ՀՅԴ 130-ամեակ. կենսունակութիւնը պահելու հրամայականը

Պատահական չէ, որ այսօրուան ճակատագրական օրերին Արցախի ու Հայաստանի իրաւունքների համար, երկրում ազգային ու բանիմաց իշխանութիւն հաստատելու նպատակով դարձեալ առաջին գծի վրայ կանգնած է Դաշնակցութիւնը… Մենք մշտապէս անհրաժեշտութիւնն ունենք թարմացնելու մեր ասելիքն ու գործելակերպը, եւ այս գործում ամէնէն ընկալելի օրինակն ու ամենաճկունը ի հարկէ երիտասարդ սերունդն է:

Արտաշէս Շահբազեան

Որն է կուսակցութիւների կենսունակութեան գաղտնիքը: Կարծում եմ պատասխանը պարզ է՝ կուսակցութեան կենսունակութիւնը պայմանաւորուած է նրանով, թէ որքան են վերջինիս գաղափարներն ու նպատակները պահանջուած տուեալ հասարակական-քաղաքական միջավայրում:

Այն պատմական ժամանակահատուածում, երբ ստեղծուեց Դաշնակցութիւնը, աշխարհը փոթորկւում էր պատերազմներից եւ յեղափոխութիւններից: Դաշնակցութեան  պատմագրութիւնը  վկայում է, որ  ՀՅԴ  հիմնադիրները եկան մասնաւորապէս ռուսական յեղափոխական միջավայրերից: Այդ յեղափոխական տարբեր հոսանքները, որոնց հարում էին օրինակ  Քրիստափոր Միքայէլեանը, Սիմոն Զաւարեանը եւ Ռոստոմը նոյնպէս պայքարում էին իշխող բռնապետութեան դէմ, բայց նրանց պայքարի  բնոյթը ժողովրդավարական եւ ընկերային-դասակարգային էր:

Այդ նպատակների մէջ բացակայում էր ազգային հարցը, այսինքն խնդիր դնելով ազատուելու բռնակալ ռեժիմներից եւ շահագործող խաւերից, Յեղափոխական հոսանքներն իրենց առջեւ նպատակ չէին  դրել պայքարելու նաե՛ւ  կայսերական ռեժիմների կողմից գաղութացուած ժողովուրդների հաւաքական կամ ազգային իրաւունքների, ազատութիւնների եւ  այլ հիմնահարցերի համար: Եթէ փորձենք գնահատել մեր կուսակցութեան հիմնադիրների մեծութիւնը՝ ելնելով նրանց գործի արժէքից, վերջիններս լուծել են,  որ  կուսակցութեան գաղափարական  հիմքում դրել են ազգային արժէքներն ու երազանքները:  Դեռ կուսակցական գաղափարախօսութեան ձեւաւորումից ու բիւրեղացումից առաջ, որպէս տեսական  հիմքի  շաղախ,  նրանք ընտրել են ազգային ազատագրութեան, անկախ պետականութեան ու ժողովրդի ազատ ինքնիշխան ապագայի վերաբերեալ այն գաղափարները, որոնք սերմի պէս ցանուած էին 19-րդ դարի հայ ազգային  մտաւորականութեան ու գործիչների  աշխատասիրութիւններում:

Յիշենք  դրանց  թւում Խաչատուր Աբովեանի <<Վէրք Հայաստանի>> վէպը, Ռաֆայէլ Պատկանեանի հայրենասիրական բանաստեղծութիւնները, Խրիմեան Հայրիկի հայակերտ  քերթուածքները  Միքայէլ Նալպանտեանի  ազատասիրական բանաստեղծութիւններն ու ազգային պետութեան կերտման ծրագրի նախագիծ յիշեցնող <<Երկրագործութիւնը որպէս ուղիղ ճանապարհ>> գործը եւ ի հարկէ Րաֆֆու  պայքարի կոչող պատմավէպերն ու  միւս ստեղծագործութիւնները: Ի  դէպ կարելի է պատկերաւոր ասել, որ մինչեւ կեանքի  կենդանի արահետների վրայ հայ ֆիտայիների ոտք դնելը նախ նրանք ծնուեցին ու հերոսացան  Րաֆֆու վէպերում եւ պայքարի կայծեր  վառեցին երիտասարդ սերունդների սրտերում: Անկախ նրանից, թէ հետագայ տարիներին որքան խմորուեց, տեսական ձեւ ու կերպարանք առաւ Դաշնակցութեան գաղափարախօսութիւնը,  ըստ էութեան հիմքում մնացին ազգային գրականութեան, մշակոյթի եւ  ժողովրդի հոգու մէջ  ծլարձակած  նոյն երազանքները:

Չմոռանանք, որ Դաշնակցութիւնը եւս  ստեղծուեց որպէս յեղափոխական կուսակցութիւն, սակայն նրա յեղափոխական էութիւնը պայմանաւորուած էր ազգային ազատագրական պայքարի տեսլականով եւ միտուած էր արեւմտահայութեան ազգային իրաւունքների ձեռք բերմանը: Այնուհետեւ այդ պահանջին գումարուեց նաեւ արեւելահայութեան դատը: Դաշնակցութեան յեղափոխական գաղափարախօսութիւնը նաեւ արմատական փոփոխութիւնների անհրաժեշտութիւնն էր  ժողովրդի ընկերային  կեանքում, ինչը այսօր ոչ միայն չի կորցրել արդիականութիւնը, այլեւ՝ մնում է օրախնդիր, բնականաբար, ներկայ կեանքի մարտահրաւէրներից  բխելով:

Տարիները տասնամեակները եւ արդէն երրորդ դարը յաջորդում են իրար, իսկ Դաշնակցութիւնը շարունակում է մնալ կենսունակ, որովհետեւ կենսունակ եւ պահանջուած են մնում հայութեան հիմնական երազանքներն ու ձգտումները, որոնք   եղել եւ մնում են Դաշնակցութեան անփոփոխելի  ուղենիշներն ու վերջնանպատակները:

Հայ մարդու երազանքը, արդէն քանի դար, եղել է պատմական հայրենիքի ազատագրումը, անկախ հայրենիքում ազատ հայութեան համախմբումը եւ սեփական ազգային կեանքի ինքնուրոյն կազմակերպումը:

Մեզ թուաց,  որ այդ նպատակների որոշ  մասը վերջնականապէս իրականացաւ Արեւելեան Հայաստանի մէկ հատուածի վրայ այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան անկախացմամբ , ինչպէս եւ պատմական Լեռնային  Արցախի  մեծ հատուածի ազատագրմամբ ու այս տարածքի վրայ Հայաստանի երկրորդ անկախ պետականութեան կայացմամբ:

Կեանքը, սակայն  դաժան դաս տուեց հայութեանը  փաստելով,  որ  ժողովուրդների  կենսագրութիւնը  պայքարի  ընթացք  է, որը դադար  չունի, ինչպէս որ  բնութեան մէջ երբեք չի դադարում  մրցակցութիւնը: Այս մրցակցութեան մէջ թոյլերը, յոգնողները, զգօնութիւնն ու մարտունակութիւնը  կորցնողները,  սեփական ճանապարհից  շեղողները դատապարտւում  են պարտութեան, իսկ այդ պարտութեան պատճառով  ժողովուրդները  կարող են նաեւ ինչ որ մի պահի  դուրս մղուել մարդկութեան համընդհանուր երթից:

2020 թուականի աշնանը ադրբեջանթուրքական  դաշինքը, ներգրաւելով  իսլամ ծայրայեղական հրոսակներին,  պատերազմ սանձազերծեց  Արցախի դէմ եւ մատնեց մեզ ծանր պարտութեան՝ տարածքային ու մարդկային հսկայական կորուստներով:

Հայաստանի  անփորձ-անպատասխանատու  իշխանութիւնների  ինքնագլուխ, երբեմն կասկածելի  գործունէութեան հետեւանքով  լուրջ հարուած հասցուեց նաեւ բուն Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեանը, սրանով նաեւ Հայաստանի անկախութեանն ու ինքնիշխանութեանը: Պատերազմն ու պարտութիւնը  երիտասարդ իշխանութեն ստոյգ թերացումների ու ձախողութիւնների հետեւանք էին, միւս կողմից  դրանք ունին  իրենց  գաղափարական ու հոգեբանական ենթահողը:

Ինչպէ՞ս պատահեց, որ մեր երկրում աճեց  ու իշխանութեան հասաւ  ապազգային եւ օտար ազդեցութիւնների ենթակայ սերունդը, ինչպէ՞ս պատահեց, որ հերոսական տասնամեակներ կերտած հայ ժողովուրդի մեծ հատուածը չզգաց ազգային արժէքներից եւ նպատակներից շեղուելու եւ նահանջելու վտանգը. ու այսօր, ոչ համարժէք  է արձագանքում այն սպառնալիքներին, որոնք դամոկլեան սրի պէս կախուած են  հայրենի պետականութեան ներկայի եւ ապագայի վրայյ:

Անդրադառնալով անցնող երեսնամեակին, պէտք է ցաւով արձանագրենք, որ Հայաստանում այս ընթացքում չձեւակերպուեցին ազգային-պետական նպատակներն ու տեսլականները: Սահմանուեց,  որ  Հայաստանը պէտք է՝ ձգտի հզօրանալ, հայաստանցիք պիտի լաւ ապրեն, բայց ինչ աւանդական ու ժամանակակից արժէքների պէտք է հաւատարիմ մնայ հայ ժողովուրդը, ի՞նչ խնդիրների հետապնդումը առաջնահերթ համարել, ինչպիսի՞ յատկութիւններով, գերակայութիւններով պէտք է օժտուած լինի  Հայաստան պետութիւնը,  ի՞նչ մարտահրաւէրներ յաղթահարելու ունակ պէտք է լինեն հայկական երկու Հանրապետութիւնները: Այս հարցերը ցայսօր իրենց քաղաքական-գաղափարական ձեւակերպումը  չեն ստացել: Պիտի  արձանագրենք,  որ անկախ  Հայաստանում,  քաղաքական ասպարէզից  համայնավարների եւ իրենց ապազգային գաղափարախօսութեան  վերանալուց  յետոյ, միակ գործօն գաղափարական ուժը, ինչպէս առհասարակ հայութեան մէջ, մնաց Դաշնակցութիւնը:

Այս իրողութիւնը մեծ առաքելութեամբ է օժտում եւ պատմակշիռ պարտաւորութիւններ է  դնում  Դաշնակցութեան առջեւ՝ թելադրելով իր  համազգային  գաղափարները եւ ռազմավարական նպատակները դարձնելու  մեր այսօրուան պետականութեան եւ հայութեան ներկայ սերունդների սեփականութիւնը:

Այս կարեւոր առաքելութեան իրականացման ճանապարհին մեծ է նաեւ Դաշնակցական երիտասարդութեան դերը, որովհետեւ ոչ ոք չի կարող ասպարէզ մտնող սերունդների հետ խօսել այնքան հասկանալի ու անմիջական լեզուով, որքան նրանց սերնդակիցները: Ի հարկէ մինչեւ  ուրիշների հետ խօսելը  ինքներս մեր մէջ մարսած պէտք է լինենք եւ անվերապահ հաւատք ունենանք Դաշնակցութեան գործի, գործելակերպի եւ նպատակների հանդէպ:

Վերջին տարիներին, զարմանքով տեսանք, որ դաշնակցական մարդը, ով ձեւաւորուել ու ամրապնդուել է իր կուսակցութեան քուրային մէջ,  նոյնպէս կարող է յայտնուել օտար ու կասկածելի նպատակների եւ արժէքների ազդեցութեան ներքոյ: Պատճառն այն է, որ ներկայ աշխարհը, անդադար շրջանառուող  տեղեկատուական հոսքերի աշխարհ է եւ այդ հոսքերը չեն կարող չներգործել նրանց վրայ, ովքեր ստանում են միակողմանի, յաճախ կեղծ տեղակատուութիւն, աւելի թոյլ են իրենց գաղափարական  պատրաստուածութեամբ եւ այլն:

Օրինակ, ինչպէ՞ս կարող էր պատահել, որ անգամ դաշնակցական մարդիկ յայտնուէին  «նիկոլփաշինեանական» օտարածին ու ապազգային քարոզչութեան ազդեցութեան տակ եւ շեղուէին իրենց կուսակցութեան գաղափարաքաղաքական ուղեծիրից: Շեղուէին   ՀՅԴ-ի  որդեգրած դիրքորոշումներից  ու անգամ հակադրուէին դրանց:

Այստեղ յիշենք օրինակ Նիկոլ Աղբալեան ուսանողական Միութեան անդամների այն մեծ խմբին, որ հեռացուեց կուսակցութեան շարքերից: Նիկոլ Փաշինեանի  եւ նրա համախոհների քաղաքական եւ գաղափարական դիրքորոշումները Արցախն ու Հայաստանը կանգնեցրին  մեծ ողբերգութիւնների առջեւ, եւ  հայութեան վճարած  ծանր գնով բացայայտեցին իրենց ողջ սնանկութիւնն ու վտանգաւորութիւնը:

Ենթադրենք, սակայն, թէ վաղը պետական-քաղաքական ասպարէզը կարող են գրաւել ազգային հայրենասէր ուժեր, իրենց ոչ վտանգաւոր եւ ոչ մերժելի գաղափարներով: Սա նշանակո՞ւմ է արդեօք, թէ դաշնակցական անհատը կամ մենք բոլորս միասին,  այս անգամ էլ   կուսակցական ընտանիքն  ու դաւանանքը  մոռանալով պէտք է վազ տանք  այս նորերի ետեւից: Այո, մենք մեր ժողովուրդի մէկ մասնիկն ենք, բայց նրա Դաշնակցական հատուածն ենք կազմում մեր ուրոյն գաղափարներով ու  տեսլականներով:

Անպայման չէ, որ աշխարհում ինչքան լաւ ծրագրեր ու գաղափարներ կան տեղաւորուեն Դաշնակցութեան արժէքային համակարգի մէջ, սակայն, այն ինչ մերն է մենք հենց դրանց ենք առաջնահերթութիւն տալիս եւ դաւանում, դրանով տարբերւում ենք միւսներից եւ դրանք համարելով  հայ ժողովուրդի ներկայի ու ապագայի համար կարեւոր ուղենիշեր, ցանկանում ենք տարածել  ու  դարձնել  դրանք մեր ազգի  սեփականութիւնը (անշուշտ չմերժելով քաղաքական  այլ մտածողութիւնների գոյութեան իրաւունքը):

Վերը բերուած օրինակները փաստում են, որ գաղափարական-դաստիարակչական աշխատանքները պէտք է լինեն մշտական ու անընդհատ, որպէսզի հենց մեր կողքի ընկերը թիւրիմացաբար կամ անգիտակցօրէն  չյայտնուի օտար օրակարգերի ու նպատակների պղտոր ջրապտոյտների մէջ: Ինչպէս նշուեց Դաշնակցութեան գաղափարներն ու տեսլականները մրցունակ են եղել 19-րդ, 20-րդ դարերում եւ  մրցունակ արժէքներ են 21-րդ դարում: Որպէսզի վերջիններս  չկորցնեն իրենց կենսունակութիւնը  անհրաժեշտ է, որ  մշտապէս  անդրադառնանք  դրանց, քննարկենք  եւ յստակեցնենք դրանց տեղն ու դերը մեր քաղաքական առօրեայում, վերածենք դրանք  սերունդների ճանապարհը  լուսաւորող  փարոսի: Աշխարհի ամենահանճարեղ  իմաստնութիւնները պարունակող գիրքը ոչինչ է  իր նշանակութեամբ, եթէ անշարժ  դրուած է  փոշոտ դարակում:

Ազատագրուած եւ անկախ հայրենիքում անելիքները շատ-շատ  են, եւ այդ անելիքների մեծ մասը նաեւ ծրագրային հարցեր են  Դաշնակցութեան համար: Դաշնակցութեան հիմնասիւներից մէկը ազգային հարցն է՝ համապատասխան գաղափարախօսութիւնն ու նպատակներն են, իսկ  միւսը՝ սոցիալական (ընկերային) պահանջներն են եւ երկու ուղղութեամբ էլ  բազում մարտահրաւէրներ կան մեր առջեւ:

Կարելի է մտածել օրինակ, որ արդէն շատ վաղուց մեր մեծ գործիչներն ու տեսաբանները  բանաձեւել են ե՛ւ մեր ծրագրային նպատակների էութիւնը  ե՛ւ  լուծելիք  խնդիրները ու մեզ մնում է գնալ վաղուց տրորուած ճանապարհով, անել ու ասել այն, ինչ որ մեր նախորդներն ասել ու արել են մինչեւ մեզ:  Իրականում Դաշնակցութիւնը նման է հսկայ ծառի, որի արմատները միշտ նոյնն են,  բայց միեւնոյն ժամանակ, թէկուզ աչքի համար աննկատելի, անընդհատ փոխւում են ծառի տերեւներն ու ճիւղերը: Դրանք չեն կարող չփոխուել,  որովհետեւ փոփոխւում են տարուան եղանակները, այսինքն ժամանակն ու իրականութիւնը:  Եւ եթէ մեր արմատները մեր հիմնական գաղափարներն ու երազանք-նպատակներն են, որոնք փոփոխական չեն, ժամանակի մէջ փոփոխուող պայմանների հետ պարտաւոր ենք փոխուել մենք՝ նորացնելով մեր գործելակերպը: Չփոխուենք մեր էութեամբ եւ դաւանած գաղափարներով, բայց փոփոխուենք մեր գործելու մեթոտներով եւ նոր ժամանակին համահունչ ու քաղաքական միջավայրին համապատասխան թարմացնելով մեր աւանդական ասելիքի մատուցման ձեւերն ու յստակեցնելով  նորօրեայ առաջնահերթութիւնները: Այսինքն կենսունակ լինելու համար բաւական չէ, որ դաւանես անանց գաղափարների, հարկ է, որ ասելիքդ ու անելիքդ համապատասխանեն օրուայ յուզող խնդիրներին եւ  ունենաս դրանց լուծման բանալիներ: Կարողանաս քո ժամանակի խնդիրներով ապրել եւ առաջ գնալ  ժամանակին համաքայլ: Աւանդական գաղափարներդ պէտք է ներդաշնակեցնես եւ ապրեցնես նոր իրականութիւնների մէջ:

Հայ մեծ բանաստեղծ Եղիշէ Չարենցը այսպիսի տողեր է գրել.

«Թէ ուզում ես երգդ լսեն,

Ժամանակիդ շունչը դարձիր,

Կապուիր նեարդով իւրաքանչիւր

Քո աշխարհին քո նոր դարին»:

Անցած դարի 90-ական թուականներին, երբ դեռ Հայաստանը նոր էր թօթափում խորհրդային ամբողջատիրութեան բեռը, Հայաստանում դեռեւս բիւրեղացած չէին  հողային պահանջատիրութեան գաղափարները: Խորհրդային հսկայ կայսրութիւնում,  մինչ այդ,  համարուել էր, թէ  չկայ անարդարութիւն, կայսրութեան բոլոր ազգերը եղբայրներ են, հետեւաբար չէին կարող գոյութիւն ունենալ ազգային ու սոցիալական խնդիրներ  եւ ուրեմն  չէին կարող լինել նաեւ ազգային ու սոցիալական դժգոհութիւններ:

Այսօր, անշուշտ մտածողութեան հսկայական յեղաշրջում է տեղի ունեցել մեր երկրում եւ այդ գործում Դաշնակցութիւնը ունեցել է մեծ դերակատարութիւն: Ընդունենք նաեւ, որ այսօր մեր հայրենիքում մեր կուսակցութիւնից դուրս կայ հայրենասէր ու պահանջատէր երիտասարդութիւն, որ  պատրաստ է  ինքնազոհաբերուելու հայրենիքի պաշտպանութեան համար, ինչպէս եւ պատրաստակամ է ներքաղաքական պայքարի համար:

Կարելի՞  է  ասել, որ առանց մեզ էլ պայքարողներ կը գտնուեն  եւ ուրեմն մօտեցել է ժամանակը յայտարարելու, թէ Դաշնակցութիւնն իսկապէս այլեւս անելիք չունի:  Ո՛չ,  որովհետեւ  Դաշնակցութեան մտածողութիւնն ու  գաղափարական-քաղաքական դաւանանքը հիմնաւորուած են, համակարգուած են, հեռանկարային են եւ կուռ են ինչպէս ոչ մէկինը: Դաշնակցութեան ծրագրային նպատակները  արտայայտում են ողջ հայութեան ազգային  եւ հասարակական-ընկերային իտէալները, Դաշնակցութիւնը ոչ միայն իր կառոյցով, այլեւ գաղափարախօսութեամբ միակ համահայկական ուժն է, որն արտայայտում է աշխարհատարած ողջ հայութեան հաւաքական շահերը՝ առանց  դասակարգային կամ այլ խտրութեան:

Պատահական չէ, որ այսօրուան ճակատագրական օրերին Արցախի ու Հայաստանի իրաւունքների համար, երկրում ազգային ու բանիմաց իշխանութիւն հաստատելու նպատակով դարձեալ առաջին գծի վրայ կանգնած է Դաշնակցութիւնը:

Ինչպէս սակայն վերն ասուեց, մենք մշտապէս անհրաժեշտութիւնն ունենք թարմացնելու մեր ասելիքն ու գործելակերպը, եւ այս գործում ամէնէն ընկալելի օրինակն ու ամենաճկունը ի հարկէ երիտասարդ սերունդն է:

Այն մեթոտներով ու ճանապարհներով, որ մինչեւ Հայաստանի անկախ հանրապետութեան ստեղծումը  Սփիւռքից հնարաւոր էր պայքարել  Հայոց  պահանջատիրութեան ուղղութեամբ, այսօր սահմանափակ են ու հնացած: Միւս կողմից, փոխուած է հենց Թուրքիան,  հազարաւոր հայեր որպէս զբօսաշրջիկներ ամէն տարի այցելում են իրենց պապենական բնակավայրեր,  Արեւմտահայաստանում եւ Թուրքիայի այլ տարածքներում տեղի է ունենում հայութեան վերադարձ իրենց ազգային ակունքներին, վերջապէս ժամանակակից կապի միջոցները ընդլայնւում եւ կարելիութիւններ են ստեղծում շփումների բոլորովին նոր ու լայն հնարաւորութիւնների համար: Նոր իրողութիւնները մեզ պարտադրում են նորացնելու  մեր մարտավարական զինանոցը:

Թռուցիկ անդրադառնամ  մեր անելիքների միւս՝ սոցիալական երեսին: Գրեթէ եօթ տասնամեակ  հարկադրուած վտարանդիութեան մէջ գտնուելով, բնականաբար, Դաշնակցութեան  օրակարգերում բացակայում կամ գրեթէ բացակայում էին սոցիալական խնդիրները, հասարակական  լայն հնչեղութիւն ունեցող  հարցերն ու, մասնաւորապէս, ընկերվարական մեր էութիւնից բխող  գործնական ծրագրերը: Հայաստանի եւ Արցախի անկախ պետականութիւնները  Դաշնակցութեանը հնարաւորութիւն ընձեռեցին վերադառնալու այս խնդիրներին եւ ազգային առաջնահերթութիւնների կողքին դրանք դիտելու որպէս օրակարգային հիմնական հարցեր: Ու թէեւ արդէն երեսուն տարի այս խնդիրները մեզ համար  առօրեայ կուսակցական  անելիք են, ակնյայտ է, շատ բան կայ անելու, շատ բաներ նորից պէտք է սկսել, եւ  դեռ պիտի ձգտենք հայրենի պետականութեան պայմաններում հաստատելու մեզ, որպէս սոցիալիստական ուղղուածութեան առանցքային ուժի:
Դաշնակցութիւնը  ամէն օր պէտք է աշխատանքներ տանի  ոչ միայն Հայ դատի, Արցախի ու ազգային այլ խնդիրների ուղղութեամբ, այլեւ պայքարի հայրենաբնակ  ժողովուրդի սոցիալական, իրաւական, քաղաքական, կրթական, առողջապահական, աշխատանքային եւ այլ իրաւունքների համար:

Կուսակցութեան բոլոր օղակների համար խնդիրներն ու անելիքները մէկ ամբողջութիւն են, միաժամանակ  անբնական չէ, որ կուսակցութեան մաս կազմող հասարակական տարբեր շերտերն ու խաւերը առաւել ակտիւութիւն եւ նախանձախնդրութիւն դրսեւորեն սեփական կեանքի ու միջավայրի առաջնահերթութիւնների ուղղութեամբ:

Օրինակ, մեր երիտասարդութիւնը պէտք է զգայուն եւ պահանջատէր լինի մասնաւորապէս  հայ երիտասարդութեանը վերաբերող  հիմնահարցերում: ՀՅԴ երիտասարդութիւնը պարտաւոր է այդպիսին լինել, այլապէս նա հասկանալի չի լինի իր միջավայրի համար, կ’անտեսուի եւ կը մղուի հանրային ու քաղաքական կեանքի լուսանցք: Այլ խօսքով, նա ժամանակի մէջ կը կորցնի իր կենսունակութիւնը: Դաշնակցական երիտասարդութիւնը, կուսակցական աւանդներին հաւատարիմ, պէտք է լինի համարձակ  ու գործնական,  գործի ու պայքարի նախաձեռնող, եւ չգնայ իրադարձութիւնների ետեւից: Դաշնակցական երիտասարդութիւնը երիտասարդական-ուսանողական միջավայրերի համար օրինակ պէտք է լինի  իր ազգային դիմագիծով, արժէքների ու նպատակների նկատմամբ հաւատարմութեամբ, այդ գաղափարները կարողանայ ներշնչել  իր հասակակիցներին եւ նրանց տանել իր ետեւից՝ սեփական  իրաւունքների պաշտպանութեան ասպարէզ: Դաշնակցական երիտասարդութիւնը պէտք է լինի պահպանողական՝ ազգային-բարոյական արժէքների հարցում եւ յեղափոխականօրէն առաջամարտիկ՝  բացասական երեւոյթները յաղթահարելու, լաւագոյն նորը իւրացնելու,  ազգային ու ընկերային ապագայի ուղենիշները  նախանշելու եւ  առաջընթացի ճամբան հարթելու գործում:

Միայն իրապէս գաղափարական, իրապէս գործօն, եւ իրապէս նպատակասլաց  կուսակցական երիտասարդութիւնը կարող է լինել ժամանակակից  ու պահանջուած, նոր աւիշ հաղորդել ողջ կուսակցութեան եւ ապահովել  Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կենսունակութիւնը  այն ապագայի մէջ, որ սկսւում է ամէն առաւօտ:

Leave a Comment

You must be logged in to post a comment.