Թուրքը Ճարտար էր մտել, ասում էին՝ եթէ բենզին չունէք՝ կը տանք, միայն գնացէք այստեղից. Ճարտարի համայնքապետ

Արցախի Հանրապետութեան Մարտունու շրջանի Ճարտար քաղաքը, ինչպէս եւ ամբողջ Արցախը, իր պատմութեան այս ողջ ընթացքում երբեք չէր դատարկուել: Սեպտեմբերի 19-ին Ատրպէյճանի սանձազերծած 24-ժամեայ ռազմական գործողութիւնների արդիւնքում Ճարտարի ու ողջ Արցախի բնակչութիւնը բռնի տեղահանուեց։
Սեպտեմբերի 23-ին Ճարտարի համայնքապետ Վլադիկ Յովհաննիսեանը 168.am-ի հետ զրոյցում ասել էր, որ Ստեփանակերտի ու գիւղերի միջեւ որեւէ կապ չկայ, չգիտեն, թէ որտեղ ինչ է կատարւում։ Ինչ վերաբերում է Ճարտարից դուրս գալուն, համայնքապետն ասել էր, որ դուրս չի գայ, տղաներին դուրս կը հանի, բայց ինքը կը մնայ։ Սակայն Սեպտեմբերի 23-ից յետոյ իրավիճակը կտրուկ փոխուեց, եւ նա ստիպուած էր միւս բնակիչների հետ միասին՝ թողնել Ճարտարը։
168.am-ի հետ զրոյցում Վլադիկ Յովհաննիսեանը պատմեց, որ Սեպտեմբերի 23-ից յետոյ համատարած բոլորին հանում էին Արցախից, քանի որ թշնամին արդէն մտել էր գիւղերը՝ կանգնել անզէն բնակիչների տների առջեւ։

«Իրավիճակը շատ վտանգաւոր էր, համատարած բոլորը դուրս էին գալիս։ Մեր համայնքում վերջին օրերին քիչ մարդ էր մնացել։ Մի քանի հոգով բոլորին հանեցինք, վերջում մենք էլ դուրս եկանք, մնայինք՝ ի՞նչ անէինք, որ մարդ չէր մնացել։ Թուրքն արդեն մօտեցել էր մեր տներին, նրանց մի մասն էլ Ճարտար էր մտել։ Հիմա, երբ Ատրպէյճանն ասում է, որ իրենք չեն ստիպել, որ արցախահայերը դուրս գան՝ ստում են, Ճարտար մտած թուրքերն ասում էին՝ ձեզ ոչինչ չենք անի, դուրս եկէք, գնացէք, աւելին՝ շահագրգռուած էին, ասում էին՝ եթէ բենզին չունէք, մենք կը տանք, թողէք-գնացէք», նշեց Վլադիկ Յովհաննիսեանը։
Մեր զրուցակցի խօսքով՝ հնարաւոր բան չէ, որ արցախահայերն Արցախում ապրեն Ատրպէյճանի անձնագրերով, հնարաւոր կը լինի միայն մէկ դէպքում՝ եթէ ինքնավարութիւն տրուի, մնացած բոլոր դէպքերում որեւէ արցախցի չի վերցնի Ատրպէյճանի անձնագիր։
«Եթէ մի քիչ էլ այսպէս շարունակեն՝ Արցախի ու արցախահայութեան հարցը չարծարծեն, արցախահայերն ամէն մէկը մի տեղում կը յարմարուի ու այդպէս կ’ապրի։ Ատրպէյճանը 2022 թուականի Դեկտեմբերի 12-ից սկսած, երբ բլոկադայի ենթարկեց Արցախը, այնպէս արեցին, որ արցախահայերը շատ վատ վիճակում յայտնուեն, ուղղակի զզուեն ու դուրս գան։
Եթէ այսպէս շարունակուի՝ Արցախն էլ է յայտնուելու այն կարգավիճակում, ինչ հայկական մնացած տարածքները։ Գուցէ երգերում ու բանաստեղծութիւններում յիշեն, ու վերջ՝ հայի ճակատագիր է, չգիտեմ», նշեց Ճարտարի համայնքապետը։
Ըստ նրա՝ Ճարտարից դուրս գալը բոլորի համար անսպասելի է եղել, ոչ մի բնակիչ որեւէ բան չի վերցրել, ով մեքենայ է ունեցել, նստել ու դուրս է եկել։
Նա մեզ փոխանցեց, որ այսօր ճարտարցիները բնակութիւն են հաստատել ամբողջ Հայաստանի տարբեր բնակավայրերում, մէկը՝ վարձով, միւսը՝ ժամանակաւոր կացարանում, մէկն էլ՝ բարեկամի տանը։ Բնակիչների մի մասի հետ կապը պահում է։
Յիշեցնենք, որ 2022 թուականի Դեկտեմբերի 12-ից շուրջ 10 ամիս Ատրպէյճանի կեղծ «բնապահպանները» փակեցին Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Ամիսներ շարունակ 120 հազար խաղաղ բնակիչներ շրջափակման մէջ էին՝ մատնուած սովի ու անմարդկային պայմաններում ապրելուն հարկադրուած: 2023 թուականի Սեպտեմբերի 19-ին Ատրպէյճանի ԶՈՒ-ն յարձակուեց Արցախի վրայ եւ 24-ժամեայ անդադար ռազմական գործողութիւններից յետոյ ընդամէնը հաշուած օրերի ընթացքում ցեղասպանութեան ու էթնիկ զտման վտանգի ներքոյ պարտադրեց խաղաղ բնակիչներին լքել իրենց հայրենի բնակավայրերը։ Այս ընթացքում խաղաղ բնակիչների շրջանում Ատրպէյճանն իրականացրեց բազմաթիւ սպանութիւններ, այդ թւում՝ նաեւ երեխաների։ Այսօր Ատրպէյճանն ամբողջութեամբ օկուպացրել է Արցախի Հանրապետութիւնը:

Comments are closed.