Շուշիի ազատագրման մարտերը. Մխիթարի եղբայրական սէրը եւ հայրենասիրութիւնը
- (0)

Այս պատմութիւնը ներկայացնում է Մխիթար Աւշարեանի կեանքի ճանապարհը՝ լի մարտերով, զոհաբերութիւններով եւ անհատական խիզախութեամբ: Նրա պատմութիւնը ոչ միայն պայքարի, այլեւ խոր սիրոյ ու նուիրուածութեան մասին է՝ ընտանիքին, ընկերներին եւ հայրենիքին: Շուշիի ազատագրումից մինչեւ նրա անձնական կեանքը՝ իւրաքանչիւր քայլում նա ապրել է հայրենիքին ծառայելու համար: Այս պատմութիւնը բացայայտում է, թէ ինչպիսի ուժ կարող է ունենայ մի մարդու հաւատը, երբ նա դիմում է իր սկզբունքներին ու պայքարում ոչ միայն իր, այլեւ ապագայ սերունդների համար:
Մխիթար Աւշարեանը ծնվել է 1965 թ. Փետրուարի 21-ին Արցախի Ստեփանակերտ քաղաքում, մահացել` 2020 թուականի Ապրիլի 8-ին:
Այս հարցազրոյցը անցկացուել է Մխիթար Աւշարեանի կնոջ՝ Սուսաննա Աւշարեանի հետ, ով անկեղծօրէն կիսուել է իր ամուսնու կեանքի ու նրանց ընդհանուր պատմութեան մասին՝ վառ նկարագրելով նրա նուիրումն ու հայրենիքին ցուցաբերած անսահման սիրոյ դրսեւորումները․
_ Շատ ճակատագրական էր մեր ծանօթութիւնը։ Ես սովորում էի Ստեփանակերտի թիւ 7 միջնակարգ դպրոցում, եւ 9-րդ դասարանի աւարտին պէտք է տեղափոխուէի մէկ այլ դպրոց՝ վերջին տարուայ ուսումը շարունակելու համար։ Կանգնած էի ընտրութեան առաջ, թէ որ դպրոցում շարունակեմ կրթութիւնս, եւ ի վերջոյ ընտրեցի թիւ 2 դպրոցը։
Շատ լաւ եմ յիշում այն պահը, երբ դասղեկս ներկայացրեց ինձ նոր դասարանին։ Եկաւ ժամանակը, որ ծանօթանայի համադասարանցիներիս հետ։ Աղմկոտ դասարանը լռեց։ Ես հերթով մօտենում էի, ձեռքս մեկնում եւ ծանօթանում։ Եկաւ Գագիկ Աւշարեանի հերթը. նա ասաց իր անունը, ես՝ իմը։ Յաջորդը Սերգէյն էր։ Նրան էլ ձեռքս մեկնեցի, նա ներկայացաւ։ Բայց երբ հայեացքս ուղղեցի յաջորդին, կարկամեցի։ Երրորդ անգամ, կարծես, տեսնում էի նոյն դէմքը՝ նոյն սանրուածքով, նոյն հագուստով։ Այդ պահին ուղղակի չկարողացայ ասել իմ անունը։ Շատ տարօրինակ զգացողութիւն էր։ Նա ներկայացաւ՝ Մխիթար Աւշարեան, իսկ ես լռութեամբ անցայ յաջորդին։
Մտքում դեռ շարունակում էի ինքս ինձ հարց տալ՝ արդեօք ես նոյն մարդուն տեսայ երեք անգամ, թէ պարզապէս շփոթմունք էր։
Պարզուեց՝ նրանք երեքն էլ ընկերներ էին դեռ առաջին դասարանից։ Զոյգ եղբայրներ՝ Մխիթարն ու Գագիկը, եւ նրանց մտերիմ ընկերը՝ Սերգէյը։ Այդ ամբողջ տարիներին նրանք միշտ նոյն կերպ էին հագնւում, նոյն սանրուածքն ունէին եւ գրեթէ նոյն հասակի էին։ Շատերն չէին տարբերում նրանց։
Դպրոցից յետոյ մեր ճակատագրերը խաչուեցին։ Համալսարանն աւարտելուց յետոյ նա մեկնեց ծառայութեան՝ Խորհրդային բանակ։ Ծառայութիւնից վերադառնալուց յետոյ մենք ամուսնացանք։
Երբ 1988 թուականին սկսուեց արցախեան Ազգային-ազատագրական շարժումը, մենք Ուքրանիայում էինք ապրում։ Այդ ժամանակ արդէն ունէինք երկու զաւակ։ Մխիթարը որոշեց անպայման վերադառնալ հայրենիք եւ միանալ պայքարին, որովհետեւ նրա համար սկզբունքային էր՝ լինել այնտեղ, որտեղ իր հարազատներն ու հայրենակիցներն են, յատկապէս, երբ հայրենիքը զգում էր իր նմանների կարիքը։
Մենք վերադարձանք Արցախ։ Այդ պահից սկսած նա միացաւ ազատագրական շարժմանը։ Սկզբում պարտիզանական պայքար էր. դեռեւս բացայայտ ռազմական գործողութիւններ չկային, սակայն իրավիճակն օր օրի լրջանում էր։ Երբ սկսուեց Խորհրդային Միութեան փլուզման գործընթացը, շատ լաւ յիշում եմ Մխիթար եւ Գագիկ Աւշարեանների աչքերի փայլը։ Ստեփանակերտում տեղակայուած էր խորհրդային զօրամաս, որը շուտով պէտք է դուրս գար, եւ այնտեղ կային հրասայլային ստորաբաժանումներ։ Երբ իմացան, որ այդ հրասայլերը կարող են օգտագործել հայրենիքի պաշտպանութեան համար, անչափ ոգեւորուեցին։
Այդ տարիներին հրասայլ վարողներ գրեթէ չկային։ Բայց Մխիթարն ու Գագիկը, որոնք Գերմանիայում ծառայել էին հրասայլային բրիգադում եւ համարուել լաւագոյն զինուորներից, հիանալի տիրապետում էին տեխնիկային։ Նրանք մեծ խանդավառութեամբ դուրս բերեցին հրասայլերը, այն ժամանակ, երբ դեռեւս բանակ որպէս այդպիսին չունէինք, եւ մասնագէտների պակաս կար։
Ժամանակի պահանջով նրանք սկսեցին հաւաքագրել տեխնիկային գոնէ քիչ թէ շատ ծանօթ մարդկանց։ Հրասայլ վարողներ դարձան տրակտորիստներ, կոմբայնավարներ՝ նրանք, ովքեր տիրապետում էին խոշոր տրանսպորտային միջոցների կառավարմանը։
Այսպէս, Մխիթարը կազմեց առաջին ուսումնավարժական ջոկատը։ Նա հաւաքում էր տղաներին, կազմակերպում արագացուած դասընթացներ եւ մի քանի անգամ հնարաւորութիւն էր տալիս նրանց կրակել հրասայլից։ Իւրաքանչյուր հրասայլի անձնակազմ բաղկացած էր երեք հոգուց՝ հրամանատար, մեխանիկ եւ նշանառու։ Մխիթարը համապատասխանաբար հաւաքագրում էր երեք հոգուց բաղկացած անձնակազմեր։
Մինչ 1994 թուականի Մայիսի 12-ը զոյգ եղբայրներով մասնակցեցին բոլոր ազատագրական մարտերին՝ սկսած Շուշիի ազատագրումից, մինչեւ Ակնա, Ջրական եւ Քարվաճառ։ Մի քանի անգամ վիրաւորուել են երկուսն էլ, բայց նոյնիսկ ձեռնափայտով, դեռ չսպիացած վէրքերով, շարունակում էին մասնակցել մարտերին։
Շուշիի ազատագրումից առաջ՝ Յունուարի 17-ին, Մխիթարը ինձ մեր 4 երեխաների հետ տանում է Աւետարանոց գիւղ՝ իբրեւ աւելի ապահով տեղ, որովհետեւ քաղաքը յամառօրէն ռմբակոծւում էր։ Որոշ ժամանակ անց Մխիթարը վերադարձաւ եւ մեզ Ստեփանակերտ տեղափոխեց, նշելով որ շուտով պիտի մեծ գործողութիւն կատարեն եւ չգիտի ողջ կը գայ տուն, թէ նրան կը բերեն, սակայն ուզում է, որ տիկինը իր զաւակների հետ տանը լինի։
Հետաքրքիր եւ զգացմունքային փաստ է՝ երբ որոշում էին, թէ ո՛ր հրասայլը պէտք է առաջինը բարձրանայ Շուշի, զոյգ եղբայրները սկսեցին վիճել, թէ ո՛վ պէտք է գնայ։ Գագիկը ասաց. «Դու 4 զաւակ ունես, ես միայն մէկ դուստր։ Եթէ դու զոհուես, ես չեմ կարող քո 4 զաւակներին տէր կանգնել, բայց դու կարող ես իմ մէկ զաւակին մեծացնել քո երեխաների հետ»։
Այսպիսով, նրանք հասան ընդհանուր համաձայնութեան, եւ առաջին հրասայլը՝ Գագիկ Աւշարեան, Շահէն եւ Աշոտ անձնակազմով, բարձրացաւ Շուշիի մատոյցներ։
Իսկ Մխիթար Աւշարեանը իր անձնակազմով պէտք է գնար Շոշ գիւղի կողմը եւ ճանապարհը մաքրէր, որպէսզի միւս հրասայլը կարողանար առաջ շարժուել։ Մխիթարը, իմանալով, որ իր զոյգ եղբայրը գտնւում է միւս հրասայլում, աւելի շահագրգռուած էր, որ բոլոր հնարաւոր թիրախները վերացնի։
Առաջին ուղարկուած հրասայլը թշնամու կողմից թիրախաւորուեց։ Գագիկին վիրաւոր վիճակում տեղափոխեցին Ստեփանակերտ, իսկ Աշոտն ու Շահէնը զոհուեցին։ Գագիկը փրկուեց հրաշքով։
Մխիթար Աւշարեանի համար իւրաքանչիւր զինուորը արժէք էր։ Նա երբեք պատահական չէր ընտրում, թէ ում ուղարկել հերթական գործողութեանը։ Միշտ մտածում էր, նոյնիսկ հաշուի էր առնում տղաների տարիքը, թէ նրանք ընտանիք ունեն, թէ ոչ, քանի որ միշտ ասում էր. «Այս պայքարը երբ վերջանայ, պէտք է երիտասարդ տղաներ ունենանք, նրանք պէտք է ամուսնանան, սերունդ ունենան, որպէսզի մեր կորուստները լրացուեն»։
Նա երբեք «ես»-ով չէր առաջնորդւում։ Երբ Ակնան պէտք է ազատագրուէր, Մխիթարը այն ժամանակ գումարտակի հրամանատար էր։ Պատմում են, որ ճանապարհը ականապատուած էր, եւ Ստեփանակերտ-Ակնա կեդրոնական ճանապարհով հրասայլերը մի պահ կանգնած էին, քանի որ ականապատուած էր։ Մխիթարը վերցրեց մի ձող, գնաց մի քանի հարիւր մեթր՝ համոզուելու համար, արդեօք ճանապարհը իսկապէս ականապատուած է, թէ անվտանգ։ Այդպէս հրասայլերը առաջ շարժուեցին։
Տիկին Սուսաննան մէկ նախադասութեամբ նշում է, որ նա աշխարհի ամենաերջանիկ կինն է, քանի որ նրա կողքին Մխիթարն էր՝ օրինակելի ամուսին, զաւակ, ընկեր, հայր եւ հայրենիքի զինուոր։
_ Մենք՝ արցախցիներս, մի լաւ խօսք ունենք՝ «աշկը կոշտ», եւ նա հենց այդպիսինն էր. «Տանիքից ջուր չի կաթում, սոված չես, երեխաները սոված չեն, ուրեմն ապրիր քո համար»։
Մեր սէրը եւ ընկերութիւնը պատահական չէին։ Բացի իմ ամուսին լինելուց, նա իմ ամենամօտ ընկերն էր, ու նրա կարծիքը իւրաքանչիւր հարցում ինձ համար ամենակարեւորն էր, որովհետեւ նա միշտ ճիշդն էր ասում։ Նա միակ մարդն էր, ում ես անվերապահօրէն վստահում էի։
Մխիթարը միշտ ուզում էր, որ երեխաներին հայրենիքին շատ մօտիկից ծանօթացնէր։ Շատ էինք շրջում Արցախով մէկ, վերջին տարիներին արդէն թոռնիկներին էր ուղեկցում։
Տիկ. Սուսաննան վերջին տարիներին սկսել էր հետազօտութիւններ կատարել իր ամուսնու տոհմի վերաբերեալ, ցանկութիւն ունէր տոհմածառ գծել։
Իր հետազօտութիւնների ընթացքում նա պարզեց, որ 1600-ական թուականների շիրմաքար ունէին Աւետարանոց Սուրբ Աստուածածին եկեղեցում։
Աւշարեանների մի ճիւղը սերում էր Աւետարանոց գիւղից, միւսը՝ Մարտունու Շեխէր գիւղից, նաեւ Շուշիից ու Հադրութի շրջանի Տող գիւղից։
Տիկ. Սուսաննան հաւատում է, որ սէրն է ամէն ինչի սկիզբն ու առաջնորդողը։ Սէրը դէպի հայրենիք, հաւատք ու հարազատ մարդիկ։
Տիրուհի Գասպարեան