«Թուրքիան «հեռացել» էր Հարաւային Կովկասից, այժմ վերադառնում է». Սաֆրաստեան
- (0)
Շուշիում հիւպատոսութիւն բացելու պատրաստակամութիւնը խօսում է թուրքական պետութեան` հեռու գնացող ծրագրերի մասին, որոնք ուղղուած են նաեւ Ռուսաստանի եւ Իրանի դէմ։
Թուրքիայում նախընտրական պայքարի ընթացքում այդ երկրի իշխանութիւնները մի փոքր «մոռացել» էին Հարաւային Կովկասի, հայ-թուրքական, հայ-ատրպէյճանական յարաբերութիւնների մասին, դրանք ընտրական գործընթացի առանցքային սիւժէները չէին. պայքարը ծաւալւում էր այլ թեմաների շուրջ։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս տեսակէտը յայտնեց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը։ Նրա խօսքով՝ այժմ վերընտրուելուց յետոյ Ռեճեպ Թայիփ Էրտողանը փորձում է լրացնել բացթողումը եւ կովկասեան ուղղութիւնը վերադարձնում է արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների շրջանակ:
Հին քաղաքականութիւն, նոր նախարար
Շատ առումներով դա կարելի է կապել Հաքան Ֆիտանի՝ ԱԳ նախարար նշանակուելու հետ։ 2010 թուականից թուրքական հետախուզութիւնը գլխաւորող Ֆիտանը միաժամանակ իրականացրել է կարեւոր եւ գաղտնի դիւանագիտական առաքելութիւններ՝ կապուած թուրք-իսրայէլական, թուրք-եգիպտական, թուրք-սէուտական յարաբերութիւնների հետ, եւ մեծ փորձառութիւն ունի:
«Ի տարբերութիւն իր նախորդի` Ֆիտանն ինքը պատկերացնում է ոչ միայն երեւացող դիւանագիտութիւնը, այլ նաեւ դիւանագիտական գործունէութեան չերեւացող կողմերը։ Թուրքական դիւանագիտութիւնն աչքի է ընկնում դրանով, որ երբ հնարաւորութիւն չկար զարգացնելու դիւանագիտական յարաբերութիւններ այն երկրների հետ, որոնց հետ լարուած յարաբերութիւններ էին, գործի մէջ էր մտնում Ֆիտանը եւ իր գաղտնի դիւանագիտութեամբ փորձում էր իր խնդիրները լուծել եւ որոշ չափով յաջողութիւններ էր գրանցում», ասում է Սաֆրաստեանը։
Ի՞նչ կապ ունի այստեղ Ատրպէյճանը
Ատրպէյճանի հետ յարաբերութիւնները Թուրքիայի համար կարեւոր աշխարհաքաղաքական դեր են խաղում։ Եւ պատահական չէ, որ ընտրութիւններում յաղթելուց յետոյ Էրտողանն առաջին այցը կատարեց Հիւսիսային Կիպրոս, երկրորդը՝ Ատրպէյճան, որտեղ մի շարք յայտարարութիւններ արեց։
Թուրքիայի նախագահը նաեւ յայտարարեց 44-օրեայ պատերազմի հետեւանքով ատրպէյճանական վերահսկողութեան տակ անցած Շուշիում հիւպատոսութիւն բացելու պատրաստակամութեան մասին։ Սաֆրաստեանի կարծիքով՝ հիւպատոսութիւն բացելու ուղերձը պէտք է դիտարկել տարածաշրջանային համատեքստում։ Դա նշանակում է, որ Անգարան պահպանում եւ մեծացնում է իր ռազմավարական յաւակնութիւնները Հարաւային Կովկասում։ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանը վերածել իր աշխարհաքաղաքական ազդեցութեան գօտու՝ խնդիր ունենալով հնարաւորինս դուրս մղել Ռուսաստանին եւ Իրանին։
Եւ Էրտողանի արտայայտութիւնն այն մասին, որ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը բխում է ոչ թէ Հայաստանից, այլ Իրանից, ցոյց է տալիս, որ Թուրքիան ամէն ինչ կ’անի, որ Իրանին հեռու պահի տարածաշրջանից, եւ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը հենց այդ նպատակին ծառայելու ճանապարհներից մէկն է։
Երթուղու մրցավազք
Եթէ Հայաստանը չկարողանայ իր սուվերեն իրաւունքը իրականացնել «Զանգեզուրի միջանցքում», դա թոյլ կը տայ թուրքերին մի կողմից դուրս գալ անմիջապէս Կասպից ծով, իսկ յետոյ` Կենտրոնական Ասիա, միւս կողմից անարգել զէնք եւ զինամթերք մատակարարել ատրպէյճանին։ Դրա համար Թուրքիան ամէն ինչ անելու է, որպէսզի միջանցքը չվերահսկի նաեւ Ռուսաստանի ԱԴԾ-ն։
«Միւս կողմից այս հարցը Իրանի համար աշխարհաքաղաքական նշանակութիւն ունի, որովհետեւ այդպիսով Իրանը կորցնում է Հայաստանի եւ Վրաստանի վրայով Սեւ ծով հասնելու հնարաւորութիւնը։ Իսկ մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում շատ արդիական է դարձել Հնդկաստանից դէպի Եւրոպա Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի հարցը, եւ վերջին շրջանում առարկայական քննարկումներ են ընթանում նախագծի շուրջ: Եւ Թուրքիան ոչ միայն ակտիւօրէն դէմ է այս նախագծին, այլեւ փորձում է իր կողմը գրաւել Չինաստանին՝ «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում խօսելով այն մասին, որ այդ դէպքում հնարաւոր կը լինի բացել Պեկին-Լոնտոն ճանապարհը», նշեց Սաֆրաստեանը։
Փորձագէտը պատահական չի համարում Չինաստանի յիշատակումը՝ հաշուի առնելով Պեկինի եւ Նիւ Դելիի աշխարհաքաղաքական դիմակայութիւնը։ Եւ Անգարան ցոյց է տալիս, որ դէմ է Հարաւային Կովկասում Նիւ Դելիի դիրքերի ուժեղացմանը։ Սակայն բուն Չինաստանում Թուրքիայի նման յաւակնութիւններին լուրջ չեն վերաբերւում` հասկանալով, որ Թուրքիան միջին խաղացող է, ոչ թէ կլոպալ։
Իսկ Ռուսաստա՞նը
Արեւելագէտը նշում է, որ Թուրքիան իր տարածաշրջանային նկրտումներում էական խոչընդոտ է տեսնում ի դէմս Ռուսաստանի: Նա յիշեցնում է, որ 2020 թուականի վերջին Անգարան առաջարկել էր «3+3» ձեւաչափը Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ատրպէյճանի եւ Վրաստանի մասնակցութեամբ տարածաշրջանային հարցերը քննարկելու համար։ Թիֆլիսին, սակայն, մինչ օրս հրաժարւում է մասնակցել այս ձեւաչափին, Թուրքիայի գաղափարը Մոսկուայում կայացած «3+2»ի մէկ նիստից յետոյ զարգացում չի ստացել: Եւ հիմա տարածաշրջանում ձեւաւորւում է նոր ձեւաչափ Ռուսաստանի եւ Իրանի մասնակցութեամբ։ Այդ ձեւաչափը, ըստ էութեան, խանգարում է Անգարային իր տարածաշրջանային մտայղացումների իրականացման հարցում եւ թուլացնում նրա դիրքերը։
Թուրքիան փորձում է ազդել Հայաստանի պատմական յիշողութեան վրայ
«Երբ ես փորձում եմ վերլուծել թուրքական ղեկավարութեան հռետորաբանութիւնը, գալիս եմ այն եզրակացութեան, որ Հայաստանի նկատմամբ նրանց պահանջների ցանկը ամէն անգամ ընդլայնուելու է, մի պահանջին աւելացուելու են միւսները», ասում է թուրքագէտը։
Վառ օրինակ է Անգարայի յայտարարութիւններն այն մասին, որ հայկական կողմը պէտք է ապամոնտաժի «Նեմեսիս»ի հերոսների յուշարձանը։ Նա, որպէս յուշարձանի տեղադրման պատասխան, հայկական աւիաընկերութիւնների համար փակեց օդային տարածքը։ Սա բոլորովին նոր սիւժէ է, որը կապ չունի ո՛չ Ատրպէյճանի, ո՛չ էլ այլ աւանդական խնդրայարոյց սիւժէների հետ: Թուրքիան դրանով փորձում է ազդել մեր պատմական յիշողութեան վրայ եւ փոխել այն հատուածները, որոնք անբարենպաստ են իրենց համար։