Ի՞նչ նիւթական ահռելի կորուստներ ունենք Արցախում
Ի՞նչ նիւթական ահռելի կորուստներ ունենք Արցախում
ԱՐՑԱԽԸ մեր հայրենիքի անբաժան մասն է։ Արցախը Հայաստանի անվտանգութեան վահանն է։
Սակայն այսօր Հայաստանի հակահայ իշխանութեան թողտուութեամբ, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ թուրքն իրականացնում է ցեղասպանութիւն Արցախում։
Ականատեսն ենք ծրագրուած դաժանութիւնների անդառնալի եւ ամենաթանկ մարդկային կորուստներով, տեղահանութեան եւ էթնիկ զտումների, պատմական հայրենիքի կորստի դրսեւորման։
Կորցնում ենք ամենաթանկը։
Այս կործանարար ընթացքը պիտի կասեցուի, պիտի շրջուի։
Հետեւաբար համազգային պայքարին այլընտրանք չունի ՀԱՅ մարդը՝ Արցախում, Հայաստանում եւ Սփիւռքի մեր բոլոր գաղթօճախներում։
Վստահ եմ պայքարը դժուար է, բայց յաջողելու է։
ՀԱՅԸ հայրենիք ունենալու է …
Մենք կը շտկենք մեր մէջքը եւ կ’ապրենք արժանապատիւ՝ մեր ՀԵՐՈՍ նահատակներին արժանի։
Ստորեւ ներկայացնեմ իմ որոշ գնահատումներ, թէ ի՛նչ նիւթական ահռելի կորուստներ ունենք Արցախում։
Ընդհանուր նիւթական կորուստները խիստ նախնական գնահատումներով կազմում է շուրջ 50 միլիարդ ԱՄՆ տոլար։
Բերեմ որոշ թուային չոր փաստեր։
Մինչեւ 2020 թուականի 44-օրեայ պատերազմը 20 տարի շարունակ Արցախի Հանրապետութեան տնտեսութիւնը տարեկան միջինը գրանցել է երկնիշ աճ։
Այսպիսով, 2019 թուականին ՀՆԱ-ն կազմել է շուրջ 343 միլիարդ դրամ, ներկայ փոխարժէքով աւելի քան 900 միլիոն ԱՄՆ տոլար, պետական պիւտճէն՝ շուրջ 145 միլիարդ դրամ, ներկայ փոխարժէքով աւելի քան 380 միլիոն ԱՄՆ տոլար։
Արցախում գործել են շուրջ 300 հանքավայրեր, որից 83-ը մետաղական, 197-ը՝ ոչ մետաղական, 5-ը՝ վառելանիւթի։ Գործել են 36 հիդրոէլեկտրակայաններ։
Տնտեսվարող սուբիէկտների թիւը կազմել է շուրջ 16,000, որից 11,600-ը՝ անհատ ձեռնարկատէրեր։
2020 թուականի Յունուարի 1-ի դրութեամբ մշտական բնակչութեան թուաքանակը կազմել է 149,000 մարդ։
Տնտեսութեան տարբեր ոլորտներում զբաղուած է եղել շուրջ 60,000 մարդ, որից շուրջ 45,000-ը եղել են վարձու աշխատողներ։
Արցախում գործել են 92 հիւրանոցներ։ 2019 թուականին Արցախ այցելել են աւելի քան 42,000 միջազգային զբօսաշրջիկներ։
Գիւղատնտեսական նշանակութեան տարածքները կազմել են 580,000 հեկտար։ Մասնաւորապէս, հացահատիկային մշակաբոյսերի ցանքատարածքը կազմում էր 80,000 հեկտար, որտեղից տարեկան ստացւում էր շուրջ 140,000 տոննա բերք։ Արցախը հացահատիկային մշակաբոյսերի մասով ինքնաբաւ էր ու բերքի մօտ 25 տոկոսն էլ արտահանում էր Հայաստան:
Տեխնիկական մշակաբոյսերը զբաղեցնում էին 5300 հեկտար, որից ստացւում էր տարեկան շուրջ 8,000 տոննա բերք, պտղատու այգիները՝ 4400 հեկտար, որի տարեկան բերքը՝ 8600 տոննա։
Խոշոր եղջրաւոր անասունների թիւը կազմում էր շուրջ 50,000 գլուխ։
Առկայ էր շուրջ 5300 միաւոր գիւղատնտեսական տեխնիկայ, այդ թուում՝ տրակտորները՝ շուրջ 1250, բեռնատարներ՝ շուրջ 1500։
Արցախում գործել է 51 նախադպրոցական հիմնարկ, որտեղ յաճախել են շուրջ 4,000 երեխաներ, 2606 հանրակրթական դպրոցներ՝ շուրջ 24,000 աշակերտներով, 20 երաժշտական եւ արուեստի դպրոցներ՝ 7000 սաներով, 10 գրադարան՝ 400,000 միաւոր գրքային ֆոնդով։
Թադեւոս Աւետիսեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստանե խմբակցութեան պատգամաւոր
Comments are closed.