Փաշինեանի՝ Եւրախորհրդարանում ելոյթի 10 րոպէն բացառապէս իր աթոռի պաշտպանութեան մասին էր

Միայն Սեպտեմբերի 19-20 դէպքերով շուրջ 60 անձի ապօրինի ձերբակալութիւնից յետոյ այս պահին 37 անձ ՔԿՀ-ներում է՝ տարբեր ժամկէտներով կալանքի տակ։ Այս մասին այսօր՝ Հոկտեմբերի 18-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեանը։

Նշենք, որ այժմ դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի որդու՝ Լեւոն Քոչարեանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին միջնորդութիւնը։

«Այս իշխանութիւնների կողմից սա արդէն տրադիցիա է դարձել․ թէ՛ Լեւոն Քոչարեանի, թէ՛ այս պահի դրութեամբ 700 բերման ենթարկուածների մասով ուղղակի իրաւական աննորմալութիւն է կատարւում․ սա քաղաքական պատուէր է ու դրան հլու հնազանդ իրաւապահ համակարգ։ Այս մարդիկ թքած ունեն Սահմանադրութեան, օրէնքների, իրաւունքի գերակայութեան սկզբունքների վրայ։ Երբ ծանօթանում ես գործի նիւթերին, բացարձակ որեւէ հիմք չկայ, այն հիմնուած բացառապէս ոստիկանների ցուցմունքների վրայ, այլ նաեւ չկայ որեւէ փաստագրուած ապացոյց, որ որեւէ կոնկրետ անձ բռնութիւն է գործադրել ոստիկանների նկատմամբ, հակառակը ունենք բազմաթիւ դէպքեր, երբ ոստիկանները ինչպիսի բռնութիւններ ու դաժան վերաբերմունք են ցոյց տալիս իրենց դժգոհութիւնն արտայայտող մեր հայրենակիցների նկատմամբ ու ոչ մի պատասխանատուութիւն այդ անձանց նկատմամբ», նշեց Արծուիկ Մինասեանը։

Պատգամաւորի խօսքով՝ իշխանութիւնն ամէն ջանք գործադրելով փորձում է ցոյց տալ, որ «իր դէմ խաղ չկայ»․ «Ինքը պատրաստ է անցնել բոլոր սահմանները եւ կիրառել ցանկացած մեթոտ, որպէսզի Նիկոլի աթոռին յանկարծ որեւէ ձեւով վտանգ չսպառնայ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի՝ Եւրախորհրդարանում ելոյթի, Մինասեանն ասաց, որ նրա ելոյթի 10 րոպէն բացառապէս իր աթոռի պաշտպանութեան մասին էր. «Մենք երէկ այդ ամպիոնից լսեցինք մի մարդու խօսք, որը բացայայտ արհամարհում էր մեզանից իւրաքանչիւրի մտածողութիւնը, տեսածը, պատկերացրածը։ Նա խօսում է 2021 թուականի ընտրութիւնների մասին, երբ մուրճը ձեռքը իր ամենաայլանդակ բառապաշարով, իր ճնշման, լծանկերի միջոցով մարդկանց ուղղակի ահաբեկում էր, ու այդ մարդը խօսում էր ժողովրդավարութեան մասին ու յոտնկայս ծափ են տալիս այս ստախօսին»։

Մանրամասները՝ տեսանիւթում

https://www.youtube.com/watch?v=wRGcpYjiCYI&t=3s

 

Comments are closed.