Մարդակերութիւն
…Ու այս ի՞նչ երկրում ենք մենք մինչեւ հիմա ապրել: Նկատի չունեմ կոռումպացուած, նկատի չունեմ ամառանոց-զինանոցներով, իբր երկրապահներով, յանուն նրա մեքենայի տակ պառկող կանանցով, զինուորի հացը գողացողներով, նկատի ունեմ երկիր, որտեղ անբարոյականութիւնն այնքան մեծ է եղել, որ բարոյականներին փողոցում պատահաբար տեսնելիս յոտնկայս ծափահարում ենք:
Խնդիրն այն չէ, որ մեզ մինչեւ հիմա խաբել են, մեզ կամ 3-րդ դասարանցի Նաթալիին, ով ու նրա նման ու տարիքի շատերը նամակ են գրել հայ զինուորին, բայց նամակն այդպէս էլ տեղ չի հասել, խնդիրը սա չէ, քանի որ մեզ շարունակելու են խաբել` անկախ նրանից, թէ ԱԱԾ-ն (Ազգային Անվտանգութեան ծառայութիւն) որքան քաջ ու յամառ կը լինի, հետեւողական ու թափանցիկ կ’աշխատի, արդար ու ազնիւ կը գործի: Որտեղ երկու մարդ, այնտեղ` սուտ, որտեղ երեքը, այնտեղ` կոռուպցիա, որտեղ չորսը, այնտեղ` յանցաւոր պայմանաւորուածութիւն…
Խնդիրն այն է, որ մեր միջից հոտած մթերքի հոտ է եկել, բայց մենք չենք զգացել, գարշահոտութիւնը բնութեան բոյրի տեղ դրած ապրել ենք: Փրկարարը ոտքով սարերն է բարձրացել, քանի որ ձիւնագնաց չունի, սպան ոտքով մարտական հեռաւոր յենակէտ է գնացել, քանի որ զինուորական ամենագնաց չունի, մարտում վիրաւորուած զինուորը հիւանդանոցի ճամբին մահացել է, քանի որ բժշկական աւտոմեքենայ չկայ, մէկ ուրիշ վիրաւոր զինուորի ձեռքին ընկերը սանտաւիկ չի դրել, քանի որ դրանից էլ չկայ, մարտական յենակէտի պաշտպանը զոհուել է` այն թշնամուն յանձնողին հայհոյելով, քանի որ փամփուշտ չունի… Ու ապրել ենք:
Մեր կողքին էլ մարդիկ են ապրել ու ոնց են ապրել ու ոնց են ապրելու ու ինչո՞ւ են ապրելու… Չարքի անունը հերոս դրած` խոնարհուել ենք նրա անառարկելիութեան առջեւ, մի քիչ էլ դիմանար, արձան կը դնէինք, չէ՞ որ հերոս է… Ու այս հերոսներով ինչպէ՞ս ենք յաղթել ու ինչպէ՞ս ենք քնում: Լա՛ւ, նրանց սիրտը հանած է, տեղը երկաթ են դրել, հոգի չունեն, աչքերով նայում են մանուկների` զինուորին գրած նամակներին ու բացում են գազանների երախը, բա՛ մե՞նք: Մենք էլ հօ՛ մարդ ենք, տէ՛ արջ չենք, վագր չենք, սիրտ ունենք, հոգի ունենք, ցաւ ունենք, դրան այլեւս չդիմանալու ուժերի խիստ բնական պակաս ունենք, օրուայ զայրոյթից արտասուելու ու տարիներով արտասուելուց զայրանալու ներքին մղումներ ունենք: Էս ո՞նց ենք դիմացել ու այս ո՞ւր ենք հասել, սրանց ձեռքին չէ՛, մեր խելքից:
Անմեղութեան կանխավարկա՞ծը… Սպասենք` մեղադրանքը հաստատուի, դատարանը մեղաւոր ճանաչի, նո՞ր: Գիտէ՞ք` մեր մէջ առաջացած գարշահոտութիւնը արդարութեանը երկար սպասելուց է, մեր լաւ օրերը մեր տառապանքի գնով մեր երեխաներին կտակելուց է, ինչպէս արել են մեր ծնողները մեզ համար, ու ինչպէս նրանք սխալուել են, փաստօրէն:
Ու ես չգիտեմ, թէ ե՞րբ է պատրաստւում Արցախի Հանրապետութիւնը յետ վերցնել հերոսի կոչումը կամ պատրաստւո՞ւմ է արդեօք, ես չգիտեմ, թէ ի՞նչ են ուտելու վագրերն ու արջերը, չգիտեմ նաեւ, թէ ի՞նչ է լինելու ԵԿՄ-ի հետ` այն պարագայում, երբ երկրապահ լինելու համար պարտադիր չէ միութիւն ունենալ ու դրա անդամ լինել: Ես երկու բան գիտեմ` ԱԱԾ-ն այս դէպքից յետոյ նոր բացայայտումներ է անելու լրիւ ուրիշ ոլորտներում… Եւ երկրորդը` ամէն մէկին մի՛ ասէք` հերոս, շատ հնարաւոր է, որ նա մարդակեր է…
Յովիկ Աֆեան
«Երկիր»