Կործանարար Ընթացքը Կասեցնել Ցանկացած Գնով

Խմբագրական «Դրօշակ»ի

2020 թուականի աւարտին Նիկոլ Փաշինեանը յայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու մասին, այս հարցով նախաձեռնեց արհեստական քննարկումներ մարդ-կուսակցութիւնների հետ, զուգահեռաբար ծաւալեց համապատասխան քարոզչութիւն: Մօտաւորապէս ամիսուկէս անց նա, իբր թէ իր գլխաւորած ուժի հետ հարցը քննարկելուց յետոյ, յայտարարեց, որ արտահերթ ընտրութիւններ տեղի չեն ունենայ: Միաժամանակ օդում կախուած մնաց այն վարկածը, թէ անհրաժեշտութեան պարագայում (այսպէս ասած` հասարակական պահանջի դէպքում) վերադարձ կը լինի նոյն օրակարգին:
Նախ պէտք է արձանագրել, որ պետական-քաղաքական գործընթացները վարչապետի համար մնում են ձեռնածութեան առարկայ` պահի ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Ընդ որում, նոյն ժամանակ բացարձակ անտարբերութիւն է դրսեւորւում թէ՛ Արցախի ներկայի ու ապագայի, թէ՛ քայլ-քայլ Հայաստանի հաշուին սահմանները առաջ տուող թշնամու գործողութիւնների, թէ՛ նահատակուած ու գերի զինուորների ճակատագրի եւ թէ՛ Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած կենսական այլ խնդիրների հարցում:

Ինչեւէ, վերադառնանք արտահերթ ընտրութիւնների հարցին:

Նախորդ տարուայ Դեկտեմբերին Փաշինեանի հրաժարականի պահանջի ալիքը հասաւ զարգացման գագաթնակէտին, եւ ակնյայտօրէն այս հանգամանքը ստիպեց իշխանութիւնը կորցնելուց սարսափող բախտախնդիր ղեկավարին հրապարակ նետելու մի գաղափար, որը պէտք էր շեղեր իրադարձութիւնների ընթացքը, ձգձգեր հանգուցալուծումների ժամանակը, ինչպէս եւ համընդհանուր մերժման դատապարտուած ղեկավարին օժտեր ներքաղաքական դաշտ վերադառնալու քաղաքական, բարոյական օրինականութեամբ: Արտահերթ ընտրութիւնների գաղափարը Փաշինեանի վերջին խաղաթուղթն է յանձնուելուց առաջ, որովհետեւ պարունակում է մեծ ռիսքեր իր, ինչպէս եւ իր անպատասխանատու խմբակի հետագայ ճակատագրի համար, եւ նա մեծ հրճուանքով պիտի հրաժարուէր դրանից, եթէ հնարաւոր լինէր դեռեւս գրպանում պահել այդ վերջին փամփուշտը: Ի՞նչ իրողութիւններ ի յայտ եկան յայտարարուած նախաձեռնութիւնից ետքայլ անելու համար: Որոշ մեկնաբանների կարծիքով, այս հարցում մեծ դեր է խաղացել Ռոպերթ Քոչարեանի յայտարարութիւնը գալիք ընտրութիւններին մասնակցելու վերաբերեալ: Անկախ այն բանից, թէ ընկերային ցանցերով ու անձնական օգտագործման լրատուամիջոցներով շրջանառուող վարկանիշային ինչպիսի ցուցանիշներ կը նկարուեն հեղինակազրկուած ղեկավարի համար, ակնյայտ է, որ ընտրութիւնների պարագայում նա չի կարող առաջնային տեղ գրաւել, եւ իր գլխաւորած ուժը հնարաւորութիւն չի ունենալու գոնէ դաշինքներ կազմելով` ապահովելու խորհրդարանական մեծամասնութիւն:
Ի հարկէ, կաշին փրկելու համար Փաշինեանը չի խորշի կոպիտ ընտրախախտումների դիմելուց, սակայն որքան էլ վերեւներում գտնուեն իր կամքին հլու քուէաթերթիկներ հաշուողներ, վերջիններիս հնարաւորութիւնները նոյնպէս սահմանափակ են, քանի որ ամբողջ Հայաստանով մէկ դժուար է լինելու հաշուարկ անել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների եւ ընտրական յանձնաժողովների վրայ, որոնք պատրաստակամ կը լինեն Նիկոլ Փաշինեանի օգտին կեղծարարութիւններ թոյլ տալ: Ակնառու փաստ է, որ Փաշինեանն ու իր խմբակը կորցրել են իրական իշխանութիւնը երկրում, եւ ապօրինութիւններ գործելու նրանց պարտադրանքին քչերը կ՛ենթարկուեն: Վարչաքաղաքական առումով խակ, արտաքին կասկածելի ազդեցութիւնների ենթակայ եւ բարոյապէս անընդունելի խմբակիցները, որոնք սահուն կերպով իշխանութեան աթոռներին յայտնուեցին հէնց միայն «յեղափոխութեան» առաջնորդի հետ քայլելու շնորհիւ, այլեւս միայն դէպի զրոյացում են ձգելու իրենց խմբակի եւ առաջնորդի` անկում ապրող վարկանիշը: Այս հարցին մանրամասնօրէն անդրադարձանք, որովհետեւ չենք կասկածում, որ Նիկոլ Փաշինեանը ընտրութիւնների վերջին փրկօղակին կը վերադառնայ, երբ հրաժարականի պահանջով ճնշումը դառնայ այլեւս անյաղթահարելի:
Ինչպէս, սակայն, ասւում ու գրւում է անդադար, մէկ օր աւելի իշխանութեան ղեկի մօտ Նիկոլ Փաշինեանի մնալը հայրենիքին բերում է նորանոր կորուստներ ու ցաւագին անակնկալներ, որոնց հանրագումարը կարող է անշրջելի դարձնել մեր պետականութեան կործանումը: Իշխանաւորների կողմից պարբերաբար ձեռնարկուող գործողութիւններն ու յայտարարութիւնները ամրապնդում են կասկածը, որ Արցախի յանձնումը պարզապէս պատերազմական գործողութիւնների հետեւանք չէր, այլ շատ աւելի մեծ ու ծաւալային դաւադրութեան մէկ արարը:
2020 թուականի փետրուարի 10-ին` Ազգային ժողով-կառավարութիւն հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազեանը մասնաւորապէս յայտարարեց. «Թուրքիան միջազգային հանրութեան ճնշման ներքոյ հետզհետէ պէտք է վերադառնայ բնականոն գործընթացի, եւ նախ եւ առաջ խօսքը այն մասին է, որ այլեւս պատճառ չկայ Հայաստանի հանդէպ կիրառելու շրջափակում: Ինչպէս գիտէք, շրջափակումը եւ սահմանների փակուելը թուրքական կողմը պայմանաւորում էր Արցախում սթաթիւս-քուոյով, որը փոխուել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղութեամբ: Այս պահի դրութեամբ որեւէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը եւ մեր դիւանագիտութիւնը գործուն ջանքեր են գործադրելու, որ մեր անմիջական շրջապատը դառնայ նպաստաւոր մթնոլորտ Հայաստանի անվտանգութեան ամրապնդման համար: Կրկնում եմ, որ անվտանգութեան մթնոլորտն իր մէջ պարունակում է շատ տարրեր»: Ասուածից ակնյայտօրէն հետեւում է, որ Հայաստանի իշխանութիւնների համար վերջին պատերազմի պատճառով Արցախի հարցում ստեղծուած իրավիճակն ընդունելի իրողութիւն է, որը նաեւ «նպաստաւոր» հող է ստեղծել, որպէսզի Թուրքիան վերացնի Հայաստանի շրջափակումը, եւ մեր շրջապատում հաստատուի «նպաստաւոր մթնոլորտ»:
Այդ «նպաստաւոր մթնոլորտ»-ի համար, սակայն, Լեւոն Տէր Պետրոսեանի ժամանակներից Թուրքիան հայկական կողմին ներկայացրել է բազմաթիւ այլ նախապայմաններ եւս, որոնց համաձայնել չհամարձակուեցին անգամ համայնավարները իրենց կառավարման տասնամեակներին: Ինչպէս տեսնում ենք, սակայն, Նիկոլ Փաշինեանն ազգային ու բարոյական կաշկանդուածութիւն չունի, եւ հաւանականութիւնը մեծ է, որ կարող է ստորագրել Արցախի ու Հայաստանի համար ճակատագրական ցանկացած փաստաթուղթ: Նա, ըստ էութեան, այդ հայրենադաւ գործընթացի մէջ է դեռեւս պատերազմական շրջանից, եւ նոյն բեմագրութեան առանձին դրուագները կարելի է համարել ե՛ւ Շուշիի ու Արցախի չգրաւուած տարածքների յանձնումը, ե՛ւ Մեղրիով Թուրքիային ճանապարհ տալու համաձայնութիւնը, ե՛ւ Զանգեզուրի հայկական պատկանելութիւնը վտանգող զարգացումները, ե՛ւ ամէն օր ի յայտ եկող նոր իրողութիւնները, որոնք միտուած են վերացնելու Արցախի ինքնուրոյնութիւնն ու փոխկապուածութիւնը Հայաստանի հետ` քայլ առ քայլ փոխարինելով այն ազրպէյճանական ենթակայութեամբ:
Իրեն յատուկ խարդաւալից գործելակերպի համաձայն, Հայաստանի իշխանութիւնը հասանելի աղբիւրներով հայ հանրութեան շրջանում փորձում է տարածել այն մտայնութիւնը, որ այսօր Արցախի շուրջ տեղի ունեցող շատ գործընթացների թելադրողը Ռուսաստանն է, մասնաւորապէս` տարածաշրջանում ունեցած իր ռազմուժի լծակի շնորհիւ:
Սոյն թուականի փետրուարի 9-ին ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեկնում» լրատուական գործակալութեան գլխաւոր խմբագիր Մոտեսթ Քոլերովը «Ֆեյսպուք»-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Արցախի ԱԳՆ-ն կարող է լուծարուել Ազրպէյճանի պահանջով եւ Փաշինեանի համաձայնութեամբ, իսկ Արցախի արտաքին քաղաքականութեամբ զբաղուելու է անձամբ Արայիկ Յարութիւնեանը, եւ այս հարցում Ռուսաստանի տեսակէտը ոչ ոք չի հարցնում: Զարգացնելով այս թեման` այնուհետեւ «168 Ժամ»-ին տուած հարցազրոյցում նա ուշադրութիւն է հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ Երեւանը լուռ է:
Հարցին` կա՞ն ուղիղ բանակցութիւններ հայկական կողմերի եւ Ազրպէյճանի միջեւ` առանց ՌԴ մասնակցութեան, նա պատասխանել է. «Ի հարկէ, իրենք իրենց քայլերի մեծ մասն անում են առանց Ռուսաստանի: Դա ակնյայտ է: Ոչ միայն սխալւում է, այլեւ անբարեխղճօրէն սխալւում է նա, ով ասում է, որ Ռուսաստանը ներկայումս լիարժէքօրէն ղեկավարում է իրավիճակը Ղարաբաղում եւ Հայաստանում: Իսկ Ռոպերթ Քոչարեանի յայտարարութիւնը, որ Փաշինեանը Հայաստանը դաշնակցից վերածել է Ռուսաստանի հոգատարութեան ենթակայ, ի հարկէ, մաքուր ապակողմնորոշել է: Աւելին կ՛ասեմ, որ Փաշինեանի Հայաստանը ոչ միայն հոգատարութեան ենթակայ չէ, այլեւ Ռուսաստանի դաշնակիցը չէ: Այսպէս աւելի ճիշդ կը լինի ասել:
Ենթադրում եմ, որ Փաշինեանի եւ ազրպէյճանցիների միջեւ շփումները շարունակւում են: Իմ կարծիքով, դրանք սկսուել են մինչ պատերազմը: Ես ցանկանում եմ ուշադրութիւն հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ իմ գրառման առանցքն ու հաղորդագրութեան իմաստն այն է, որ Ռուսաստանին նրանք չեն տեղեկացրել, եւ որ այդ հարցի ինքնին քննարկումը տեղի է ունենում առանց ՌԴ-ի մասնակցութեան. սա գլխաւորն է, ինչ ես ցանկանում եմ ասել: Մի շարք նիկոլականներ փորձեցին համոզել ուղիղ հակառակը, որ Ռուսաստանն է դա փորձում անել, ինչը, ի հարկէ, այդպէս չէ»:
Ակնարկին, թէ պատերազմից յետոյ տպաւորութիւն է, որ ինչ-որ բան տեղի է ունենում առանց ՌԴ մասնակցութեան, նա պատասխանել է. «Դրանք պարզապէս բառեր են: Օրինակ` յայտնի դէպքը, որ վերադարձրել են ֆրանսացի լրագրողներին. իսկ ո՞վ նրանց չի տուել մանտաթ, ո՞վ չի տուել թոյլտուութիւն` Ղարաբաղ մեկնելու համար: Երեւանցիները չեն տուել, ի՞նչ կապ ունեն այստեղ ռուսները. ռուսները նայում են փաստաթղթերին. կա՞յ փաստաթուղթ, չկա՞յ փաստաթուղթ, ո՞վ չի տուել նրանց փաստաթղթեր, Երեւանում չեն տուել: Ե՞ւ… Ակնյայտ է, չէ՞»:

Պրն. Քոլերովի ասածներից մեզ համար, ի հարկէ, ամենակարեւորն այն պնդումն է, որ Հայաստանի ու Ազրպէյճանի ղեկավարութիւնների միջեւ ընթանում են բանակցութիւններ, եւ, ի հարկէ, այդ մասին տեղեակ չէ նաեւ հայ ժողովուրդը: Այսինքն նրա թիկունքում գաղտնաբար խաղ են անում նրա ճակատագրի հետ, եւ թէ ինչպիսի՛ հետեւանքներով յղի խաղ, ամէն յաջորդ օր առաւել ակնյայտ է դառնում: Կարելի է ենթադրել, որ ինչ-ինչ շփումներ կան նաեւ Թուրքիայի ղեկավարութեան հետ, ինչի մասին մտածելու հիմք են տալիս նաեւ Հայաստանի արտգործնախարարի վերը բերուած մտքերը: Ինչ վերաբերում է բանակցութիւնների գաղտնիութեանը նաեւ ռուսական կողմի համար, ապա սա տեղաւորւում է թուրք-ազրպէյճանական քաղզոյգի, ինչպէս եւ արեւմտեան այն ուժերի ցանկութիւնների շրջանակում, որոնք շահագրգռուած են տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղմամբ: Այս նպատակի վրայ մեծ գրաւ է դրուած, եւ պատահական չէ, որ նոյն արեւմտեան ուժերն այսօր էլ իրենց պատրաստակամութիւնն են յայտնում` աջակցելու ներկայ իշխանութիւններին «Հայաստանի հետագայ բարեփոխումների հարցում», այն պարագայում, երբ ամբողջատիրական Հայաստանում տեղի է ունենում պետականութեան կազմալուծում` կենսագործունէութեան բոլոր ոլորտների քայքայմանը զուգընթաց:
Ինչ վերաբերում է ռուսական վերաբերեալ աղբիւրին, ապա Մոտեսթ Քոլերովը այն գործիչներից է, որոնք դատողութիւններ են անում բնաւ ոչ իրենց ենթադրութիւնների հիման վրայ: Այնուամենայնիւ, մեր ունեցած մտահոգութիւնների արդարացիութեան մէջ համոզուելու համար բաւարար են նաեւ սեփական աղբիւրները, որոնք պարբերաբար նորանոր փաստեր են հանում ջրի երես: Աւելի՛ն. իր սեւ գործը ամբողջացնելու համար Նիկոլ Փաշինեանը կարող է ոչ միայն Արցախի ճակատագիրը ամբողջապէս Ատրպէյճանի տնօրինութեանը յանձնելու, Հայաստան-Ազրպէյճան եւ Հայաստան-Թուրքիա սահմանները ճանաչելու փաստաթուղթ ստորագրել, այլեւ վերանայել ռուսական ռազմական ուժերի` Հայաստանում գտնուելու պայմանագիրը եւ Հայաստանի սահմանը լրիւ բացել Թուրքիայի առջեւ, այն Թուրքիայի, որի նկատմամբ յատուկ սէր են տածում շատ իմքայլականներ, եւ որը ընդամէնը ամիսներ առաջ ազրպէյճանցիների հետ իրականացրեց արցախցիների ցեղասպանութիւնը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինեանի անձին, ապա նա յայտնուել է այն մոլագարի վիճակում, որ ծանր ոճրագործութիւնից յետոյ սթափուելով` հասկանում է, թէ ի՛նչ պատասխանատուութիւն է իրեն սպասւում, եւ դրանից խուսափելու համար դիմում է նորանոր յանցագործութիւնների: Այս ճանապարհին նրա համար գրոշի արժէք չունեն ո՛չ խմբակիցները, ո՛չ ուժային կառոյցների` խամաճիկների վերածուած ղեկավարները, ո՛չ Հայաստանն ու Արցախը:
Փաշինեանն այսօր մեր երկրի ու հայ ժողովրդի թիւ մէկ թշնամին է, որ ամէն ինչ տանում է կործանման: Նման դէպքում հայ ժողովրդի օրինական իրաւունքն է այս կործանարար ընթացքը կասեցնել ցանկացած գնով:

Leave a Comment

You must be logged in to post a comment.