Դաւաճանները հայոց պատմութեան մէջ

Հայոց կաթողիկոսը՝ գանձի և իշխանութեան, իսկ Վեստ Սարգիսը թագաւոր դառնալու ակնկալիքով՝ մայրաքաղաք Անին յանձնում են Բիւզանդիային

Անի Մելքոնեան

 

Հայոց բազմահազարամեայ պատմութեան մէջ, որքան շատ են հերոսական ու փառահեղ էջերը, նոյնքան էլ փոքրաթիւ չեն դաւաճանութիւնների և դրանց հետևանքով տեղի ունեցած ազգային մեծ ողբերգութիւնների սև էջերը:
Որքան բարձր, վեհ ու անձնազոհ են եղել հայ հերոսները, նոյնքան էլ ստոր, նիւթապաշտ ու մորթապաշտ են եղել հայ դաւաճանները, որոնք անձնական շահն ու բարեկեցութիւնը գերադասել են ազգային ու պետական շահերից, և իրենց գործունէութեամբ անպատմելի դժբախտութիւններ բերել Հայաստան երկրի և հայ ազգի գլխին:
Համոզուած ենք, որ մեր ազգային դժբախտութիւնները մի քանի անգամ աւելի քիչ կը լինէին, եթէ չլինէր դաւաճանների գործօնը, ոչ մի թշնամի, ինչ ազգութեան ու կրօնի էլ, որ լինէր, երբեք չէր կարող  աւեր գործել և կործանել, երբեմնի հզօր Հայաստանը, եթէ չլինէին այդ թշնամիների հետ դաշնակցած հայ դաւաճանները:
Այժմ մի փոքր պատմական շրջայց դաւաճանութիւնների մասին.

Հայոց պատմութիւնից յայտնի է, որ երբ Շապուհ Բ-ն արշաւեց Հայք և պաշարեց Մծբինը՝ հայոց արքա Խոսրով Գ. Կոտակը Բզնունեաց նախարար Դատաբէին յանձնարարեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումը, սակայն Դատաբէն, ապա նաև Աղձնիքի բդեշխ Բակուրը՝ անցան թշնամու կողմը:
Հայոց զօրքը՝ սպարապետ Վաչէ Մամիկոնեանի գլխաւորութեամբ ի հարկէ յաղթանակ տարաւ, բայց դաւաճաններին չներեցին, Դատաբէն քարկոծուելով սպաննուեց, իսկ նրա տոհմը հայոց արքայի հրամանով բնաջնջուեց, նոյն ճակատագրին արժանացաւ նաև Աղձնիքի Բակուր բդեշխը, որի տոհմից փրկւում են մէկ աղջիկ՝ որին թագաւորը կնութեան է տալիս Աղձնիքի նոր բդեշխ Վաղինակ Սիւնուն, և մէկ տղայ, որը պատսպարուել էր Վաչէ Մամիկոնեանի մօտ:
Հայոց պատմութեանը յայտնի են շատ դաւաճանների անուններ, որոնց մեծ մասը, դարեր՝ նոյնիսկ հազարամեայկներ շարունակ մեր ժողովրդի յիշողութեան մէջ դաջուել են, որպէս դաւաճանութեան խորհրդանիշներ, այդ դաւաճաններից մէկն էլ Մերուժան Արծրունին էր, որը պարսիկների հետ համագործակցելով՝ հասաւ հայոց արքայ Արշակ Բ-ի և Վասակ Մամիկոնեան սպարապետի բանտարկութեանն ու սպանութեանը, որից յետոյ գրեթէ անտէր մնացած երկիրը դարձաւ պարսիկների ոտքի կոխան, և մինչև թագաժառանգ Պապի գահ բարձրանալը՝ Հայքում թշնամին մեծ աւերածութիւններ կատարեց:
Դաւաճան Մերուժան Արծրունին ի հարկէ անպատիժ չմնաց, ահա թէ ինչպէս է նկարագրում Մերուժանի պատիժը պատմահայր Խորենացին. «Հայոց Սմբատ սպարապետը աճապարելով հասաւ նրա մօտ, նրա հետ եղող զօրքերը կոտորեց և այն թշուառականին ձերբակալեց  եղեգնուտի ափին:… Նա Շամփուրը տաքացնելով երկու փաթ բոլորեց պսակի ձևով  և շիկացնելով ասաց. «Քեզ պսակում եմ, Մերուժան, որովհետև դու ձգտում էիր հայոց վրայ թագաւորելու և իմ՝ ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրենի իշխանութեան կարգով»: Եւ կրակի նման կեծ (շամփուրը) դրեց Մերուժանի գլխին, և այսպէս այն չարը սատկեց: Այնուհետև երկիրը խաղաղուեց Պապի ձեռքի տակ նուաճուելով[1]»:
Դաւաճանութիւնն և տարիների անիշխանութիւնը առանց հետևանք չանցան՝ թուլացրին հայոց Արշակունի թագաւորութեան հիմքերը, նոր խժդժութիւնների տեղիք տուեցին և ի վերջոյ յանգեցրին նախ Հայաստաի բաժանմանը Պարսկաստանի և Հռոմէական կայսրութեան միջև(387թ.), ապա նաև հայոց թագաւորութեան անկամանը 428թ-ին:
Հայոց պատմութեան մէջ մօտ 1570 տարի, որպէս դաւաճանի կերպար է ընկալւում Վասակ Սիւնին, ով եղել է Հայաստանի մարզպանը, 449-451 թուականներին երկրում ծաւալուած ազգային-ազատագրական շարժման ժամանակ Վասակ Սիւնին վարում էր այն կանխելու և արիւնահեղ կռուից խուսափելու քաղաքականութիւն, արդիւնքի չհասնելով՝ վճռական պահին Վասակը լքեց ապստամբներին, պառակտեց միասնական դիմադրութեան ճակատը և անցաւ թշնամու կողմը: 451 թ-ին՝ Աւարայրի ճակատամարտից յետոյ, պարսկական պատժիչ զօրքերի հետ մասնակցում է ապստամբութեան ճնշմանը, հալածում Վարդան Մամիկոնեանի կողմնակիցներին, կալանաւորում և Պարսկաստան է ուղարկում մի շարք նախարարների ու հոգևորականների։ Պարսից արքունիքը, երբ հարկադրուած էր Հայաստանում մեղմել բռնութիւնն ու կամայականութիւնները, վարել հայերին սիրաշահելու քաղաքականութիւն, Վասակ Սիւնին նախ հեռացրեց մարզպանի պաշտօնից և բռնագրաւեց նրա ունեցուածքը, ապա կանչեց Տիզբոն, ձերբակալեց և տանջամահ արեց մահապարտների բանտում։
Ահա այսպիսի վերջ ունեցաւ Վասակ Սիւնին, որն իր մահից, աւելի քան մէկ և կէս հազարամեակ անց էլ հայ ժողովրդի յիշողութեան մէջ մնացել է, որպէս դաւաճանի կերպար, և եթէ հերոսներն իրենց սխրանքներով յաւերժանում են սերունդների յիշողութեան մէջ, որպէս օրինակելի և ուսանելի կերպար, ապա դաւաճանները նոյնպէս մնում են սերունդների յիշողութեան մէջ՝ իրենց սև գործերով և յաւերժական անէծքի են արժանանում:

Առաւել ողբերգական և կարելի է ասել նաև կործանարար էին դաւաճանութիւնները Բագրատունեաց թագաւորութեան անկման շրջանում:
Յովհաննէս-Սմբատ թագաւորի կեանքի վերջին տարիներին նրա արքունիքում առաջնակարգ դերակատարութիւն ունէր Սարգիս Սիւնեցին՝ առաւել յայտնի Վեստ Սարգիս անունով, վերջինս ձգտում էր ստանալ Անիի թագը, բայց Մատթէոս Ուռհայեցու վկայութեամբ. «ոչ ընդունեցին զնա ազգն Բագրատունեաց…[2]»:
Վեստ Սարգիսը, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի հետ, հասաւ նրան, որ բիւզանդական արշաւանքից վախեցող Յովհաննէս-Սմբատ արքան՝ Անին կտակեց Բիւզանդիային( արքայի թուլակամութիւնը ևս կարելի է դաւաճանութիւն համարել):
Ի վերջոյ, երբ Վեստ Սարգիսն ու Պետրոս Գետադարձը հայոց երիտասարդ արքայ Գագիկ Բ Բագրատունուն համոզեցին և ուղարկեցին Բիւզանդիա, իբր կայսեր հետ բանակցելու (իրականում արքան ձերբակալուեց), իսկ Բիւզանդիան ձգտում էր ամէն կերպ նուաճել մայրաքաղաք Անին, կաթողիկոսն ակտիւացաւ, և որոշեց քաղաքի՝  իր մօտ պահուող բանալիները յանձնել Բիւզանդիային, այդ նպատակով նա դիմում է բիւզանդական կուսակալին. «Իբրեւ ետես հայրապետն Պետրոս զայսպիսի խորհուրդ, թէ ու՛մ եւ իցէ՛ ի գնալ է քաղաքս, առաքէ առ այն (բիւզանդական կուսակալին- Ա.Մ.), որ ունէր զիշխանութիւն արեւելից կողմանն, որ նստէր ի քաղաքն Սամուսատ…եւ գրէ, թէ՛ Ծանո՛ թագաւորին, թէ մեզ զինչ հատուցանէ փոխարէնս, եւ ես տայ զքաղաքս եւ զայլ ամուրս որ յաշխարհիս են: Իսկ նա, իբրեւ լուաւ, փութապէս ծանոյց թագաւորին. եւ լուեալ թագաւորին, գանձինք եւ իշխանութեամբ հաճեալ զկամս նորա, եւ այսու տիրեցին Անւոյ եւ ամենայն աշխարհին[3]»:
Հայոց կաթողիկոսը՝ գանձի և իշխանութեան, իսկ Վեստ Սարգիսը թագաւոր դառնալու ակնկալիքով՝ մայրաքաղաք Անին յանձնում են Բիւզանդիային, ընդամէնը երկու տարի անց 1047 թ-ի յունուարի 6-ին Պետրոս Գետադարձը կալանաւորւում է բիւզանդացիների կողմից և ուղարկւում Կարինի բերդերից մէկը, իսկ ապրիլին տարւում Կոստանդնուպոլիս, որտեղ մնում է երեք տարի՝ ի վերջոյ «Ատոմ Արծրունու միջնորդութեամբ, Պետրոսը իրաւունք է ստանում հեռանալու Կոստանդնուպոլսից, և նրան թոյլատրւում է հաստատուել Սեբաստիայում[4]»:
Ենթադրում ենք, որ Սեբաստիայում կաթողիկոսը մեկուսացուած է եղել, քանի-որ անգամ նրա  մահուան յստակ թուականը յայտնի չէ, իսկ 1058թ-ը ընդունուած է Մաղաքիա Օրամանեանի կողմից, թէև տարբեր աղբիւրներում նշւում են նաև 1053 և 1054 թթ-ը:
Թէ ինչ ճակատագիր է ունեցել միւս դաւաճանը՝ Վեստ Սարգիսը, տեղեկութիւններ չկան:
1045թ-ին փաստօրէն Անին յանձնուեց Բիւզանդիային և հայոց թագաւորութիւնն ընկաւ, իսկ դրանից յետոյ տեղի ունեցած իրադարձութիւնները սկիզբը դրեցին հայոց պատմութեան երկարատև ողբերգական մի շրջանի, երբ թագաւորութեան անկումից յետոյ քոչոր ցեղերի շարունակական հարուածների տակ ընկաւ նաև պետականութիւնը՝ սկսուեց աւերի, թալանի, հարիւրամեակների ստրկութեան ու կոտորածների՝ ոչ թէ մէկ այլ մի քանի  դար(որոշ հեղինակներ համարում են 800 տարի, ոմանք 600, ոմանք էլ 500 տարի), մինչև 1918թ-ի մայիսի 28-ի արշալոյսը:

Դարեր շարունակ թուրքական(և ոչ միայն) լծի տակ հիւծուող, հլու մորթուող հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի զինեալ փուլը հիմնականում սկսուեց 1890-ական թուականներին, սա այն շրջանն էր, երբ հայ քաղաքական կուսակցութիւնները՝ հիմնականում զինեալ խմբերի միջոցով, փորձում էին արևմտահայութեանը պաշտպանել օսմանեան սուլթանների(արիւնոտ սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի) գիշատից քաղաքականութիւնից և հակադրուել հայութեան կոտորածներին:
Հայոց պատմութեան այս նոր շրջանը, որքան, որ լիքն է անձնազոհ սխրագործութիւններով, ազգային հպարտութիւն դարձած հերոս հայդուկներով, մտաւորական, քաղաքական ու ռազմական բազմաթիւ վեհ ու հայրենասէր գործիչներով՝ այնուամենայնիւ ունի նաև էջեր, որոնք մրոտուել են մորթապաշտ դաւաճանների կողմից, այդ օրերին քիչ չէին մատնութեան և դաւաճանութեան դէպքերը, որոնք ի հարկէ հիմնականում անպատիժ չէին մնում:
Հայ ֆիդայիները նաև վրիժառուներ էին, և ոչ միայն թուրք ու քուրդ ջարդարարների այլ նաև հայ դաւաճանների նկատմամբ, իր ժամանակի ամէնայայտնի հայդուկապետ Աղբիւր Սերոբը ևս ներողամիտ չէր դաւաճանների ու մատնիչների նկատմամբ. «1897թ. յունուարի 28-ին Սոխորդի Գրիգոր աղան իր Դաւօ անունով ծառայի միջոցով տեղեկացնում է ոստիկանութեանը Սերոբի գիւղում լինելու մասին: Թուրքերը 200 ձիաւորներով պաշարում են գիւղը[5]»:
Սերոբը, որ ընդամէնը հարազատներին այցելութեան էր գնացել և առանց իր մարտական ընկերներին էր, հեռանում է գիւղից, բարձրանալով Ախլաթի ձիւնապատ սարերը՝ լուր է տարածւում, որ Սերոբը զոհուել է, թուրքերի սարսափն ու հայութեան պարծանքը, սակայն ողջ էր, և գարնանը ֆիդայապետը «մահ դաւաճաններին» նշանաբանով իր քաջերի հետ միասին՝ Նեմրութից իջնում է Ախլաթ:
Այդ օրերին «Բիթլիսցի Դաւոյենց Խաչոյի մատնութեամբ ու ցուցմունքով շատ երիտասարդներ էին ձերբակալուել, իսկ Մարգար վարժապետի մահից յետոյ (1893թ.) շուրջ 30 աչքի ընկնող հայեր այդ հրեշի պատճառով տառապում էին Բիթլիսի բանտում: Սերոբը, Բիթլիսի հոգևոր առաջնորդ Եղիշէ վարդապետ Չիլինկիրեանից տեղեկանալով ձերբակալութիւնների ամբողջ պատմութեանը, հրահանգում է ընկերոջը՝ բիթլիսցի Մուշեղին, ահաբեկել մատնիչին:
Մուշեղը, մի գիշեր մտնելով Բիթլիս, ատրճանակի երեք կրակոցով վերջ է տալիս մատնիչ Դաւոյին[6]»:
Շարունակելով դաւաճանների ահաբեկումը Սերոբը. «…անցնում է Գիւլզագարէ գիւղը և ահաբեկում է տղամարդու և երկու կնոջ, որոնց դաւաճանութիւնը նախապէս ապացուցուել էր: Այնուհետև, մտնելով հայրենի գիւղ, սպաննում է իրեն մատնող Գրիգոր աղային, Կոշտոյեան Պօղոս աղային, Ծղակ և Կծուած գիւղերի տանուտէրեր Շնդոյին և Բղդօ Պետրոսին[7]»:
Ֆիդայապետ Սերոբը, մեծ անհանգստութիւն էր պատճառում քուրդ բէկերին և թուրքական իշխանութիւններին, վերջիններս էլ Սերոբի գլխի համար մատնիչներին խոստանում էին պարգևատրումներ ու արտօնութիւններ, և ի վերջոյ գտնուեց նիւթին ու փողին՝ խիղճն ու հոգին ծախած մի հայ՝ Գեղաշէնի ռես Աւէն, որը պէտք է գործեր համաձայն մշակուած ծրագրի. «…թունաւորել Սերոբը եւ իր մարդիկը: Ոչ ոք կը կասկածէր Աւէին: Պարկեշտ, բարեխիղճ եւ հայրենասէր մարդու անուն ունէր գիւղին մէջ եւ շրջակայքը[8]»: Գրում է զօրավար Սմբատը իր յուշերում:
1899թ-ի նոյեմբերի 24-ին ռես Աւէն ծխախոտի միջոցով թունաւորում է Սերոբին և այդ մասին յայտնում Բշարէ Խալիլին: Յաջորդ օրը՝ նոյեմբերի 25-ին թուրքական ու քրդական հրոսակախմբերը Խալիլի գլխաւորութեամբ շարժւում են Սասուն և պաշարում Գելիգուզան գիւղը: Թունաւորման պատճառով ջլատուած հայդուկապետը չի կարողանում ոտքի կանգնել և կռուել:
Բշարէ Խալիլը գլխատում է մահամերձ Սերոբին, որի գլուխը ցցի վրայ՝ ցուցադրում էին Մուշի և Բաղէշի(Բիթլիս) փողոցներում՝ հայերին վախեցնելու և ընկճելու նպատակով:
Սերոբի մատնութիւնն ու դաւադիր սպանութիւնը իրականում ընկճեցին զօրքին ու ժողովրդի ոգին, բայց ի հարկէ այս ստոր քայլը ևս անպատիժ չմնաց. «…Աղբիւր Սերոբի սպանութեան վրէժը լուծուեց 1900թ աշնանը. Աղբիւր Սերոբի զինուորներ Գէորգ Չաուշն ու Անդրանիկը ոչնչացնում են դաւաճան Աւէի ողջ գերդաստանը և սպանում Բշարէ Խալիլին նոյն ձևով, ինչպէս Աղբիւր Սերոբի գլուխը ցցի վրայ անցկացրած շրջում էին փողոցներով՝ որպէս Աղբիւր Սերոբի արդար արեան վրէժ[9]»:

20-րդ դարի սկզբին Վանի դաշնակցական կառոյցը՝ զգալի կորուստներ կրեց մատնութեան հետևանքով, Դհերցի Դաւօն անձնական պատճառներով 1907թ-ի աշնանը մատնում է Վանում և շրջակայ վայրերում գտնուող զէնք-զինամթերքի պահեստների տեղը, թուրքերի ձեռքն է անցնում մեծաթիւ զէնք-զինամթերք, քաղաքում սկսւում են ձերբակալութիւններ:
Մատնիչին պատժել և դաւաճանութիւնը կանխել էր պէտք, այդ նպատակով «Արամ Մանուկեանի տանը հրաւիրւում է ՀՅԴ Վանի ԿԿ արտակարգ նիստ, որոշւում է անյապաղ վերացնել Դաւոյին, քանի դեռ նա չի հասցրել մատնել ամբողջ զինամթերքի տեղը: Գործողութեան իրականացման պատասխանատուութիւնը դրւում է Կոմսի վրայ: Կոմսը կազմում է առանձին խմբեր , որոնք պիտի հետևէին դաւաճան Դաւոյին  և պատեհ առիթ ներկայանալու դէպքում  անմիջապէս շանսատակ անէին…[10]»:
Դաւաճան Դաւօն ի հարկէ հասկանում է, թէ իրեն ինչ կարող է սպասուել, ուստի խիստ զգոյշաւոր էր և տնից դուրս էր գալիս միայն թուրք ոստիկանների ուղեկցութեամբ:
Պատանի դաշնակցական Տաճատ Թերլեմէզեանը մէկ ամիս հետևում էր դաւաճանին և 1908թ-ի մարտին կարողանում է ի կատար ածել դատավճիռը:
«Այդ օրը Այգեստանում՝ թուրքական բաղնիքի մօտ, Տաճատը նկատում է Դաւոյին: Ոչինչ չկասկածող Դաւօն, որ թուրք ոստիկանի հետ էր… իր մօտ է կանչում Տաճատին և սպառնում դաշնակցական գործիչներին:… Տաճատը արագ հանում է գրպանում պատրաստ պահած բրաունինգ ատրճանակն ու պարպում Դաւոյի վրայ: Մատնիչն անմիջապէս տապալւում է գետնին: Դաւոյին հսկող թուրք ոստիկանները յարձակւում են Տաճատի վրայ, բայց վերջինս չշփոթուելով գրպանից հանում է միւս ատրճանակն ու կրակ բացելով ոստիկանների վրայ՝ նահանջում՝ յընթացս հասցնելով մի քանի ստուգողական կրակոց արձակել ընկած Դաւոյի վրայ[11]»:
Կատարելով իր խնդիրը, Տաճատ Թերլեմէզեանը հեռանում է դէպի Այգեստանի անտառները:
1905թ-ի ապրիլին ընդունուեց ՀՅԴ «Կովկասեան նախագիծ»-ը, որը բացատրական փոքրիկ գրքոյկի հետ ուղարկուեց ՀՅԴ կառոյցներին դրանով ղեկավարուելու համար, այս նախագծի հրապարակումը բուռն դժգոհութիւններ առաջացրեց կուսակցութեան շարքերում՝ յատկապէս դժգոհ էին արևմտահայ գործիչները, որոնք յայտարարում էին, որ «Կովկասեան նախագծով» ՀՅԴ-ն ըստ էութեան «դաւաճանում» էր արևմտահայութեան դատին: ՀՅԴ շարքերում «Կովկասեան նախագծից» դժգոհ էին թէ արևմտահայ դատի պաշտպանները թէ  սոցիալիստ գործիչները, ուստի նախագծի հրապարակումից յետոյ Դաշնակցութեան շարքերում սկիզբ առաւ սուր գաղափարական պայքար՝ առաջ եկան աջ և ձախ թևեր, աջ թևը պատմութեան մէջ առաւել յայտնի է «միհրանական շարժում» անունով՝ քանի որ շարժման ղեկավարը դաշնակցական հնագոյն խմբապետերից մէկը՝ Միհրանն (Գ. Քէշիշեան) էր, որը ծագումով բաբերդցի էր, և յատկապէս վերջին տարիներին աչքի էր ընկել մասնակցելով Քր. Միքայէլեանի գլխաւորած «Փոթորիկ» խմբին և  ղեկավարելով Զոր-Մոսունի արշաւանքին մասնակցած խմբերից մէկը:
«Միհրանական» շարժումը Կովկասում մեծ թափ հաւաքեց նաև «Մշակ» թերթի խմբագիր  Համբարձում Առաքելեանի և կովկասահայ լիբերալ այլ գործիչների աջակցութեամբ, «Մշակ» թերթի էջերը տրուեցին Միհրանին և նրա զինակիցներին:
Եկաւ մի պահ, երբ Միհրանն իրեն այնքան ուժեղ զգաց, որ փորձեց զաւթել ՀՅԴ ղեկավարութիւնը՝ իր զինակիցների հետ միասին նա ներխուժեց «Յառաջ» թերթի խմբագրութիւն և պահանջեց իրեն յանձնել կուսակցութեան կնիքն ու միջոցները, սակայն միջամտեց այդ օրերին, արդէն իսկ բարձր հեղինակութիւն ունեցող Աւ. Ահարոնեանը և Միհրանը անխօս թողեց թերթի խմբագրատունը:
Այնուհետև նա ստեղծեց զինուորական մարմին, և շարունակեց պայքարը ՀՅԴ ղեկավարութեան դէմ, վերջիններիս նկատմամբ նրա թշնամանքը այնքան մեծացաւ, որ ի վերջոյ Միհրանը ներկայացաւ ցարական ոստիկանութիւն և մատնել տուեց ՀՅԴ-ին, յայտնելով իրեն յայտնի զինապահեստների տեղը: Փաստօրէն գաղափարական մարտիկից Միհրանը վերածուեց սովորական մատնիչի ու դաւաճանի:
Դաշնակցութիւնն ի հարկէ այս փաստի վրայ, աչք փակել չէր կարող, 1907թ-ին տեղի ունեցած ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովը՝ ոչ միայն դատապարտեց «միհրանական»  շարժումը՝ այլ նաև մասնաւոր վճիռներ կայացրեց Միհրանի և նրա մերձաւոր զինակիցների վերաբերեալ: 1907-1910թթ-ի ընթացքում Կովկասի և հիւսիսային Կովկասին տարբեր բնակավայրերում Միհրանի զինակիցները ահաբեկուեցին  ինքը՝ Միհրանը մի քանի անգամ փրկուեց մահից, բայց 1910թ-ին նա ահաբեկուեց ապագայ յայտնի դաշնակցական խմբապետ Դալի Ղազարի ձեռքով:
Միհրանի մատնութիւնը անհետևանք չանցաւ,ստեղծուած առիթից օգտուելով` կառավարութիւնը բացեց «Դաշնակցութեան գործը»:
«Դաշնակցութեան գործի» դատավարութիւնն սկսուեց 1912 թ. յունուարի 17-ին,  և տևեց աւելի քան երկու երկար ու ձիգ ամիս:
««Դաշնակցութեան գործով» դատավարութեան մէջ ընդհանուր առմամբ կային 159 մեղադրեալներ…:Մեղադրեալների մէջ կային անուանի գործիչներ` Յովհաննէս Թումանեան, աւետիք Իսահակեան, Ներսէս վարդապետ Մելիք-Թանգեան (ապագայում արքեպիսկոպոս), մեծահարուստ Ա. Մելիք-Ազարեան, գրող, հասարակական գործիչ Աւետիս Ահարոնեան, Յովհաննէս Քաջազնունի, Դրաստամատ Կանայեան, Սիմոն վրացեան, Համօ Օհանջանեան և այլք: Դատապարտուածների մէջ մեծ էր նաև հայ հոգևորականութեան թիւը, այն անձանց, որոնք այս կամ այն կերպ աչքի էին ընկել 1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ: 1912 թ. մարտի 19-ին հրապարակուած դատավճռով մեղադրեալներից անմեղ ճանաչուեց 94 հոգի, 4 հոգի դատապարտուեց տաժանակիր աշխատանքի` 4-6 տարի ժամկէտով, միւսները դատապարտուեցին աւելի փոքր ժամկէտներով: Այս կապակցութեամբ պէտք է նշել, հայերի վարձած փաստաբաններ Կարաբչևսկու և Զարուդնու արդիւնաւէտ աշխատանքը, որոնք կարողացան ապացուցել, որ Դաշնակցութեան գործունէութեան մէջ որևէ հակապետական գործօն չկայ[12]»:
Ահա, սա էր Միհրանի մատնութեան հետևանքը, և այն պատիժը, որ սահմանեց ՀՅԴ-ն Միհրանի համար՝ միանգամայն տեղին էր ու արդար:
Հայութեան համար ամէնաճակատագրական 1918-ի փոթորկայոյզ օրերին, երբ դրուած էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, կային մարդիկ, որոնք թէև մատնիչ չէին, բայց նրանց արարքները դաւաճանութիւն էր ֆիզիկական բնաջնջման եզրին գտնուող հայ ժողովրդի նկատմամբ՝ նման մարդկանցից էր ժողովրդի համար պատուհաս դարձած, մաուզերիստ Չոլախ Գէորգը, որին Երևանի նահանգի ղեկավար Արամ Մանուկեանը ուղղուելու հնարաւորութիւն էր տուել և յանձնարարել էր նրան՝ իր խմբով ուղեկցել Նախիջևանով Զանգեզուր ռազմամթերք (300 հրացան և կէս միլիոն փամփուշտ) տանող գնացքը:Գէորգն յանձն էր առել կատարել առաջադրանքը, բայց ինքն անձամբ չէր գնացել խմբի հետ՝ դա թաքցնելով Արամից: Ռազմամթերք տանող գնացքը Շարուրում ենթարկւում է յարձակման և կողոպտւում թուրքերի ձեռքով: Լուրը հասնում է Երևան, և առաջ բերում Արամի բուռն զայրոյթը, որը արդարացիօրէն հանդիմանում է Չոլախ Գէորգին՝ վերջում աւելացնելով. «Ես կ’անիծեմ այն ժողովրդի հէրը,որ շան սատակ չի անի քեզ պէս դաւաճաններին»»[13]:
Չոլախ Գէորգն ի հարկէ չուղղուեց, իսկ Արամը ճիշտ էր, որովհետև ճակատագրական օրերին դաւաճաններին ներելը հաւասար է ազգի ու երկրի գերեզմանը փորելուն, ուստի Արամի հրամանով Չոլախ Գէորգը գնդակահարուեց:
Դաւաճանութեան մէկ այլ տեսակ է դասալքութիւնը, և դասալքութեան քարոզչութիւնը, մի բան, որ դրսևորուեց նաև 1918-ի մայիսին, երբ թւում էր, թէ հայ ժողովրդի վերջին հատուածի բնաջնջումն անխուսափելի էր,երբ թւում էր,որ աներևոյթ մի ձեռք վերջակէտ էր դրել հայ ժողովրդի գոյութեան պատմութեանը, և երբ Արամն իր գործակիցների հետ՝ հերոսական ջանքերով փորձում էր պատմութեան անիւը պտտել այնպէս,որ իր ժողովուրդը՝ այդ անիւի պտոյտների տակ չճզմուի, կային մարդիկ, ովքեր դասալքութիւն էին քարոզում, պառակտութիւն սերմանում և փորձում սասանել ժողովրդի հաւատը Արամի ու նրա  գործակիցների նկատմամբ:Այդ մարդկանցից էր Թոփալ Յակոբը,որը Նորքում «…հաւաքել է մի խումբ մարդիկ եւ նրանց գրգռում է Արամ փաշայի եւ Երեւանի հրամանատարին դէմ՝ ասելով թէ Արամը եւ Շահխաթունին թուրքերից գնուած են եւ ուզում են պատերազմը շարունակել թուրքերին ի նպաստ»[14]: Այս իրադարձութիւնները տեղի էին ունենում 1918թ. մայիսի 21-ին, երբ Սարդարապատում ռազմական գործողութիւններ էին ընթանում: Տեղեկանալով Թոփալ Յակոբի խառնակչութիւնների մասին՝ Արամը արձագանքեց. «-Այս միջոցին, երբ Սարտարապատի մէջ հայոց համար կեանքի եւ մահուան հարց է դրուած, ուր հայ արիւնը հոսում է,անթոյլատրելի է, որ մի դասալիք այդպիսի խայտառակութիւններ անի: Ես սպառնալիքից չեմ վախենում: Բայց երբ հայ ժողովրդի ճակատագրի մասին է հարցը,ես պահանջում եմ ամենախիստ պատիժը»[15]: Պատերազմի օրերին դաւաճանութիւնը յատկապէս աններելի է, ուստի պէտք է պատժուի պատերազմի օրէնքներով, չնայած սրան, Արամը փորձեց կարգի հրաւիրել դասալիքին իսկ նրա ազդեցութեան տակ ընկածներին Այս դրամատիկ ուղարկել ճակատ,Արամի այս փորձը յաջողութիւն չունեցաւ և նա պէտք է անէր այն, ինչ սովորաբար դասալիքների հետ անում են պատերազմող երկրներում: Դէպքի հանգուցալուծումը Արշօ Շահխաթունին այսպէս է ներկայացնում. «Արամը շատ հանդարտ կերպով եւ բոլորովին իր անձին տէր՝ նշան տուեց իր անձնական պահակին…Եւ մի րոպէում Գէորգը հանեց հրազէնը իր թեւից եւ զարկեց Թոփալ Յակոբին, որը գետին ընկաւ մեռած:

Բոլոր ամբոխավարները գոչեցին.

-Կեցցէ՛ Արամ փաշան»[16]:
Ահա այսպէս էին վարւում դաւաճանների հետ մէկ դար և աւելի առաջ, և արդար էր, որովհետև հենց դաւաճաններին ու խառնակիչներին պատժելու շնորհիւ էր, որ մայիսեան հերոսամարտերը յաջողութեամբ պսակուեցին և 600 տարուայ փլատակների վրայ ծնուեց նորագոյն ժամանակների առաջին հայկական պետականութիւնը:

Հայ ժողովրդի պատմութեան ամենաողբերգական էջերը, թերևս ցեղասպանութեան էջերն են, ի հարկէ 1915-ի ցեղասպանութեան մասին չենք խօսի, քանի-որ այլ քննարկման թեմայ է, բայց չենք կարող չխօսել «Նեմեսիս» գործողութեան մասին, որն իրենից ենթադրում էր պատիժ հայոց ցեղասպանութեան կազմակերպիչների նկատմամբ, գործողութիւնը կոչուեց յունական դիցարանի հատուցման աստուածուհու անունով:
Շատ է խօսուել «Նեմեսիս»-ի շրջանակներում երիտթուրք պարագլուխների ահաբեկման մասին, բայց քչերը գիտեն, որ «Նեմեսիս»-ը հենց այնպէս չանցաւ նաև հայ դաւաճանների կողքով, այո-այո, որքան էլ անհաւատալի թուի՝ հայոց ցեղասպանութեան օրերին էլ կային հայ դաւաճաններ, որոնք մեղմ ասած անմասն չէին ցեղասպանութիւնից, և նրան պէտք է ստանային իրենց արժանի պատիժները:
Ինչպէս գիտենք 1915-ի ապրիլի 24-ին Կ.Պոլսում ձերբակալուեցին և սպանուեցին հայ մտաւորականներ, որոնց ցուցակը թուրքերի համար կազմել էր Վահէ Եսայեանը (Իհսան): 1920թ-ի մարտի 27-ին 20-ամեայ Արշաւիր Շիրակեանը Կ. Պոլսում գնդակահարեց դաւաճան Իհսանին:

Օսմանեան կայսրութեան քաղաքական ղեկավար, Թալիաթի գործակալ Յարութիւն Մկրտչեանի հրամանով՝ 1915թ-ի ապրիլի 24-ին ձերբակալուել էին հայ մտաւորականութեան աւելի քան 600 ներկայացուցիչներ:
1920թ-ին Սողոմոն Թեհլիրեանը՝ Կ. Պոլսում գնդակահարեց դաւաճանին:

1913թ-ի սեպտեմբերի 7-ին Ռումինիայում գումարւում է Ս.Դ. Հ. Կ.  7-րդ պատգամաւորական ժողովը, որտեղ գաղտնի որոշում է կայացւում ահաբեկել Թալիաթին: Այդ ժողովին մասնակցում էր Եգիպտոսի Ս.Դ.Հ.Կ.  կառոյցից պատգամաւոր ընտրուած Արթուր(Արշաւիր) Յասեանը, որը թուրքական գաղտնի ոստիկանութեան անդամ էր, և նրանց յայտնում է Ռումինիայի ժողովի գաղտնի որոշման մասին, դրա հետևանքով ձերբակալւում են հնչակեան մի շարք գործիչներ, այդ թւում նաև Թալիաթին ահաբեկելու նպատակով Կ.Պոլիս անցած Փարամազը և նրա խումբը՝ թւով 20 հոգի, 1915թ-ի յունիսի 15-ին Կ. Պոլսի սուլթան Բայազիդ հրապարակում Փարամազը և իր ընկերները կախաղան են բարձրացւում:

Արթուր Յասեանը ևս, ինչպէս միւս բոլոր դաւաճանները անպատիժ չմնաց, «Նեմեսիս»-ի շրջանակներում՝ 1920թ-ին Կ.Պոլսում նրա հետ հաշուեյարդար տեսաւ Արշակ Եզդանեանը:

Հասկանալու համար վերջին երեք դաւաճանութիւնների բերած արհաւիրքը, փորձենք մի պահ պատկերացնել թէ ի՞նչ կը լինէր, եթէ օրինակ հնչակեանները յաջողէին և 1914-ին ահաբեկէին Թալիաթին, կամ ի՞նչ ընթացք կ’ունենար հայոց ցեղասպանութիւնը, եթէ հայ մտաւորականներն ու ռազմական-քաղաքական գործիչները չձերբակալուէին ու չսպաննուէին, թէև պատմութիւնը «եթէ»-ներ չի սիրում, բայց այս դէպքում  հնարաւոր չէ չասել «եթէ»…

 

Ինչևէ ցաւօք Յարութիւն Մկրտչեանի, Վահէ Իհասնի ու Արթուր Յասեանի դաւաճանութիւնները հայոց պատմութեան վերջին դաւաճանութիւնները չէին, պակաս ողբերգական չէր 1920թ-ի հոկտեմբերի 30-ի Կարսի դաւաճանութիւնը:
Վերջին հարիւրամեակում շատ է քննարկուել այն հարցը, թէ ի վերջոյ ինչ տեղի ունեցաւ Կարսում, ինչն էր պատճառը, որ հայկական բանակը, որը բաւարար չափով հանդերձաւորուած ու զինուած էր, առանց կռուի յանձնեց Կարսը, այն դէպքում, երբ թւում էր, թէ Կարսում են հաւաքուել բազմաթիւ հայրենասէր հայ երիտասարդներ, բայց «Այդ «հայրենասէր» հայ երիտասարդները, յայտնուելով դիրքերում, վճռական պահին նախ սկսում էին գոռալ, թէ «… մեր ընկեր բոլշևիկների դէմ մենք կռուել չենք ուզում, եկող թուրքերը մեր ընկերներն են», յետոյ ցուցադրաբար գցում էին զէնքը և դիմում փախուստի, յորդորելով միւս զինուորներին հետևել իրենց օրինակին[17]»:
Հայոց բանակի վրայ, իր քայքայիչ ազդեցութիւնն էր ունեցել հայ բոլշևիկների կողմից տարուող դասալքութեան քարոզը, քեմալա-լենինեան ուժերի դաշնակից հայ բոլշևիկների նպատակն էր՝ ամէն կերպ հասնել հայ-թուրքական պատերազմում Հայաստանի Հարապետութեան պարտութեանը և հայկական պետականութեան վերացմանը, այդ մասին է վկայում նաև նրանց յղուած «յոյժ գաղտնի» վերնագրուած հեռագիրը, որն այսօր պահւում է Հայաստանի ազգային արխիւում: Այդ հեռագրում կարդում ենք. «Հայաստանի կոմունիստների (բոլշևիկների) կենտրոնական կոմիտէն հրահանգում է կուսակցութեան բոլոր կազմակերպութիւններին, թէ՛ թիկունքում, թէ՛ ռազմական գօտիներում և յատկապէս Կարսի Գարնիզոն մեկնող բոլշևիկներին անհատ զինուորների շրջանում և առանձին հաւաքոյթներում…., ինչպէս նաև թռուցիկների միջոցով ծաւալել լայն պրոպագանդա ընդդէմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով՝ Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի նկատմամբ ագրեսիւ նպատակներ չունի: Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատութեան համար՝ ընդդէմ իմպերիալիզմի (Անգլիայի, Ֆրանսիայի, Յունաստանի): Հանրապետական Հայաստանի յաղթանակը Թուրքիայի վրայ՝ կը նշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձաւոր Արևելքում և դրանով իսկ կը վտանգի Յեղափոխութեան յաղթանակը Անդրկովկասում, ապա նաև՝ Արևելքի խորհրդայնացումը: Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պէտք է լինի՝ արագացնել հանրապետական Հայաստանի պարտութիւնը, որով և կ’արագացուի Հայաստանի խորհրդայնացումը: Այս նպատակի համար պէտք է. Կազմալուծել հայկական կռուող բանակը բոլոր միջոցներով, դրանք են. ա) կազմակերպել դասալքութիւն և ամէն կերպ խանգարել զօրահաւաքին: բ) ռազմաճակատներում հասկացնել զինուորներին, որպէսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինուորների վրայ, այլ լքելով դիրքերը վերադառնան թիկունք: գ) չենթարկուել սպաների հրամաններին և հարկ եղած դէպքում ոչնչացնել նրանց: Այս ամէնի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինուորներին, որ յաղթող թուրքական զինուորը յեղափոխական  է, որը ոչ միայն իրեն թոյլ չի տայ որևէ գործողութիւն պարտուած երկրի վերաբերեալ, այլ կ’օժանդակի աշխատաւոր հայ ժողովրդին` ազատուելու իմպերիալիստական գործակալ դաշնակցութիւնից: Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետութիւնից ազատուելով՝ Հայաստանը ընդմիշտ կը կապուի Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կը տրուի պատերազմին և սովին, ու մշտական ընդհարումներից քայքայուած երկիրը կը լիանայ Ռուսաստանի հացով և մասնակիցը կը դառնայ համաշխարհային յեղափոխութեան մեծ գործի: Ծանօթութիւն – Գրութիւնը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց յետոյ անմիջապէս այրել: Հայաստանի կոմ. կուս. կենտրոնական կոմիտէի անդամներ՝ Ս. Կասեան, Ա. Մռաւեան, Ա. Նուրիջանեան, Շ. Ամիրխանեան, Ի. Դովլաթեան, Ա. Յովհաննիսեան Նո. 218, Բաքու, 1920 ՍԵՊ. 20[18]»:
Ի՞նչ է այս փաստաթուղթը, եթէ ոչ դաւաճանութեան ակնյայտ ապացոյց, այս և նմանատիպ այլ դաւաճանութիւնների հետևանքով ընկաւ Կարսը, բայց իրական ողբերգութիւնը տեղի ունեցաւ յետոյ, որովհետև Կարսի անկումը շղթայական ազդեցութիւն ունեցաւ և ի վերջոյ յանգեցրեց հայկական պետականութեան կորստին, մի՞թէ հայ բոլշևիկները չգիտէին թէ ի՞նչ հետևանքներ կարող է ունեալ Կարսի անկումը, վստահաբար գիտէին, գիտէին և համերաշխ էին Մուստաֆա Քեմալի արտայայտած մտքի հետ՝ «Մենք պէտք է ոչնչացնենք հայկական բանակը և հայկական պետութիւնը[19]», Քեմալի այս նպատակի հետ նաև լիովին համերաշխում է ժամանակի յայտնի բոլշևիկ գործիչ Անաստաս Միկոյեանը. «….միտքը «Մեծ, Միացեալ և Անկախ Հայաստանի» մասին հանդիսանում է խիստ հետադիմական, վտանգաւոր ու յանցաւոր ցնորական մի գաղափար, որի դէմ պէտք է պայքար ծաւալի բոլշևիկեան կուսակցութիւնը….[20]»:
Գիտակցաբա՞ր էին հայ բոլշևիկները զոհաբերում Հայաստանը, այո՛, որովհետև «Հայկական պետութիւնը վերացնելու, Հայաստանի տարածքներ նուաճելու իր ձգտումներում, ինչպէս արդէն ասացինք, Թուրքիան մինակ չէր. նրա հետ էր ոչ միայն բոլշևիկեան Ռուսաստանը, այլև հայ բոլշևիկը, որն այնքան էր օտարացել իր ազգից ու թշնամանքով լցուել հարազատ պետութեան նկատմամբ, որ առանց վարանելու զոհաբերեց իր ազգի ու պետութեան շահերը` յանուն ինչ-որ անիրական «համաշխարհային յեղափոխութեան», և այլևս կասկած չկայ, որ նրանք Հայաստանը զոհաբերում էին գիտակցաբար, ոչ թէ միամտութեան կամ անտեղեակութեան պատճառով[21]»:
Համաշխարհային յեղափոխութեան հովերով տարուած հայ բոլշևիկները հայ ազգի դարաւոր թշնամի թուրքի և ռուս բոլշևիկի հետ ձեռք ձեռքի տուած, ոչ միայն Միացեալ և Անկախ Հայաստանի, այլ նաև հայկական պետութեան գոյութեան դէմ էր պայքարում, և ամենևին պատահական չէր, որ Թիֆլիսի «Կոմունիստ» թերթը հոկտ. 24-ին գրում էր ցնծութեամբ ««….Թուրքերի յարձակումը Հայաստանի վրայ մեծ հրճուանք պատճառեց բոլշեւիկներին»՝: «Մնում է միայն ուրախանալ, որ Դաշնակցական Հայաստանը գտնւում է այն պոզահարող կովի վիճակում, որին Աստուած եղջիւրներ չի տուել»[22]»:
Հոկտեմբերի 30-ի Կարսի ամօթալի յանձնումը, ըստ էութեան, վճռեց Հայաստանի Հանրապետութեան յետագայ ճակատագիրը: Կարճ ժամանակ անց թուրքերի ձեռքն անցաւ նաև Ալեքսանդրապոլը…
Կարսի յանձնումը չափազանց ծանր նստեց Հայաստանի վրայ. նախ՝ երկիրը կորցրեց իր անկախութիւնը, ապա` 1921 թ. մարտի 16-ի Մոսկուայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով Հայաստանը զրկուեց մի շարք տարածքներից, նոյն թուականի յուլիսի 5-ին Արցախը ապօրինաբար կցուեց Ադրբեջանին, Կարսի պայմանագրով Նախիջևանն արդէն տրուել էր այդ երկրին, Հայաստանին մնաց միայն Զանգեզուրը, այն էլ` Նժդեհի գլխաւորութեամբ մղուած երկարատև ու հերոսական պայքարի շնորհիւ:
Այսպիսով՝ Կասեանը, Նուրիջանեանը, Աթարբեկեանն ու միւսները թուրքերի ու Լենինի հետ ձեռք-ձեռքի տուած կործանեցին հայկական պետականութիւնը, յանուն «համաշխարհային յեղափոխութիւն» կոչուած սին գաղափարի և ի հարկէ իրենց պաշտօնի, իսկ իրենք արժանացան այն նոյն ճակատագրին, ինչին արժանանում են [23]բոլոր դաւաճանները՝ սպաննուեցին իրենց տէրերի ձեռքով:
Կասեանը սպաննուեց 1937թ-ին, դառնալով այն համակարգի զոհը, որի հիմնադիրներից ու գործադրողներից մէկն էլ ինքն էր, նրա գործակից Նուրիջանեանը 1937 թուականի յուլիսի 29-ին ձերբակալւում է ու 1938 թուականի յուլիսի 19-ին դատապարտւում գնդակահարութեան։ Մահացել է բանտում 1938 սեպտեմբերի 16-ին՝ ըստ որոշ աղբիւրների դատավճռի՝ գնդակահարութեան իրականացման արդիւնքում։ Իսկ Գէորգ Աթարբեկեանը մահացաւ 1925թ-ին ինքնաթիռի վթարի հետևանքով, որի արհեստածին լինելը մինչ օրս էլ քննարկւում է:
Այս և մի շարք այլ դաւաճաններ, այսպիսի անփառունակ վախճան ունեցան, բայց նրանց գործունէութեան արդիւնքում, մենք կորցրինք Հայաստանի Հանրապետութիւնը, Կարսի մարզը, Սուրմալուի գաւառը, Արցախը, Նախիջևանը, և Սևրի պայամանագրի հիման վրայ՝ Վիլսոնի իրաւարար վճռով մեզ հասանելիք Արևմտեան Հայաստանի 90.000 քառ կմ-ը:
Նրանց գործունէութեան հետևանքով, Հայաստանը զրկուեց ժամանակի առաջադէմ ու հայրենասէր ռազմական և քաղաքական գործիչներից ու մտաւորականներից, որոնք կամ սպանուեցին կամ տարագրուեցին…

Անկախութեան վերականգնումից յետոյ, թւում էր թէ ամօթալի դաւաճանութիւնների էջը փակուած է, որ դրանք կը մնան մեր պատմութեան ողբերգական էջերում, բայց… այն ինչ տեղի ունեցաւ 2020թ-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ դժուար է դաւաճանութիւն չկոչել, այս տարուայ հոկտեմբերին լոյս տեսած «Դրօշակ»-ի 10-րդ համարում, Կարսի անկամանը նուիրուած մեր յօդուածում գրել էինք. «Այսօր Հայաստանի մերօրեայ հանրապետութեան համար 1990-ականներին ազատագրուած Արցախը ունի նոյն կարևորութիւնը, ինչ Առաջին հանրապետութեան համար Կարսը, և, ցաւօք սրտի, այսօր էլ կան հասարակական ու քաղաքական շրջանակներ, որոնք շարունակական քարոզչութիւն են տանում այն ուղղութեամբ, որ «այս թուրքը նախկին թուրքը չէ», «թուրքը բարեկամ է»` այս կոչերը համեմելով չափազանց գայթակղիչ խաղաղութեան խոստումով՝ միաժամանակ ծաղրելով Միացեալ և Անկախ Հայաստանի գաղափարն ու վտանգաւոր համարելով ազգ-բանակ հայեցակարգը»:
Մեր մտավախութիւնը, ցաւօք, իրականացաւ, Արցախը վերածեցին «Կարսի», բայց ինչպէս ցոյց է տուել պատմական օրինաչափութիւնը՝ ոչ մի դաւաճան ու ոչ մի դաւաճանութիւն չի ներւում ո՛չ ազգի, ո՛չ պատմութեան, ո՛չ Աստծու կողմից, ու թէ ինչու՞ և ինչպէ՞ս ընկաւ Արցախը, ինչպէ՞ս և ինչի՞ դիմաց թշնամուն յանձնուեց՝ նրա համար անմատչելի բերդաքաղաք Շուշին՝ այս հարցերի պատասխանը օրուայ իշխողները վաղ թէ ուշ պէտք է տան սերունդներին ու պատմութեանը, այն պատմութեանը, որը ամենաանկաշառ դատաւորն է, և արդար վճռով իր տեղում է դնում դաւաճաններին ու հերոսներին, ինչպէս իրենց արժանի տեղերում դրեց 70 տարի «դաւաճան» պիտակուած դրօներին, նժդեհներին ու արամներին…
2020թ-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հայոց պատմութեան մէջ կը մնայ, որպէս մեծ պետական դաւաճանութիւն, իսկ այդ փաստաթղթի բացասական հետևանքները ցաւօք դեռ շատ երկար ժամանակ ենք կրելու…

 

Պատրաստեց`

Անի Մելքոնեան

ԵՊՀ պատմութեան մագիստրոս
ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, իրաւագիտութեան մագիստրոս

ՕԳՏԱԳՈՐԾՈՒԱԾ ԳՐԱԿԱՆՈԻԹԵԱՆ ՑԱՆԿ Եւ ԱՂԲԻՒՐՆԵՐԻ ՑԱՆԿ

 

ա) Գրականութիւն

1. Արամը մահուան յիսնամեակին առթիւ, Եր., 1991
2. Զօրավար Սմբատի յուշերը., Ա. հատ., 1900-1914., Փարիզ 1936
3. Յարութիւնեան Վ., Առաջին Հանրապետութիւն. Կարսի վերջնախաղը, Եր., 2018
4. Յարութիւնեան Վ., Կարսի յանձնումը: Զինուորական դաւադրութեան վարկածը, «Վէմ» համահայկական հանդէս, Եր., 2018, թիւ 4 (64)
5. Մատթէոս Ուռհայեցի., Ժամանակագրութիւն., Եր., 1991
6. Մովսէս Խորենացի Հայոց պատմութիւն., Եր., 1981
7. Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտացւոյ., Եր., 1963

բ) Աղբիւրներ

1. ՀԱԱ, ֆ. 1022, ց. 3, գ. 275, թ. 1

գ) Մամուլ

1. «Դրօշակ» թիւ 10(1644), հոկտեմբեր 2020

դ) Համացանցային նիւթեր

1. http://hpj.asj-oa.am/2585/1/2008-3(3).pdf
2. http://ysu.am/files/AghbyurSerob.pdf
3. http://archive.ankakh.com/?p=258767
4. http://archive3.ankakh.com/article/111577/dashnaktsuthyangvortse

[1]Տե՛ս Մովսէս Խորենացի Հայոց պատմութիւն., Եր., 1981, էջ  275-276

 

[2]Տե՛ս Մատթէոս Ուռհայեցի., Ժամանակագրութիւն., Եր., 1991, էջ 94-95

 

[3]Տե՛ս Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտացւոյ., Եր., 1963., էջ 62-63

 

[4]Տե՛ս Կարէն Մաթևոսեան., Անի մայրաքաղաք և Կաթողիկոսանիստ, էջ 25., http://hpj.asj-oa.am/2585/1/2008-3(3).pdf

 

[5]
Տե՛ս Կարինէ Եղիազարեան, Քարմիլէ Եղիազարեան., Աղբիւր Սերոբ կեանքն ու գործունէութիւնը., էջ 84, http://ysu.am/files/Aghbyur-Serob.pdf

 

[6]
Տե՛ս նոյն տեղում

 

[7]
Տե՛ս նոյն տեղում

 

[8]
Տե՝ս  Զօրավար Սմբատի յուշերը., Ա. հատ., 1900-1914., Փարիզ 1936., էջ 117

 

[9]
Տե՛ս Կարինէ Եղիազարեան, Քարմիլէ Եղիազարեան., նշ., աշխ., էջ 90

 

[10]
Տե՛ս http://archive.ankakh.com/?p=258767

 

[11]

Տե՛ս նոյն տեղում

 

[12]

Տե՛ս http://archive3.ankakh.com/article/111577/dashnaktsuthyan-gvortse

 

[13]

Տե՛ս Արամը մահուան յիսնամեակին առթիւ., Եր. 1991., էջ 113-114:

 

[14]

Տե՛ս նոյն տեղում, էջ 518:

 

[15]

Տե՛ս նոյն տեղում, էջ 519:

 

[16]

Տե՛ս նոյն տեղում:

 

[17]

Տե՛ս Յարութիւնեան Վ., Կարսի յանձնումը: Զինուորական դաւադրութեան վարկածը, «Վէմ» համահայկական հանդէս, Եր., 2018, թիւ 4 (64), էջ 317-318:

 

[18]

Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1022, ց. 3, գ. 275, թ. 1:

 

[19]

Տե՛ս Յարութիւնեան Վ., Առաջին Հանրապետութիւն. Կարսի վերջնախաղը, Եր., 2018, էջ 112:

 

[20]

Տե՛ս նոյն տեղում

 

[21]

Տե՛ս Ա.Մելքոնայն Կարսի անկումը. պատճառներ և դասեր., «Դրօշակ» թիւ 10(1644),հոկտեմբեր 2020, էջ 42

 

[22]

Տե՛ս վրացեան Ս., Հայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի միջեւ, Պէյրութ, 1953, էջ 111

 

[23]

Տե՛ս «Դրօշակ»  թիւ 10(1644), էջ 44

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.