ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

Աշխարհաքաղաքական ներկայ զարգացումների խորապատկերի վրայ Հայաստանի շուրջ ձեւաւորուող անվտանգային սպառնալիքները օրեցօր դառնում են առաւել անմիջական եւ խիստ վտանգաւոր:

Ադրբեջանի ղեկավարութեան հայատեաց, ռազմաշունչ եւ ծաւալապաշտական յայտարարութիւններն ու քայլերը աւելի ու աւելի սանձարձակ բովանդակութիւն են ստանում եւ վերածվում վերջնագրերի: Ադրբեջանը, օգտուելով աշխարհաքաղաքական անկայունութիւնից եւ ունենալով Թուրքիայի անվերապահ եւ ամբողջական աջակցութիւնը, բազմապատկելով իր ռազմական կարողութիւնները, փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բաւարարմանը՝ լինի դա Հայաստանի գործող վարչախմբի համաձայնությամբ կամ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով:

Հայաստանի իշխանութիւններն, իրենց հերթին ահաբեկելով սեփական ժողովրդին վերահաս պատերազմի հնարաւորութեամբ եւ այդ պատերազմում անխուսափելի պարտութեամբ, լծուել են թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները հիմնաւորելու եւ բաւարարելու ազգակործան գործին: Ըստ այդմ, պատերազմից խուսափելու այս վարչախմբի առաջարկած իբրեւ թէ լաւագոյն մարտավարութեան էութիւնը պարտուողականութիւնն ու զիջողականութիւնն է յանուն կարծեցեալ խաղաղութեան, որի «երաշխաւորն» իրականում թուրք-ադրբեջանական տանդեմն է լինելու:

Պատրանքներ պէտք չէ ունենալ. անպաշտպան խաղաղութիւնը թուացեալ անվտանգութիւն է յանձնուած թշնամու բարեհաճութեանը:

Խաղաղութիւնը անշրջելի եւ կայուն կարող է լինել միայն վիճելի հարցերի արդար կարգաւորման եւ ռազմաքաղաքական հաւասարակշռութեան պայմաններում: Հակառակ դէպքում դա կապիտուլիացիա է եւ նոր պատերազմի սաղմնաւորում:

Հայ ժողովրդի եւ նրա ազգային ուժերի պատմական առաքելութիւնն է ազատուել կապիտուլիացիա, թե պատերազմ կործանարար երկընտրանքից եւ հաստատել իրական՝ անշրջելի եւ արդար խաղաղութիւն: Իսկ մեր անժամանցելի իրաւունքներից եւ կենսական շահերից հրաժարումը բերելու է ոչ թէ խաղաղութիւն, այլ հայկական ինքնութեան եւ հայոց պետականութեան կորուստ:

Հետագայ անդառնալի կորուստներից խուսափելու եւ Հայաստանի դիմագրաւած գոյութենական մարտահրաւէրները յաղթահարելու նպատակով անհրաժեշտ է բեկում մտցնել իրավիճակի մէջ, ձեւաւորելով նոր որակի իշխանութիւն եւ հաստատելով երկրի զարգացման ազգային պետական ուղեգիծ:

Հրատապ անհրաժեշտութիւն է արմատապէս փոխել կառավարութեան քաղաքականութիւնը՝ հետեւեալ առաջնահերթ ուղղութիւններով.

ա) Հայկական ինքնութեան եւ հայոց պետականութեան պահպանման օրակարգի շուրջ համահայկական զօրաշարժի իրականացում:
Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ թրքական ժխտողականութեանը նպաստելը, Արցախի ժողովրդի էթնիկ զտումները ու հայրենազրկումը անհետեւանք թողնելը՝ գոյութենական ապառնալիք է հայկական ինքնութեանը, Հայաստանի ինքնիշխանութեանը եւ վավերացնում է ուժի դիրքերից հարցեր լուծելու նախադէպը:

բ) Պաշտպանութեան գործում համաժողովրդական մասնակցութիւն ապահովելու տրամաբանութեամբ համահայկական առաջնահերթ օրակարգ դարձնել բանակի եւ պաշտպանութեան ու անվտանգութեան համակարգերի հրատապ վերակառուցումը՝ առկայ մարտահրաւէրների հաշուառմամբ:

գ) Որդեգրել անվտանգային նոր ճարտարապետութեան ձեւաւորմանը եւ դիւանագիտական դիրքերի վերականգնմանը միտուած որակապէս այլ բովանդակութիւն ունեցող արտաքին քաղաքականութիւն, ինչը ենթադրում է ռազմավարական յարաբերութիւնների հաստատում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող երկրների եւ դաշինքների հետ, որոնց անմիջական շահերից է բխում հայկական կենսունակ պետութեան գոյութիւնը: Այս մօտեցմամբ ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային յարաբերութիւնները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, զարգացնել տարածաշրջանից դուրս այլ ուժային կեդրոնների եւ Արեւմուտքի հետ փոխլրացնող յարաբերութիւնները:

Հակառակ ներքին ու արտաքին դաւադիր ծրագրերի, հայութեան արժանապատուութեան եւ լինելիութեան պայքարը պէտք է շարունակուի:

Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միաւորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանութիւններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականութեանը սպառնացող վտանգները չէզոքացնելու, նոր որակի ազգային իշխանութիւն ձեւաւորելու եւ համահայկական կարողականութեամբ Ուժեղ Հայաստան կառուցելու գործում:

Դաշնակցութիւնը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մօտեցումները եւ պատրաստ են պայքարել յանուն արժանապատիւ եւ անվտանգ Հայաստանի ու Արցախի:

ՀՅԴ Բիւրօ
18.01.2025

 

Comments are closed.