Հայաստանի Բնապահպանական Որոշ Խնդիրների Մասին

ԱՐԵԳ ՂԱՐԱԲԷԳԵԱՆ

Շրջակայ միջավայրի աղտոտուածութեան հարցը վաղուց մտահոգութեան առարկայ է Հայաստանում, եւ տասնամեակներ շարունակ այս մասին եղել են զանազան հրապարակումներ: Օրինակ՝ Սեւանայ լճի ցաւալի դրութիւնը բազմիցս բարձրաձայնուած հարց էր 1960ականների վերջին՝ ջրի մակարդակի կտրուկ անկման եւ լիճ թափուող աղտոտիչների պատճառով:

Խորհրդային Հայաստանի բնապահպանական շարժումը նշանակալի ուժ էր 1980ականների վերջին՝ գլասնոստի (հրապարակայնութեան) եւ պերեստրոյկայի (վերակառուցման) ժամանակաշրջանում, քաղաքական փոփոխութիւններ իրականացնելու համար: Անկախացումից ի վեր բազմաթիւ բնապահպանական խմբեր կորցրին իրենց ազդեցութիւնը:

Հայաստանը նախկին ԽՍՀՄում առաջատար էր շրջակայ միջավայրի հիմնախնդիրների վերաբերեալ հասարակութեան իրազեկուածութեան բարձրացման հարցում: 1987թ. Օպերայի հրապարակում աննախադէպ ցոյցին մասնակցում էր մօտ 3000 մարդ, որոնք պահանջում էին փակել որոշ քիմիական գործարաններ եւ Մեծամորի ատոմակայանը: Յաջորդ տարի Սպիտակի երկրաշարժը բնակիչներին ստիպեց յաւելեալ ուշադրութիւն դարձնել շրջակայ միջավայրին եւ շինարարական տեխնոլոգիաների յարակից խնդիրներին:

Չնայած շրջակայ միջավայրի մասին իրազեկուածութեան կարեւորութեանը՝ տուեալ ժամանակաշրջանում Հայաստանում հաւաքական գիտակցութեան ձեւաւորման գործում Խորհրդային Միութեան կտրուկ փլուզման հետեւանքով Հայաստանը ստիպուած էր պայքարել մի քանի ճակատներում: Հայաստանի մի շարք բնապահպանական խնդիրներ աւելի սրուեցին անկախութեան առաջին տարիներին, երբ էներգիան կտրուկ նուազում էր, բենզինն անորակ էր, կատարւում էին զանգուածային անտառահատումներ, կեղտաջրերի մաքրումը պատշաճ մակարդակով չէր իրականացւում:

Անկախացումից յետոյ Հայաստանում հսկայական տնտեսական անկում գրանցուեց, մեծ փոփոխութիւններ տեղի ունեցան շուկայական տնտեսութեանն անցնելիս եւ ծագեցին դրանց ուղեկցող, անյապաղ ուշադրութիւն պահանջող բնապահպանական խնդիրներ: Անկախացման պահին ի յայտ եկած ազգային անվտանգութեան խնդիրները պատճառ դարձան, որ բնապահպանական մտահոգութիւնները առաջնահերթութիւն չդիտուեն հանրութեան համար: Բացի այդ` արագ տնտեսական զարգացման ընթացքում բնապահպանական խնդիրները յետ էին մղուել շինարարութեան, քիմիական արդիւնաբերութեան մասնակի վերականգնման եւ հանքարդիւնաբերական գործունէութեան ընդլայնման համեմատ: Պահի թելադրանքով կողմնորոշուելը, կարողութիւնների անբաւարարութիւնը եւ կոռուպցիան խոչընդոտում էին պատասխանատու քաղաքական գործողութիւնների իրականացմանը, ինչից երկարաժամկէտ հեռանկարում կը շահէին երկիրը եւ նրա բնակչութիւնը:

Վերջերս Հայաստանում բնապահպանական շարժումը որոշակի թափ է հաւաքել, բայց բնակչութեան մեծամասնութեան կողմից այն դեռեւս անհրաժեշտ լրջութեամբ չի ընկալւում եւ այնքան ուժեղ չէ, որ մեծ ազդեցութիւն ունենայ քաղաքականութեան եւ զարգացման ընթացքի վրայ: Շարժումը միաւորել է մի շարք հասարակական կազմակերպութիւնների (ՀԿ), բայց դրանք ունեն սահմանափակ կարողութիւններ եւ ազդեցութիւն: Վերջին տարիներին այդ կազմակերպութիւններից մի քանիսը յաջողութեամբ համատեղել են իրենց ջանքերը` բնապահպանական յստակ խնդիրները լուծելու համար, ինչը յանգեցրել է որոշակի նախագծերի բարեփոխմանը, որոնք կարող էին վնաս հասցնել շրջակայ միջավայրին:

Հայաստանը վաւերացրել է բազմաթիւ միջազգային կոնուենցիաներ (համաձայնագիր- Խմբ.), որոնք վերաբերում են այնպիսի հարցերի, ինչպիսիք են կենսաբազմազանութիւնը, կլիմայի փոփոխութիւնը, անապատացումը եւ մշակութային ու բնական ժառանգութեան պահպանումը: Բացի այդ` Հայաստանի Սահմանադրութիւնը յստակօրէն անդրադառնում է բնութեան պահպանութեանը, շրջակայ միջավայրին հասցուած վնասներին եւ մարդկանց` առողջ կեանք վարելու իրաւունքներին:

Բազմաթիւ բնապահպանական խնդիրներ` կապուած ջրային պաշարների, հանքարդիւնաբերութեան, անտառների եւ պահպանուող տարածքների հետ, սերտօրէն առնչւում են կոռուպցիայի երեւոյթին: Յաճախ բնական պաշարների շահագործումը տեղի է ունենում առանց որոշումների պատշաճ հիմնաւորման: Աւելին` որոշումները, որպէս կանոն, վերաբերում են յատուկ հետաքրքրութիւն ներկայացնող խմբերի եւ կայացւում են առանց կառավարութեան հռչակած երկարաժամկէտ կայուն զարգացման նպատակներին պատշաճ ուշադրութիւն դարձնելու:

Հայաստանի համար, որը նախատեսում է իր զարգացումը հիմնել կայունութեան սկզբունքների վրայ, շրջակայ միջավայրի պաշտպանութիւնը պէտք է կազմի զարգացման գործընթացի բաղկացուցիչ մասը: Այսպիսով, Հայաստանի անկախացումից գրեթէ երեք տասնամեակ անց երկրի բնապահպանական իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:

Ստորեւ կ’անդրադառնանք առանձնայատուկ եւ զգայուն բնապահպանական խնդիրներին:

Ձկնաբուծարանի կողմից ջրի օգտագործումը

Ձկնաբուծարանի կողմից ջրի օգտագործումը

 

Ջուր

Բազմաթիւ սուր եւ բարդ սոցիալ-տնտեսական խնդիրների, ինչպէս նաեւ ստուգումների եւ որոշումների կիրարկման անբաւարարութեան պատճառով քաղցրահամ ջրերի էկոհամակարգերը՝ լճերը, գետերը եւ ջրամբարները, խիստ տուժել են: Էներգետիկ եւ տնտեսական արտադրութեան զարգացման ընթացքում հիդրոէկոհամակարգերի անկայուն օգտագործման պատճառով տեղի են ունեցել խորքային ջրերի մակարդակների կտրուկ նուազում եւ գետերի հիդրոֆիզիկական ու հիդրոկենսաբանական փոփոխութիւններ: Այս ոլորտում կարեւոր դերակատարներն են ձկնաբուծութիւնը Արարատեան դաշտում եւ տարբեր գետերի վրայ կառուցուած փոքր հիդրոէլեկտրակայեանները։

Ձկնաբուծական տնտեսութիւններն օգտագործում են հսկայական քանակութեամբ ջուր՝ չունենալով վերամշակման որեւէ համակարգ։ Այս պատճառով Արարատեան դաշտի ստորեկրեայ ջրերի մակարդակը իջել է մօտ 15 մետրով, ինչի հետեւանքով մեծ թուով գիւղական հորեր ցամաքել են։ 2017 թուականին Բնապահպանութեան նախարարութիւնը մի ձկնաբուծականի հորի վրայ տեղադրեց Սկադայ սարքաւորումը, որի միջոցով նախարարութեան էին ուղարկւում էլեկտրոնային տուեալներ օգտագործուող ջրի քանակի վերաբերեալ։ Նպատակն էր հսկել, որ հորից ստացուէր միայն թոյլատրելի քանակութեամբ ջուր։ Իսկ գլխաւոր նպատակը Սկադայ սարքաւորումների տեղաղադրումն էր բոլոր ձկնաբուծական հորերի վրայ, բայց այդ նախագիծը չգործադրուեց։ 2017 թ. ընթացքում նաեւ փակուեցին մեծ թուով արտեզեան հորեր, որոնց ջուրն այլեւս չէր օգտագործւում։

Հայաստանում մաքուր ջրի պահպանման խնդիրը շարունակում է մնալ մտահոգիչ: Ջրամատակարարման համակարգերն անյապաղ ուշադրութեան կարիք ունեն: Ջրօգտագործման համակարգը ջրամատակարարման քայքայուող ենթակառուցուածքի պատճառով պարբերաբար աղտոտւում է, ինչը դառնում է կոյուղաջրերի եւ խմելու ջրի խառնուելու ու հսկայական կորուստների պատճառ։ Ջրամատակարարման բաշխիչ ցանցի կորուստները Երեւանում կազմում են մինչեւ 60 տոկոս, Գիւմրիում՝ 70 տոկոս, իսկ Վանաձորում՝ 75 տոկոս:

Երեւանը, լինելով աւելի քան մէկ միլիոն բնակչութեամբ քաղաք, դեռեւս չունի կեղտաջրերի մաքրման լիովին գործունակ կայան: Մասնակիօրէն մշակուած թափօններն ուղղակիօրէն թափւում են Հրազդան գետը, որը տասնեակ բնակավայրերի ջրամատակարարման հիմնական աղբիւրն է:

Երևանի ջրի քայքայված խողովակները

Երևանի ջրի քայքայված խողովակները

Արարատեան դաշտում ջրի աղտոտման հիմնական պատճառը գիւղատնտեսական աշխատանքներում օգտագործուող թունաքիմիկատներն են: Դրանք ոռոգման ընթացքում լցւում են ջրահեռացման ջրանցքների մէջ, թափւում են գետերը կամ, հողի մէջ ներծծուելով, անցնում ստորերկրեայ ջրերի աւազան:

 

Սեւանայ Լիճ

Սեւանայ լիճը Անդրկովկասի` խմելու ջրի խոշորագոյն ամբարներից եւ աշխարհի ամենամեծ լեռնային քաղցրահամ լճերից մէկն է: Նրա խոնաւ էկոհամակարգը զգալի դեր է խաղում չուող թռչունների համար: Սեւանայ լիճը, բացի մշակութային, հանգստի եւ հոգեւոր արժէքից, ունի նաեւ ռազմավարական, տնտեսական, սոցիալական եւ պատմական նշանակութիւն: Իրապէս այն գնահատւում է որպէս ազգային հարստութիւն՝ գանձ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ Հրազդան գետի երկայնքով կառուցուեցին եօթ հիդրոէլեկտրակայեաններ, իսկ Սեւանայ լճի ջուրն օգտագործուեց էլեկտրաէներգիայ արտադրելու համար: Այս նպատակով ջրային պաշարների լայնածաւալ օգտագործման եւ վատ կառավարման պատճառով (եւ աւելի քիչ` գիւղատնտեսական արտադրութեան համար) լճի ջրի մակարդակը 20 տարուայ ընթացքում իջաւ աւելի քան 19 մետրով։

Լճի մակարդակի նուազման պայմաններում յարաբերականօրէն մեծացաւ ազոտի պարունակութիւնը, ակտիւացաւ ջրիմուռների աճը, ապակայունացաւ լճի բնապահպանական հաւասարակշռութիւնը: Իրավիճակն էլ աւելի բարդացաւ մօտակայ քաղաքների մաքրման կայեաններից կոյուղաջրերի եւ գիւղացիական տնտեսութիւններից թունաքիմիկատների` դէպի լիճ արտահոսքի պատճառով:

Անկախացումից յետոյ Սեւանայ լճի երկայնքով մեծաթիւ նոր հանգստեան տների ապօրինի կառուցումը, ընդհանուր բնակչութեան կողմից, զբօսաշրջութեան նպատակով Սեւանի շահագործումը եւ լճի շրջակայքում կատարուած ծառահատումները (անտառահատումը) դարձել են կարեւոր գործօն լճի մակարդակի կարգաւորման հարցում:

Ջրի մակարդակի իջեցմամբ պայմանաւորուած` էկոհամակարգի վրայ անբարենպաստ ազդեցութիւնների հետեւանք են իշխան ձկնատեսակի չորս ենթատեսակներից երկուսի անհետացումը, միւս երկու ենթատեսակների վերարտադրողական ունակութեան խիստ նուազումը։ Այս ազդեցութիւնների պատճառով չորացան իշխան ձկնատեսակի բազմացման բնավայրերը, եւ աւելացաւ որսագողութիւնը: Բացի այդ` ջրի ֆիզիկա-քիմիական բնութագրերի փոփոխութիւնները խիստ ազդել են ոչ միայն ձկնաբուծական աշխարհի, այլեւ ընդհանրապէս ջրաշխարհի վրայ:

TROSHAG2

Ժամանակին կառավարութիւնը քայլեր ձեռնարկեց լճի ջրի հաւասարակշռութիւնը վերականգնելու նպատակով: Արփա-Սեւան թունելի շինարարութիւնը իւրայատուկ ճարտարագիտական եւ հիդրոլոգիական նախագիծ է, որը կենսագործուել է 1961 թ.՝ Արփա գետի ջրի մի մասը Սեւանայ լիճ փոխադրելու նպատակով։ Թունելը տարեկան 250 միլիոն խմ. ջուր էր տրամադրում Սեւանին: Տարիների ընթացքում կառավարութիւնը որոշումներ է ընդունել էլեկտրաէներգիայի արտադրութեան նպատակով լճի ջրի օգտագործումը նուազագոյնի հասցնելու համար՝ այն հիմնականում բաց թողնելով ոռոգման նպատակներով: Բայց յաճախ այս որոշումները չեն գործադրուել կամ գործադրուել են խախտումներով։

Չնայած Սեւանայ լճի ափերը ներառուած են «Սեւան» ազգային պարկի մէջ, որտեղ գործում են տնտեսական գործունէութեան սահմանափակումներ, այդուհանդերձ, ապօրինաբար տրուել են հարիւրաւոր շինարարական թոյլտուութիւններ:

Կառավարութեան որոշումն է, որ լճի մակարդակը պէտք է բարձրացուի 6 մետրով (հիմք ընդունելով 1996 թ. մակարդակը), որի արդիւնքում լճի բնապահպանական համակարգը կը կայունանայ։ Լճի մակարդակը բարձրացել է 3 մետրով, բայց կառավարութիւնը հետաքրքրութիւն չի ցուցաբերում ջրի մակարդակի յետագայ բարձրացման հարցում։ Պատճառներից մէկն էլ միգուցէ այդ ապօրինի շինարարութիւնների տէրերի շահերն են։

 

Օդ

Հայաստանի ստանդարտները շրջակայ միջավայրի օդի որակի վերաբերեալ հիմնականում համապատասխանում են զարգացած երկրների ստանդարտներին: Օդի աղտոտուածութեան դէմ պայքարի մասին օրէնքները պահանջում են, որ իւրաքանչիւր արդիւնաբերական աղբիւր համապատասխանի աղտոտման համակենտրոնացման ստանդարտին (չափանիշ-Խմբ): Այնուամենայնիւ, այդ ստանդարտները յաճախ չեն կիրառւում:

Խորհրդային շրջանում քիմիական արտադրութիւնը Հայաստանում խոշոր արդիւնաբերութիւնն էր, որը յայտնի էր թունաւոր գազերի արտանետումների բարձր մակարդակով: Գրեթէ բոլոր այդ գործարանները`, այլեւս չեն աշխատում, ուստի օդի աղտոտման այդ աղբիւրները այլեւս գոյութիւն չունեն։

TROSHAG3

Ալավերդու արտանետումների ծխնելույզը

Օդի աղտոտումը բնապահպանական խնդիր է Հայաստանի մի քանի շրջաններում: Օրինակ՝ Երեւանում Նուբարաշէնի աղբավայրի հիմնական մասն անընդհատ այրւում է` առաջացնելով ծուխ եւ մթնոլորտ արտանետուող այլ տոքսիններ (թոյններ-Խմբ.) այրուած պլաստմասայից, ներկերից եւ ծանր մետաղներից: Չնայած այն բանին, որ մթնոլորտ են արտանետւում միայն փոքր քանակութեամբ թունաւոր նիւթեր, բայց դրանք կուտակւում են Երեւանում, որովհետեւ Երեւանը տեղակայուած է երկրաբանական փոսի մէջ:

Ալավերդի արդիւնաբերական քաղաքի օդը շարունակում է աղտոտուած մնալ: Ալավերդու օդում ծծմբի երկօքսիդի պարունակութիւնը գերազանցում է թոյլատրելի մակարդակը: Հայկական պղնձի ծրագրով (ACP), որը համարւում է հիմնական աղտոտող աղբիւրը, արտանետումների գլխաւոր ծխնելոյզը փոխադրուել է մօտակայ լերան բարձունքի վրայ` իբրեւ արտանետումների մեղմացման միջոց։ Սա` որպէս հարցի լուծում, անընդունելի քայլ է:

 

Պինդ Թափօններ

Թափօնների կառավարումը առաջնահերթ բնապահպանական խնդիր է ինչպէս Հայաստանի քաղաքներում, այնպէս էլ գիւղական բնակավայրերում: Միայն մէկ խոշոր աղբավայր՝ Նուբարաշէնը, ծառայում է Երեւանին եւ յարակից համայնքներին: Այս աղբավայրը գտնւում է Երեւանից մօտ 7 կիլօմետր հեռաւորութեան վրայ, ունի շուրջ 40 հեկտար հողային մակերես: Աղբահանութեան աշխատանքները սկսուել են 1968թ., եւ այստեղ շուտով տեղ չի լինի: Մի շարք բնակավայրեր տեղակայուած են աղբավայրից մի քանի կիլօմետր հեռաւորութեան վրայ, իսկ մէկ գերեզմանոց գտնւում է աղբավայրից 1 կմ հեռաւորութեան վրայ:

Շինարարական աղբը Հրազդանի կիրճում

Շինարարական աղբը Հրազդանի կիրճում

Նուբարաշէնի աղբավայրերի տակ կայ բնական ամուր ժայռաշերտ, որը ծածկուած է 1.5 մետր հաստութեամբ կաւէ շերտով: Աղբավայրի տարածքի ստորերկրեայ ջրերի խորութիւնը 50 մետրից ցածր է, հետեւաբար քիչ հաւանական է, որ աղբավայրից աղտոտող նիւթերը հասնեն ստորերկրեայ ջրերի աւազանին: Նուբարաշէնում կան խորհրդային ժամանակից մնացած մի քանի տասնեակ տակառներ, որոնք պարունակում են թունաւոր նիւթեր։ Այդ տակառների տարիքը մտահոգիչ է եւ կարող է թունաւոր նիւթերի արտահոսքի պատճառ լինել։ Անհրաժեշտ է, որ այս թունաւոր նիւթերն անմիջապէս չէզոքացուեն։

Կոշտ թափօնների կառավարումը խնդրահարոյց ծառայութիւններից մէկն է, որը մշտապէս ունի ֆինանսաւորման պակաս եւ դեռեւս իրականացւում է ցածր որակով: Շատ տարածուած է աղբը, յատկապէս շինարարական աղբը չթոյլատրուած վայրերում թափելը եւ աղբն այրելը, որի պատճառով արտանետւում են թունաւոր քիմինական նիւթեր, որոնք ունենում են առողջութեան համար բացասական հետեւանքներ: Առանձնայատուկ մտահոգութեան տեղիք է տալիս վտանգաւոր բժշկական թափօնների չէզոքացումը:

Թէեւ վերջերս Երեւանում թափօնների հաւաքման գործընթացը բարելաւուել է, բայց 2019 թ. ամրանը աղբահաւաքութեան վիճակը սարսափելի էր, երբ քաղաքապետն ուզում էր ձերբազատուել աղբահանումն իրականացնող «Սանիտէք» ընկերութիւնից ու կազմակերպել այդ աշխատանքը քաղաքապետարանի միջոցով։ Երեւանի քաղաքապետարանը 2019 թ. յայտարարեց մէկ տենդեր` նոր աղբավայր կառուցելու համար։ Զարմանալիօրէն այդ տենդերի պայմանների մէջ չկար որեւէ ակնարկ աղբի վերամշակման մասին, որը խիստ անհրաժեշտ է։

 

Քիմիական Արդիւնաբերութիւն

Հայաստանի քիմիական արդիւնաբերութեան աւելի քան 70 տոկոսը գտնւում էր Երեւանում, իսկ արտադրական գործարաններն աղտոտման հիմնական աղբիւրներն էին: Մօտ 200 հեկտար տարածք զբաղեցնող «Նաիրիտ» քիմիական գործարանը առաջին անգամ սկսեց ռետինէ եւ այլ պոլիմերների արտադրութիւնը 1936 թուականին եւ ունէր տարեկան 58000 տոննա հզօրութիւն: Մինչեւ 1989 թուականը «Նաիրիտի» աշխատանքի հետեւանքով, երբ այն գործում էր ամբողջ հզօրութեամբ, տարեկան գրանցւում էր 15 միլիոն մ3 հեղուկ թափօնների արտահոսք դէպի Հրազդան գետը:

Քիմիական ռէագենտների գործարանը եւս մէկ հիմնական քիմիական գործարան էր, որը սկսեց գործել 1959 թ. եւ արտադրեց 916 տարբեր տեսակի ռէակտիւներ: Այս գործարանը մեծ քանակութեամբ թափօններ է առաջացրել շահագործման ընթացքում հնացած եւ վտանգաւոր արտադրական տեխնիկայի օգտագործման հետեւանքով: Ներկայումս այս հսկայական քիմիական գործարաններն այլեւս չեն աշխատում։

 

Բնապահպանական Ուսումնասիրութիւններ

ՀՀ բնապահպանութեան նախարարութիւնն ունի մէկ փորձաքննութեան բաժին, որը պատասխանատու է շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան գնահատման (ՇՄԱԳ) քննարկման ու դրական կամ բացասական եզրակացութիւն տալու հարցերում: Այս բաժինը չունի համապատասխան կարողութիւններ՝ ամբողջութեամբ քննարկելու բարդ նախագծերի ՇՄԱԳները։ Որպէս հետեւանք` տարբեր նախագծերի համար պատրաստուած ՇՄԱԳները չեն ընդգրկում քննարկուող նախագծերի բոլոր բացասական ազդեցութիւնները կամ նախագծերի ամբողջական ազդեցութիւնը: Այս թերութիւնները գործնականում անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում շրջակայ միջավայրի կառավարման հարցում:

Խոշոր նախագծերի համար նախապատրաստուած ՇՄԱԳները յաճախ պարզապէս ձեւական բնոյթ են կրում` նուազագոյն տեղեկութիւններով փաստելու համար, որ քննարկուող նախագիծը համապատասխանում է գործող օրէնքին: Լաւ օրինակ է Թեղուտի հանքավայրի նախագծի համար պատրաստուած 100 էջանոց ՇՄԱԳը: Նմանատիպ ուսումնասիրութիւնները զարգացած երկրներում կը կազմէին մի քանի հարիւր էջ:

Պէտք է նշել, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի համար պատրաստուած ՇՄԱԳը կարելի է համարել ամենաընդարձակ ու բազմակողմանի ուսումնասիրութիւնը, որը մինչ օրս կատարուել է Հայաստանում։ Բայց այս հանքի շահագործումը կ’ունենայ բացասական մեծ ազդեցութիւն, մանաւանդ` Սեւանայ լճի վրայ, որն անտեսուած է ՇՄԱԳում, կամ այդ բացասական ազդեցութիւնները ներկայացուած են իբրեւ կառավարելի ռիսկեր (վտանգներ-Խմբ)։

Լաւ պատրաստուած ՇՄԱԳը պէտք է դիտուի էկոլոգիապէս անվտանգ նախագծի համար որոշումներ կայացնելու հիմք: Մոնիտորինգի (հսկողութեան-Խմբ) ծրագրերը եւ կանոնակարգերի կիրարկումը անհրաժեշտ են Հայաստանում ՇՄԱԳ գործընթացը բարելաւելու համար: Մինչ այժմ պատրաստուած ՇՄԱԳները համապարփակ չեն եղել եւ չեն արտացոլում ծրագրերին առնչուող բնապահպանական բոլոր մտահոգութիւնները:

Հասարակութեան Մասնակցութիւնը Եւ Գործընթացի Թափանցիկութիւնը Կարեւոր Են Նաեւ Շրջակայ Առողջ Միջավայրը Պաշտպանելու Համար

ՇՄԱԳ գործընթացի կատարելագործումն անպայման պահանջում է բնապահպանութեան իրաւասու մասնագէտներ: Հայաստանում բնապահպանական ճարտարագէտների եւ գիտնականների համար պակասում են այնպիսի կրթութեան ու վերապատրաստման հնարաւորութիւնները, որոնք անհրաժեշտ են բնապահպանական խնդիրներին անմիջապէս ուշադրութիւն դարձնելու համար: Երեւանի պետական համալսարանում, Հայաստանի ամերիկեան համալսարանում եւ Պետական ճարտարագիտական համալսարանում բնապահպանական ճարտարագիտութեանը եւ կառավարմանն առնչուող ուսումնասիրութիւններն առաւելապէս գիտական են, քան կիրառական. ներկայումս աւելի մեծ պահանջարկ ունեն հէնց գործնական ուսումնասիրութիւնները: Չնայած վերջին տարիներին Հայաստանում նկատուել է բնապահպանական կրթութեան որակի որոշակի բարելաւում, այնուամենայնիւ, դեռ շատ աւելին պէտք է արուի:

Կարգաւորող կառուցուածքը եւս մէկ լուրջ խնդիր է շրջակայ միջավայրի վրայ հնարաւոր ազդեցութիւնների գնահատման եւ մեղմացման միջոցառումների իրականացման գործում: Ներկայումս չկան յստակ ուղեցոյցներ առկայ հիմնահարցերի անհրաժեշտ մեղմացման միջոցառումների գնահատման եւ կիրառման գործընթացի վերաբերեալ: Անհրաժեշտ է ուժեղ եւ լիովին անկախ պետական գործակալութիւն՝ ապահովելու համար հիմնախնդիրների մեղմացման բոլոր առաջարկուած միջոցառումները։

Կառավարութեան եւ խոշոր ներդրողների միջեւ աղմկահարոյց կապերը եւս մէկ ընդհանուր պատճառ են գործող օրէնսդրութիւնը չկիրառելու համար:

 

Անտառահատում

Անտառահատումը շարունակում է մնալ կարեւոր բնապահպանական խնդիր, չնայած 90ականների էներգետիկ ճգնաժամը վաղուց աւարտուել է: Յատկապէս Հայաստանի համար սա լուրջ մտահոգութիւն է, քանի որ երկրի տարածքի միայն 7-8 տոկոսն է ծածկուած անտառով (թէեւ պաշտօնապէս ներկայացւում է նախորդ դարավերջին արձանագրուած ցուցանիշը` 11 տոկոս, ընդ որում, այս անտառների մեծ մասը քայքայուած է:

Հայաստանը ճանաչուած է որպէս կենսաբազմազանութեան համաշխարհային թէժ կէտերից մէկը: Իր գտնուելու եզակի վայրով եւ հրաբխային ծագմամբ պայմանաւորուած`այն, ի տարբերութիւն մոլորակի այլ վայրերի, ունի միկրոկլիմայի եւ բնակավայրերի նախընտրելի առաւել նպաստաւոր պայմաններ մի շարք վտանգուած բոյսերի եւ կենդանիների տեսակների կեանքի համար: Հաշուի առնելով բնապահպանական այս ժառանգութիւնը` Հայաստանը յատուկ պատասխանատուութիւն է կրում ապահովելու համաշխարհային մասշտաբով բարձր արհեստավարժութեամբ զինուած ղեկավարութիւն` կենսաբազմազանութեան պահպանման եւ էկոտուրիզմի ոլորտի զարգացման համար:

Թեղուտում հատված ծառերը

Թեղուտում հատված ծառերը

Անտառահատման հետեւանքներն են էրոզիայի (մաշումի-Խմբ) եւ սողանքների աւելացումը, հողերի եւ վարելահողերի կորուստը, տեղական եղանակային եւ կլիմայական պայմանների փոփոխութիւնը եւ օդի անբաւարար որակը, ինչպէս նաեւ բոյսերի եւ կենդանիների բնակավայրերի ոչնչացումը:

Կառավարութեան կողմից Թեղուտի նման էկոլոգիապէս զգայուն տարածքներում հանքարդիւնաբերութեան ծրագրերի մշակմանն ուղղուած գործողութիւնները վկայում են բնական անտառների՝ որպէս կենսաբազմազանութեան պաշարների կարեւորութեան պաշտօնական գիտակցման բացակայութեան մասին:

Որոշ դրական քայլեր էին ձեռնարկուել 2017-2018 թթ. Հայաստանում անօրինական անտառահատումների երեւոյթը կանխելու ուղղութեամբ, բայց այդ միջոցառումներն այլեւս չեն շարունակւում, ու ներկայիս քայլերը միանգամայն բաւարար չեն: Ծրագրւում էր օգտագործելով բարձր տեխնոլոգիաներ (արհեստագիտութիւն- Խմբ) կանխարգելել ապօրինի ծառահատումները։ Այդ ծրագիրը պատրաստ էր իրագործուելու, բայց, ցաւօք սրտի, այն չկենսագործուեց։ Անտառահատումների կանխման եւ անտառների պահպանման աշխատանքների փոխարէն ծրագրւում է մի առասպելական միջոցառում` Հայաստանում մէկ օրում տնկել 10 միլիոն ծառ։

Ընդհանուր առմամբ Հայաստանում անտառահատման հիմնական պատճառը վառելափայտի պահանջարկն է՝ պայմանաւորուած այլընտրանքային վառելիքի պաշարների բացակայութեամբ: Առկայ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է մեղմացնել ճնշումը անտառների վրայ՝ մերձակայ գիւղերում տեղակայելով վերականգնուող էներգիայի(ոյժանիւթ- Խմբ) աղբիւրներ, ինչպիսիք են արեւային էներգիայի օգտագործման միջոցները։ Կարեւոր է նաեւ անտառամերձ տների օգտագործած ջերմային էներգիայի արդիւնաւէտութեան բարձրացումը։

Հայաստանում ապօրինի ծառահատումը շահութաբեր գործ է։ Տիրապետող մտայնութիւնն այն է, որ անտառային ոլորտում կոռուպցիան (զեղծարարութիւն- Խմբ) կապուած է բիզնեսի հետ, որը հովանաւորւում է բարձր մակարդակի պետական պաշտօնեաների կողմից: Կառավարութեան նախաձեռնած քայլերն անբաւարար են ապօրինի ծառահատումների հետեւանքով անտառների ոչնչացումը դադարեցնելու համար:

 

Հանքարդիւնաբերութիւն

Հանքարդիւնաբերութիւնը համարւում է Հայաստանի համար շահաւէտ ոլորտ: Դժբախտաբար, բնապահպանական սահմանափակումները չեն կիրառւում հանքարդիւնաբերութեան ոլորտում հիմնական գործառնութիւնների մեծ մասի դէպքում, ինչը յանգեցնում է շրջակայ տարածքների էկոհամակարգի վնասման: Յաճախ կոռուպցիան ծագում է արտօնութեան տրամադրման եւ թոյլտուութիւնների ձեռքբերման փուլում:

Հայաստանում գոյութիւն ունեն 500ից աւելի աշխատող հանքավայրեր, բայց դրանց մեծ մասը ոչ մետաղական՝ քարի ու աւազի հանքերն են, որոնք մեծ վտանգներ չեն ներկայացնում, սովորաբար չեն ունենում բնապահպանական բացասական հետեւանքներ։ Սակայն պղնձի, մոլիբդենի, ոսկու, կապարի եւ ցինկի հանքերի շահագործումը յղի է լուրջ խնդիրներով: Դրանց դէպքում բնապահպանական բացասական հետեւանքների հաւանականութիւնը շատ մեծ է։ Այս հանքավայրերն ունեն պոչամբարներ, որտեղ կուտակւում են թունաւոր նիւթերը, որոնք առաջանում են հանքերի շահագործման հետեւանքով։ Յաճախ այդ թունաւոր նիւթերը պոչամբարներից դուրս են հոսում կամ ներծծւում են հողի մէջ` ստեղծելով լուրջ վտանգներ։

Մետաղական հանքերը հիմնականում վաճառուած են օտարերկրեայ մեծ մասնաբաժնով ընկերութիւնների, եւ դրանցից Հայաստանի Հանրապետութիւնը ստանում է չնչին տոկոս՝ որպէս ընդհանուր շահոյթի ռոյալթի։

ՀՅԴ Մօտեցումները Շրջակայ Միջավայրի Եւ Բնական Պաշարների Վերաբելեալ

ՀՅԴն այն եզակի քաղաքական ուժն է, որն ունի շրջակայ միջավայրի պահպանութեան քաղաքականութեան յստակ մօտեցումներ, որոնք վերաբերում են՝

– Շրջակայ միջավայրի պահպանութեանը եւ բնական պաշարների շահագործմանը՝ տուեալ գործընթացները վերակառուցելով ողջամիտ օգտագործման քաղաքականութեան սկզբունքով (կայուն զարգացում),

– Ջրային պաշարների հաշուառմանը, ամբարմանը եւ բաշխման քաղաքականութեանը,

– Հողն աղտոտումից պահպանելու ընդհանուր եւ յատուկ պահանջներին, հողի օգտագործման՝ շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան սահմանափակումներին եւ վերականգնման միջոցների մշակմանը,

– Մթնոլորտային արտանետումների (եւ՛ անշարժ, եւ՛ շարժական աղբիւրներից) կառավարմանը,

– Ընդերքի պաշարների հաշուառմանը,

 

– Անտառների կայուն կառավարմանը,

– Թափօնների պահմանը, տեղադրմանը, վերամշակմանը, օգտահանմանը, երկրորդային օգտագործմանը,

– Կլիմայի փոփոխութեան հիմնախնդիրների լուծման համակարգերին` ներառեալ յարմարուողականութիւնն ու մեղմումը,

– Հայաստանում արտադրուող եւ օգտագործուող վտանգաւոր քիմիական նիւթերի ու դրանց թափօնների էկոլոգիապէս անվտանգ կառավարմանը,

– Կենդանական աշխարհի պահպանմանն ու ողջամիտ օգտագործմանը,

– Բուսական աշխարհի պահպանմանն ու հաւասարակշռուած օգտագործմանը,

– Շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան պետական փորձաքննութեան համակարգի բարելաւմանը,

– Էկոլոգիական կրթութեան եւ իրազեկման միասնական քաղաքականութեան ապահովմանը:

Ընդհանուր առմամբ շրջակայ միջավայրի քաղաքականութեան վերաբերեալ Դաշնակցութեան առաջարկութիւնները բխում են ներառական զարգացման հրամայականից եւ կառուցուած են տեխնածին տնտեսական մոդելից կայուն զարգացման անցնելու տնտեսական մոդելի գործադրման սկզբունքով։ Վերջինիս պայմաններում կտրուկ կը նուազեցուի չվերականգնուող բնական պաշարների շահագործումը, կը կրճատուեն առաջացող թափօնների ծաւալները։

Արեգ Ղարաբէգեան, ՀՅ Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմնի շրջակայ միջավայրի պահպանութեան եւ բնական ռեսուրսների մասնագիտական ոլորտային յանձնախմբի նախագահ։

«ԴՐՕՇԱԿ»

Leave a Comment

You must be logged in to post a comment.