Ամբողջատիրութի՞ւն, թէ՞ ապակենտրոնացում. Փաշինեանի հիբրիդային գրոհը հայրենի պետութեան դէմ
Վահան Իշխանեան
Մեծ տէրութիւնները յեղափոխութիւն են ներդնում կամ յեղաշրջում են կազմակերպում էն երկրներում, որոնք անկախ քաղաքականութիւն են վարում, չեն ենթարկւում իրենց խաղերին։ Միջամտութեան աւելի կոշտ ձեւը հիբրիդային պատերազմն է, երբ անհնազանդ երկրի ներսում ապստամբութիւն են սադրում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանն էլ հիբրիդային գրոհով է սպառնում Արցախի իշխանութեանը՝ Մայիսի 9-ին Ստեփանակերտից վերադառնալուց յետոյ իր ֆբ էջում գրելով. «Մամուլում շատ է գրւում, թէ ոմանք փորձում են Արցախը դարձնել հակայեղափոխութեան օճախ: Արցախեան վերջին այցից կիսեմ տպաւորութիւններս. եթէ ոմանք փորձեն Արցախը դարձնել հակայեղափոխութեան օճախ, Արցախի ժողովուրդը այն կը դարձնի յեղափոխութեան օճախ»:
Նրան հունից հանել է Արցախի իշխանութիւնների ինքնուրոյնութիւնը, իր անձնական շահերին ու վրէժխնդրութեանը հաւանութիւն չտալը, դեռ աւելին, որ Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահները համարձակւում են դիմել Հայաստանի դատախազին Արցախի առաջին նախագահին կալանքից ազատել Շուշիի ազատագրման տօնին մասնակցելու համար։
Բայց Քոչարեանի ազատութիւնը ոչ միայն գործող ու պաշտօնաթող նախագահների ցանկութիւնն է, Նոր տարուց առաջ Արցախի խորհդարանի երեք խմբակցութիւն կոչ էին արել Քոչարեանի նկատմամբ կիրառել ազատութիւնից զրկելու հետ չկապուած խափանման միջոց։ Եռատօնի առթիւ Արցախի համալսարանի դասախօս Գրիգորի Աֆանասեանը ՖԲ-ում իր ու Նիկոլ Փաշինեանի լուսանկարն է դրել մակագրութեամբ. «Յաղթանակի օրուայ տօնակատարութեանը, Մայիսի 9-ը, 2019, Շուշի։ Նա հասկացաւ։ Ես նրան երեք անգամ գրկեցի եւ համբուրեցի. Ազատութիւն Ռոպերթ Քոչարեանին»։
Հայաստանի գլխաւոր դատախազը պատասխանել էր, թէ Քոչարեանի գործը դատարանում է, եւ ինքը իրաւասու չի նրան ազատել։
Հայաստանի անյողդողդ կեցուածքը քննադատեց նաեւ Արցախի ազգային անվտանգութեան քարտուղար Վիտալի Բալասանեանը. «Պէտք է յարգէին այդ դիմումը եւ րոպէ առաջ այդ որոշումը կայացնէին»։
Նա չի կարողանում թաքցնել իր նեարդայնացումը, որ Արցախի հասարակայնութիւնը հետեւողականօրէն ձգտում է իր առաջին նախագահին ազատութեան մէջ տեսնել։
Գումարուեց նաեւ այն, որ Մայիսի 9-ին Արցախում լրագրողի հարցին, թէ հանգիստ էր սահմանին, բայց Ատրպէյճանը վերջին օրերին սկսել է կրակոցները, Բալասանեանը ցոյց տալով մի քիչ այն կողմ կանգնած վարչապետին ասում է ՝ հարցրէք վարչապետին, նա է վերելակային բանակցութիւններ վարում։
Արցախում Մայիսի 9-ի տօնը կարծես նրա համար վերածուել է հակայեղափոխական օրուայ, որ այդպէս արագ հակատօնային մակագրութիւն էր գրել։
Ինչպէս ամէն հիբրիդային գրոհ, սա էլ ուղեկցւում է տեղեկատուական արշաւով, եւ այն նոյն լրագրողը՝ Պետրոս Ղազարեանը, ով մի քանի ամիս առաջ Ծառուկեանի Կենտրոն հեռուստատեսութիւնում էր, ապա Բարգաւաճի ցուցակով որպէս Երեւանի աւագանու թեկնածու քրթմնջում էր, թէ «Իմ քայլը» հասարակութիւնը բաժանել է սեւ ու սպիտակի, յեղափոխական-հակայեղափոխականի (նկատում էր՝ «ովքեր հարցեր են տալիս հակայեղափոխական են»), այժմ անցնելով վարչապետի թիմ՝ Հանրային հեռուստատեսութիւն աշխատանքի, լրատուական արշաւ է տանում Արցախում «հակայեղափոխական օճախի» դէմ: Նա ՖԲ էջում Հայաստանի հանրութեանը գրգռում է Արցախի իշխանութիւնների ու ղարաբաղցիների դէմ՝ մեղադրելով, թէ «Պրն. Բալասանեանի քամահրական վերաբերմունքը արհամարհանք էր ոչ թէ վարչապետի նկատմամբ, այլ բոլորիս։ Մեր ընտրութեան, մեր պետութեան, մեր քաղաքացիների նկատմամբ»։ Եւ յեղափոխական թմբիրից դեռ ուշքի չեկած անձինք, հեշտութեամբ ենթարկուելով սադրանքի, նրա գրառման տակ վիրաւորուած ատելութիւն են թափում արցախցիների դէմ։
Մի երկու նմոյշ Ղազարեանի գրառման մեկնաբանութիւններից.
Բայց ո՞ւր է Բալասանեանի խօսքում քամահրական վերաբերմունք: Վարչապետն ու իշխանութեան շրջանակները ներկայացնում էին, թէ ինքը՝ Փաշինեանը այնքան հմուտ, գրեթէ հանճարեղ բանակցող է, որ վերելակի մէջ Ալիեւի հետ խաղաղութեան պայմանւորուածութիւն է ձեռք բերել, եւ որ տեսէք, նրա շնորհիւ այլեւս սահմանին հանդարտ է լինելու։ Եւ հիմա, երբ չորս ամիս անց թեժացաւ վիճակը, լրագրողները հարցնում են՝ ինչո՞ւ։ Բայց ո՞ւմ պիտի ուղղեն այդ հարցը, արդեօ՞ք Բալասանեանին, թէ՞ նրանց ովքեր համոզել էին, թէ արդէն վերջ, տեսէք յեղափոխութեան եւս մի ձեռքբերում, այլեւս սահմանին հանգիստ է լինելու, եւ եթէ աւելի կոնկրետ՝ նրա՞ն, ով վստահեցրել էր, թէ վերելակի մէջ խաղաղութեան հարցը լուծել է։
Իսկ եթէ Բալասանեանի խօսքում հեգնանք կամ քննադատութիւն կայ, ապա արգելուա՞ծ է որեւէ պաշտօնեայի քննադատել երկրի վարչապետին, ինչ է թէ նրան ժողովրդի ստուար մասը ընտրել է։ Ժամանակակից ժողովրդավարութեան կարեւոր կողմերից մէկը ապակենտրոն կառաւարումն է, երբ մարզերն ու նահանգները կենտրոնական իշխանութեան դիկտատի տակ չեն, ինքնուրոյն են կառավարում իրենց մարզերը։ Ինչպէս ժողովրդավարական շատ երկրներում, օրինակ, Գերմանիայում կամ Ֆրանսիայում կամ Իտալիայում, որն ուզէք վերցրէք, շրջանների ղեկավարները այնքան ինքնուրոյն են, որ հանգիստ կարող են քննադատել, ու նաեւ հեգնել երկրի նախագահին կամ վարչապետին, նրա մէջ ոչ թէ անքննադատելի հեղինակութիւն են տեսնում, այլ մրցակից եւ եթէ իրենց մարզը կամ քաղաքը արդիւնաւէտ են կառավարել, ընտրութիւններում կարող են յաղթել երկրի ղեկավարին։ Լաւ օրինակ է ԱՄՆ-ն, ուր նահանգապետները յաճախ են մասնակցում նախագահական ընտրութիւններին, ինչպէս օրինակ Գալիֆորնիայի հանրապետական նահանգապետ Տոնալտ Ռեյգանը նախագահական ընտրութիւններում 1980-ին յաղթեց գործող նախագահ դեմոկրատ Ճիմի Քարտերին, Տեխասի նահանգապետ Ճորճ Պուշը 2000 նախագահական ընտրութիւններում յաղթեց գործող փոխնախագահ Ալպերթ Գորին։ Նրանք իրենց մրցակիցների նկատմամբ բնաւ էլ քնքշութիւն չէին ցուցաբերում։
Իսկ Հայաստանում մարզպետների անունները հանրութիւնը յաճախ չի էլ իմանում, քանի որ նրանք նշանակուած չինովնիկներ են, պատասխանատու ոչ թէ ընտրողների, այլ իրենց նշանակող անձանց առաջ, նրանք ուղղակի իրենց վերադասի արտացոլանքն են եւ գրեթէ ոչնչով աչքի չեն ընկնում:
Ինչպէս առաջ էր, այնպէս էլ այժմ, վարչապետը այնպէս է բուռը հաւաքել երկիրը, որ նոյնիսկ մի գիւղապետ չի համարձակուի նրան քննադատական խօսք ասել կամ մի քայլ անել, որը վարչապետի շահերի մէջ չի տեղաւորւում, կամ հերքել նրա խօսքը, էլ ուր մնաց նամակ գրել դատախազին, որ Քոչարեանին մի օրով ազատեն մասնակցելու համաժողովրդական այն տօնին, որը կերտողներից մէկն ինքն է։ Ինքնուրոյն է մնացել միայն Արցախը՝ որպէս առանձին պետութիւն, էն էլ ինչպէ՜ս թէ, վարչապետը որպէս «հակայեղափախական օճախներ» կը ճնշի այն բոլոր վարչական միաւորներին, որոնք ինքնուրոյնութիւն կը դրսեւորեն ու կ’ասեն աչքիդ վերեւը յօնք կայ։
Դեռ անցեալ տարի ԱԺ նախընտրական պայքարի ժամանակ Նիկոլ Փաշինեանը հունից դուրս եկաւ, որ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը համարձակուել էր հերքել իր այն նախընտրական PR-ը, թէ տեսէք՝ իր որդին ծառայում է Արցախում, իսկ Արցախի ղեկավարների որդիները Արցախում եւ ընդհանրապէս բանակում չեն ծառայել։ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Պապայեանը համարձակուել էր ասել, թէ կոնկրետ ո՞ր ղեկավարի մասին է խօսքը, եւ որ, «օրինակ` Արցախի գործող նախագահ Բակօ Սահակեանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասեանի որդին եւս ծառայել է, ծառայել են նաեւ Պաշտպանութեան բանակի հրամանատարի 2 որդիները»։ Փաշինեանը սաստել էր Արցախի նախագահ Բակօ Սահակյանին, թէ ինչպէս է համարձակւում նրա մամուլի քարտուղարը իր խօսքը մեկնաբանել. «Պարոն Սահակեանին յորդորում եմ, որ կարգի հրաւիրի իր կառավարութեան ներկայացուցիչներին եւ նրանց ուղարկի` իրենց աշխատանքով զբաղուելու: Ղարաբաղի նախագահի մամուլի խօսնակն օրումէջ իմ ասածի վերաբերեալ մեկնաբանութիւն է տալիս: Այ քեզ բան: Պատկերացնո՞ւմ էք` իմ մամուլի խօսնակը Ղարաբաղի յայտնի ու անյայտ իրադարձութիւնների հետ կապուած օրումէջ մեկնաբանութիւններ տայ, պատկերացնո՞ւմ էք` դրա հետեւանքն ու արդիւնքը ինչ կը լինի: Սթափուէք, յարգելինե՛րս, ու զբաղուէք ձեր աշխատանքով»:
Ապա պաշտօնից ազատուեց Արցախի բանակի հրամանատար Լեւոն Մնացականեանը, ըստ մամուլի, Երեւանից ճնշման արդիւնքում, այն բանի համար, որ նրա մամուլի քարտուղար Սենոր Հասրաթեանը պատասխանել էր Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նախագահ Սասուն Միքայէլեանի այն խօսքին, թէ իրենց յեղափոխութիւնը աւելի կարեւոր էր քան Արցախեան պատերազմում յաղթանակը։ Հասրաթեանը ՖԲ-ում արձագանգել էր. «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունւում: Երբ ասելիք չունի, բայց ունի խօսելու ցանկութիւն: Ապացոյցը Սասուն Միքայէլեանի կողմից այսօր արուած յայտարարութիւնը կամ աւելի ճիշդ՝ համազգային երեւոյթները մէկը միւսին վերադասելու կամ ստորադասելու փորձը: Յ. Գ. Աշխատէք հրաժարուել այդ «սովորութիւնից», մանաւանդ, երբ խօսքը վերաբերում է մեր հազարաւոր հերոս նահատակների արեամբ կերտուած Արցախեան հերոսամարտին»:
Հարցին թէ իրեն պաշտօնից ազատելու պատճառը այս գրառո՞ւմն է, Մնացականեանը պատասխանել էր «մի գուցէ»։
Խորհրդային միութիւնը ամբողջատիրական երկիր էր, ուր ամբողջ իշխանութիւնը պատկանում էր մի կուսակցութեան՝ Կոմկուսին, տեղական ինքնակառավարումը՝ խորհուրդները (սովետներ) ձեւական էին, շրջանի կոմկուսի քարտուղարն աւելի մեծ իշխանութիւն ունէր, քան շրջգործկոմի կամ քաղգործկոմի նախագահը, թէեւ նա էլ էր կոմկուսի անդամ։ Խորհդային միութեան փլուզման շրջանում, երբ ԽՍՀՄ Սահմանադրութիւնից հանուեց կոմունիստական կուսակցութեան հեգեմոն դերը՝ 6-րդ յօդուածը, տեղական խորհուրդները ինքնուրոյնութիւն ստացան։
Սակայն Հայաստանում ՀՀՇ-ի իշխանութիւնը չէր հանդուրժում, որ կարող է ինչ-որ շրջանում իրեն չենթարկուող համայնքի ղեկավարութիւն ընտրուի։ Այդպէս, ՀՀՇ-ի ստեղծած աւազակախումբը 1992 թ. Սեպտեմբերի 18-ին սպանեցին Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ, դաշնակցական Յովհաննէս Սուքիասեանին, նրա հետ սպանուեց նաեւ նրա վարորդ Վարուժան Աբրահամեանը (քրէական գործով սպանութիւնը պատուիրել էր Ներքին գործերի նախարար Վանօ Սիրադեղեանը, տես՝ «Աշտարակի կրակոցները եւ սահմանադրական կարգը»)։ Եւ որպէսզի տեղական մարմիններին զրկեն ինքնուրոյնութիւնից, իշխանութիւնը 1995 թուին պարտադրեց կենտրոնաձիգ կառավարման համակարգով սահմանադրութիւնը, որով Հայաստանը բաժանուեց 11 մարզերի, որոնց ղեկավարները նշանակւում էին Նախագահի նշանակած վարչապետի կողմից, իսկ ընտրովի համայնաքապետերն ինքնուրոյնութիւնից զուրկ էին, քանի որ կառավարութիւնը ուզած ժամանակ կարող էր իւրաքանչիւրին հեռացնել։ 2005 թուականի սահմանադրութեան փոփոխութիւններով որոշ կոսմետիկ ապակենտրոնացում մտաւ՝ նախ Երեւանը մարզի կարգավիճակից վերածուեց ընտրովի համայնքի, ապա նաեւ համայնքապետներին հեռացնելու համար կառավարութիւնը ստիպուած էր դիմել սահմանադրական դատարան։ Սակայն Նիկոլ Փաշինեանը հենց այն ժամանակ էլ 1995-ի միապետական սահմանադրութիւնն էր պաշտպանում։ «Հայկական ժամանակ»ի 2007 թուի Յուլիսի 7-ի խմբագրականում Փաշինեանը համեմատելով 1995 թ. Սահմանադրութիւնը եւ 2005-ի փոփոխութիւնները, նախընտրութիւն է տալիս առաջինին. «Առաջինը լաւ կամ վատ Սահմանադրութիւն էր, երկրորդը՝ հակասահմանադրութիւն: Որովհետեւ առաջինը պետութեան հիմնական օրէնք էր, երկրորդը՝ պետականութեան անկման օրէնք: Էս սահմանադրութիւնը գործադիր իշխանութեան մենաշնորհը ուզում է պետութիւնից վերցնել: Այսինքն՝ գործադիր իշխանութիւնը կարող է իրականացնել ոչ միայն պետութիւնը, ոչ միայն կառավարութիւնը, այլեւ, ասենք` Շէնգաւիթի Ծըգըլը, ինչին լրիւ համապատասխանում է օրուայ իրականութիւնը» (Այդ մասին տես՝ «Ո՞վ է այդ մէկ մարդը. ասա ինչպիսի Սահմանադրութիւն ես ուզում, եւ ես կ’ասեմ ինչ պետութիւն է ուզածդ»):
Ինչպէս երեւում է, Փաշինեանի պատկերացումները պետութեան մասին խիստ ամբողջատիրական են, նա չի պատկերացնում որ ինքնակառավարվող մարմիններն էլ են պետութեան մաս եւ կարող են իրականացնել գործադիր իշխանութիւն: Ժողովրդավարական երկրներում տեղական ծախսերի մինչեւ 40-50 տոկոսը տեղական ինքնակառավարուող մարմիններն են տնօրինում, իսկ Հայաստանում՝ համայնքները իրենց ծախսերի ընդամէնը մինչեւ 8 տոկոսն են տնօրինում։
Ի հարկէ, 1988 թուի շարժման նպատակը ոչ թէ Արցախի անկախութիւնն էր, այլ վերամիաւորումը Հայաստանի հետ, բայց ոչ այն բանի համար, որ Արցախի ղեկավարութիւնը նշանակուի Երեւանից եւ հլու հնազանդ ենթարկուի կենտրոնական իշխանութեանը։
Արհամարհանք չգիտեմ, բայց այս կոնտեքստում իշխանութիւնները հասարակութեան որոշ հատուածների խաբել են, թէ խաղաղութեան ենք հասել։ Պարզ էր, որ Դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրութիւններում հնարաւորինս շատ ձայն հաւաքելու համար խաղաղութեան պատրանք էին ստեղծել՝ Պոլտոնին ու Ալիեւին ինչ-որ խոստումներ տալով: Թէ ինչ խոստումներ, այդպէս էլ չասեցին, միայն ենթադրութիւններ մնացին, բայց որոնք, մի օր պարզուելու էր՝ կամ չեն կարողանալու կատարել կամ չեն կատարելու։ Իսկ Հանրայինի լրագրող Ղազարեանը հանում է այս ամբողջ նախապատմութիւնը, այսինքն՝ հոպ, խաբել է թէ չի խաբել, ընտրութիւնների խաղի կանոններով է շարժուել, եւ այն պահից, երբ ստացել է հանրութեան ձայների ստուար մասը, նրան որպէս հանրութեան հայր ակնածանքով պէտք է վերաբերուեն բոլորը։
Մայիսի 8-ի ասուլիսում «Ազատութիւն» ռատիոկայանը վարչապետին հարց տուեց, թէ չի՞ կարծում արդեօք, որ Ստեփանակերտը միջամտում է Հայաստանի ներքին գործերին՝ «օրինակ՝ այն համատեքստում, երբ ասւում է, որ եթէ Ռոպերթ Քոչարեանը ազատութեան մէջ լինի, միասնականութեան ուղերձ է յղուելու միջազգային հանրութեանը, հակառակորդին, մեր ժողովրդին»:
Հարցի սադրիչ ուժը աշխատեց, եւ Փաշինեանը ափերից դուրս գալով գոռաց. «Ես չեմ կարծում թէ Ղարաբաղի իշխանութիւնները Հայաստանին ներքին գործերին միջամտելու հնարաւորութիւն ունեն, չկայ որեւէ ուժ էսօր երկիր մոլորակի վրայ, որ կարողանայ Հայաստանի ներքին գործերին միջամտի» (միջանկեալ, ԱԱԾ, ՀՔԾ պետերի եւ վարչապետի գաղտնալսուած հեառախօսազրոյցից պարզ դարձաւ, որ ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Եուրի Խաչատուրովին նրանք ծրագրել էին կալանաւորել, եւ Ռուսաստանի միջամտութիւնից յետոյ հրաժարուեցին դա անել)։
Արցախը Հայաստանի վարչական մա՞ս է, թէ՞ անկախ պետութիւն։ Օրէնսդրութեամբ եւ կագավիճակով անկախ է, սակայն պիւտճէով, տնտեսական, ռազմական, մշակութային եւ այլ բնագաւառներով կապուած է, եւ կախուած է Հայաստանից։ Այս չլուծուած հարցը յաճախ առաջանում է, եւ քաղաքական որոշ շրջանակներ առաջարկում են Հայաստան-Արցախ պայմանագիր կնքել։
Այստեղ Փաշինեանը Արցախը դիտարկում է որպէս անկախ պետութիւն, որն իրաւունք չունի ներքին գործերին խառնուել, սակայն միւս կողմից ինքը մի քանի անգամ միջամտել է Արցախի ներքին գործերին.
Արցախում դժգոհութիւններ կան գործող իշխանութիւններից, դեռ անցեալ տարի Հայաստանեան յեղափոխութիւնից յետոյ Արցախում էլ յեղափոխական տրամադրութիւններով ցոյցեր եղան, բայց վարչապետ Փաշինեանը միջամտելով զսպեց դրանք։ Իսկ հիմա էլ հակառակը, ինքն է հրահրում յեղափոխութիւն։ Պէտք է պարզ լինի, որ եթէ Փաշինեանը այժմ հրահրի յեղափոխութիւն Ստեփանակերտում, ապա նպատակը ոչ թէ բարեփոխումներն են լինելու, այլ իր անձնական շահերը, իրեն կամակատար իշխանութիւն ձեւաւորելը։
Ինչեւէ, բայց հիբրիդային սպառնալիքները մի առանձնայատկութիւն էլ ունեն. գերտէրութիւնները այն վարում են օտար երկրների դէմ, բայց այս դէպքում Հայաստանի ղեկավարը հայրենակիցների պետութեան դէմ է տանում։