Հայոց ցեղասպանութեան ճանաչումը ներկայի եւ ապագայի խնդիր է

Լուսինէ Մխիթարեան

Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնից ի վեր Թուրքիան հրաժարուել է դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել Հայաստանի հետ՝ առաջ քաշելով հիմնականում երեք նախապայման՝ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի դադարեցում, Կարսի անօրինական «պայմանագրի» վաւերացում եւ Արցախից հրաժարում։

Արցախեան երկրորդ պատերազմի հետեւանքով թուրք-ատրպէյճանական տանդէմը գրեթէ իրականացրեց Արցախի բռնազաւթումը, հետեւաբար նաեւ նախապայմաններից մէկի լուծումը, իսկ միւս երկու նախապայմանների լեգիտիմացումն իր վրայ է վերցրել Հայաստանի ներկայ իշխանութիւնը։ «Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւաններից եւ ոչ մէկի նկատմամբ», յայտարարել էր ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանն այս տարուայ Մարտի 13-ին Պահրէնում կայացած Միջխորհրդարանական միութեան (IPU) վեհաժողովի ժամանակ։ Աւելի վաղ՝ Փետրուարի 24-ին, ելոյթ ունենալով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ, ՀՀ ԱԺ պատուիրակութեան ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Սարգիս Խանդանեանը նոյնպէս յայտարարել էր․ «Հայաստանը տարածքային պահանջներ չունի ո՛չ Ատրպէյճանի, ո՛չ էլ իր հարեւաններից որեւէ մէկի նկատմամբ»: Միջազգային հարթակներում հնչեցուած վերոնշեալ յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ Կարսի անօրինական «պայմանագրի» վաւերացումն ընդունելի է գործող իշխանութեան համար, որի մասին ուղերձ են յղում արտաքին լսարանին, մասնաւորապէս՝ «հարեւաններին»։

Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացի վերաբերեալ իշխող քաղաքական խմբի մօտեցումը վերջերս՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ, ձեւակերպեց ՀՀ սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը։

«Ցեղասպանութեան ճանաչման ի՞նչ գործընթաց։ Վե՛րջ, ճանաչուել է։ Գործընթացը վերջացաւ, աւարտուեց։ Հայոց ցեղասպանութեան փաստը պէտք է ուղղակիօրէն կապուի իր հայրենի հողում մնացած եւ ապրող ժողովրդի անվտանգութեան հետ։ Պէտք է ոչ թէ ասենք, որ ցեղասպանութիւն է եղել՝ ճանաչէք, այլ ասենք, որ կարեւոր է դրա ճանաչումը․ այդ ցեղասպանութիւնն իրագործողները կարող են դա անել նաեւ Արեւելեան Հայաստանի բոլոր տարածքներում։ Պէտք է հասկանալ, որ «օդի մէջ» ցեղասպանութեան ճանաչումը բան չի տալիս՝ բացի բարոյական շոյուածութիւնից», ասել էր նա՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ գործող իշխանութեան օրօք Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը տապալուել է։ Սինանեանի ձեւակերպումները խնդրայարոյց են, իսկ հեռանկարային կտրուածքով՝ վտանգաւոր, քանի որ Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացն իրաւական, պատմական արդարութեան, ճշմարտութեան վերականգնման եւ պահանջատիրական հարթութիւնից փորձ է արւում տեղափոխել զուտ բարոյական տիրոյթ։ Մինչդեռ ցեղասպանութիւնը ծանրագոյն միջազգային յանցագործութիւն է եւ ենթակայ է միջազգային իրաւական պատասխանատուութեան։

Այսպիսով՝ գործող իշխանութեան կողմից, ինչպէս Արցախի ինքնորոշման, այնպէս էլ Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ պահանջատիրութեան հարցում «նշաձողն» իջեցւում է զրոյական մակարդակի։ Փաստացի ազդարարւում է ցեղասպանութեան ճանաչման գործընթացը արտաքին քաղաքական օրակարգից հանելու մտադրութեան մասին՝ դրանով բաւարարելով Թուրքիայի նախապայմաններից երրորդը եւս։ Հայոց ցեղասպանութեան փաստը կապելով միայն «հայրենի հողում մնացած եւ ապրող ժողովրդի անվտանգութեան հետ»՝ շրջանցւում է ցեղասպանութեան հետեւանքով հայրենազրկուած, նիւթական կորուստներ կրած ժառանգների հարցը, այսինքն՝ մեզ առաջարկում են հրաժարուել պահանջատէր լինելու իրաւունքից։ Թուրքիային պատասխանատուութեան կանչելու պահանջից հրաժարումն առաւել անընդունելի է Արցախեան երկրորդ պատերազմի ժամանակ եւ դրանից յետոյ Թուրքիայի կողմից Ատրպէյճանին ցուցաբերած բացայայտ եւ ընդգրկուն աջակցութեան պայմաններում։

Քննադատութեան չի դիմանում նաեւ այն դիտարկումը, թէ ցեղասպանութիւնը ճանաչուել է, հետեւաբար գործընթացն աւարտուած է։ Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը կարող ենք «աւարտուած» համարել այն դէպքում, երբ Թուրքիան ճանաչի պատմական իրողութիւնը եւ յանձն առնի դրա հետեւանքների վերացման պատասխանատուութիւնը։

Հեռանկարային առումով կը ստացուի, որ ցեղասպանութեան ճանաչման գործընթացն աւարտուած համարելու դէպքում Հայաստանի Հանրապետութիւնը, հայ ազգը հրաժարւում են պատմական հայրենիքին երբեւէ տէր կանգնելու երազանքից, Միացեալ Հայաստան ունենալու տեսլականից։ Նման զարգացումը կը յանգեցնի Հայկական լեռնաշխարհում մեր բնիկ լինելու կարգավիճակից եւ դրանից բխող իրաւունքներից հրաժարմանը։ Դա վտանգաւոր է այնքանով, որքանով արհեստածին «Ատրպէյճան» պետութեան, այսպէս կոչուած, «տարածքային ամբողջականութեան» ճանաչման հարցը։ Հայոց ցեղասպանութիւնն «աւարտուած» գործընթաց համարելը նշանակում է հրաժարում Թուրքիայի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներից եւ հայրենազրկման փաստի լեգիտիմացում։ Սա հայկական ինքնութեանն ուղղուած մարտահրաւէր է, ոչնչացման տանող ճանապարհ։ Որքան էլ նախկինում զգուշութեամբ է խօսուել պահանջատիրութեան մասին, այդ թուում՝ տարածքային, այնուամենայնիւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը, միջազգային հարթակներում դրա բարձրաձայնումը, տարբեր օրէնսդրական նախաձեռնութիւններով հանդէս գալն ինքնին պահանջատիրութեանն ուղղուած քայլեր են եղել։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի անկախացմամբ նոր որակ եւ բովանդակութիւն էր ձեռք բերել Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը։ Այն պետական քաղաքականութեան անբաժան մասն էր, արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագոյն բաղադրիչը։ Դեռեւս 1990 թ. Օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագոյն խորհրդի կողմից ընդունուած Անկախութեան հռչակագրի կէտ 11-ում յստակօրէն ամրագրուեց հայոց պետականութեան յանձնառութիւնը Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործում՝ սահմանելով, որ «Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին»: Հռչակագրի ընդունմամբ Հայաստանի Հանրապետութեան համար Հայոց ցեղասպանութեան հիմնախնդիրը դադարեց լինել սոսկ պատմական, բարոյահոգեբանական հարթութիւնում գտնուող երեւոյթ՝ վերածուելով արտաքին քաղաքականութեան եւ արդի միջազգային իրաւական յարաբերութիւնների հիմնախնդրի:

Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութիւններում նոյնպէս Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը պետական մակարդակի բարձրացնելը կարեւորագոյն դերակատարութիւն ունեցաւ։ Այն հայաստանաբնակ եւ աշխարհասփիւռ հայութեան համընկնող, միասնական օրակարգի կարեւորագոյն եւ առանցքային բաղադրիչներից մէկն էր։ Թէեւ հայ ժողովրդին բաժին հասած մեծագոյն ողբերգութեան հանգամանքը որպէս ընթացիկ կեանքի առանցքային հարցերից մէկը դիտարկելը ինքնին ցանկալի չէ, սակայն այն համախմբուածութեան, մերձեցման, Հայաստանի եւ աշխարհասփիւռ հայութեան փոխճանաչման կարեւոր գործառոյթներից մէկն էր իրականացնում։ Երբ նշւում է, թէ «30 տարի ցեղասպանութեան ճանաչման համար Սփիւռքում հսկայական ռեսուրսներ են օգտագործուել, բայց հասել են միայն մարտավարական արդիւնքների, ռազմավարական արդիւնքների չեն հասել», դրանով արժեզրկւում է կատարուած աշխատանքը եւ վնասում Հայաստան-Սփիւռք, Սփիւռք-Սփիւռք գործակցութեանը: Ատոմիզացուած հայ հասարակութեանը անհրաժեշտ են համընդհանուր, անքննելի օրակարգային հարցեր, որոնք կը միաւորեն մասնատուած, «սեւի եւ սպիտակի» բաժանուած հասարակութեանը, մինչդեռ դրա փոխարէն եւս մէկ համահայկական խնդիր յայտնւում է լուսանցքից դուրս կարգավիճակում։

Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացի շարունակական լինելը եւ առաջին հերթին պետական մակարդակով հարցն արտաքին քաղաքական օրակարգում պահելը լուծում են նաեւ կրթական խնդիրներ, ինչն անհրաժեշտ է պատմութեան դասերը ինչպէս մեր սերունդներին, այնպէս էլ օտարներին ներկայացնելու տեսանկիւնից։ Օրինակ՝ Միացեալ Նահանգների Քոնկրէսի ներկայացուցիչների պալատը 2022 թ․ ներկայացրեց երկկուսակցական օրինագիծ, որով նախատեսւում է հինգ տարիների ընթացքում 10 միլիոն տոլար յատկացնել Քոնկրէսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանութեան պատմութեան, դասերի, հանգամանքների եւ դրա ներկայ դրսեւորումների վերաբերեալ կրթական ծրագրեր իրականացնելու համար: Նախագծի հեղինակներն այս տարի եւս ներկայացրին Հայոց ցեղասպանութեան կրթական ակտը՝ փորձելով հակազդել թուրքական այն քարոզչութեանը, թէ, իբր, «1915-1923 թթ. Օսմանեան Թուրքիայի կողմից միլիոնաւոր քրիստոնեաների համակարգուած զանգուածային սպանութիւնները տեղի չեն ունեցել»։ ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոպերթ Մենենտէսը նշում է, որ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ կրթութեան մասին երկկուսակցական օրէնքը ներկայացնելով՝ «վերահաստատում են ճշմարտութիւնը ճանաչելու իրենց յանձնառութիւնն ամբողջ աշխարհի, այդ թուում՝ Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի առջեւ»:

Ինչո՞ւ է Թուրքիայի համար կարեւոր Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացի կասեցումը։ Այն պարզ պատճառով, որ գործընթացն ի վերջոյ յանգեցնելու է պատասխանատուութեան, որը բնաւ բարոյական յաղթանակների շարքին չի կարող դասուել։ Տրամաբանութիւնը յուշում է, եթէ Հայոց ցեղասպանութեան ճանաչումը զուտ բարոյական բաղադրիչ ունենար, ապա թուրքական կառավարութիւնն այդքան ֆինանսներ եւ մարդկային ռեսուրսներ չէր ծախսի ճանաչման գործընթացը կասեցնելու նպատակով։ Յատկապէս վերջին շրջանում Հայաստանում տարբեր հարթակներում հնչում են հայերի եւ թուրքերի հաշտեցման մասին խօսակցութիւններ։ Իսկ որքանո՞վ են հնարաւոր իրագործել «անցեալը անցեալին թողնելու» եւ «առաջ շարժուելու» առաջարկները՝ հաշուի առնելով, որ մեզանից շատերը ցեղասպանուածների սերունդներից են։ Նման պարագայում, առանց ոճրագործի մեղայականի, «հաշտեցում» բառի օգտագործումն անգամ անընդունելի է։

Կարող ենք յստակ փաստել, որ Հայոց ցեղասպանութեան հարցը միայն անցեալին չի վերաբերում, այլեւ ներկային եւ ապագային, քանի դեռ չի յանգել վերջնական եւ արդարացի յանգուցալուծման։ Ճանաչումն ընդամէնն առաջին փուլն է, որից պէտք է բխի նաեւ հետեւանքների յաղթահարումը եւ ամենակարեւորը՝ պատասխանատուութեան ստանձնումն այն իրականացնողի, այսինքն՝ Թուրքիայի կողմից։

Լուսինէ Մխիթարեան

«Դրօշակ» թիւ 6, 2023թ.

Comments are closed.