Յորդորում ենք ՀՀ իշխանութիւններին՝ անյապաղ ազատ արձակել հոգեւոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ

Մենք՝ Հայաստանում եւ Սփիւռքում պաշտօնավարող եպիսկոպոսներս եւ թեմակալ առաջնորդներս, Տիրոջ կամքով համախմբուած Հայոց Սրբութիւն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ ՆՍՕՏՏ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գոհութիւն եւ փառք ենք մատուցում Ամենակարող Աստծուն՝ ծառայական մեր ուխտը վերանորոգելու այս առիթի համար։

Վերահաստատում ենք անսակարկ մեր սէրը, հաւատարմութիւնը եւ ամբողջանուէր ծառայութիւնը Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսին, Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս առաքեալների քարոզութեամբ հաստատուած Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետի տեսիլքով նուիրագործուած քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Խորապէս վրդովուած ենք Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանութիւնների եւ անձամբ վարչապետի հրահրած պախարակելի արշաւի առնչութեամբ, որն ուղեկցւում է հոգեւորականների հանդէպ ատելութեան ու թշնամանքի տարածմամբ եւ անձնական բնոյթի վիրաւորանքներով ու անարգալից արտայայտութիւններով։

Հակաեկեղեցական այս արշաւը ոչ այլ ինչ է, եթէ ոչ աղետաբեր հարուած հայ ժողովրդին եւ հայոց պետականութեանը՝ յատկապէս ազգային կեանքում եւ Հայաստանի շուրջ ծաւալուող գոյաբանական մարտահրաւէրների համատեքստում։ Հայոց Եկեղեցու տկարացումն ու հեղինակազրկումը կարող է ձեռնտու լինել միայն հակահայկական ուժերին եւ հայութեան թշնամիներին։

Խստօրէն դատապարտում ենք տարւոյս Յունիս 27-ին ուժային կառոյցների ներկայացուցիչների ներխուժումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ գերաշնորհ Տ. Միքայէլ Արքեպիսկոպոս Աջապահեանին ձերբակալելու՝ եկեղեցականների եւ հաւատացեալների նկատմամբ բռնի գործողութիւններ իրականացնելու սպառնալիքով։ Տարակուսանք է առաջացնում Միքայէլ Արքեպիսկոպոսին հարկադրաբար բերման ենթարկելու որոշումը, երբ նա պատրաստակամութիւն էր յայտնել կամովին ներկայանալ իրաւապահ մարմիններին, ինչը եւ տեղի ունեցաւ։

Իշխանութիւնների հակաեկեղեցական քաղաքականութեան ցայտուն դրեւորումներից է նաեւ ազգային բարերար տիար Սամուէլ Կարապետեանի ազատազրկումը, որը կապուած է Հայոց Եկեղեցին պաշտպանելու նրա յայտարարութեան հետ։

Իշխող քաղաքական ուժի համակարգուած քարոզչութեան պայմաններում ծանր մեղադրանքներով յարուցուեց քրէական հետապնդում եւ ազատութիւնից զրկուեց նաեւ Գերշ. Տ. Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանեանը։

Հոգեւոր մեր եղբայրների, ազգային բարերարի եւ նրանց հետ կապակցուող մեր հայրենակիցների նկատմամբ հետապնդումները բացայայտօրէն ուղեկցւում են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան պաշտօնատար անձանց հրապարակային ուղղորդումներով եւ ատելութեան խօսքի տարածմամբ՝ մինչ դատարանի դատավճիռը արդէն իսկ մեղաւորներ կարգելով նրանց։ Իշխանութեան նման գործելաոճը կոպտօրէն ոտնահարում է ՀՀ Սահմանադրութեամբ երաշխաւորուած անմեղութեան կանխավարկածի եւ իշխանութիւնների բաժանման սկզբունքները, բացայայտում է, որ գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ, որով եւ կասկածի տակ է դրւում դրա օրինականութիւնը։

Յորդորում ենք ՀՀ իշխանութիւններին՝ անյապաղ ազատ արձակել հոգեւոր մեր եղբայրներին, ազգային բարերարին եւ նրանց հետ կապակցուող մեր հայրենակիցներին եւ գործել բացառաբար օրէնքի շրջանակներում՝ ապահովելով նրանց արդար դատաքննութեան իրաւունքը։ Անհանդուրժելի ենք համարում ինչպէս իշխանութեան, այնպէս եւ որեւէ մէկի ոտնձգութիւնը ուղղուած Հայրապետական Աթոռին եւ եկեղեցական կանոնական սկզբունքներին։

Որդիական խոնարհութեամբ եպիսկոպոսաց դասս եւ թեմակալ առաջնորդներս մեր հաւատարմութիւնն ենք յայտնում Հայոց Եկեղեցու ազգընտիր գահակալին՝ ՆՍՕՏՏ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հայոց Եկեղեցին, բարձրագոյն մարմին ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովը, յետայսու եւս ղեկավարուելու է դարերով սրբագործուած իր ընթացակարգերով՝ բացառելով արտաքին որեւէ միջամտութիւն։

Հայոց Եկեղեցու հոգեւոր դասը Հայաստանում եւ ի սփիւռս շարունակելու է տարածել Յիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետութիւնը եւ հոգեւոր ու ազգային ոգով կրթել մեր ժողովրդի զաւակներին՝ հոգածու եւ պատշաճ արձագանգելով թէ՛ ներազգային ու ներպետական, թէ՛ արտաքին մարտահրաւէրներին՝ իրացնելով ճշմարտութեան խօսնակ լինելու Տէրունի պատգամը (հմմտ. Յովհ. 8.32)։

Կոչ ենք ուղղում մեր Սուրբ Եկեղեցու զաւակներին՝ հաստատուն մնալ առ Աստուած հաւատքի մէջ, հաւատարիմ՝ ազգային սրբութիւնների ու նուիրական արժէքների պաշտպանութեան դիրքերում եւ չտրուել պառակտիչ գործողութիւնների։

Աղօթում ենք, որ Երկնաւոր Տէրը խաղաղութեան մէջ արդար, բարօր եւ ապահով պահի Հայաստան մեր հայրենիքն ու աստուածօրհնեալ հայ ժողովրդին, անսասան՝ Իր իսկ հիմնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը յենասիւնն է հայոց ինքնութեան եւ պետականութեան, ու ծաղկեալ՝ Հայրապետական գաւազանը Հայոց Հայրապետի։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին