ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէն կը դատապարտէ Արցախեան ազատամարտը արժեզրկելու ճիգերը
ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէն, նոյեմբեր 30 թուակիր յայտարարութեամբ մը կը դատապարտէ Հայաստանի մէջ Ազգային Ժողովի ընտրապայքարի ծիրէն ներս Արցախեան Ազատամարտը արժեզրկելու ճիգերը։ Ստորեւ յայտարարութիւնը։
Յայտարարութիւն
Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ-ում Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնների քարոզարշաւի այս օրերին, ականատեսն ենք որոշ թեկնածուների, քաղաքական ուժերի կողմից Արցախին լեզուակռուի մեջ ներքաշելու, Արցախեան շարժումն ու ազատամարտը արժեզրկելու ճիգերին։ Սա կատարւում է նախորդող ամիսներին, որոշ շրջանակների կողմից ազգային արժէքներ, մասնաւորապէս Հայ առաքելական եկեղեցին եւ աւանդական հայկական ընտանիքը թիրախաւորելու խորապատկերին։ Թւում է, թէ այս բոլորը մաս են կազմում մի ընդհանուր քաղաքականութեան, որի նպատակն է հարուածել մեր ազգային արժէքներին։
Արցախեան շարժումը եւ ազատամարտի յաղթական ընթացքը հանդիսանում են հայոց պետականութեան հիմնաքարերը, վերջին երեսուն տարիների հայութեան ազգային ձեռքբերումների մեկնակէտն ու արդիւնքը, մեր ներկայի հնարաւորութիւնների ու ապագայի նոր ձեռքբերումների երաշխաւորները։ Այդ ամէնը ձեռք է բերուել հազարաւոր մարդկանց արեան ու զրկանքների գնով: Վտանգել, հարցականի տակ դնել այդ ամէնը նշանակում է հրաժարուել բազում սերունդների ազգային պետութիւն ունենալու տեսլականից: Պետականութիւնը, դրան ծնունդ տվուղ ժողովուրդը և այդ ամէնից բխող արժեհամակարգը բացարձակ արժէքներ են, իսկ քաղաքական պահական հաշուարկներն ու դրանցից բխող իրավիճակային քայլերը միշտ էլ կը տարալուծուեն պատմութեան հարահոսում:
ՀՅ Դաշնակցութեան Արցախի Կեդրոնական կոմիտէն դատապարտում է նմանօրինակ քայլերը և յորդորում՝ հեռու մնալ պատեհապաշտական մօտեցումներից: Ակնկալում ենք այս օրերին ՀՀ-ում ընթացող քաղաքական գործընթացների մասնակիցներից պատասխանատուութեան գիտակցում և պետականամէտ մօտեցում: Միաժամանակ կոչ ենք անում հայկական բոլոր քաղաքական ուժերին, հանրութեան լայն շերտերին համախմբուել վերը յիշուած բացարձակ արժէքների շուրջ եւ անսասան պահել Արցախեան շարժման ձեռքբերումները, կուռ պահելով Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը: Այդ ամէնի միջոցով մենք կը յաղթահարենք ապագայում տեսանելի և անտեսանելի բոլոր տեսակի մարտահրաւէրները:
Միշտ հաւատարիմ՝ հողին ու հային։
ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէ
30 նոյեմբերի 2018թ.