Յայտարարութիւն. ՀՅԴ Բիւրոն իր անվերապահ աջակցութիւնն է յայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր, երբ հաւաքական հայ ժողովուրդն անվտանգային լրջագոյն մարտահրաւէրներ է դիմագրաւում, երբ յաղթահարուած չեն Հայաստանին եւ հայ ժողովրդին ուղղուած գոյութենական սպառնալիքները, երբ ազգային համախմբումն ու միասնականութիւնը կենսական անհրաժեշտութիւն են, իշխող վարչախումբը բացայայտ արշաւ է սկսել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա Ազգընտիր Հայրապետի եւ Եպիսկոպոսաց դասի նկատմամբ։

Մեր ինքնութեան կարեւորագոյն հիմքերից մէկի նկատմամբ վարչախմբի արգահատելի նպատակադրումներն ու հռետորաբանութիւնն ակնյայտօրէն ապազգային են եւ հակասահմանադրական։

Աներկբայ է, որ զազրելի ցեխարձակումները համընկան արտաքին հարթակներում ազգային շահերի եւ արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ ՀԱԵ նախաձեռնութիւնների հետ։

Ակնյայտ է նաեւ, որ իշխանութիւնների ոտնձգութիւններն հունաւորուեցին թշնամի երկրի «կրօնապետի» անբարոյ եւ ստահոդ յայտարարութիւններին, ինչպէս նաեւ որոշ շրջանակների կողմից Հայաստանում կրօնական ազատութիւնների թեման շահարկելու, Հայոց ազգային եկեղեցու սահմանդրօրէն ամրագրուած պատմական առաքելութիւնն ու կարգավիճակը խաթարող նպատակադրումներին զուգահեռ։

Հայ ժողովրդի կեանքում Հայ եկեղեցու պատմական բացառիկ դերակատարութիւնը չարժեւորելն ու վերջինիս թիրախաւորելը ոչ միայն թշնամական շահեր է սպասարկում, այլեւ խորացնում է երկրում տիրող արժէքային ճգնաժամը, թուլացնում մեր հաւաքական դիմադրողականութիւնը, նսեմացնում հավատաւոր հայ ժողովրդի նուիրական զգացումներն ու արժանապատուութիւնը։

ՀՅԴ Բիւրոն իր անվերապահ աջակցութիւնն է յայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, խստօրէն դատապարտում է իշխող վարչախմբի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ քայքայիչ, հակապետական գործողութիւնները եւ յայտարարում է, որ համակայկական կառոյցի ողջ կարողականութեամբ եւ միակամութեամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին է՝ յանուն հայ ժողովրդի հաւաքական իղձերի եւ Հայոց պետականութեան զօրացման։

ՀՅԴ Բիւրօ