Մոսկուայում մեկնարկեց ՀՕՄ-ի Մոսկուայի կառոյցի ծննդեան 4-ամեակի բարեգործական երեկոն
Արցախեան քառասունչորսօրեայ պատերազմի նահատակ զինուորների յիշատակի լռութեան րոպէով մեկնարկեց Հայ օգնութեան միութեան Մոսկուայի կառոյցի ծննդեան չորս ամեակի առիթով մեկնարկած «Միասին փրկենք կեանքեր» բարեգործական երեկոն։ Այս անգամ մոսկուայաբնակ հօմուհիները իրենց ծննդեան տօնի շրջանակում հանգանակուած գումարով պատրաստւում են օգնել հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կամ Զինուորի տանը բուժուող ու ապաքինուող մեր տղաներին։ Դեռ չորս տարի առաջ էր երբ մէկ դար ու երկու տասնամեակ առաջ ձեւաւորուած ու աշխարհի 27 երկրներում գործող Հայ Օգնութեան Միութիւն համահայկական բարեգործական կառոյցին միացան նաեւ Մոսկուայի հօմուհիները։ Հաւատարիմ իրենց առաքելութեանը՝ ՀՕՄ-ի Մոսկուայի կառոյցը սկսեց իրականացնել օգնութեան ու աջակցութեան տարբեր ծրագրեր։ Սկզբում համավարակի, այնուհետեւ աղէտալի պատերազմի ժամանակ ու դրանից երկու տարի անց, երբ կար կորուստ ու ցաւ, որբ մնացած երեխաներ ու հաշմանդամ զինուորներ նրանք կազմակերպեցին տարբեր միջոցառումներ, բարեգործական երեկոներ եւ հանգանակուած գումարներով կեանքի կոչեցին մի շարք բարեսիրական ծրագրեր։
Բարեգործութեան հարիւրամեայ աւանդոյթներով ՀՕՄ-ի համահայկական մեծ ընտանիքը տեւական ժամանակ է ինչ գտնւում է Զինուորի տան կողքին, արդէն հասցրել են ստանալ Զինուորի տան բարեկամի կոչում։ Նրանց միանում է նաեւ ՀՕՄ-ի Մոսկուայի մասնաճիւղը ու ծննդեան օրուայ բարեգործական երեկոն դրա մեկնարկն էր։ Իսկ մինչ այդ Մոսկուայի հօմուհիները երախտիքի խօսքեր ու շնորհակալութիւնն են ասում քառասունչորսօրեայ պատերազմի ժամանակ կռուած մի ձեռքին զէնք, միւսին բժշկական պայուսակ բռնած տղաներին, ու նաեւ համավարակի օրերին մարդասիրութեամբ կեանքեր փրկած բժիշկներին։
Վիրաւոր զինուորների կողքին լինելու, ապրելու եւ բոլորիս ապրեցնելու կամքն ու բանաձեւն է համախմբել Մոսկուայի հօմուհիներին։ Համեստ ու խոնարհ հայուհիների, ովքեր չորս տարի շարունակ լուռ, առանց աւելորդ գովազդի եւ ցուցադրականութեան, հայ մօրն ու կնոջը յատուկ հոգատարութեամբ կեանքի են կոչում իրենց բարեգործական ծրագրերը, գումարը հանգանակում յաճախ իրենց իսկ ձեռքով պատրաստուած աշխատանքները ներկայացնելով։
Միասին ոչ միայն կեանքեր փրկելու ու բարեգործական ծրագրեր այլեւ ռուս-հայկական հումանիտար ոլորտում համագործակցութեան ու ներդրման համար ՀՕՄ-ի Մոսկուայի կառոյցը բարեմաղթանքներից բացի շնորհակալագրեր ստացաւ մի շարք հասարակական կառոյցներից ու ՀՀ դեսպանատան Մշակութային կենտրոնի կողմից։