ՀՅԴ Հայաստանի 20-րդ Գերագոյն ժողովի յայտարարութիւնը
Ս.թ. ապրիլի 29-ից մայիսի 1-ը Աղուերանում գումարուեց ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան 20-րդ Գերագոյն ժողովը:
Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի երկամեայ գործունէութիւնը, անդրադառնալով անցնող ժամանակահատուածում երկրում ընթացած հասարակական-քաղաքական գործընթացներին և զարգացումներին, կատարելով իրավիճակի համակողմանի վերլուծութիւն և արժևորում` Գերագոյն ժողովը համախոհութեան և փոխըմբռման մթնոլորտում հաստատեց կուսակցութեան յառաջիկայ երկու տարիների գործունէութեան ռազմավարական ուղենիշներն ու մարտավարութիւնը:
Ժողովն արձանագրեց կուսակցութեան վճռականութիւնը` ՀՀ նոր Սահմանադրութեան ընձեռած հնարաւորութիւնների և մեխանիզմների շրջանակում նախանձախնդիր հետևողականօրէն դերակատար դառնալու երկրում սոցիալական արդարութիւն, արդար դատական համակարգ սահմանող, մարդու իրաւունքներն ու ազատութիւնները երաշխաւորող, արդիւնաւէտ կառավարում, ազատ ընտրութիւններ ապահովող, աղքատութիւնը, գործազրկութիւնն ու արտագաղթը յաղթահարող համակարգ հաստատելու ուղղութեամբ:
Գերագոյն ժողովը կուսակցութեան առանձնակի ուշադրութիւնը հրաւիրեց շարքերի երիտասարդացման, կանանց դերակատարութեան ընդլայնման, քարոզչութեան արդիական մեթոդներ որդեգրելու, հանրութեան տարբեր շերտերի հետ առաւել գրաւիչ միջոցներով աշխատելու, ազգային մտածողութեամբ ու տեսլականով գաղափարական սերունդ պատրաստելու խնդիրների վրայ:
Ժողովը գնահատեց Հայաստանի Հանրապետական կուսակցութեան հետ ստորագրուած քաղաքական համագործակցութեան համաձայնագիրը` ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների և առաջնահերթութիւնների հետևողական իրագործումը դիտելով որպէս երկրում արմատական ու որակական փոփոխութիւններ ապահովող գործողութիւնների ծրագիր:
Առաջիկա տեղական ինքնակառավարման և ՀՀ ԱԺ ընտրութիւններին Հ.Յ.Դաշնակցութիւնը մասնակցելու է իր ներուժի ողջ կարողականութեամբ, կառոյցի կազմակերպուածութեամբ` տարբեր մակարդակներում ընդլայնելով իր ներկայութիւնը, նպատակ հետապնդելով առաւել գործօն ազդեցութիւն ունենալ երկրին ուղղուած մարտահրաւէրների և սպառնալիքների յաղթահարման գործում:
ՀՅԴ-ն շարունակելու է համահայկական կառոյցի ողջ ներուժն ուղղորդել ԼՂՀ միջազգային ճանաչման, հայապահպանութան, Հայ Դատի, ինչպէս նաև ՀՀ միջազգային հեղինակութեան բարձրացմանն ուղղուած աշխատանքներին:
Գերագոյն ժողովը բացառիկ սևեռումով քննեց ԼՂՀ շուրջ ծաւալուող վերջին իրադարձութիւններն ու ընթացող պատերազմը: Այս համատեքստում արձանագրուած համազգային միասնականութեան ոգին ու համախմբումի փաստն արժևորուեց որպէս երկրում որակական թռիչք ապահովող անգնահատելի նախապայման:
Բարձր գնահատելով հայկական զինուած ուժերի մարտունակութիւնը, հակառակորդի լայնածաւալ յարձակումը անձնազոհաբար կասեցնելու կամքը` Գերագոյն ժողովը խոնարհււմ է հերոսաբար զոհուածների յիշատակի առաջ և վշտակցում նրանց հարազատներին: Ժողովը միաժամանակ խոր մտահոգութիւն յայտնեց այն բացթողումների, խնդիրների ու մարտահրաւէրների առնչութեամբ, որոնք ի յայտ եկան քառօրեայ պատերազմի ընթացքում:
Գերագոյն ժողովը վերահաստատեց Արցախի ազգաբնակչութեան ազատ կամաարտայայտութեամբ դրսևորուած հիմքերով ԼՂՀ հիմնախնդիրը հանգուցալուծելու ՀՅԴ անզիջում վճռականութիւնը, շեշտեց հակամարտութիւնը միջազգային իրաւունքի նորմերով և սկզբունքներով կարգաւորելու, ԼՂՀ-ն որպէս բանակցային կողմ ներգրաւելու, ինչպէս նաև միջազգային կառոյցներում Հայաստանի Հանրապետութեան և ԼՂՀ ամբողջական անվտանգութեան երաշխիքներն ամրագրելու անհրաժեշտութիւնը:
Բանակցային գործընթացը դիտելով որպէս ԼՂՀ հիմախնդրի կարգաւորման միակ նախընտրելի տարբերակ` Գերագոյն ժողովն անյետաձգելի առաջնահերթութիւն գնահատեց ՀՀ և ԼՂՀ պետականութեանն ու ազգաբնակչութեան անվտանգութեանն ուղղուած ատրպէյճանական շարունակական ագրեսիայի չէզոքացման գործողութիւնների ծրագիրը:
Գերագոյն ժողովը անյետաձգելի առաջնահերթութիւն որակեց ՀՀ և ԼՂՀ անվտանգութեան միասնական համակարգի ամրապնդումը, արձանագրեց բանակաշինութեան, պաշտպանական ոլորտում գրանցուած մարտահրաւէրներն ու թերացումները` ընդգծելով այդ ուղղութեամբ անհրաժեշտ քայլերի և համարժէք պատասխանատուութեան կարևորութիւնը:
Գերագոյն ժողովը վերահաստատեց Հայաստանի ներքին և արտաքին մարտահրաւէրները դիմագրաւելու` կուսակցութեան յանձնառութիւնը` պատասխանատուութիւն ստանձնելով համահայկական իր ողջ կարողականութիւնը նպատակաուղղելու Հայաստանի Հանրապետութեան և ԼՂՀ անվտանգութեանն ու ինքնիշխանութեանը, երկրում ժողովրդավարութեան ամրապնդման, սոցիալ-տնտեսական առաջընթացի և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը:
ՀՅԴ Հայաստանի 20-րդ Գերագոյն ժողով