«Մեր գիտութեան պատասխանը պէտք է նաեւ միջազգային լեզուներով հասանելի դարձնել համաշխարհային գիտական հանրութեանը». փրոֆ. Ռուբէն Մելքոնեան

Համշէն՝ հայոց պատմութեան եւս մի թաքնուած բանալի – Բ.

Պատրաստեց Յասմիկ Պօղոսեանը

Լուսանկարը՝ Լուսինէ Սահակեանի

…Համշէնի մասին մեր զրոյցը շարունակենք նաեւ ԵՊՀ (Երեւանի Պետական Համալսարան) Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ, փրոֆեսոր Ռուբէն Մելքոնեանի հետ: Իր հերթին նա բազմաթիւ կարեւոր դիտարկումներ է ներկայացրել՝ կապուած Համշէնի պատմութեան թուրք-ատրպէյճանական կեղծարարութիւնների հետ: Նրա համոզմամբ ՝ մենք պէտք է ձգտենք, որպէսզի մեր գիտնականների խօսքը հասնի աշխարհին: Ներկայացնում ենք Ռուբէն Մելքոնեանի հետ մեր զրոյցը, որը լրացուցիչ կարեւոր շեշտադրումներ է հաղորդում քննարկուող նիւթին: Այս թեման վեր հանելը կարեւոր է նաեւ նրանով, որ թուրք-ատրպէյճանական շրջանակները պատմութիւնը խեղաթիւրելու եւ յարձակման հիմնական թիրախը դարձրել են Լուսինէ Սահակեանին, ով տարիներ շարունակ դաշտային աշխատանքներ է կատարել Համշէնում, հեղինակել բազմաթիւ գրքեր՝ ամուր հիմքերի վրայ դնելով մեր պատմագիտութեան  համար յոյժ կարեւոր այս բնագաւառը:

ՌՈՒԲԷՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ – Համշէնն այսօր շարունակում է մնալ իւրայատուկ տարածք եւ չնայած թուրքական խեղաթիւրումներին, բռնի իսլամացմանը այն մեծապէս պահպանել է իր հայկական բնութագիրը, որը դրսեւորւում է ինչպէս սովորոյթների, բանահիւսութեան, այնպէս էլ տեղանունների պարագայում:

Պատմական սկզբնաղբիւրները վկայում են, որ Համշէնը եղել է հայ հոգեւոր-մշակութային կենտրոն եւ կարեւոր դեր է խաղացել Հայոց պատմութեան մէջ: Իսկ ի՞նչ են ասում թուրքական պատմագիտական շրջանակները, որոնք միշտ էլ աչքի են ընկել պատմութիւնը կեղծելով:

– Նրանք շարունակում են իրենց բնորոշ ոճը, որը կապ չունի ոչ միայն պատմագիտութեան, այլեւ տրամաբանութեան հետ: Սակայն կարծում եմ, որ օբյեկտիւ գիտութիւնը վաղուց դրա պատասխանը տուել է, իսկ պատմակեղծարարների հետ բանավիճելը ժամանակի զուր կորուստ է:

Մինչ այս պահն ի՞նչ ուսումնասիրութիւններ են տարուել հայ գիտնականների կողմից՝ Համշէնի պատմութեան խեղաթիւրման դրսեւորումներին իրական պատմութիւնը հակադարձելու ուղղութեամբ:

– Մեր գիտութիւնը, կարծում եմ, շատ շնորհակալ գործ է արել Համշէնի պատմութեան, մշակոյթի, բարբառի հետ կապուած, կայ հաւաքուած լաւ աղբիւրագիտական հենք, բազմաթիւ արժէքաւոր ուսումնասիրութիւններ: Այդ ամէնը ներկայումս էլ հարստանում է նոր աշխատանքներով. կարելի է առանձնացնել Սերգէյ Վարդանեանի, Լուսինէ Սահակեանի աշխատութիւնները եւ նրանց կարեւոր, անձնուրաց գործունէութիւնը:

Պարո՛ն Մելքոնեան, թուրքերն ամէն գնով ժխտելով Համշէնցիների հայկական արմատները՝ փորձել են անգամ մարդաբանութեան ոլորտին առնչուող նիւթեր հրատարակել՝ նրանց դուրս  թողնելով Armenoid ցեղէն: Ի՞նչ նպատակ է հետապնդում Համշէնցիների հանդէպ այս ժխտողական, յաճախ նաեւ՝ ատելութեան թիրախաւորուած քարոզը:

– Նպատակը մէկն է՝ ստեղծել իրենց ցանկալի թուրքական միջավայր եւ ապացուցել, որ թուրքերը այս տարածքներում բնիկ են, ինչը կրկին որեւէ կապ չունի իրականութեան հետ: Այդ պարագայում թիրախ են ամէն ինչ՝ այդ թւում եւ մարդաբանական ծագումը:

Համշէնցիների պատմութեան խեղաթիւրման գործին լծուել են նաեւ ատրպէյճանցիները: Նրանք, իւրացնելով քաղաքակրթութիւն ստեղծած ժողովուրդների պատմութիւնն ու մշակոյթը, ձգտում են իրենց վերագրել հարուստ անցեալ: Բայց գիտական հենքից զուրկ նման փորձերը, պատմական կեղծարարութիւնները միշտ էլ դատապարտուած են ձախողման: Անդրադառնալով այս հարցին՝ փրոֆեսոր Ռուբէն Մելքոնեանն իր հերթին վերահաստատում է հետեւեալ ճշմարտութիւնը.

– Թուրքիայի կրտսեր եղբայրները կեղծիքի, վայրագութիւնների, ցեղասպանութիւնների, խեղաթիւրումների մէջ փորձում են ետ չմնալ աւագ եղբայրներից եւ բացառութիւն չէ նաեւ այս ոլորտը:

Պարո՛ն Մելքոնեան, գիտենք, որ Համշէնի պատմութեան նենգափոխման նպատակներով ատրպէյճանական ռազմավարական կենտրոնները գրքեր են հրատարակում: Ձեզ յաջողուե՞լ է դրանց ծանօթանալ: Ի՞նչ դրսեւորումներ են ստացել Համշէնի մասին ապագիտական մեկնաբանութիւնները:

– Անձամբ ես առիթ չեմ ունեցել ծանօթանալ այդ գրքերին, սակայն տեղեակ եմ իմ գործընկերների եւ առաջին հերթին՝ Լուսինէ Սահակեանի միջոցով: Գնահատականս մէկն է` դրանք որեւէ կապ չունեն իրականութեան եւ գիտութեան հետ:

Համշէնի հայկական անցեալը մնում է անժխտելի: Դրա վկայութիւնը Լուսինէ Սահակեանի «Համշէնը հայկական ձեռագրերում» գիտական մենագրութիւնն է, որի առթիւ փրոֆեսոր Ռուբէն Մելքոնեանը հետեւեալ գնահատականն էր տուել: «Այս գիրքը մեր գիտութեան պատասխանն է թուրքական ժխտողականութեանը»: Եւ այսօր էլ վերահաստատում է իր խօսքերը, որոնք ուղղուած են պատմութեան կեղծարարներին:

– Համշէնը եղել է քրիստոնէական կարեւոր կենտրոն՝ Հայ Առաքելական եկեղեցու կարեւոր թեմերից մէկը, այսինքն՝ քրիստոնեայ օճախ, բնականաբար, քրիստոնեայ բնակչութեամբ: Տարիներ, տասնամեակներ թուրքական քարոզչամեքենան փորձել է հերքել Համշէնի իւրայատուկ ինքնութիւնը եւ ներկայացրել, թէ փաստեր չկան: Նրանց միացել է նաեւ ատրպէյճանական պրոպագանդան, որ քարոզում է, թէ Համշէնում որեւէ հայկական հետք չկայ ու չի էլ եղել: Լուսինէ Սահակեանի գիրքը, ես կարող եմ ասել՝ մեր գիտութեան պատասխանն է:

Թուրքերն ու ատրպէյճանցիները շարունակում են պատմութեան էջերից ջնջել հայկական հետքերը: Ձեր գնահատմամբ՝ ճիշդ ժամանակը չէ՞, որ Լուսինէ Սահակեանի այս մեծարժէք աշխատութիւնը թարգմանուի նախեւառաջ թուրքերէն եւ դրուի իրենց ընթերցողների սեղանին:

– Կարծում եմ, որ այդ արժէքաւոր գիրքն անպայման պէտք է թարգմանուի ոչ միայն թուրքերէն, այլեւ՝ ռուսերէն եւ անգլերէն: Մեր գիտութեան պատասխանը նաեւ միջազգային լեզուներով պէտք է հասանելի դարձնել համաշխարհային  գիտական հանրութեանը:

…Համշէնը շարունակում է ապրել իր հարուստ անցեալի ու ներկայի խաչմերուկներում (ինչպէս դիպուկ բնորոշել է Լուսինէ Սահակեանը իր՝ «Համշէնը անցեալի եւ ներկայի խաչմերուկներում» վաւերագրական ֆիլմում): Իսկ հայ գիտնականները շարունակում են վեր հանել Պատմական Հայաստանի այս գաւառակի հնամենի  պատմութիւնը: Եւ մենք շարունակելու ենք ներկայացնել մեր Համշէնագէտների ուսումնասիրութիւնները՝ Համշէնի ու մեր կարեւոր մասնիկը հանդիսացող Համշէնցիների մասին:

Պատրաստեց Յասմիկ Պօղոսեանը

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.