«Օղակ» գործողութիւն․ ինչ կատարուեց 34 տարի առաջ Արցախում
- (0)

Ուղիղ 34 տարի առաջ՝ Ապրիլ 30-ին, սկսուեց «Օղակ» («Кольцо») գործողութիւնը, որի անուանումն արդէն իսկ վկայում էր դրա պատժիչ բնոյթի մասին։ 1991 թուականի Ապրիլից մինչեւ Օգոստոս մի քանի փուլով իրականացուած գործողութեան հիմնական նպատակն էր ուժով ճնշել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կամարտայայտութիւնն ու ստեղծել պայմաններ հայրենի հողից նրա արտագաղթի համար։
Մասնաւորապէս, 1991 թուականի Ապրիլ-Օգոստոս ամիսներին ատրպէյճանական ԽՍՀ ՆԳՆ ՕՄՕՆ-ի ջոկատները՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զօրքերի եւ 4-րդ բանակի ստորաբաժանումների (Կիրովապատ քաղաքում տեղակայուած 23-րդ դիվիզիա) հետ համատեղ, նախաձեռնեցին Արցախի հայ բնակչութեան տեղահանման լայնամասշտապ ռազմական գործողութիւն։
1991 թ. սկզբից Ատրպէյճանում գրեթէ բացայայտ, ամենաբարձր մակարդակով պարբերաբար սկսեցին հնչեցնել այն միտքը, որ հայերը պէտք է վտարուեն Ղարաբաղից, եթէ համաձայն չեն ենթարկուել Ատրպէյճանին: 1991 թ. Մարտի 25-ից ատրպէյճանական ՕՄՕՆ-ը սկսեց կանոնաւոր կերպով գնդակոծել Գետաշէն եւ Մարտունաշէն գիւղերը:
Ապրիլի 16-ից դադարեցուեց Շահումեանի շրջանի էներգամատակարարումը, անջատուեց հեռախօսակապը: Ապրիլի 19-ին Գետաշէն գիւղում տեղակայուած ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զօրքերի անձնակազմը դուրս բերուեց գիւղից: Ապրիլի 21-ին Պաքուի պահանջով արգելուեցին Երեւան-Շահումեան կանոնաւոր ուղղաթիռային չուերթները:
Ապրիլի 30-ին Գետաշէն եւ Մարտունաշէն գիւղերի զանգուածային գնդակոծութեամբ սկսուեց «Օղակ» գործողութիւնը, որի ժամանակ խաղաղ բնակչութեան դէմ առաջին անգամ կիրառուեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: Հայկական գիւղերը հերթականութեամբ օղակի մէջ էին առնւում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զօրքերի եւ խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից:
Այնուհետեւ ատրպէյճանական ՕՄՕՆ-ն ու միլիցիան մտնում էին այդ գիւղերը՝ պաշտօնապէս իբրեւ թէ «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչութեան սպանութեան, կողոպուտի, ահաբեկման եւ դրան յաջորդող տեղահանութեան նպատակով։
Գործողութեան հետեւանքով ամբողջովին ամայացան ու աւերուեցին Հիւսիսային Արցախի, ինչպէս նաեւ Շահումեանի, Հադրութի եւ Շուշիի շրջանների աւելի քան երկու տասնեակ գիւղեր, տեղահանուեց գրեթէ տասը հազար մարդ, աւելի քան հարիւրը սպանուեց, մի քանի հարիւր մարդ գերեվարուեց: Նրանցից շատերի ճակատագիրն առ այսօր յայտնի չէ:
Ծայրայեղ դաժանութեամբ եւ մարդու իրաւունքների զանգուածային խախտումներով աչքի ընկնող «Օղակ» գործողութիւնը կտրուկ բարձրացրեց լարուածութեան մակարդակը տարածաշրջանում, եւ ատրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութիւնը տեղափոխեց ռազմական հարթութիւն՝ դառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ Ատրպէյճանի հետագայ լայնածաւալ ագրեսիայի նախերգանքը:
Ցաւօք, «Օղակ» գործողութեան ընթացքում կատարուած զանգուածային յանցագործութիւնները եւ մարդու իրաւունքների խախտումներն այդպէս էլ չարժանացան միջազգային հանրութեան քաղաքական, իրաւական եւ բարոյական պատշաճ գնահատականին, իսկ այս պատժիչ գործողութեան գաղափարախօսները, կազմակերպիչներն ու իրականացնողները մնացին անպատիժ։
Արդիւնքում այսօր մենք տեսնում ենք, թէ ինչպէս կրկնուեց եւ անպատիժ մնաց 34 տարի առաջ տեղի ունեցած յանցագործութիւնները, այդ թուում՝ ռազմական ագրեսիան, տարածքների բռնագրաւումը, սպանութիւնները, էթնիկ զտումներն ու ահաբեկչութիւնը Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ատրպէյճանը շարունակ հնչեցնում էր նոյն մտքերը՝ եթէ հայերը համաձայն չեն ենթարկուել Պաքուին, ապա նրանց պէտք է վտարել Ղարաբաղից։ Ինչպէս եւ 34 տարի առաջ, այս ամէնը տեղի ունեցաւ միջազգային հանրութեան լուռ համաձայնութեամբ եւ աղաղակող անտարբերութեան ներքոյ՝ լիակատար անպատժելիութեան եւ ամենաթողութեան մթնոլորտում։
1991 թ. Ապրիլի 30-ին Հիւսիսային Արցախի Գետաշէն եւ Մարտունաշէն գիւղերի ինքնապաշտպանական մարտերում հերոսաբար զոհուեցին՝ Թաթուլ Կրպէեանը, Սիմոն Աչըգկէօզեանը (Դեդ), Արթուր Կարապետեանը, Վալերի Նազարեանը, Զարզանդ Դանիէլեանը։ Այսօր նրանց յիշատակի օրն է։
Յաւե՛րժ փառք ու խոնարհում Հայրենիքի համար անմահացած բոլոր հերոսներին