Ո՞ւր է հայկական Շուշիի մասին մե՛ր գիտական հրատարակութիւնը

Ադրբեջանական պետական լրատուական գործակալութիւնը՝ «Ազերթաջը», Շուշիի մասին առանձին խորագիր է պատրաստել, որ ի թիւս ադրբեջաներէնի եւ ռուսերէնի՝ հասանելի է նաեւ անգլերէնով։ «Շուշիի տարի» անուանեալ խորագրի տակ բոլոր յօդուածները շեշտադրում են, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը՝ 2020 թուականի նոյեմբերի 8-ին Շուշին «ազատագրողը», 2022 թուականը յայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշիի տարի։ Տարեսկզբից արդէն տարբեր մշակութային միջոցառումներ ու փառատոններ են անցկացւում քաղաքում, իսկ մայիսի 19-ից էլ միջազգային գիտաժողով է հրաւիրուել «Հետկոնֆլիկտային հումանիտար օրակարգի զարգացում. կայուն զարգացում մշակութային միջավայրի վերածննդի միջոցով» վերնագրով։

«Շուշին՝ Ղարաբաղի մարգարիտը»

Այս շեշտադրումն Ադրբեջանն այնքան հոծ գծով է ներկայացնում, որ թւում է, թէ այն յատուկ մարտահրաւէր է Հայաստանի վարչապետի՝ Շուշին «դժբախտ, դժգոյն» ձեւակերպման։ Երբ սիրում ես, երբ շեշտում ես պատկանելիութիւնը, ուրի՛շ բառեր ես ընտրում։ Ադրբեջանի նախագահը շեշտում է իր յաղթանակը, բայց տպաւորութիւն էլ կայ, թէ Շուշին կարող է նաեւ իրենցը չլինել։ Կորցնելու վախը կամ դրա գիտակցումը ստիպել է Ադրբեջանի ղեկավարութեանը այդ քաղաքի մասին գերմաներէն հրատարակութիւն պատուիրել, ինչպէս «Ազերթաջի» նոյնալեզու տարբերակն է հաստատում՝ մարտին Միւնխենում լոյս է տեսել դոկտոր Միշայէլ Ռայնհարդ Հեսսի (Michael Reinhard Hess) «Շուշիի ժառանգութիւնը. Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի պատմութիւնն ու զարգացումը» գիրքը։  Գերմանացի թուրքագէտի՝ խնդրոյ առարկայ քաղաքի անուանման նախընտրած ձեւն անշուշտ ադրբեջանականն է, իսկ գրքում «վկայում» է, թէ «Շուշին ադրբեջանցի ժողովրդի ժառանգութիւնն է ոչ միայն միջազգային իրաւունքի եւ քաղաքական տեսակէտից, այլեւ՝ գրական, մշակութային եւ ազգագրական հէնքով»։

Գերմանացի այս գիտնականի ֆէյբուքեան սոցիալական էջից նկատելի է դառնում, որ գիրքը լոյս է տեսել ոչ թէ Միւնխենում, այլ՝ Բեռլինում, գինը 49,95 եւրօ է (Michael Reinhard Hess։ Schuschas Verm ächtnis. Berlin 2022. Gulandot)։ Կից կարդում ենք՝ «Լոյս է տեսել գիրքս։ Այն նուիրուած է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք եւ Ղարաբաղի կենտրոն Շուշիին։ Իր հիմնադրի պատուին Փանահաբադ անուանեալ Շուշին Ադրբեջանի մշակութային պատմութեան մէջ նոյն դերակատարումն ունի, ինչ Վայմարը գերմանացիների համար։ Իզուր չէ, որ նախագահ Ալիեւը 2022 թուականի յունուարի 5-ին լայնածաւալ տօնակատարութիւնների մեկնարկով Շուշիի պաշտօնական տարին հռչակեց քաղաքի հիմնադրման 270-ամեակի առթիւ»։

«Ադրբեջանի մարգարիտ», «արուեստի դրոշմ» ածանցեալ անուններով յայտնի քաղաքում են ծնուել ադրբեջանցի գրողներ, բանաստեղծներ, երաժիշտներ։ 19-րդ դարի վերջին ադրբեջանական մշակոյթի այս օրրանում 95 բանաստեղծ ու գրող, 38 երգիչ, 22 երաժշտագէտ եւ 19 գեղագիր էր բնակւում։ Դրանից բացի Շուշին 19-րդ դարից ի վեր միջազգային կարեւոր նշանակութիւն ունեցող Ղարաբաղի ադրբեջանական խանութեան մայրաքաղաքն էր»։ Գրքի հեղինակը նոյն տեղում այսպէս է շարունակում իր արտադրանքի գովազդը. «Շուշիի ժառանգութիւնը» ամփոփում է Ադրբեջանի զարգացման հիմնական փուլերը, ցոյց է տալիս, թէ ինչպէս են մշակոյթն ու քաղաքականութիւնը փոխներազդել։ Շուշիի իւրայատուկ մշակութային եւ պատմական դիրքը քաղաքը բազմիցս դարձրել է քաղաքական հակամարտութիւնների կիզակէտ։ Սա մասամբ բացատրում է 1992 թուականի մայիսից մինչեւ 2020 թուականի նոյեմբեր ժամանակահատուածում օկուպանտների իրականացրած ուժեղ եւ համակարգուած աւերածութիւնները։ Հէնց այս ֆոնին քաղաքի ազատագրումն ու վերականգնումը Ադրբեջանի համար փաստացի, խորհրդանշական եւ քաղաքական հսկայական նշանակութիւն ունի։ Շուշիի պատմութեան ներածութիւնից յետոյ գիրքն առաջարկում է պատկերացում կազմել  ադրբեջանական մշակոյթի պատմութեան ձեռքբերումների մասին, որ յաճախ անյայտ է Արեւմուտքում։ Գիրքը դէմ է փաստացիօրէն ադրբեջանական ներդրումից զուրկ, ճնշելով, ժխտելով, Շուշիի եւ Ղարաբաղի պատմութեան պատկերը յօրինելու փորձերին», իր գրքի մասին ֆբ -ի  գովազդն այսպէս է եզրափակում գերմանացի թուրքագէտ, ադրբեջանագէտ Միշայէլ Ռայնհարդ Հեսսը։

1967-ին ծնուած Հեսսը, որ 2005-ից Բեռլինի Ազատ համալսարանի դոցենտ է, ինչպէս իրազեկում է Վիկիպեդիան, հեղինակ է նաեւ «Ղարաբաղը 13-րդ դարից մինչեւ 1920 թուականը» գրքի։

Երեւանի գրախանութներում «Շուշիի» մասին նոր լոյս տեսած գեղեցիկ մի պատկերագիրք տեսել եմ։ Բայց քաղաքի, հայ մշակութային կարեւոր կենտրոն Շուշիի, մեր ազատագրած քաղաքի, մեր ազատագրելիք քաղաքի մասին բազմալեզու մի հրատարակութիւն պիտի՛ հասնի Արեւմուտքի եւ Արեւելքի, Հիւսիսի եւ Հարաւի գրաշուկայ։ Զէնք չենք գնում, զէնքն արդէն ունենք։

 

ԱՆԱՀԻՏ ՅՈՎՍԵՓԵԱՆ

Գերմանիա

Leave a Comment

You must be logged in to post a comment.