ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

2022 թուականի դեկտեմբերի 12-ից Շուշիի մատոյցներում Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակումը, դէպի Արցախ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումների արգելափակումը, արցախահայութեան նկատմամբ անցնող ամիսների ահաբեկչական բնոյթի գործողութիւնները այդպէս էլ համարժէք հակազդեցութեան չարժանացան ՀՀ իշխանութեան եւ միջազգային դերակատար ուժերի կողմից։ Այժմ էլ Ադրբեջանը դիմել է նոր սանձարձակութեան՝ սահմանային հսկիչ անցակէտ տեղադրելով Կոռնիձորի կամրջի հատուածում։

Ակնյայտ է, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական կողմի սադրիչ եւ սանձարձակ քայլերն ու գործողութիւնները նպատակաուղղուած են Արցախի հայաթափման ցեղասպան քաղաքականութեան իրականացմանը։

Ադրբեջանը շարունակաբար նորանոր պահանջներ է ներկայացնում եւ սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի ու Արցախի հասցէին՝ այդ ամէնը զուգորդելով ուժի կիրառման սպառնալիքների հետ։

Ի տես այս իրողութեան, Հայաստանի օրուայ իշխանութիւնները շարունակում են վտանգաւոր յայտարարութիւններով, խաղաղասիրական կեղծ թեզերով եւ յանցաւոր անգործութեամբ, փաստացի ու այլեւս բացայայտ կերպով հրաժարուել Արցախի եւ արցախահայութեան անվտանգութեան, իրաւունքների եւ շահերի երաշխաւորի սահմանադրական պարտաւորութիւններից։

Աւելին, Հայաստանի օրուայ իշխանութիւնների ապազգային քաղաքականութիւնը ոչ միայն Արցախի եւ Հայաստանի անվտանգային հարցերում է կործանարար։ «Նոր դիտանկիւնից» փորձ է արւում վերարժեւորել, իսկ իրականում արժեզրկել ազգային-գաղափարական, ռազմավարական հիմնասիւները։ Շարունակաբար եւ հետեւողականորէն թիրախաւորւում են Հայ Առաքելական Եկեղեցին, հայոց ազգային, մշակութային արժէքներն ու պատմութիւնը, բացայայտ կերպով ոտնահարւում են հայութեան անժամանցելի իրաւունքները, սերունդների պայքարն ու դրա արդիւնքները։ Դրա վառ ապացոյցն է ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետի ելոյթը, «պատմութեան ընկալման դիտանկիւնը, սոցիալ-հոգեբանական ընկալումը» փոխելու անհրաժեշտութեան ու, իբր, «հայրենասիրութեան մեր սեփական, […] մեր պետական մոդելի ստեղծման» առաջադրանքի մասին, իսկ իրականում «Հայոց Ցեղասպանութեան» միջազգային եզրոյթից փաստացի հրաժարումը։ Այս ճամարտակութիւնները ոչ այլ ինչ են, եթէ ոչ թուրքական տեսակէտների սպասարկում եւ Թուրքիայի նախապայմանների բաւարարում՝ այսպէս կոչուած «առանց նախապայմանների» «լիարժէք կարգաւորմանն ուղղուած» բանակցութիւնների գործընթացում։

Սեփական նախընտրական ծրագիրն ուրացած, բայց եւ ժողովրդի մէկ հատուածին այդ ծրագրով մոլորեցնելու ճամբով իշխանութիւնը պահպանող քաղաքական ուժին ո՛չ ոք իրաւունք չի տուել ապազգայնացնելու և ինքնիշխանութիւնից զրկելու մեր պետութիւնը։

Հայաստանի Հանրապետութիւնը Արցախին կապող միջանցքում ադրբեջանական ցանկացած անցակէտի տեղակայումը միանշանակ անընդունելի է, հակասում է միջազգային իրաւունքին եւ որեւէ պարագայում այդպիսի հարցը չի կարող քննարկման առարկայ դառնալ։

Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում։

Հ.Յ.Դաշնակցութիւնը իր բոլոր հնարաւորութիւններով եւ հնարաւոր բոլոր հարթակներում հետամուտ է միջազգային հանրութեան եւ պատկան կառոյցների հասցէական գնահատականի ու համարժէք արձագանքի ապահովմանը, ինչպէս եւ յայտարարութիւններից անդին գործուն քայլերի իրականացմանը։

Մեր աչքի առջեւ է մեզ համար նախապատրաստուած աղէտն ու արհաւիրքը։ Ազգային ինքնապահպանման բնազդը մեզ մղում է դէպի ըմբոստացում։ Դիմադրութիւնն այլընտրանք չունի։ Իւրաքանչիւր հայի պարտականութիւնն է նպաստել մեր փառապանծ բանակի հզօրացմանը։

Վերջին տարիներին Հ.Յ.Դաշնակցութիւնը բազմաթիւ անգամներ միասնականութեան ու համախմբումի կոչ է արել, որը, ցաւօք, յաճախ մնացել է անարձագանք։ Եւս մէկ անգամ հայոց ազգային ուժերին կոչ ենք անում մի կողմ թողնել տարակարծութիւնները եւ հայրենիքի օրհասական այս պահին միաւորուել՝ ներքին ու արտաքին վտանգին դիմակայելու, պետութեան ինքնիշխանությունը պահպանելու եւ հզօր Հայաստան կերտելու համար։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
28 Ապրիլ, 2023 թ.

Comments are closed.