Հաւաքական արժէքների կորուստը կարող է անդառնալի հետեւանքների բերել. ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Բագրատունի

«Նիկոլ Փաշինեանի իշխանութեան առաջին իսկ օրուանից մեր ազգային արժէքների ու արժեհամակարգի դէմ լուրջ պայքար է տարւում։ Սա նաեւ Ատրպէյճանի եւ Թուրքիայի հետ միակողմանի զիջումներով բանակցութիւններ վարելու՝ Փաշինեանի քաղաքականութեան տրամաբանութեան մէջ է, իսկ հարուածել Հայոց եկեղեցուն, նշանակում է՝ ամբողջութեամբ հարուածել հայ ժողովրդի ողնաշարին»,Yerkir.am-ի հետ զրոյցում համոզմունք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու Յակոբ Բագրատունին, ընդգծելով որ դարեր շարունակ մեզ պահողը Եկեղեցին է, եւ դրանով պայմանաւորուած ժողովուրդը միշտ Եկեղեցու շուրջ է համախմբուած եղել։

Եկեղեցու դէմ արշաւը Յակոբ Բագրատունին նաեւ համարում է պետութեան կողմից Եկեղեցու ինքնավարութեանը միջամտելու փորձ, որը, ըստ նրա, անթոյլատրելի է։ Նա ցաւով է նկատում, որ օրուայ իշխանութիւնը թիրախաւորել է ոչ միայն Հայոց Եկեղեցին ու եկեղեցականներին, այլեւ՝ Եկեղեցուն սատարող հայորդիներին, ինչպիսին բարերար Սամուէլ Կարապեեանն է։

«Սամուէլ Կարապետեանն այն բացառիկ հայորդիներից է, որը մշտապէս Հայաստանում ու Արցախում բարեգործութիւններ է արել, նպաստել երկրի տնտեսութեան զարգացմանը, հազարաւոր երիտասարդ ընտանիքների ապահովել աշխատանքով, հիմնել մեծ թուով բարեգործական հաստատութիւններ եւ այլն։ Փաստօրէն, հարուածել Սամուէլ Կարապետեանին ու նման անհատների, կը նշանակի տկարացնել ամբողջ Հայաստանը, վախ ու անհանգստութիւն ձեւաւորել դրսում ապրող այն հայերի մօտ, որոնք մտադիր են գալ ու տնտեսական ներդրումներ կատարել, կամ բարեգործութիւններ անել։ Փաշինեանը սրանով ուզում է Հայաստանը կախեալ պահել իր կամքից եւ տանել իր ուղղութեամբ», վստահեցրեց ՀՅԴ Բիւրոյի անդամը։

Նրա խօսքով՝ պէտք է աչալուրջ լինել, որովհետեւ հաւաքական արժէքների կորուստը, հաւաքական կամքի ջլատումը կարող է անդառնալի հետեւանքների բերել։ Յակոբ Բագրատունին նշում է, որ նոյն քաղաքականութիւնը փորձ է արւում Սփիւռքում տարածել՝ ներքին պառակտումներ ստեղծելով, լաւի ու վատի, սեւ ու սպիտակի բաժանելով, կազմաքանդելով Սփիւռքի միասնական համակարգը։

«Ազգագործան քաղաքականութիւն է», վստահեցնում է լիբանանահայ գործիչը։

ՀՅԴ Բիւրոյի անդամը ցաւով է նկատում, որ աշխարհը կանգնած է պատերազմի շեմին, տարածաշրջանը լուրջ սպառնալիքների առջեւ է կանգնած, մինչդեռ Փաշինեանը ժողովրդին երկրորդական հարցերով է զբաղեցնում՝ շատ յաճախ անհասկանալի ու անընդունելի արտայայտութիւններ թոյլ տալով։

«Համաժողովրդային պայքար ու պոռթկում է անհրաժեշտ», ասում է Յակոբ Բագրատունին՝ ընդգծելով․ «Քաղաքական տարբեր հարցերի շուրջ կարող ենք տարբեր դիրքորոշում ունենալ, գաղափարական տարբեր ուղղութիւններով շարժուել, սակայն Եկեղեցին միակ հեղինակութիւնն է, որի շուրջ համայն հայութիւնն անզիջող է», յատկանշեց մեր զրուցակիցը։

Ինչպէս յայտնի է, նախօրէին Սամուէլ Կարապետեանի որդին աշխարհասփիւռ հայութեանը դիմել է խնդրանք-կոչով, ուստի ՀՅԴ Բիւրոյի անդամից հետաքրքրուեցինք Սփիւռքի արձագանգի կարեւորութեան ու դրա վճռորոշ լինելու մասին։ Նա ասաց, որ չպէտք է տարանջատել Սփիւռքն ու Հայաստանը, որովհետեւ Հայաստանի, Սփիւռքի, Արցախի հարցերը, խնդիրները, ցաւը համահայկական են։

«Շատ բնական է, որ Սփիւռքը պէտք է արձագանգի Սամուէլ Կարապետեանի ազատ արձակմանն ու նրա հանդէպ անօրինական գործողութիւններին։ Սփիւռքը պէտք է արձագանգի Էջմիածնի կաթողիկոսութեան դէմ այս արշաւին ու իր զօրակցութիւնը յայտնի մեր Եկեղեցուն, որովհետեւ եթէ անտարբեր լինենք ու չպայքարենք, այդ հարուածը կը հասնի համայն հայութեանը», վստահեցրեց Յակոբ Բագրատունին։