Ի դեմս Արցախի՝ Վրաստանը կարող է ունենալ նոր հարևան
Ինչպէս 1988 թ. Սպիտակի երկրաշարժի, 1990-ական թթ. Արցախեան գոյապայքարի և 2016 թ. Ապրիլեան քառօրեայի ծանր օրերին, այնպէս էլ արցախահայութեան և բովանդակ հայ ժողովրդի առջև ծառացած այս նոր արհաւիրքի՝ Արցախի սահմանների ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ից սկսուած ադրբեջանական լայնածաւալ յարձակման օրերին ջաւախահայութիւնն ապրում է հայրենիքի հևքով: Օրերս հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան Ջաւախքում և Թբիլիսիում: Yerkir.am–ն այդ առիթով մի քանի հարցեր ուղղեց Սամցխէ–Ջաւախքի և Քվեմօ–Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիէլեանին:
– Պարո՛ն Գաբրիէլեան, ինչպէ՞ս արձագանքեց պատերազմին ջաւախահայութիւնը:
– Ջաւախահայութիւնը պատերազմի լուրը ստանալուն պէս հանդէս է եկել մի շարք նախաձեռնութիւններով: Սկզբնական շրջանում կարող երիտասարդներն ամենուր ցուցակագրուել են՝ կամաւոր մեկնելու համար ռազմաճակատ: Այնուհետև, երբ կապ է հաստատուել ՀՀ-ի պետական պատկան օղակների ներկայացուցիչների հետ և յայտնի է դարձել, որ առայժմ դրա անհրաժեշտութիւնը չկայ, սկսուել են հումանիտար օժանդակութեան ուղղութեամբ լայնածաւալ միջոցառումները: Կարճ ժամանակում արդէն պատրաստ էին սննդով և այլ անհրաժեշտ իրերով բեռնուած առաջին բեռնատարները, որոնք, որոշակի դժուարութիւններով հատելով սահմանը, 2 օր առաջ արդէն մտել են ՀՀ: Փաստենք, որ Վրաստանի իշխանութիւնները մեծ դժուարութեամբ և ջաւախահայութեան բողոքի հուժկու ալիքի ներքոյ թոյլ տուեցին հումանիտար օժանդակութեան առաջին բեռնատարների ելքը երկրից: Յիշեցնենք՝ սահմանին հաւաքուել էր շուրջ 3.000-5.000 ջաւախահայ, ինչն աննախադէպ էր: Այդուհանդերձ, բեռնուած մեքենաներն այդպէս էլ չկարողացան դուրս գալ երկրից:
– Խօսենք երեկուայ դէպքերից. ի՞նչ էին պահանջում Ջաւախքի երիտասարդները Վրաստանի եւԹուրքիայի սահմանային անցակէտի մօտ: Ինչո՞ւ էին փակել միջպետական ճանապարհը:
– Ցաւօք, ինչպէս նշեցի, Վրաստանը խոչընդոտներ է յարուցել, և ջաւախահայութեան հաւաքած մեծաքանակ հումանիտար օժանդակութիւնն արգելուել է անցկացնել ՀՀ: Ջաւախահայ երիտասարդները երէկ հարց են բարձրացրել, թէ ինչո՞ւ է Թուրքիայից մուտք գործող բեռնատարներին հեշտութեամբ թոյլատրում են մտնել Վրաստան, իսկ ահա Վրաստանից ՀՀ մուտք գործող բեռնատարները հանդիպում են արգելքների: Ահա այս փաստի առիթով երէկ նրանք Ախալքալաքի շրջանի Կարծախ գիւղի մօտ փակել էին Թուրքիայից Վրաստան մուտք գործող բեռնատարների ճանապարհը:
– Կատարուե՞լ է նրանց պահանջը, այժմ կարո՞ղ են բեռները տեղափոխել ՀՀ:
– Դեռ պարզ չէ: Վրաստանի խորհրդարանի ներկայիս և նախկին պատգամաւորներ Ս. Մանուկեանն ու Ս. Պետրոսեանը եկել և տեղում բանակցել են, խնդրել են բացել միջպետական ճանապարհը: Այժմ շուրջ 20 թոն կարտոֆիլ կայ հաւաքուած, պէտք է շուտով այն հասնի սահմանային անցակէտ, այդժամ պարզ կը լինի՝ կրկին արգելքներ լինելո՞ւ են, ի՞նչ պատճառով և այլն:
– Պարո՛ն Գաբրիէլեան, Վրաստանի խորհրդարանի ազգութեամբ ադրբեջանցի երկու պատգամաւորներ (իշխանական և ընդդիմադիր) գրեթէ նոյնաբովանդակ յայտարարութիւններ տարածեցին՝ թէ՛ աջակցելով Ադրբեջանին, թէ՛ դատապարտելով հայկական կողմին, անգամ ՀՀ-ին մեղադրեցին Վրաստանի հանդէպ ոտնձգութիւնների մէջ: Ի՞նչ էր թաքնուած այս ամէնի ետևում:
– Այո, Վրաստանի խորհրդարանի երկու գործող պատգամաւորներ՝ «Միացեալ ազգային շարժումից» Ազեր Սուլէյմանովը և «Վրացական երազանքից» Ռուսլան Գաջիէւը, իրենց ֆեյսպուքեան էջերում անդրադարձել են արցախա-ադրբեջանական սահմանին ստեղծուած իրադարձութիւններին՝ նաև մեղադրելով ՀՀ-ին Վրաստանի դէմ ուղղուած յանձագործութեան մէջ: Բնականաբար, Ադրբեջանը լաւագոյնս է գիտակցում Վրաստանի տեղն ու դերը ՀՀ-ի համար` և՛ ռազմավարական իմաստով, և՛ քաղաքակրթական հողի վրայ, և սեփական ահաբեկչական պլանների իրագործման համար ամէն ինչ արուել և արւում է՝ հնարաւորինս վատացնել, յատկապէս այս փուլում՝ արհեստական վիհեր ստեղծել ՀՀ-Վրաստան յարաբերութիւններում: Փաստենք նաև, որ թէ՛ մեր Խորհուրդը, թէ՛ Վրաստանի խորհրդարանի՝ Ջաւախքից ընտրուած պատգամաւորը, թէ՛ ՏԻՄ ներկայացուցիչները, թէ՛ Վրաստանի խորհրդարանական ընտրութիւններին Ջաւախքից իրենց թեկնածութիւնն առաջադրած մի շարք քաղաքական այրեր իրենց յայտարարութիւններում թէ՛ աջակցել են Արցախի արդար պայքարին և դատապարտել ադրբեջանական ակրեսիան, թէ՛ կարմիր թելի պէս տարել այն միտքը, որ ՀՀ-Վրաստան յարաբերութիւնների վատացմամբ շահագրգիռ ադրբեջանական ուժերն ու անձինք յաջողութեան չեն հասնելու:
– Դուք մշտական կապի մէջ էք նաև Վրաստանի պետական այրերի հետ, ինչպէ՞ս են նրանք տրամադրուած, ի՞նչ է խօսւում կուլիսներում արցախեան պատերազմի մասին:
– Չէզոքութեան պահպանման մասին այն պաշտօնական յայտարարութիւնները, որոնք տարածեցին Վրաստանի պետական բարձրաստիճան պաշտօնեաները, ընդհանուր առմամբ, ընկալելի են նաև հասարակական-քաղաքական լայն շրջանակների համար: Տեղեակ էք, որ բաւական կտրուկ յայտարարութիւնն տարածեց Վրաստանի խորհրդարանի անվտանգութեան և պաշտպանութեան յանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին՝ փաստելով, որ Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնայ, Ղարաբաեան հակամարտութեան հարցում չէզոք է և բարի դրացիական յարաբերութիւններ ունի ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Ադրբեջանի հետ: Գիտէք, որ Մ. Սահակաշվիլին յայտարարել էր. թէ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետութեան տարածք է, և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը: Այդ առումով բաւականին խիստ և կարևոր էր Վրաստանի խորհրդարանի առաջին փոխ խօսնակ Գիա Վոլսկու մեկնաբանութիւնը, ըստ որի՝ Սահակաշվիլու յայտարարութիւնը սադրիչ է, նպատակն է հայ ու ադրբեջանական էթնիկ խմբերի միջև բախումներ առաջացնելը, որը կարող է վերածուել հակամարտութեան:
– Ադրբեջանի հետ տնտեսական, էներգետիկ, տարանցիկ և բազմաթիւ այլ կախուածութիւն ունեցող Վրաստանի՝ ՀՀ-ի հանդէպ չէզոքութիւնը, որքան էլ մեզ համար ոչ հաճելի, այդուհանդերձ, ընկալելի է: Ինչո՞վ կը բացատրէք վրացական իշխանութիւնների կողմից Ադրբեջանի հանդէպ նոյնանման դիրքորոշումը:
– Բնականաբար, Վրաստանում յիմարներ չեն նստած և լաւ են հասկանում, որ Արցախում պատերազմն այս անգամ կարող է տեղափոխուել Ադրբեջանի և Այսր կովկասի զարկերակների, այն է՝ Թալիշի դիրքերից ուղիղ գծով ընդամէնը 30 կմ հերաւորութեան վրայ գտնուող Պաքու-Թբիլիսի-Ջեյհան նաւթամուղի, Պաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի, Ադրբեջան-Վրաստան ռազմավարական նշանակութեան միջպետական մայրուղու և, ամենակարևորը, Կարս-Ախալքալաք-Պաքու երկաթուղու վրայ: Այս իրողութիւնը, պարզապէս չի կարող մտորելու տեղիք չտալ Վրաստանի իշխանութիւններին, քանի որ, եթէ Ադրբեջանն աշխարհին հետաքրքրում է որպէս նաւթի, գազի աղբիւր կամ Ասիան Եւրոպային կապող տարանցիկ ուղի, ապա յիշեցնենք, որ այդ ամենը միս ու արիւն է ստանում` Վրաստանով անցնելով:
Պատերազմն անկանխատեսելի է, յատկապես` այս մէկը, և Ադրբեջանի նման վարքագծի պայմաններում Վրաստանը, ի դէմս Արցախի, անգամ կարող է ունենալ նոր հարևան:
Վ. Սարգսեան