Հայաստանի հանրապետութեան հիմնադիր, հայոց աշխարհի փրկիչ Արամ Մանուկեան
ԱՐՄԷՆ ԱՍՐԵԱՆ
Պատմ. գիտ թեկնածու, դոցենտ
101 տարի առաջ 29 յունուարին կեանքից հեռացաւ հանրապետութեան հիմնադիր, հայոց աշխարհի փրկիչ Արամ Մանուկեանը (Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան):
Վստահօրէն կարելի է ասել, որ Արամ Մանուկեանը հայոց պատմութեան ընթացքի վրայ վճռորոշ ազդեցութիւն գործած սակաւաթիւ գործիչներից է, հայոց նոր եւ նորագոյն պատմութեան առաքեալը, քանզի նա էր, որ 1918թ. մայիսին իրականութիւն դարձրեց հայ ժողովրդի դարերի երազանքը, նրա լաւագոյն որդիների` թուրքական եաթաղանի դէմ մղած տասնամեակների զոհառատ պայքարը` անկախ պետականութեան վերականգնումը, ի դէմս Հայաստանի Ա. Հանրապետութեան ստեղծման:
Տարողունակ, լուսաւոր ու անաղարտ է Արամի անհատականութիւնը: Արամի կեանքն ու գործն ամբողջական, անմնացորդ ու անվերապահ նուիրում էր իր ժողովրդին: Այդ նուիրուածութիւնը հասնում էր անձնուրացութեան, սեփական «ես»-ի անտեսման: Աւելի ստոյգ` նրա մօտ չկար անձնական «ես», այն միահիւսուած էր ժողովրդի մտահոգութիւններին, ապրումներին ու իղձերին: Որտեղ եւ ինչ պայմաններում էլ որ գործեց, Արամը եղաւ ժողովրդի սիրտը, հոգին ու կամքը: Մինչեւ կեանքի վերջին ակնթարթը նա մնաց սրտակից ընկեր բոլորի համար` լինէր դա հասարակ գիւղացի, զինուորական, կին, երեխայ, թէ ալեզարդ ծերունի:
Նա ոչ միայն հայոց պայքարի, այլեւ ստեղծարար մտքի, առաքելական համեստութեան, ազնուութեան, բիւրեղեայ մաքրութեան, արդարամտութեան եւ անշահախնդրութեան մարմնացումն ու ոգին էր: Ամենափայլուն յաջողութիւնները, փառահեղ յաղթանակները, բարձրագոյն հասարական դիրքն ու պաշտօնները, անսահմանափակ լիազօրութիւններն ու հնարաւորութիւնները երբեք աննշան չափով իսկ չսասանեցին նրա բարոյական վեհ նկարագիրը:
Նրան միշտ խորթ մնացին նիւթապաշտութիւնը, փառամոլութիւնն ու պաշտօնամոլութիւնը: Նա անզիջում էր անարդարութեան, ստորութեան, ընչաքաղցութեան, դաւաճանութեան հանդէպ եւ հակառակը, անհուն էր նրա սէրը, յարգանքն ու նուիրուածութիւնը իր ժողովրդի, իւրաքանչիւր առաքինի հայ մարդու նկատմամբ:
Ունենալով ֆինանսական միջոցներից օգտուելու լայն հնարաւորութիւններ` Արամն ապրում էր համեստ կեանքով, հասարակ երեւանցու նման, նոյնիսկ այն աստիճան, որ երբեմն ճաշի ժամանակ հաց, իսկ թէյի ժամանակ շաքար չէր ունենում: Նա երբեք իր անսահմանափակ հնարաւորութիւնները չօգտագործեց իր եւ իր ընտանիքի նոյնիսկ ամենատարրական կարիքները բաւարարելու համար, փոխարէնը, անտեսելով գործող կարգն ու օրէնքը, աջակցեց այն մարդկանց, որոնք տառապում էին նիւթական կարիքից, տարատեսակ զրկանքներից, բայց պահպանում էին հոգու կորովը, հայրենիքի նկատմամբ պատուի ու պարտականութեան զգացումները:
Արամը միշտ եղաւ լաւատես, պայքարող, ոգի տուող եւ արարող: 1890-ական թթ. անդամագրուելով հայ ազգային-ազատագրական շարժմանը` Արամը երբեք չյոգնեց ու չընկճուեց պայքարելուց, երբեք չերկնչեց թշնամու ուժից եւ տեղի չտուեց նրա բիրտ ուժի առաջ: Որքան էլ որ ծանր ու յուսահատական եղան հայ ժողովրդի դրութիւնը, պարտութիւնները, կորուստները եւ զրկանքները` շատ ու տեւական, նա մշտապէս մնաց ազատագրական պայքարի առաջին, ամենածանր, վտանգաւոր ու պատասխանատու դիրքերում եւ յոյս ու ոգի տուեց պայքարող հայութեանը: Ժամանակի ամենաազդեցիկ ուժի` ՀՅԴ-ի ղեկավար գործիչ Արամը մշտապէս վեր կանգնեց կուսակցականութիւնից, բաց մնաց իւրաքանչիւր հայի համար:
Արամի համոզմունքն էր. ազատութեան համար պայքարի ելած հայ ժողովուրդը պէտք է յոյսը դնի սեփական ուժերի վրայ: Դա նաեւ նրա յաջողութեան, բազում յաղթանակների կարեւոր գրաւականներից էր: Եւ նա ամէն ինչ արեց իր ժողովրդին համախմբելու, հայութեան ներքին միջոցները կեդրոնացնելու եւ յաղթանակի ժամը մօտեցնելու համար: Այդպէս էր թէ՛ Կարսում (1903-1904թթ.), թէ՛ Վանում (1905-1915թթ.) եւ թէ՛ Երեւանում (1917թ. դեկտեմբերից 1919թ. յունուար): Եւ ամէնուր նա բարձրացնում էր յաղթական դրօշը` ի հեճուկս ամենաանբարենպաստ պայմանների: Ասուածի, թերեւս, ամենախօսուն վկաներն են Վանն ու Երեւանը:
Հայոց Մեծ եղեռնի ժամանակաշրջանում Արամը կազմակերպեց եւ իր իսկ առաջարկութեամբ ստեղծուած բազմակուսակցական Հայ ինքնապաշտպանութեան զինուորական մարմինի հետ ղեկավարեց Վանի 1915թ. ապրիլեան ինքնապաշտպանութիւնը: Վանի յաղթական ինքնապաշտպանութիւնից յետոյ, որի շնորհիւ աւելի քան 150 հազար վասպուրականցիներ փրկուեցին անխուսափելի կոտորածներից, Արամ Մանուկեանը նշանակուեց ազատագրուած Վանի նահանգապետ: Պետական գործունէութեան փորձ չունեցող, սակայն իր ժողովրդին ծառայելու եւ նրա բարօրութեանը հասնելու վճռակամութեամբ լեցուն Արամը նահանգապետի պաշտօնում վեր հանեց իր կազմակերպչական տաղանդը, ազգային-պետական մտածելակերպն ու անխտրական ոգին: Արամի գլխաւորութեամբ, Վասպուրականի հայութիւնը ձեռնամուխ եղաւ թուրք-քրտական աւազակախմբերից նահանգի անվտանգութեան ապահովման, քայքայուած տնտեսութեան վերականգնման, գաղթականութեան խնամքի, օրինականութեան եւ կարգ ու կանոնի ապահովման եւ այլ խնդիրների լուծմանը: Վանի նահանգապետութեան կարճատեւ գոյութեան ընթացքում դրուեցին հայոց նորագոյն պետականութեան առաջին քարերը:
1917թ. վերջին ռուսական Կովկասեան ռազմաճակատի քայքայումը թուրքական ներխուժման սպառնալիքի տակ դրեց ոչ միայն Արեւմտեան, այլեւ Արեւելեան Հայաստանը: Հայ ժողովրդի գլխին կախւում էր 1915թ. կրկնութեան վտանգը: Այդ իրավիճակում` 1917թ. դեկտեմբերին, Թիֆլիսի Հայոց կեդրոնական Ազգային եւ Հայ զինուորական խորհուրդների կողմից Արամը իբրեւ լիազօր գործուղուեց Երեւանի նահանգ: Ժամանելով Երեւան` Արամ Մանուկեանը գերմարդկային ճիգեր գործադրեց հայութեանը սպառնացող նոր ողբերգութիւնը կանխելու համար: Նա առաջադրեց հայ ժողովրդի պաշտպանութեանն ու ազատութեանը միտուած յստակ քաղաքական ուղեգիծ. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ` տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա լոկ խօսք է` զուրկ իրական հիմքից ու անկեղծութիւնից: Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին` թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:
Հետեւողական, տքնաջան, անձնուրաց եւ անզիջում աշխատանքի շնորհիւ յաջողուեց կարճ ժամանակում ստեղծել պետական իշխանութեան մարմիններ, կանոնաւոր հայկական զօրք, երկրում հաստատել կարգուկանոն, ճնշել թուրք-թաթարական հակահայկական-հակապետական շարժումները, մեղմել պարէնային ծանր դրութիւնը:
Արամի ջանքերը գերագոյն լարման հասան 1918թ. մայիսեան ծայրայեղ ծանր օրերին, երբ թուրքական զօրքերը ներխուժել էին Արարատեան դաշտ եւ անմիջականօրէն սպառնում էին Սուրբ Էջմիածնին ու Երեւանին, եւ ամբողջ սրութեամբ դրուած էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը: Թշնամու չորսամսեայ յաղթարշաւը հայ քաղաքական շրջանակներին, զօրքին, զօրահրամանատարութեանն ու բնակչութեանը մատնել էր յուսալքութեան եւ անորոշութեան:
Հայոց մէջ իշխող պարտուողական տրամադրութիւնները, որոնք յանգում էին նոյնիսկ Ս. Էջմիածնից ու Երեւանից նահանջելու անհեթեթ մտքին, անխուսափելիօրէն նրան տանելու էին դէպի կործանում, եթէ չձեռնարկուէին արմատական հակամիջոցներ: Այդ ծայրայեղ, թւում է, թէ անյուսալի իրավիճակում Արամը դրսեւորեց թշնամուն հակահարուած հասցնելու աներեր վճռակամութիւն, իրավիճակին չհամակերպուելու եւ շրջապատին չենթարկուելու անսասան կամք: Նա եղաւ այն գործիչը, որը կարողացաւ լուսաւորել իր ժողովրդի պատմական ճանապարհը, նրա, զօրքի եւ զօրահրամանատարութեան մէջ ամրապնդել հաւատը սեփական ուժերի նկատմամբ, որի արդիւնքում կազմակերպուեցին Սարդարապատի, Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք հայ ժողովրդին ոչ միայն փրկեցին վերջնական բնաջնջումից, այլեւ ապահովեցին հայոց անկախ պետականութեան վերականգնումը: Արդիւնքում 1918թ. մայիսի 28-ին ստեղծուեց Հայաստանի Ա. Հանրապետութիւնը: Հայաստանի Հանրապետութեան ստեղծմանը մեծապէս պարտական ենք Արամին, եւ ամենեւին էլ պատահական չէ, որ նա արժանացել է ՀՀ հիմնադրի կոչմանը:
Սարդարապատի ճակատամարտից յետոյ հիմնելով նորանկախ Հայաստանի ժամանակաւոր կառավարութիւն` Արամը լծուեց պետական շինարարութեան եւ ստեղծեց անհրաժեշտ հիմքեր` ՀՀ պետական կեանքի կազմակերպման համար, մինչեւ որ Հայոց Ազգային խորհուրդը եւ ՀՀ անդրանիկ կառավարութիւնը տեղափոխուեցին Երեւան: ՀՀ կառավարութեան մէջ Արամ Մանուկեանին վստահուեցին միաժամանակ` ներքին գործերի, լուսաւորութեան, հաղորդակցութեան, պարէնաւորման եւ խնամատարութեան նախարարութիւնները:
Արամը, առաջնորդուելով ազգային-պետական մտածողութեամբ, դրսեւորելով ժողովրդին հաւաքական գործունէութեան մղելու համար այնքան անհրաժեշտ ազնուութիւն եւ անձնական անշահախնդրութիւն, նախաձեռնողականութիւն ու հետեւողականութիւն, նպատակային եւ արդիւնաւէտ գործունէութիւն ծաւալեց հանրապետութիւնում ամուր իշխանութեան եւ օրինականութեան հաստատման, պետական իշխանութեան մարմինների ամրապնդման, թաթարական հակապետական խռովութիւնների ճնշման եւ երկրի հայեացման, գաղթականութեան եւ որբերի խնամքի եւ այլ ուղղութիւններով` ըստ ամենայնի նպաստելով նորաստեղծ պետականութեան ամրապնդմանը:
Արամի ազգանուէր գործունէութիւնը պէտք է ուղենիշային լինի բոլորիս, առաջին հերթին` ՀՀ պետական ու քաղաքական կեանքի պատասխանատուների համար, եթէ, ի հարկէ, անկեղծօրէն ցանկանում ենք կառուցել հզօր ու երջանիկ, բոլոր հայերին դէպի իրեն ձգող պետութիւն: Բոլորիս պէտք է հետեւութիւն կատարելու տեղիք տան Նիկոլ Աղբալեանի հետեւեալ խօսքերը. «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը եւ խօսեցէք ձեր խղճի հետ եւ ըսէք, արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տուե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը…»: