատարւում եւ ինչ պէտք է անենք: Ըստ արտակարգ եւ լիազօր դեսպանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական շահերը, մեծ հաշուով, համընկնում են:
«Պարզապէս,- շարունակեց արտակարգ եւ լիազօր դեսպանը,- հարցն այն է, որ մենք այդ յուզական վիճակի մէջ չենք կարողանում լաւ պատկերացնել, թէ ով է մեր կողքին կանգնած»:
Անդրադառնալով մեր շահերի համընկնել-չհամընկնելու հարցին, Հայկ Նահապետեանն իր հերթին ասաց. «Ես ուզում եմ, որ իւրաքանչիւր հայ, Հայաստանի քաղաքացի որպէս կարեւորագոյն տեղեկատուութիւն իմանայ՝ առ այսօր Թուրքիայի երրորդ դաշտային բանակի՝ Էրզրում կենտրոնով, մօտ 300 000 զինուժով, իր երկու բանակային կորպուսների՝ 3-րդ եւ 9-րդ, մարտական խնդիրը Հայաստանը եւ Վրաստանը գրաւելն է: Այսինքն՝ մարտական խնդիրը՝ ե՛ւ բանակի, ե՛ւ երկրի ղեկավարութեան, չի փոխուել, հետեւաբար այդ զինուժի դէմ կանգնած է ոչ միայն Հայաստանը, այլեւ, առաջին հերթին, Ռուսաստանը, եւ Ռուսաստանի ներկայութիւնն անգամ մէկ զինուորով եւ մէկ դրօշով, եւ Հայաստանին Ռուսաստանի ադոմային անձրեւանոցի ներքոյ վերցնելը մեր բոլորիս ֆիզիքական անվտանգութիւնն է:
Այլ բան է, որ Ռուսաստանը հիմա չի ուզում, որպէսզի Ատրպէյճանն ամբողջովին իրենից պոկուի, նաեւ դա պէտք է հասկանաք, որովհետեւ եթէ Ատրպէյճանն ամբողջովին իրենից պոկւում է, դա նշանակում է՝ Ատրպէյճանը դառնում է կարեւորագոյն գործիք իր հարաւային սահմաններում վիճակն ապակայունացնելու, պատերազմական գործողութիւնները Հարաւային Կովկասից Հիւսիսային Կովկաս տեղափոխելու: Դրա համար Ռուսաստանն այդ առումով փորձում է նաեւ Ատրպէյճանի հետ ինչ-որ ձեւով լեզու գտնել… Ես ասում եմ, որպէսզի մենք հասկանանք, թէ ինչու է Ռուսաստանն, այսպէս ասած, մեր հանդէպ ոչ այնքան արդարացի յայտարարութիւններով հանդէս եկել, դրա համար պէտք է հասկանալ, թէ ինչումն է իր ազգային, պետական շահը»:
Արթիւր Յովհաննիսեան
Lurer.com