Նոր գիրք, որում արժէքաւոր վկայութիւններ կան 1896–1919 թուականներին Օսմանեան կայսրութեան հայերի շրջանում գործած գերմանական մարդասիրական առաքելութեան մասին
- (0)

Ցեղասպանութեան թանգարան-ինսդիտուտում տեղի ունեցաւ թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու, Եոհաննէս Լեփսիուսի տուն-արխիւի գիտաշխատող Հայկ Մարտիրոսեանի «Մարդասիրութիւն եւ քրիստոնէական գթասրտութիւն. Օսմանեան կայսրութեան հայերի շրջանում գործած գերմանական առաքելութիւնների պատմութիւնը (1896–1919 թթ.)» գրքի շնորհանդէսին։
Գիրքը ներկայացնում է 1896–1919 թուականներին գերմանական առաքելութիւնների մարդասիրական, կրթական, բժշկական ու հոգեւոր գործունէութիւնը Օսմանեան կայսրութեան հայ բնակչութեան շրջանում՝ ներառեալ Հայոց Ցեղասպանութեան տարիները։ Գիրքը գերմաներէն է։
Խօսելով գիրքը գրելու դժուարին աշխատանքի մասին՝ գրքի հեղինակը նշեց՝ Օսմանեան կայսրութիւնում գերմանական մարդասիրական առաքելութիւնների գործունէութիւնը սկսել է ուսումնասիրել Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում աշխատելու տարիներին, այնուհետեւ շարունակել է Գերմանիայում։ Ուսումնասիրութիւննրից յետոյ գրուել է գիրքը։ Դրանում ուշագրաւ մանրամասներ են ներկայացուած համիտեան ջարդերի, Հայոց Ցեղասպանութեան տարիներին գերմանական առաքելութիւնների գործունէութեան, նրանց որբահաւաք եւ որբախնամ աշխատանքների մասին: Լինելով Օսմանեան կայսրութեան դաշնակից պետութեան քաղաքացիներ՝ հայկական կոտորածների ժամանակ այս առաքելութիւնների գերմանացի անդամներն իրենց դրսեւորում էին որպէս բարեխիղճ քրիստոնեայի՝ յաճախ դէմ գնալով իրենց պետութեան վարած քաղաքականութեանը:
Գրքի հեղինակն ընդգծեց՝ Հայոց Ցեղասպանութեան տարիներին գերմանացի միսիոներները յաճախ յայտնւում էին երկակի դրութեան մէջ․ Գերմանիան պատերազմի մէջ էր, եւ նրա ռազմական դաշնակիցն էր Օսմանեան կայսրութիւնը, ինչը նրանց պարտաւորեցնում էր աջակցելու իրենց հայրենիքին, հետեւաբար նաեւ նրա դաշնակցին։ Միւս կողմից՝ նրանք ունէին քրիստոնէական արժէքներ ու պարտաւորութիւններ՝ յատկապէս իրենց խնամքի տակ եղած որբերի եւ բնաջնջման սպառնալիքի տակ գտնուող քրիստոնեայ ժողովրդի նկատմամբ։ Գերմանական առաքելութիւնների միսիոներները՝ բացառութեամբ մի քանի անձի, նախընտրեցին իրենց քրիստոնէական պարտքը։ Նրանք գթասրտութիւնը եւ մարդասիրութիւնը աւելի վեր դասեցին։ Նրանցից մի քանիսն իրենց այս նուիրման համար վճարեցին կեանքով՝ վարակիչ հիւանդութիւնների կամ կայաններում եղած վատ պայմանների հետեւանքով։
Գրքում մանրամասներ կան նաեւ այն մասին, որ սկսած 1896 թուականից՝ գերմանական առաքելութիւնները որպէս արձագանք Օսմանեան կայսրութիւնում հայերի դէմ իրականացուած համիտեան կոտորածների՝ ակտիւօրէն սկսեցին ծաւալել օգնութեան-փրկութեան աշխատանքներ։ Առաջին հերթին նրանք օգնութեան ձեռք մեկնեցին զգալի թուով հայ որբերի ու այրիների։ Նրանց ներգրաւուածութիւնը Օսմանեան կայսրութեան հայերի շրջանում տեւեց մօտ քառորդ դար՝ 1896-ից մինչեւ 1919 թուականը՝ համընկնելով հայ ժողովրդի պատմութեան ամենաողբերգական ժամանակաշրջանի հետ։
Գերմանական առաքելութիւնները դեռեւս 19-րդ դարի երկրորդ կէսից առանձին հայ երեխաների խնամում ու կրթութիւն էին տալիս իրենց որբանոցներում։ 1896 թուականի կէսերից նրանք սկսեցին աւելի ու աւելի մեծ թուով երեխաների վերցնել խնամքի տակ՝ նրանց, ովքեր կորցրել էին իրենց ընտանիքները համիտեան կոտորածների ժամանակ։ Մինչ համիտեան կոտորածները հիմնուած առաքելութիւնների աշխատանքը համեմատաբար հեշտ էր, քանի որ նրանք ունէին արդէն փորձ ու կայացած հաստատութիւններ։ Նրանք լրացուցիչ միջոցներ էին հաւաքում նոր վերցրած հայ երեխաների խնամքի համար։ Նորաստեղծ առաքելութիւններն այս առումով յաղթահարելու աւելի շատ դժուարութիւններ ունէին։
Միեւնոյն ժամանակ գերմանական առաքելութիւնների կողմից խնամքի տակ վերցուած հայերի թիւը խիստ տարբերւում էր՝ սկսած 20 հոգուց (Երուսաղէմի միութիւն) մինչեւ 2000 հոգի (Օգնութեան միութիւն)։ Միսիոներական կայաններում հիմնուեցին որբանոցներ, դպրոցներ, հիւանդանոցներ, պոլիկլինիկաներ եւ արհեստանոցներ։ Երեխաները որբանոցներում ստանում էին առնուազն տարրական կրթութիւն։ Նրանցից շատերը շարունակեցին ուսումը եւ դարձան ուսուցիչներ։ Հետագայում իրենք էին դասաւանդում առաքելութիւնների տարբեր կայաններում կամ քաղաքների ու գիւղերի դպրոցներում։ Երբեմն հայ երեխաները, աւարտելով դպրոցը, հնարաւորութիւն էին ստանում շարունակելու ուսումը ամերիկեան առաքելութիւնների քոլեճներում։ Որոշ դէպքերում նրանք նոյնիսկ իրենց կրթութիւնը շարունակում էին Գերմանիայում։
«Տարրական կրթութիւնից բաց՝ որեւէ արհեստ սովորելը պարտադիր նախապայման էր որբանոցում մնալու համար։ Այս կերպ առաքելութիւնների կայանները երեխաներին նախապատրաստում էին ապագայում սեփական աշխատանքով ապրուստ վաստակելուն եւ ընտանիք կազմելուն։ Երեխաներն ու երիտասարդները հնարաւորութիւն ունէին սովորելու լայն պահանջարկ ունեցող մասնագիտութիւններ։ Որոշակի քանակութեամբ որբեր հմտանում էին գիւղատնտեսական աշխատանքներում», մանրամասնեց գրքի հեղինակը։
Բժշկական առաքելութիւնը նոյնպէս նշանակալի յաջողութիւնների էր հասնում՝ հիմնադրելով ժամանակի համար նորագոյն հիւանդանոցներ եւ պոլիկլինիկաներ եւ Գերմանիայից ու Զուիցերիայից Օսմանեան կայսրութիւն ուղարկելով բժիշկներ եւ բուժքոյրեր։ Հայ բժիշկները եւս ընդգրկուած էին բուժանձնակազմում՝ յաճախ որպէս գլխաւոր բժիշկների օգնականներ կամ նրանց հետ հաւասարպէս կիսելով այդ ծանրութիւնը։ Գիւղական շրջաններում նրանք յաճախ կատարում էին այցելութիւններ՝ սպասարկելով ոչ միայն հայ, այլ նաեւ մահմետական հիւանդների։ Անձնակազմի բացը լրացնելու նպատակով կազմակերպւում էին բուժքոյրերի եւ մանկաբարձուհիների դասընթացներ։ Կրթուած կադրերի պահանջարկը մեծ էր։ Վերապատրաստուած մասնագէտների, դեղամիջոցների եւ ինտենսիւ խնամքի շնորհիւ հնարաւոր էր լինում արդիւնաւէտօրէն բուժել նոյնիսկ ծանր ու մինչ այդ անբուժելի համարուող հիվանդութիւններ։
Գերմանական կազմակերպութիւնների ներկայացուցիչներն ընդգծում էին, որ իրենց հիմնական նպատակներն էին փրկութեան աշխատանքները, բուժօգնութիւնն ու որբախնամութիւնը, եւ որ իրենց նպատակը մարդասիրական ու քրիստոնէական արժէքների իրագործումն էր։ Տարիների ընթացքում աւետարանականութեան տարածմանն ուղղուած գործունէութիւնն աւելի ակնառու դարձաւ։ Առանձին դէպքերում կայաններում գտնուող երեխաները աւետարանական էին դառնում։
«1909 թուականին Կիլիկիայի կոտորածների ժամանակ գերմանական մի քանի առաքելութիւն ընդունեց հարիւրաւոր նոր որբացած երեխաների եւ բժշկական անձնակազմեր ուղարկեցին առաւել տուժած շրջաններ։ Օսմանեան իշխանութիւնները խոչընդոտում էին որբ երեխաների ուղարկումը տարբեր առաքելութիւնների կայաններ։ Երբեմն Կոստանդնուպոլսում գտնուող գերմանական դիւանագիտական ներկայացուցիչների աջակցութիւնն անգամ չէր բաւականացնում անհրաժեշտ պաշտօնական թոյլտուութիւն ստանալու համար որբերին միսիոնարական կայաններ տեղափոխելու նպատակով», մանրամասնեց Հայկ Մարտիրոսեանը։ Այնուհետեւ Հայկ Մարտիրոսեանը մանրամասներ կերկայացրեց օգնութեան միութիւնների, կայանների մասին։
Հայաստանի օգնութեան գերմանական միութիւնը (հետագայում այն անուանուեց Արեւելքում քրիստոնէական բարեգործութեան գերմանական միութիւն, ապա՝ Օգնութեան միութիւն) հիմնուել է 1896 թուականի Յուլիսի 2-ին Էռնստ Լոհմանի, Եոհաննէս Լեփսսիուսի եւ այլ համախոհների ջանքերով։ Օգնութեան միութիւնն իր առջեւ նպատակ էր դրել միջոցներ հանգանակել համիտեան կոտորածները վերապրածներին։ Յատկապէս որբերին օգնելու համար Գերմանիայում հաւաստի տեղեկութիւններ էին տարածել համիտեան կոտորածների մասին, ստանձնել հայ որբերի խնամքը ինչպէս Օսմանեան կայսրութիւնում, այնպէս էլ Գերմանիայում։ 65 հայ որբի Գերմանիա տեղափոխելուց յետոյ այս մեթոդը դադարեցուեց, քանի որ որբերը կտրւում էին իրենց հարազատ միջավայրից եւ աստիճանաբար օտարանալու վտանգ կար։
Հայաստանի օգնութեան գերմանական միութեան կողմից որբերին աջակցելու աշխատանքները գերազանցապէս Ֆինանսաւորւում էին նուիրատուութիւնների միջոցով։ Համահիմնադիր Էռնստ Լոհմանի՝ մինչ այդ լոյս ընծայած պարբերականները, հետագայում Օգնութեան միութեան պաշտօնաթերթը կարեւոր դեր էին խաղում այս առաքելութեան ինտենսիւ զարգացման մէջ։
Հայաստանի օգնութեան գերմանական միութիւնն ունէր հինգ հիմնական կայան Խարբերդ-Մեզիրէ, Մարաշ, Վան, Մուշ եւ Հարունիէ քաղաքներում եւ երեք տասնեակից աւելի ենթակայաններ։ Այս առաքելութիւնը խնամում էր ամենամեծ քանակութեամբ որբերի։
Առաջին աշխարհամարտից առաջ խնամուող որբերի թիւը շուրջ 2000 էր, իսկ դպրոցներում կրթութիւն էր ստանում աւելի քան 3300 երեխայ։ 1909 թուականին Կիլիկիայի կոտորածների ժամանակ Մարաշի կայանի աշխատակազմը եւ հիւանդանոցը ինտենսիւօրէն ներգրաւուեցին փրկարարական աշխատանքներում։
«Այս հիմնական կայաններից երեքը Հայոց Ցեղասպանութեան սարսափների միջոց անցաւ։ Վանի կայանի սաների մի մասը փրկուեց Կեթհէ Էհրհոլդի ջանքերի շնորհիւ, միւսները՝ իրենց նահանջող ռուսական զօրքերի հետ։ Մուշի կայանն ունեցաւ ամենածանր ճակատագիրը․ բոլոր սաներն ու աշխատակիցները, բացառութեամբ 3-4 հոգու սպանուեցին թուրքերի կողմից։ Հալէպում այս առաքելութեան, ինչպէս նաեւ ամերիկեան ու զուիցերիական աջակցութեամբ 1915 թուականի Դեկտեմբերի վերջին հիմնուած կայանը փրկութեան փոքրիկ օազիս դարձաւ Հալէպով անցնող հայ տարագիրների համար», պատմեց Հայկ Մարտիրոսեանը։
Գերմանական արեւելեան առաքելութիւնն ի սկզբանէ հիմնուել էր մահմետականների շրջանում աւետարանական գաղափարներ տարածելու համար 1896 թուականի Սեպտեմբերի 29-ին Եոհաննէս Լեփսիուսի եւ նրա համախոհների կողմից։ Բայց, յաջորդ օրը Կոստանդնուպոլսում տեղի ունեցած հայերի կոտորածներից յետոյ փոխեց իր նպատակները՝ սկսելով առաւելապէս զբաղուել ցեղասպանութիւնը վերապրածների՝ առաջին հերթին որբերի ու այրիների մասին հոգալու խնդրով։
Հայկ Մատիրոսեանի գրքում մանրամասներ են ներկայացուած նաեւ այն մասին, որ Լեփսիուսը եւ Լոհմանը համատեղ էին գործում, սակայն 1896 թուականի աշնանից նրանց միջեւ որոշ անհամաձայնութիւններ են սկսւում, որի պատճառով դադարում է նրանց համատեղ գործունէութիւնը, բայց համագործակցութիւնը երկու իրարից անկախ առաքելութիւնների միջեւ շարունակւում էր նաեւ հետագայ տասնամեակներին։
Գրքում անդրադարձ է կատարւում նաեւ այն փաստին, որ 1896 թուականի Մայիսին Լեփսիուսը մեկնում է Օսմանեան կայսրութիւն՝ անձամբ տեսնելու կոտորածների հետեւանքները։ Վերադարձից յետոյ նա լոյս է ընծայում «Հայաստանը եւ Եւրոպան» աշխատութիւնը, որը մեծ ազդեցութիւն է ունենում Գերմանիայում մարդասիրական-հայանպաստ շարժման ձեւաւորման ու զարգացման վրայ։ Նրա կողմից տարիների ընթացքում լոյս ընծայուող պարբերականները մեծ ազդեցութիւն ունէին հանգանակութիւնների հաւաքման, տեղեկութիւնների տարածման, աշխատանքների ներկայացման համար։
Գերմանական արեւելեան առաքելութիւնը կայաններ ունէր Տիարպեքիրում եւ Ուրֆայում, Պուլկարիայում ու Պարսկաստանում։ 1900-ական թուականներին Տիարպեքիրում եւ Ուրֆայում խնամւում էր շուրջ 500 երեխայ։ Տիարպեքիրի կայանը թուրքական ճնշումների տակ տարիներ անց փակուեց։ Ուրֆայի կայանն ունէր գորգի գործարան, հիւանդանոց, որբանոցային շէնքեր, արհեստանոցներ։ Ժամանակի ընթացքում նրանց սաների թիւը նուազեց՝ 1913 թուականին հասնելով 150-ի։ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ չնայած անձնակազմի ջանքերին՝ որբանոցի սաների մեծագոյն մասն արտաքսուեցին իրենց հարազատների հետ։ Կայանն օգնութիւն էր ցուցաբերում քաղաքի մօտակայքով անցնող աքսորեալների քարաւաններին։
Կայզերսվերթի գթութեան քոյրերի տունը 1896 թուականին արդէն տասնամեակներ ի վեր կայացած հաստատութիւն էր՝ ունենալով մէկ տասնեակից աւելի կայաններ եւրոպական ու Օսմանեան տարբեր քաղաքներում։ Համիտեան կոտորածների ժամանակ նրանք առաջինը պատրաստակամութիւն յայտնեցին իրենց կայաններում ապաստան տալ հայ որբերին՝ 1896 թուականի Մարտի 24-ին դիմելով հանգանակութիւնների խնդրանքով։ Հայ երեխաների խնամքը նրանք ստանձնեցին Զմիւռնիայի, Պէյրութի եւ Երուսաղէմի կայաններում։ Զմիւռնիայի կայանը փաստացի վերածուել էր հայկական որբանոցի, քանի որ 1890-ականների վերջին այստեղ խնամուող որբուհիների 90 տոկոսը հայ էր։ Տարիների ընթացքում, այնուամենայնիւ, սկսեց նուազել հայ սաների թիւը այս առաքելութեան կայաններում, իսկ Երուսաղէմում դադարեցուեց հայ որբուհիների խնամքը։ 1909 թուականին Կիլիկիայի կոտորածների ժամանակ կրկին մեծ քանակութեամբ որբեր ընդունուեցին այս կայաններ։ Հայոց Ցեղասպանութեան տարիներին շարունակուեց Կայզերսվերթի գթութեան քոյրերի տան գործունէութիւնը, մինչեւ արեւելքում գտնուող կայանները գրաւուեցին անգլիական զօրքերի կողմից։
Սիրիական որբանոցի հիմնադիր Եոհան Լուտուիկ Շնելլէրը դեռեւս 1860-ական թուականներից գործում էր Օսմանեան կայսրութիւնում։ Համիտեան կոտորածների ընթացքում դիմելով իր առաքելութեան նախագահութեանը՝ խնդրում է նրանց համաձայնութիւնը՝ կայանում հայ որբերի խնամքը եւս ստանձնելու համար։ Նրանց Երուսաղէմի կայանում 1890-ականների վերջին 70-ից աւելի հայ որբեր էին խնամւում։ Այս կայանը շարունակեց իր գործունէութիւնը նաեւ Հայոց Ցեղասպանութեան տարիներին՝ մինչ Երուսաղէմի գրաւումը։
Երուսաղէմի միութիւնը հայ սաներին սկսեց խնամել 1897 թուականից։ Թէեւ նախատեսւում էր առնուազն 50 որբեր խնամքի տակ վերցնել, դրա համար նաեւ հանգանակութիւններ էին կատարուել, սակայն Օսմանեան կայսրութեան իշխանութիւնների կողմից յարուցուած խնդիրների արդիւնքում նրանք չկարողացան 30 որբերի տեղափոխել Բեթղեհեմում գտնուող կայան՝ ապաստան տալով միայն 20 հայ որբի։ 1898 թուականին այստեղ բացուեց «Հայկական որբանոցը», որի բացմանը ներկայ էր նաեւ կայսերական ամուսնական զոյգը։ Այս կայանում սաներին հնարաւորութիւն էր ընձեռւում իւրացնելու ամենատարբեր մասնագիտութիւններ, անգամ այդ ժամանակի համար նոր լուսանկարչական գործ։ Հայ սաները կայանում մնացին շուրջ 10 տարի։ Նրանց չափահաս դառնալուց եւ կայանը լքելուց յետոյ նոր հայ որբեր այլեւս չվերցուեցին կայան։
Քրիստոֆելի կոյրերի առաքելութիւնը Մալաթիա քաղաքում իր աշխատանքները սկսեց 1909 թուականի Յունուարին Էռնստ Յակոբ Քրիստոֆելի եւ նրա քրոջ՝ Լուտուիկի կողմից։ Ըստ Էռնստ Յակոբի՝ սպասւում էր Կիլիկիայի կոտորածների ալիքի տարածումը նաեւ Մալաթիայում։ Աւելին, անգամ արդէն պատրաստուել էին այն մարդկանց ցուցակները, որոնք պէտք է առաջինը սպանուէին։ Ըստ նրա՝ այս ցուցակում երրորդն իր անունն էր, իսկ չորրորդը՝ իր քրոջ։ Մինչեւ Առաջին աշխարհամարտը սաների թիւը այստեղ հասաւ 80-ի։ Նրանք կոյրեր էին, տեսողական խնդիրներ ունեցողներ, նաեւ փողոցում մուրացկանութիւն անող ու կայան բերուած սաներ։ Էռնստ Յակոբ Քրիստոֆելը 1914 թ․ գարնանից շուրջ երկու տարի բացակայեց Օսմանեան կայսրութիւնից։ Այդ պայմաններում կայանի ղեկավարումը ստանձնած Հանս Բաուերնֆայնդի ոչ մարդկային կառավարման արդիւնքում կայանի սաների 2/3-ը Հայոց ցեղասպանութեան տարիներին արտաքսուեցին կամ սպանուեցին։ 1916 թ․ Ապրիլին Քրիստոֆելը, վերադառնալով Մալաթիա, ոչ միայն կարողացաւ փրկել աքսորի հրաման ստացած որբերի վերջին խմբին, այլեւ կայանը վերածել փոքրիկ ապաստարանի, ուր ապաստան էին գտնում մուսուլմանական հարեմներից ու ընտանիքներից փախչող ու Մալաթիա հասնել կարողացող հայ կանայք ու որբերը։ Քրիստոֆելի վկայութիւնները բացառիկ են Մալաթիայում Հայոց Ցեղասպանութեան աւելի ուշ շրջանի վերաբերեալ։ Ըստ Քրիստոֆելի՝ 1919-1919 թթ․ նա կարողացել է օգնել կամ փրկել շուրջ 1000 հայերի Մալաթիայի «Բեթեսդա» կայանի շնորհիւ։
Գերմանական կաթոլիկ շրջանակները եւ մասնաւորապէս «Աւետեաց երկրում գերմանական միութիւնը» եւս ներգրաւուեցին համիտեան կոտորածների արդիւնքում որբացած հայ երեխաների խնամքին։ Սակայն նրանք, չունենալով հայ որբերի համար հիմնուած կայաններ, փոխարէնը սերտ յարաբերութիւններ ունենալով Կ․ Պոլսի կաթոլիկ հայ համայնքի ու նրա առաջնորդ պատրիարքի հետ՝ հանգանակուած միջոցներն ուղարկում էին նրան, վերջինս բաշխում էր դրանք ըստ անհրաժեշտութեան, սակայն միայն կաթոլիկ ընտանիքների որբ երեխաների խնամքի համար։ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ եւս նման հանգանակութիւններ իրականացւում էին, սակայն գումարներն այս անգամ բաշխւում էին գերմանացի կաթոլիկ հոգեւորականների միջոցով, քանի որ հայ կաթոլիկ թեմերը ոչնչացուել էին, հոգեւորականների ճնշող մեծամասնութիւնը՝ սպանուել կամ արտաքսուել։
Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ յաղթանակած Անգլիայի եւ Ֆրանսայի պահանջով գերմանացի միսիոներները ստիպուած եղան վերջնականապէս լքել Օսմանեան կայսրութիւնը։ Մեկնելուց առաջ գերմանացիներն իրենց կայանները եւ հայ որբ երեխաների խնամքը փոխանցեցին ամերիկացի միսիոներներին, որոնք վերադառնում էին Օսմանեան կայսրութիւն։ Այդպիսով աւարտուեց գերմանական առաքելութիւնների քառորդ դար տեւած ինտենսիւ եւ բազմաբնոյթ գործունէութիւնը Օսմանեան կայսրութեան հայերի շրջանում։
(Մարդասիրական առաքելութիւնների մասին մանրամասները տրամադրել է գրքի հեղինակը):
Յասմիկ Բալէեան