Քէմփ Արմէնից կոչ համայն հայութեանը


 

Քամփ Արմէնն ինձ համար Ցեղասպանութիւնից մեր օրեր ձգուող մի կամուրջ է, և հարիւր տարի ընդմիջումից յետոյ մեր առաջին դիմադրութիւնն է այս երկրում»

Սարին Քորքմազ

 

Սթանպուլի հայկական Թուզլա ճամբարը (Քամփ Արմէն), որը կառուցուել է Արևտմեան Հայաստանի տարբեր անկիւններից Կ.Պոլիս բերուած հայ որբերի կողմից, արդէն շուրջ 107 օր է, ինչ իր շուրջն է համախմբել Թուրքիայի հայ երիտասարդութեանը:

Այդ հողում իրենց հայութիւնն ապրեցրած հայ մանուկների (այդ թւում և Հրանտ Տինքի  ) կողմից մեզ թողնուած ժառանգութիւն հանդիսացող Քամփ Արմէնի պահպանման համար պայքար մղող հայ երիտասասրդներն այսօր , ինչպէս երբևէ, կարիքն ունեն համայն հայութեան աջակցութեան:

Սթա՚նպուլի Թուզլա հայկական ճամբարի փրկութեան համար երեք ամսից աւելի պայքար մղող գործիչները  ունեն ոչ միայն Թուրքիայի այլև ամբողջ աշխարհի հայութեան ուշադրութեան և օգնութեան կարիքն այսօր: Ներկայումս մանկատուն-ճամբարը կործանումից պաշտպանող հայ երիտասարդները ահազանգում են . իրենց սուղ միջոցներով երկար չեն կարող դիմադրել:

Նախ համառօտ պատմական ակնարկ ներկայացնենք նրանց համար, ովքեր դեռ չեն ծանոթացել Քամփ Արմէնի պատմութեանը:

1950-ական թուականներին, Սթա՚նպուլի Ս. Յովհաննէս Կէտիկփաշա բողոքական եկեղեցու ներքնայարկը ծառայում էր որպէս գիշերօթիկ դպրոց Արևմտեան Հայաստանից Սթա՚նպուլ բերուած հայ մանուկների համար, որոնք Կ.Պոլիս էին բերուել մկրտուելու և հայեցի կրութիւն ստանալու նպատակով: Սակայն ամրան ամիսներին իրենց գիւղերը վերադարձող փոքրիկները հասցնում էին մոռանալ Կ. Պոլսում սովորած հայերէնը, իսկ որոշ որբ մանուկներ գնալու տեղ չունէին: Ահա այս ժամանակ եկեղեցական միութիւնը կարողացաւ գնել (1962) Թուզլայում գտնուող այն հողատարածքը, որը հետագայում այդ նոյն հայ մանուկների ձեռքով վերածուեց Արմէն ճամբարի, որն իրենք կառուցել և փայփայել էին առանց որևէ պետական աջակցութեան: Ձեռք ձեռքի տուած,քարը քարին դնելով, հայ որբերը ստեղծեցին աշխարհում իրենց համար լուսաւոր այն անկիւնը,որը շատերի համար դարձաւ ճամբար, դպրոց, տուն և ամէն ինչ: Այստեղ հարիւրաւոր մանուկներ սերտեցին իրենց մայրենին, կազմեցին նոր հայկական ընտանիքներ (Այս ճամբարում են նաև ծանօթացել Հրանդ Տինքն ու իր կին Ռաքելը):

1987-ին պետութիւնը կարողացաւ դադարեցնել ճամբարի գործունէութիւնն ու խլել տարածքը հայկական միութունից`  «հայ ազգայնականներ»  պատրաստելու մեղադրանքով:

Հարիւրաւոր հայ մանուկների համար օդևան դարձած, միևնոյն ժամանակ դէպի հայութիւն դուռ բացած ճամբարը, որը հետագայում հայ համայնքից գրաւուեց թրքական պետութեան կողմից, այսօր կործանման եզրին է: 28 տարի անց ճամբարը աւերելով տեղում ամառանոցային առանձնատներ կառուցելու որոշումը նոր անհանգստութիւններ բերեց հայ համայնքին:

 Հայ երիտասարդների մի խումբ  սոյն թուականի մայիսի վեցի առաւօտեան, ճամբարի աւերման մասին լուրն առնելուն պէս դէպի Քամփ Արմէն ուղևորուեցին կանխելու նոր եղեռնագործութիւնը: Ճամբարը քանդելու եկած թուրք աշխատողը, որը մինչ այդ չէր լսել Քամփ Արմէնի պատմութիւնը, կանգնեցրեց մեքենան և յայտարարեց, « Չեմ անի, ես էլ երեխաներ ունեմ»: Ճամբար հասնելով նրա աւերումը կանխած հայերը ՚յայտնեցին,որ չեն հեռանայ ճամբարից միչև նրանց պահանջը չկատարուի,այն է` վերադարձնել տարածքը հայ համայնքին:

Քամփ Արմէնի դիմադրութեան 100-րդ օրը թուրք ազգայնականների կողմից յարձակում էր իրականացուել ճամբարում հերթապահող հայ երիտասարդների վրայ, ինչի արդիւնքում երկուսը վիրաւորուել էին:

Այսօր, 107 օր շարունակ ճամբարում հերթապահութիւն իրականացնող հայ երիտասարդները ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել ամբողջ աշխարհով և յայտնում, որ այլևս չեն կարող միայնակ պայքարել.
«Առաջինն ինչ մեզ անհրաժեշտ է դա հոգևոր աջակցութիւնն է: Երկրորդը` նիւթական: Թուզլա ճամբարի դիմադրութեան առաջին օրուանից այստեղ եմ: Սնունդն ու ջուրը մեր գրպանից ենք առնում: Առջևում ձմեռ է, պէտք կը լինեն ծածկոցներ և վերմակներ: Քամփ Արմէնն ինձ համար Ցեղասպանութիւնից մեր օրեր ձգուող մի կամուրջ է, և հարիւր տարի ընդմիջումից յետոյ մեր առաջին դիմադրութիւնն այս երկրում» (Սարին Քորքմազ):

«Դիմադրութեան առաջին օրուանից այստեղ եմ: Քամփ Արմէնը ամեն բան փոխել է իմ կեանքում: Ճամբարը դարձել է մեր տունը, իսկ դիմադրողները մեր ընտանիքը: Միասին,ձեռք ձեռքի տուած նոր կեանք սկսեցինք կառուցել այս վաղուց լքուած պատերի ներսում: Մենք շարունակելու ենք մեր պայքարը: Ուզում ենք, որ մեզ միանան բոլորը, բոլորս միասին պայքարենք հայ որբերի ժառանգութեան համար, Հրանդի յիշատակի համար» (Արև Միրաքեան):

Ճամբարին օգնելու համար բացուած են յատուկ հաշուեհամարներ.
EUR: TR72 0001 5001 5804 8013 2114 21
USD: TR02 0001 5001 5804 8013 2114 20
GBP: TR61 0001 5001 5804 8012 8028 61
SWIFT Code: TVBATR2AXXX

Սոֆիա Յակոբեան


Leave a Comment

You must be logged in to post a comment.