«Լալան Ու Արան» Խաղի Ուսուցողական Դերը` Հայ Մանուկների Կեանքում

Այսօր երեխաների զարգացման եւ աշխարհայեացքի ձեւաւորման կարեւոր մասն են կազմում բջջային յաւելուածները: Մանուկները խաղում են, մուլտֆիլմեր դիտում, երգում եւ, ի հարկէ, կրկնօրինակում իրենց սիրելի հերոսներին: Հայկական շուկայում նմանատիպ յաւելուածները շատ քիչ են, իսկ նախադպրոցական տարիքի համար նախատեսուածները` եզակի:

Այդ եզակի եւ բաւականին յաջողութիւն գտած նախագծերից մէկը 3-6 տարեկան մանուկների համար նախատեսուած «Լալան ու Արան» խաղերի շարքն է: Առայժմ լոյս են տեսել խաղի երկու մասերը` «Գոյների աշխարհ» եւ «Ձեւերի աշխարհ» խաղերը: «Լալան ու Արան» խաղերի շարքը ստեղծուել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան մասնագէտների նախաձեռնութեամբ, փորձառու մանկավարժների, նկարիչների եւ ծրագրաւորողների ներգրաւմամբ:

Առաջինը լոյս է տեսել «Լալան ու Արան. գոյների աշխարհ» խաղը, որում գլխաւոր հերոսները` փոքրիկ Լալան ու Արան, սովորեցնում են տասը հիմնական գոյները հետաքրքիր եւ պարզ խաղերի միջոցով, գոյներից իւրաքանչիւրը իւրացնելու համար նախատեսուած է չորսական խաղ: Խաղի կերպարները շատ ընկերասէր եւ բարի են եւ խաղի ամբողջ ընթացքում օգնում ու քաջալերում են մանուկներին: «Գոյների աշխարհ» խաղին յաջորդեց «Լալան ու Արան. ձեւերի աշխարհ» խաղը, որում արդէն ծանօթ հերոսներն օգնում են ծանօթանալ ութ հիմնական երկրաչափական պատկերներին` նոյնքան զուարճալի խաղերի միջոցով:

Բջջային խաղերը բաւականին լայն տարածում գտան նաեւ հայ ծնողների շրջանում: Պատճառը թերեւս այն է, որ 3-6 տարեկան մանուկներին ներկայացւում է պարզ ու հասկանալի հայերէն խօսք: Կարեւոր սկզբունքներից մէկն այն է, որ խաղում հասանելի են թէ՛ արեւելահայերէն եւ թէ՛ արեւմտահայերէն տարբերակները: Արտասահմանում բնակուող հայ երեխաների համար սա մի հիանալի հնարաւորութիւն է հայոց լեզուի հիմքերին ծանօթանալու եւ մանկուց հայերէն խօսելու համար:

Բացի լեզուային խոչընդոտը յաղթահարելուց` խաղը նաեւ զարգացնում է փոքրիկների տրամաբանութիւնը, յիշողութիւնն, գեղարուեստական ճաշակը, ուշադրութիւնն ու արագութիւնը: Մանկավարժների կողմից մշակուած առաջադրանքները օգնում են մանուկներին` ինքնուրոյն կառուցել յաղթանակին յարող քայլերի շղթայ:

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան այս նախագիծն առաջիններից էր, որ կարեւորեց նախադպրոցական տարիքի մանուկների համար հայալեզու յաւելուածներ ստեղծելը:

www.lalanouaran.com

ԴԱԼԱՐ ԲԱՐՍԵՂԵԱՆ
Մանկավարժ, մանկանան հոգեբան,
երկու զաւակի` 8 տարեկան Յովհաննէսի
եւ 4 տարեկան Մարիամի մայր:

Support us on kickstarter by making this project a reality. Click here

Leave a Comment

You must be logged in to post a comment.