Հրաժեշտ Արցախին
Մեր տանը ճամպրուկ չկար, որովհետեւ մենք երբեք մի շաբաթից աւելի շատ հեռու չենք գնացել ու միտք էլ չունէինք…
Նստել եմ բազմոցին ու նայում եմ մեր տան թանկարժէքին` գրադարանիս. այն ոչ մի պայուսակում չեմ կարողանում տեղաւորել:
Մեր տան ամենաթանկարժէքը` ամուսնուս զինուորական համազգեստները, որով նա երեք պատերազմ է անցել ու իմ տօնական զգեստները, որով ես բազում տօնական միջոցառումներ եմ վարել, վառել ենք մեր տան բակում:
Մենք սխա՞լ ենք ապրել, գուցէ…
Տէ՛ր, ողորմեա…
Ես ուզում եմ ներողութիւն խնդրել իմ ժողովրդից. այնքան եմ միշտ լաւը փնտռել, որ չեմ նկատել վատը…
Որ չնայած սեւ սրտիս` միշտ կարմիր եմ ժպտացել…
Որ ուզում եմ պինդ գրկել նրան ու ցաւը շալակել, բայց անզօր եմ…
Սիրելի՜ս, ներիր, որովհետեւ իմ իւրաքանչիւր խօսք սրտիցս էր…
Ես ուզում եմ ներողութիւն խնդրել իմ երկրից, որ չեմ հասցրել նրա բոլոր ղաշանկ (գեղեցիկ) անկիւնների մաքուր օդը զգալ, ոչ բոլոր անտառներով ու գետերով զմայլուել, ոչ բոլոր եկեղեցիներում ու մատուռներում աղօթել…
Սիրելի՜ս, ներիր, որ ուժեղ չգտնուեցի քո գրկում մեռնելու համար…
Ես հիմա գիտեմ` մեռնող մարդն էլ երազանք է ունենում…
Մեռնող արցախցին` Արցախում մեռնել եւ, որ հողը ների մեր բացակայութիւնը…
Ես գնում եմ ընդամէնը երկու գիրք տանելով` Աստուածաշունչն ու Արցախի Հանրապետութեան ատլասը…»:
ԾՈՎԻՆԱՐ ԲԱՐԽՈՒԴԱՐԵԱՆ
«Արցախի Հանրային հեռուստատեսութիւն
խմբագիր հաղորդավար»
Comments are closed.