Ատելութեան դարաշրջանը Հայաստանում և «ջայլամային սպարտակիադան». Ձեր հեռացումը պէտք է խորհրդանշի յայտնի կարգախօսի հայկական տարբերակը

2018-ի իշխանափոխութիւնից յետոյ Հայաստանը և հայաստանեան հասարակութիւնը նիարդային ատելութեան ռեժիմում են: Հայաստանը վերածուել է «ատելութեան խօսքի» տարածքի, որտեղ թիրախները նոյն ազգի, նոյն պետութեան քաղաքացիներն են:

Երևի շատերի համար ստանդարտ միտք կ’ասեմ, սակայն այս ամէնի ամենամեծ մեղաւորը այս պահին դեռևս իշխող ուժն է: Պէտք է ևս մէկ անգամ ներկայիս իշխանութեանը փաստեմ հետևեալը.

– 2018-ից յետոյ դուք ոչ միայն ոչինչ չարեցիք ներհայաստանեան ատելութեան ծաւալումը թոյլ չտալու համար, այլ ընդհակառակը՝ խրախուսեցիք դա:

– 2020 թուականի տապալումներից, պարտութիւններից, ողբերգութիւններից յետոյ դուք ոչ միայն կամովին և մեղքի գիտակցումից դրդուած չհեռացաք, այլև 2021-ին յամառօրէն անտեսելով տրամաբանութեան, քաղաքագիտութեան, պետական շահի բոլոր գրուած և չգրուած նորմերը՝ վերընտրուեցիք:

– Դրանից յետոյ շարունակելով թէժացնել «ատելութեան քուրան»՝ դուք անցաք բոլոր կարմիր գծերը, իսկ ձեզնից ոմանք ընդհանրապէս այրեցին իրենց կամուրջները տրամաբանութեան, երբեմն էլ բարոյականութեան հետ:

– Հայաստանը ներքաշելով ատելութեան ճահիճը՝ դուք հասարակութեան մի մասի մօտ արթնացրեցիք ամենաստոր, որևէ տրամաբանութեան մէջ չտեղաւորուող, բարոյականութեան սահմաններից անասելի հեռու զգայարանները, երբ երկու ոտքերի վրայ կանգնած մէկը կարող է կոչ անել Արցախեան պատերազմում երկու ոտքերից զրկուած նուիրեալին գնալ ու պաշտպանել Արցախը, երբ կարող են վիրաւորել և հայհոյել զոհուած զինուորի ծնողին, երբ կարող են մեղադրել և վիրաւորել աւտովթարի ենթարկուած և մահացած յղի կնոջը: Մարդուն ինչ որ քայլ անելիս ուղեղն է իմպուլսներ ուղարկում. հիմա ուզում եմ հասկանալ այդ սուբյեկտները նման անբարոյ «միտք-զառանցանքները» արտայայտելիս որտեղի՞ց են իմպուլս ստացել: Մեր կողքին ապրող և մթագնած բանականութեամբ այդ կերպարներին վիրաւորել անգամ չարժէ, քանի որ մարդկութիւնը չի ստեղծել այն վիրաւորական բառը, որով կարելի է բնութագրել նմաններին:

– Դուք մարդուն վիրաւորելը դարձրեցիք ամենահեշտ գործը Հայաստանում. երբ համակարգչի առաջ նստածը կարող է հայհոյեանք գրել վաստակ ունեցողին, երբ անարժանը կարող է վիրաւորել արժանաւորին, երբ տգէտը կարող է վիրաւորել գիտնականին: Ընդ որում՝ այս ամէնն արւում է առանց պատասխանատուութեան զգացման, առանց գիտակցման, որ ասուածի համար պէտք է պատասխան տալ և որ մարդուն վիրաւորելն ու դրա հիմնաւորում չունենալն ամենապարսաւելի երևոյթներից է:

– Դուք ձեր քայլերով և գործողութիւններով խրախուսեցիք տգիտութիւնը, դուք ձեզ հենարան հռչակեցիք «կովկասեան վագրերին»՝ վագրաձև սպորտային համազգեստով կանանց հաւաքական կերպարին, գիտելիքի և իմացութեան սահմանափակ պաշարով օժտուած հասարակական շերտին, մուրճի թափահարումից ուրախացողներին, իսկ միւսներին քամահրանքով և թշնամանքով հռչակեցիք էլիտա: Պոպուլիզմի գերդոզաւորմամբ դուք շահարկեցիք ձեզ աջակցող այդ հասարակութեան աւելի լաւ Հայաստան տեսնելու զգացմունքները և դրանով նաև անհիմն դասակարգային բաժանումներ ու ատելութիւն հրահրեցիք:

– Դուք հեռացաք հոգևորականութիւնից և թիրախաւորելով նրանց՝ սկսած Վեհափառից մինչև քահանայ, դուք նոյնիսկ Հայոց ցեղասպանութեան յուշարձան ապրիլի 24-ին հայոց հոգևոր դասի հետ չէք գնում, դրանով առաջին քրիստոնեայ ազգի կերպարը ստորադասում էք ձեր մաղձոտ և նեղմիտ քինախնդրութեանը:

– Դուք ստեղծեցիք կուռք և խրախուսեցիք դրա պաշտամունքը:

– Եւ ի վերջոյ, դուք այս ամէնը տեսնում եք, սակայն չտեսնելու եք տալիս:

Բացի ատելութեան ռեժիմից Հայաստանում իշխում է ջայլամային մտածելակերպը, որը երկիրը կարծես վերածել է «ջայլամային սպարտակիադայի» հարթակի: «Ջայլամային սպարտակիադայում» յաղթող կամ առաջատար է նա, ով աւելի քիչ բան կը նկատի, ով աւելի խորը կը թաղի գլուխը աւազի մէջ: Եւ կրկին դիմելով ներկայիս իշխանութեանը՝ փաստեմ.

Դուք զրկուել էք իրատեսութիւնից, կտրուել իրականութիւնից, դուք յայտարարում էք, թէ ձեր իշխանութիւնը դեռ երկար է մնալու. այս մտածողութիւնը հեռացող իշխանութեան սինդրոմ է:

Դուք ինքնախաբէութեան ռեժիմում էք և այդ ռեժիմով էք կառավարում երկիրը: Դուք չտեսնելու էք տալիս Հայաստան պետութեան ամէն օր աձանագրուող նահանջը միջազգային ասպարէզում, սակայն այդ նոյն պահին լուրջ դէմքով ստուգում էք որևէ հիմնարկի «պաբելկա» արած առաստաղը:

Դուք դարձել էք ձեր իսկ հռչակած սկզբունքների դէմ անողոք պայքարողներ, դուք պայքարում էք ինքներդ ձեր դէմ և փաստօրէն ձեր մէջ անձի երկուութեան բացայայտ դրսևորումներ են: Դուք շատ լաւ գիտէք, որ ձեր իսկ շարքերում թևածում է բռնապետութեան ոգին, դուք շատ լաւ գիտէք, որ անձի պաշտամունքի կերտողներ էք, դուք շատ լաւ գիտէք, որ վաղուց հրաժեշտ էք տուել ձեր ներթիմային բազմակարծութեանը:

Դուք «ջայլամային սպարտակիադայի» ակտիւ մասնակից էք դարձրել որոշ մտաւորականների, որոնց ես նմանեցնում եմ եղեգի. ինչպէս ամէն քամուց ճկուող եղէգները, այնպէս էլ ամէն իշխանութիւնից ճկուող մտաւորականները: Եղէգի համար կապ չունի քամին հիւսիսայի՞ն է, թէ՞՝ հարաւային, նա ճկւում է: Հիմա այդ մտաւորականների համար կապ չունի, թէ իշխանութիւնը ինչպիսին է, նա ճկւում է:

 

Եւ, ի վերջոյ, տարուած լինելով «ջայլամային սպարտակիադայով»՝ դուք չէք նկատում, կամ չէք ուզում նկատել, որ ձեր և ձեր քաղաքականութեան, գործողութիւնների դէմ ընդվզում են շատերը, համաձայն չեն աւելի շատերը: Դուք առաջնորդւում էք «դրոնային մտածողութեամբ», երբ ֆիքսում էք հանրահաւաքի մասնակիցների թիւը և ինքնասփոփանքի մէջ ընկնում, որ դա դեռ չի հասել կրիտիկական ծաւալների: Սակայն որևէ դրոն ձեզ չի կարող տալ ձեր դէմ ընդվզողների ոչ թէ քանակական, այլ մտաւոր և մոտիւացիոն պատկերը: Դուք բոլորին ընկալում էք «նախկիններ» մոգականի վերածուած բառի տակ չգիտակցելով, որ այդ ընդվզող հասարակութեան մէջ ձեր ասած նախկին պաշտօնեաների կողքին և յաճախ նրանցից անկախ 18-20 տարեկան ազնիւ և հայրենատէր երիտասարդներ են, արցախեան պատերազմների մասնակից տարբեր սերունդներ են, տարեց և մեծ վաստակ ունեցողներ են, գիտնականներ են, մանկավարժներ են, բանուորներ են, արուէստագէտներ են և անգամ ձեր նախկին որոշ թիմակիցներն են: Դուք այս ամէնը չէք տեսնում, որովհետև չէք ուզում տեսնել, բայց սա կործանարար ինքնախաբէութիւն է:

Այս ամէնը պէտք է կանգնեցուի, խօսքի և պատասխանատուութեան զգացումը և գիտակցումը պէտք է վերականգնի, արժէքները պէտք է վերադառնան, Հայաստանը պէտք է յառնի տգիտութեան, կեղծիքի, անբարոյականութեան, պարտուողականութեան, թշնամասիրութեան, անարժանապատուութեան ճիրաններից: Ձեզնից ոմանք պէտք է ապաշխարեն, ոմանք այդ իրաւունքից էլ են արդէն իրենց զրկել՝ կտրելով բոլոր կարմիր գծերը: Ձեր հեռացումը պէտք է խորհրդանշի յայտնի կարգախօսի հայկական տարբերակը՝ այլևս երբեք. այլևս երբեք այս «արժէքները», այս մտածողութիւնը, այս ինքնախաբէութիւնը Հայաստանում չպէտք է լինեն դոմինանտ և պէտք է հեռու լինեն պետական լծակներից:

Հայաստանը պէտք է դուրս գայ ներհայաստանեան ատելութեան ռեժիմից:

Հայաստանում պէտք է աւարտուի «ջայլամային սպարտակիադան»:

 

Ռուբէն Մելքոնեան

պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր

Leave a Comment

You must be logged in to post a comment.