Հայրենիքի Ծառան Ու Դաշնակցութեան Զինուորը
ՌՈՒԶԱՆ ԱՌԱՔԷԼԵԱՆ
Հաւատայ եւ կը յաղթես: Այս համոզումը Մարուխեան գերդաստանի ապրելու կերպն էր: Այս համոզումով Թորգոմ Մարուխեանը անդամագրուեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը՝ վստահ լինելով, որ Դաշնակցութեան ճանապարհով կ՛իրականացուի իր երազանքը՝ միացեալ Հայրենիք կերտելու երազանքը: Ի հարկէ, հեշտ չեղաւ:
Թորգոմ Մարուխեանն իր ընկերների հետ ճաշակեց բոլոր այն դառնութիւնները, որ բաժին էր հանուած դաշնակցականին:
Փետրուարեան ապստամբութիւնը ճակատագրական եղաւ Հայաստանի շատ ու շատ մտաւորականների համար: Նրանցից շատերն ապստամբութիւնից յետոյ աքսորուեցին ու արտաքսուեցին: Հայրենիքից օտարուեցին բոլոր այն զաւակները, որոնք իրենց կեանքն էին դրել Հայաստանի եւ հայութեան փրկութեան զոհասեղանին:
Այո՛, եղել է եւ այդպէս:
Տարագրուածների մէջ էր նաեւ հին բայազետցի Թորգոմ Մարուխեանը, որը Փետրուարեան ապստամբութեան անմիջական մասնակիցներից էր: Տարագրութեան ճանապարհը նրանց հասցրեց Պարսկաստան՝ Թաւրիզ քաղաք: Այստեղ տուն ստեղծեց, օջախ հիմնեց: Կարճ ժամանակ Թաւրիզում ապրելուց յետոյ տեղափոխուեց Քերմանշահ, որտեղ եւ 1928 թուականին ծնուեց նրա որդին՝ Հրայրը:
Թորգոմ Մարուխեանը շարունակում էր ապրել Հայաստանի կարօտով, օրէցօր հեռացող այն հաւատով, որ գալու է վերադառնալու ժամանակը: Սակայն ամէն մարդ հոգեպէս չմեռնելու համար մորմոքի մէջ էլ յոյս է փնտռում ու կառչում դրանից: Թորգոմ հօր համար կար այն մխիթարանքը, որ որդին՝ Հրայրը, պիտի շարունակէր իր կիսատ թողածը:
Եւ եղաւ այդպէս: Ոչ մէկը Հրայր Մարուխեանին հայրենասիրութեան դասեր չտուեց, Հայրենիք սիրել ու Հայրենիքով ապրելու խրատներ չկարդաց: Արեան ու գենի խնդիր էր:
Դժուար է անհատականութիւնների կերպարը կերտելը: Դժուար ու պատասխանատու: Նրանց կեանքը հեքիաթ չէ: Ամէն մարդ պարտաւոր է հաշուի նստել նրանց կենսագրութեան հետ:
Հրայր Մարուխեանը, աւարտելով Իրանի պետական համալսարանի ճարտարագիտութեան բաժինը, հիմնում է ճարտարագիտական-առեւտրական մասնաւոր ձեռնարկութիւն: Անձնական կեանքն ու աշխատանքը նրա համար կարեւոր էին, բայց առաջնայինը Հայրենիքն ու հայութեանը նուիրուելու ու ծառայելու խնդիրն էր: Շատերին կարող է վերացական թուալ այս ամէնն այն տրամաբանութեամբ, որ առանց հայրենի հողի վրայ ապրելու պայքարն էլ վերացական է դառնում, սակայն, ուզենք, թէ չուզենք, կան բացառութիւններ, եւ նրանք են պատմութեան անիւը պտտում: Հրայր Մարուխեանի համար ի սկզբանէ երկու խնդիր կար. Սփիւռքի զարկերակը պահել բնականոն ռիթմի մէջ, որովհետեւ այդ սկզբունքը պիտի ելակէտ դառնար «Դէպի երկիր» գնալու հրամայականին, միւսն՝ ուղղակի հայրենիքում ապրելու եւ գործելու անհրաժեշտ խնդիրը:
Նրա համար այս ամէնն աւելի յստակ ուրուագծեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը անդամագրուելուց յետոյ: Դաշնակցութեան նպատակները համահունչ էին նրա ստացած դաստիարակութեանը, ընտանեկան մթնոլորտին: Դաշնակցութիւնը պարարտ հող է ստեղծել Սփիւռքում ապրող այն հայորդիների համար, որոնց կոչումն ի վերուստ էր սահմանուած՝ «Դաշնակցութիւնը հաւատարիմ իր գաղափարական սկզբունքներին, դրանք շարունակում է Հայ Դատի պահանջատիրական պայքարի առաջին դիրքերի վրայ եւ իր բոլոր կարելիութիւնները ի սպաս է դնում հայ ժողովրդի իրաւունքների ձեռք բերման համար ունեցող յարատեւ կռուին: Յարատեւ այդ կռուի ճամփով եւ հանգրուանային նպատակներ նուաճելու կշռոյթով հասնելու հայութեան ազգային հիմնական նպատակին հողահաւաքով ամբողջացած՝ Ազատ, Անկախ, ընկերվարական եւ ժողովրդավար կարգերով‘ հայրենիքի կերտմանը»: Հարցազրոյցներից մէկում այսպիսի ընդհանրացումով է նա ներկայացնում Դաշնակցութեան նպատակները:
Այդուհանդերձ, Մարուխեանի մարդկային տեսակով էր պայմանաւորուած կուսակցական աշխատանքում նրա ձիրքը: Կամային այն յատկանիշները, որոնցով օժտուած էր մարդ-անհատը, խթանեց հաւաքական գործում նրան դարձնելով առաջնորդ: Պատահական չէ, որ շատ երիտասարդ հասակում նա ընտրուեց ՀՅԴ Բիւրոյի կազմում: 1964 թուի Սեպտեմբերին ընտանիքով տեղափոխւում է Լիբանան, որտեղ գտնւում էր Դաշնակցութեան Բիւրոյի նստավայրը:
Հայ Դատի համար մղուող պաքարը՝ յանձինս Մարուխեանի ու ընկերների, դառնում է Դաշնակցութեան խնդիրը: Հրապարակային ելոյթներից մէկի ժամանակ, ահա թէ ինչպէս է արտայայտւում նա. «Շարունակելով վերջնական հիմնանպատակ ընդունել Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի կերտումը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարական ուղղութեան թէ քաղաքական վարքագծին հետեւող Հայ բազմութիւնները, հայ ժողովրդի ամբողջական իրաւունքների ձեռք բերման մէջ հեռու կը մնան բացարձակապաշտութիւնից եւ կարեւորութեամբ մտասեւեռում կը դարձնեն Հայ Դատի հետապնդումը՝ աստիճանական հանգրուաններով կատարելու ռազմավարական անհրաժեշտութիւնը: Այդպիսով, Հայ Դատի ճամբուն նուաճուած իւրաքանչիւր հանգրուան յաջորդ նպատակներուն տանող մեկնակէտ նկատելով ՀՅ Դաշնակցութեան իրար յաջորդ սերունդները ընդմիջուող պահանջատիրութեամբ կը շարունակեն իրենց անխափան երթը դէպի հայ ժողովրդի արդար իրաւունքներու ամբողջական իրականացումը»:
Մարուխեանի ղեկավարած տարիներին՝ 70ականներին, ծրագրուած պայքար է ծաւալւում մոռացող աշխարհին յիշեցնելու Հայոց Ցեղասպանութեան փաստը:
Ինքն իր գործով էր օրինակ դառնում, յետոյ նոր միայն իրաւունք էր վերապահում ընկերներից նուիրում պահանջելու: «Մեր կազմակերպութեան մէջ անձերը, մարմինները գնահատւում են իրենց զոհաբերութեան չափով՝ միշտ համեմատուելով իրենց կարողութեան հետ, հանգամանք, որ բոլոր ընկերներին հաւասար է դարձնում միմեանց: Մեր կազմակերպութեան օրէնքներով հաւասար արժէք են ներկայացնում ամէն դասի եւ զբաղմունքի ընկերներ, եթէ նրանք զոհաբերում են առաւելագոյնը»:
Մինչ կը սկսուէր Արցախեան շարժումը, Մարուխեանն իր անձնական մօտեցումներով ու տեսակէտով օրուայ խնդիրը համարում է «Դէպի երկիր» կարգախօսի իրականացումը: Մարուխեանը եւ նրա գաղափարական ընկերները, ովքեր ճակատագրի բերումով Հայրենիքին ծառայում էին հեռուից, այլեւս երկմտելու առիթ չունէին: Նրանց պայքարի տրամաբանական շարունակութիւնը յաղթանակելու էր միայն Հայրենիքում: «Այս վերջին ազդակը (Արցախեան շարժում խմբ.) մեզ համար անհրաժեշտ եւ բաւարար երաշխիք է, որպէսզի հայութեան հաւաքական ուժին սատարող որեւէ մարզում կազմակերպական միութիւն կամ կենտրոնացում առաջացնելու փորձերը խարսխուեն ամբողջական հայութեան, Հայաստանի եւ ամբողջական հայութեան գաղափարական ենթահողի վրայ: Մեր կուսակցութիւնը շարժման առաջին օրից Արցախի հայութեան մարտունակ ու վճռական այդ կեցուածքի վրայ խարսխեց իր ուղեգիծը»:
Սկսուեց Արցախի ազատագրութեան պայքարը: Շարժումը խթան հանդիսացաւ Հրայր Մարուխեանի համար՝ կայացնելու վճռական եւ անբեկանելի վճիռ՝ գնալ Հայաստան, ապրել ու գործել հայրենի հողի վրայ: Նա եկաւ Հայաստան: Եկաւ եւ կանգնեց այն մարդկանց կողքին, ովքեր զինուորագրուել էին անկախութեան պայքարին: «Դէպի երկիր» կարգախօսը նրա ներշնչանքով դարձաւ օրուայ հրամայականը:
Այսպիսի հաւատաւորների խտացուած կամքն է հայ ժողովրդի հաւաքական կերպարը, նրա բարեակամութեան չափանիշը: Հրայր Մարուխեանը չդաւաճանեց ինքն իրեն, չդաւաճանեց ընկերներին, սկզբունքներն ու հոգեւոր արժէքները չզիջեց ոչ մէկին: Մարդկային յարաբերութիւնների մէջ ամէնից բարձր գնահատում էր անկեղծ, անդաւաճան ընկերութիւնն այն պարզ տրամաբանութեամբ, որ նա, ով ընդունակ չէ այդպիսի ընկերութեան, չի կարող նուիրուել աւելի վեհ նպատակի:
Նա շատ արագ ճանաչուեց Հայաստանում: 1992 թուականի Յուլիսի 29ի ՀՀ նախագահի հրամանագրով նա արտաքսուեց Հայաստանից: Շատերն են յիշում նրա վերջին հանդիպումը լրագրողների հետ: Ասուլիսին նա եկել էր տխուր, ինչպէս ինքն ասաց՝ «հոգին փշրուած», սակայն ոչ մի պահ չիջաւ իր բարձունքից: Եղան, իհարկէ, սադրիչ հարցեր, բայց նա կրկին մեծահոգաբար չբամբասեց ոչ մէկից: Ու այսպէս գնաց՝ հետ նայելով ու համոզուած, որ իշխանաւորները կը գան, կը գնան, երկիրը կը մնայ, պատմութիւնը երբեք չի թաղուի հողի մէջ, քանի դեռ ապրում է հայ ժողովուրդը:
Հրայր Մարուխեանը գնաց՝ հոգու մէջ պահելով այն Հայրենիքի հմայքը, ուր ոչ մի իշխանութիւն չի կարող խորթացնել նրա զաւակներին: Իսկ նրա վերջին միտքն այս էր. «Ես կրկնեցի հօրս ճակատագիրը, սակայն նա առիթ չունեցաւ պայքարելու, ես պիտի պայքարեմ… որովհետեւ հաւատում եմ յաղթանակին»: