Ինչի՞ մասին են երգում համշենցիները. «Վովա» խմբի մենակատարը նոր ալպոմի՝ համշենցիների ու հայութեան մասին

Սոֆիա Յակոբեան

«Հորիզոն»
Երբ ասում են համշենահայ երաժշտութիւն, առաջիններից մէկը «Վովա» խումբն է գալիս մտքիս ու նախ «Եար, եար», յետոյ «Նեննի» ժողովրդական երգերը: Դրանք սովորաբար լսում եմ այն ժամանակ, երբ կարօտում եմ Համշենը ու քաղաքային քաոսի մէջ փորձում գոնէ 4 րոպէով մտովի տեղափոխուել Համշենի թէյի պլանտացիաներ, անտառներ ու եայլաներ:

Երաժշտական ասպարէզ իր մուտքը Հրանդ Տինքի յիշատակին նուիրուած երեկոյին կատարած «Վովա» համշենական խմբի մենակատար Հիքմէթ Աքչիչեքի հետ Համշենի եայլաներ հասնելու ու համշենական հռչակաւոր թէյը խմելու ճոխութիւնը վայելել, ցաւօք, չէինք կարող եւ կարող էինք բաւարարուել միայն Պոլսի սրտում` Իսթիքլալ պողոտայի վրայ Արա Կիւլերի հիմնած սրճարանում սրճելով:
Մեր ոտքը Պոլիս, ինչպէս ասում են, խերով էր, «Վովա» խմբի երկրորդ ու 10 տարի սպասուած նոր ալպոմի պատրաստ լինելու բարի լուրը առաջինը «Հորիզոն»ն առաւ:

«Նորից Համշենի ժողովրդական երգերն են, նոր գրուածների հետ դեռեւս շատ չեմ խառնում, աշխատում եմ ժողովրդականի վրայ. բացայայտման, վերամշակման, նոր սերնդին ներկայացման իմաստով դրան եմ առաջնահերթութիւն տալիս այս փուլում», նշում է պարոն Հիքմէթը:

Ի դէպ` նոր ալպոմում նախորդի համեմատ կայ երկու կարեւոր նորութիւն. ներառուել է նաեւ Աբխազիայի համշենցիների ժողովրդական մէկ երգ, ինչպէս նաեւ վաղուց թուրքախօս դարձած Ռիզէի նահանգի համշենցիների երգացանկից մէկ ժողովրդական երգ:

Որպէս իրաւամբ համշենական երաժշտական ինդուստրիայի լիտերներից մէկի համբաւը վաստակած Հիքմէթ Աքչիչեքին, ի հարկէ, հարց ենք ուղղում համշենական նոր, երիտասարդ խմբերի մասին: Առանձնացնում է երկուսը` Մելուսեսն ու Էնտուն եւ աւելացնում` «Բոլորի հետ էլ կապի մէջ ենք, բարբառի կիրառման, գրութեան իմաստով միշտ մտքերի փոխանակում անում ենք, մեզանից խորհուրդներ հարցնում են»:

Երգողները, Համշենի հայկական բարբառը ապրեցնողները կրկին հիմնականում խոպացիներն են, Խոպայի լեռնային գիւղերի հայերը: Ինչպէս պարոն Հիքմէթն է հաստատում` համշենցիների կենցաղն ու գիւղերի լեռնային դիրքը նպաստել է դրան:

Ծիծաղելով յիշում եմ մէկ այլ համշենցի մեր ընկերոջ` պատմական լուրջ այդ գործընթացի կարճ մեկնաբանութիւնը . «Դէ մենք հովիւ էինք` չոպան, վերեւներում մէկ մենք էինք, մէկ էլ մեր ոչխարները, յետոյ խմբով բարձրանում էինք սարը, խմբով գռռռռ իջնում»:

«Ծիծաղում ենք, բայց մարդն իրաւացի է: Նաեւ պետութեան կողմից հրամցուած կրթական համակարգի, առհասարակ պետութեան ու պետական հաստատութիւնների հետ յարաբերութեան բացակայութեան, մեկուսի լեռնային կենցաղի շնորհիւ է, որ պահպանել ենք մեր լեզուն», մեկնաբանում է Հիքմէթ Աքչիչեքը:

Համաձայնելով այն տեսակէտին, որ համշենցիները Սեւ ծովի շրջան են տեղափոխուել Արեւելեան Հայաստանի Կոտայքի ու Արագածոտնի մարզերից դեռեւս 8-րդ դարում, պարոն Հիքմէթը, սակայն կարծում է, որ Համշենի հայերէն բարբառն, այնուամենայնիւ, առաւել մօտ է արեւմտահայերէնի բարբառներին: Մինչդեռ հակառակուելով իր ժամանակակից մի շարք համշենցի մտաւորականների ու այլ հայ ուսումնասիրողների կարծիքին, Աքչիչեքը, այնուամենայնիւ, հակուած է առանձնացնելու համշենահայերէնը` փաստելով, որ բարբառի ձեւաորումը սկսուել է շատ աւելի վաղ, քան տեղի է ունեցել արեւմտահայերէնի ու արեւելահայերէնի բաժանումը:

Ի դէպ` «Վովա» խմբի գործունէութեանը դրական արձագանգ տուողները կրկին հայախօս խոպացիներն են` առաւել ձախակողմեան ու կրօնը կենցաղից քիչ թէ շատ դուրս մղած հայախօս համշենցիների հատուածը: Խոպայից մեքենայով մէկ ժամուայ հեռաւորութեան վրայ գտնուող նրանց արիւնակիցները` կրօնամոլ ու թրքախօս համշենցիները, որոնք շարունակում են ապրել բուն Համշենում, երբեմն դեռ շարունակում են յամառել ու համշենական տարազը հագած թուրքական ազգայնամոլութիւն խաղալ:

Պատմական աւելի վաղ շրջանում բռնի կրօնափոխութեան ենթարկուած այս համշենցիների խմբին, որոնք առնուազն 3 սերունդ է, ինչ չեն խօսել նաեւ Համշենի բարբառով, Հիքմէթը մեղադրել չի շտապում:
«Այս ամէնի մասին խօսելը հեշտ չի, մանաւանդ եթէ երիտասարդը չունի յստակ քաղաքական դիրքորոշում ու աշխարհահայեացք ` մտածի էլ հայ լինելու մասին, չի արտայայտի: «Սա որտեղի՞ց բուսնեց հիմա էլ, նոր փորձանք է գլխներիս» տիպի մի արձագանգ է սա: Դէ, մենք Համշենի բարբառով ենք երգում, որքան էլ որ չասենք` հայերէն է, արդէն համացանցը մի քիչ քրքրես, մի քիչ ուսումնասիրես դուռը դէպի հայութիւն կտանի: Նոյնիսկ մեր մէջ ծայրայեղ ազգայնամոլական շրջանակներ կան, որոնք Համշենի բարբառի, մշակոյթի հետ կապուած ամէն խօսակցութիւն բերում հասցնում են «Հա՞յ ես, թէ թուրք ես» ծեծուած թեմային: Ինձ, մեզ այդ սոցցանցերում հայհոյողներն ու մեզ վրայ յարձակուողները թուրքեր կամ քրտեր չեն, էլի ուրիշ համշենցիներ են»:

Միեւնոյն ժամանակ յիշելով հենց թրքախօս համշենցիների գիւղերը, ուր եղել էի դեռ 2 տարի առաջ, եւ պարոն Հիքմէթի հետ խօսելով տեղացիների գոյնզգոյն տարազների, փայտէ հին տնակների ու, անկախ ամէն ինչից, «Գորշ գայլերի» դրօշակները պատուհաններից կախած լինելով հանդերձ աշխարհի ամենասիրալի մարդիկ լինել շարունակող համշենցիներին չեմ կարող չյիշել Համշենի մասին նախորդ` «Հորիզոն»ում տպագրուած գրուածքիս այս տողը.

«Համշենն ու համշենցիները շատ աւելին են, քան պարզապէս կրօնափոխ բառի հոմանիշ ու հալածուած լինելու խորհրդանիշ: Համշեն ասելիս առաջինը պատկերացնում եմ դրախտային անտառներ, առնուազն 300 տարուայ կատարեալ պահպանուած փայտէ տնակներ, այդ տնակների կողքին նստած ու միշտ գուլպայ գործող աննկարագրելի գեղեցիկ տարազով բարի տատիկներ, հարուստ խոհանոցային աւանդոյթներ ու, յատկապէս հրուշակագործութիւն»:

Եւ իսկապէս, խօսելով միայն բռնի իսլամացումից ու համշենցի գտնելուն պէս «դուք ձեզ հայ զգո՞ւմ էք, թէ ոչ» հարցից այս կողմ չանցնելով, մի՞թէ բաց չենք թողնում համշենական հզօր երաժշտական ինդուստրիայից մինչեւ Չամլըհեմշինում հրուշակագործութեան գաղտնիքները ընդունելու, վայելելու, շօշափելու ու զգալու հաճոյքը: Եւ ամենակարեւորը` գուցէ միայն ցաւոտ հարցերի շուրջ խօսելով, էթնիկ պատկանելիութեան հարցը առաջին բլան մղելով կորցնո՞ւմ ենք ի դէմս համշենցիների շատ էմոցիոնալ, անկեղծ ու տաղանդաւոր ընկերներ ձեռք բերելու բախտաւորութիւնը` անկախ նրանից ինքնիրեն հայ զգո՞ւմ է, թէ ոչ:

«Համշենահայութեան թեմայում քաղաքական մօտեցումները շատ սխալ, ես կ’ասէի` անառողջ տիպի մօտեցում են: Ամենատեղին ու քաղաքակիրթ մօտեցումը մշակութային, գիտական, նոյնիսկ` ինչո՞ւ ոչ, առեւտրատնտեսական կապեր զարգացնելը: Ուզենք թէ չուզենք, պէտք է ընդունէք, որ Թուրքիայում իւրայատուկ պայմաններում ենք ապրում: Շատ կարեւոր է գիտակցելը, որ համշենցիները փոքր համայնք են եւ մեծ ուժ չունեն չափից շատ բեռ կրելու: Եւ խօսքը բնաւ միայն վախի մասին չէ», ասում է Աքչիչեքը ու շարունակում. «Մենք երկու կողմից էլ ճնշման տակ ենք: Թուրքերն ասում են` թուրք էք: Դէ թուրք չենք էլի, հօ ստիպելով չի: Որովհետեւ տարբեր մի մշակոյթ, տարբեր մի լեզու, տարբեր մի ինքնութիւն կայ այստեղ: Ես սա թրքութեան մէջ չեմ կարողանում տեղաւորել, կը ներէք: Բայց միւս կողմից էլ` չնայած նոյն լեզուի կրողը լինելուն, հայկական ինքնութեան մէջ էլ ամբողջութեամբ չեմ կարողանում տեղաւորել համշենականութիւնը: Անպատասխան շատ հարցեր դեռ ունեմ որովհետեւ: Ինձ հիմա կանգնում ասում են «Դուք ձեզ հայ զգո՞ւմ էք»: Ի հարկէ չեմ զգում: Մի պահ մտածիր. Ինչպէ՞ս կարող եմ ինձ հայ զգալ, ո՞ւմ խաբեմ: 300 տարի, 500 տարի, սա փոքր ժամանակահատուած չէ: Մեզ համար հիմա ամենակարեւորը այս հասարակութեան մէջ հայերի հետ ունեցած մեր կապը մարդկանց հասցնելն ու դա որպէս նորմալ երեւոյթ ընդունել տալն է», եզրափակում է պարոն Հիքմէթը, ում մենք այդքան սիրեցինք հենց իր անկեղծութեան համար:

Leave a Comment

You must be logged in to post a comment.